Հա

Քաղաքական

21/01/2020 - 10:40

Հայաստանն ընդլայնում է ռազմական ոլորտի սահմանագծերը. ի՞նչ է արւել վերջին 1 տարում

Երեւանը հետեւողականօրէն աւելացնում է ազգային բանակի հզօրութիւնը, եւ դա նպաստում է տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունութեանը։ Անցած տարւայ արդիւնքները դրա վառ ապացոյցն են։

«alikonline.ir» - Երեւանը հետեւողականօրէն աւելացնում է ազգային բանակի հզօրութիւնը, եւ դա նպաստում է տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունութեանը։ Անցած տարւայ արդիւնքները դրա վառ ապացոյցն են։ Այս մասին Sputnik Արմենիայում գրում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն:

Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան հաշւետւութեան մէջ նշւում է, որ մէկ տարւայ ընթացքում Հայաստանի ԶՈՒ-ն համալրւել է մեծաքանակ սպառազինութեամբ եւ ռազմական տեխնիկայով, որոնց թւում են այդ թւում՝ Su-30SM բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն ու Tor-M2KM հակաօդային պաշտպանութեան համալիրները։

Դեկտեմբերի 27-ին Երեւանը ստացաւ ՌԴ-ից գնած (ներքին գներով) 4++ սերնդի Su-30SM  բազմաթիրախային 12 կործանիչների առաջին խմբաքանակը։ Su-30SM բազմաթիրախային 12 կործանիչը համարւում է աշխարհում ամենակատարեալներից մէկը, ստեղծւած է օդում իշխելու համար, հրթիռառումբային սպառազինութեան նշանակալի անվանացանկ ունի եւ կարող է երկինք բարձրացնել 8 տոննա մարտական բեռ։ Այդ մեքենաները թոյլ կը տան էապէս ընդլայնել ՀՀ ՌՕՈՒ հարւածային հնարաւորութիւնները։

Tor-M2KM համալիրները կօգնեն վերացնել ՀՕՊ մօտակայ գօտում գտնւող պոտենցիալ թիրախը։ Աւելի վաղ Հայաստանը ստացել էր մեծ հեռահարութեան S-300 «Ֆաւորիտ» զենիթահրթիռային համալիրներ եւ միջին հեռահարութեան «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համալիրներ, ինչպէս նաեւ Ռուսաստանից ձեռք է բերել «Իսկանդեր-Մ», եւ դարձել աշխարհում երկրորդ պետութիւնը, որն ունի այդ հրթիռային համալիրներից։

Յաջողութեամբ իրականացրած խնդիրների թւում է` ՀՀ ՊՆ եւ ԶՈւ Գլխաւոր շտաբի նոր կառուցւածքի հաստատումը։

 

Մարտական հնարաւորութիւններ

Տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունութիւնը զսպւածութեան եւ ռազմական ուժի պարադոքսալ սինթեզ է պահանջում։ Այդ իսկ պատճառով Հայաստանում յաջողութեամբ իրականացւում է զինւած ուժերի արդիականացման 7-ամեայ ծրագիրը, ինչին մեծապէս նպաստում է Երեւանի եւ Մոսկւայի ռազմական ու ռազմատեխնիկական դինամիկ համագործակցութիւնը։ Օրինակ` զէնք ձեռք բերելու համար ՌԴ-ի տրամադրած մի քանի վարկերը (300 մլն. դոլար ընդհանուր գումարի չափով) Հայաստանին թոյլ տւեցին պաշտպանական ծախսերը աւելացնել մինչեւ 600 մլն. դոլար։ Իսկ փողը բանակի շարժիչ ուժն է։

2019 թւականի հոկտեմբերին հայաստանեան այցի ժամանակ ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն բարձր գնահատեց երկու երկրների ռազմավարական յարաբերութիւնները եւ փաստեց ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցութեան նոր փուլի մեկնարկը։ Երեւանի եւ Մոսկւայի միջեւ ձեռք բերւած պաշտպանական փոխգործակցութեան մակարդակը, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայութիւնը թոյլ են տալիս օպերատիւ արձագանքել տարածաշրջանում ցանկացած ռազմաքաղաքական փոփոխութեան։ Ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան` 2020 թւականի հայ-ռուսական համատեղ ծրագիրը ներառում է աւելի քան 60 համատեղ միջոցառում։ ՀԱՊԿ մանեւրումներին հայկական ստորաբաժանումների հաւասարազօր եւ արդիւնաւէտ մասնակցութիւնը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարաւորութիւնները։

Տարածաշրջանային անվտանգութեան ամրապնդումը երաշխաւորւած է նաեւ ԱՊՀ գծով. ՀՕՊ միաւորւած համակարգի զարգացման համար 2020 թւականին յատկացւել է աւելի քան 18 մլն. դոլար (այդ համակարգի 7 անդամ պետութիւնների խմբում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը)։ Եւ պատահական չէ, որ ԱՊՀ յատուկ ծառայութիւնները հայկական հողում անցկացրին «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ զօրավարժութիւնների երկու եզրափակիչ փուլերը։

Ահաբեկչութեան եւ ծայրայեղկանութեան դէմ աւելի արդիւնաւէտ պայքարի համար Հայաստանը օգոստոսի վերջին միացաւ ԱՊՀ շրջանակում տւեալների փոխանակման համաձայնագրին։ Երեւանը դարձաւ միջպետական տեղեկատւական համակարգի հաւասարազօր մասնակից, ինչպէս նաեւ ԱՊՀ պետութիւնների հակաահաբեկչական կենտրոնի տւեալների մասնագիտացւած բազայի օգտատէր։

Միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին անդրադառնալիս պէտք է նշել, որ մէկ տարւայ ընթացքում Հայաստանը Ռուսաստանի հետ մէկտեղ մեծ փորձ ձեռք բերեց Սիրիայի տարածքում ականազերծման եւ մարդասիրական աջակցութեան հարցում, համապատասխան համաձայնագիր Երեւանն ու Դամասկոսը կնքել էին դեռեւս 2001 թւականին։

 

Խաղաղապահ առաքելութիւններ

Առանձին ուղղութիւն է հայ զինծառայողների մասնակցութիւնը ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների խաղաղապահ գործողութիւններին։Մոլորակի քարտէզին այսօր 5 աշխարհագրական կէտ կայ, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները (չհաշւած Սիրիայում սակրաւորների մարդասիրական խումբն ու բուժանձնակազմը)։

2014 թւականից հայ խաղաղապահների դասակ է գործում (աւելի քան 30 զինծառայող) Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակաւոր ուժերի (UNIFIL) կազմում։

Աֆղանստանում Անվտանգութեան աջակցութեան միջազգային ուժերի կազմում (ISAF) ծառայում է 120 հայ խաղաղապահ (Քաբուլում եւ Մազարի Շարիֆում ապահովում են օդանաւակայանի ենթակառուցւածքի անվտանգութիւնը)։ Աֆղանստանում հայ զինծառայողների դասակ է գործում 2010 թւականից, այդ ընթացքում պատւով իրենց պարտքը կատարել ու հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահ։

Իրաքում հայ խաղաղապահները ծառայում են 2005 թւականից, հիմնականում նրանք զբաղւում են ականազերծմամբ եւ բազմազգ առաքելութեան բուժապահովմամբ։

Մօտ 70 հայ զինծառայող խաղաղապահ առաքելութիւն են իրականացնում նաեւ Կոսովոյում, որտեղ նրանք միացան յոյներին 2004 թւականին։ Հայաստանից մեկնած խաղաղապահները ըստ արժանւոյն են մասնակցում միջազգային առաքելութիւններին ու զօրավարժութիւններին եւ մեծ հեղինակութիւն ունեն օտարերկրեայ գործընկերների շրջանում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։