Հա

Քաղաքական

23/01/2020 - 10:00

««Թաւշեայ յեղափոխութեան» այցեքարտն արդէն ժամկէտանց է, գործնական քայլեր են պէտք». «Փաստ»

Անցած տարի յունւարին Հայաստանի կառավարութիւնն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դաւոսի տնտեսական համաժողովին։ 

Եւ Փաշինեանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարւած «թաւշեայ յեղափոխութիւնն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելոյթներ էր ունենում, հարցազրոյցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառութիւնը, թէ ինչպէս են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով յաջողութիւնների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը եւ այլն։ 

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է․ «Դաւոսում յունւարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տեւելու են մինչեւ յունւարի 24-ը։ 

Այս ֆորումը յոբելեանական է. այն արդէն անցկացւում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դաւոս է այցելում աւելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական եւ մեդիա առաջնորդ աշխարհի աւելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առաւել արդիական հարցերի քննարկման նպատակով։ 

Համաշխարհային տնտեսական ֆորումը յայտարարում է «աշխարհը բարելաւելու» գործընթացի նպատակներին իր հաւատարմութեան մասին: 

Բացի գլոբալ օրակարգից, կլիմայական փոփոխութիւնների, տեխնոլոգիաների, առողջապահութեան եւ այլ ոլորտների ու խնդիրների շուրջ զեկոյցներից ու քննարկումներից, դաւոսեան հարթակը տարբեր երկրների կողմից օգտագործւում է պետութիւնների ղեկավարների միջեւ հանդիպումների, պայմանաւորւածութիւնների ձեռք բերման, գործարար շրջանակների հետ շփումների եւ ներդրումների ներգրաւման կարեւորագոյն հարթակ։ 

Անցած տարի յունւարին Հայաստանի կառավարութիւնն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դաւոսի տնտեսական համաժողովին։ 

Եւ Փաշինեանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարւած «թաւշեայ յեղափոխութիւնն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելոյթներ էր ունենում, հարցազրոյցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառութիւնը, թէ ինչպէս են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով յաջողութիւնների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը եւ այլն։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որը յատուկ շեշտադրում էր իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանի ներդրումային գրաւչութիւնը, ֆորումի շրջանակում հանդիպումներ ունեցաւ Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպէս նաեւ մի շարք միջազգային խոշոր կառոյցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնէյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերութեան փոխնախագահի եւ Mitsubishi Heavy Industries ընկերութեան խորհրդի անդամի հետ։ 

Եւ այսպիսի հանդիպումների լուսաբանումից յետոյ տպաւորութիւն էր ստեղծւում, թէ Հայաստանը ներդրումներ ներգրաւելու խնդիր չպէտք է ունենայ, սակայն արդէն մէկ տարի անցել է, բայց Հայաստանում այդպէս էլ տեսանելի ներդրումային ակտիւութիւն չենք տեսնում։ 

Աւելին՝ իշխանափոխութիւնից յետոյ ներդրողների համար բարենպաստ միջավայր չի ձեւաւորւում։ Կառավարութեան կողմից առաջ քաշւած անտրամաբանական որոշումները, մեծաթիւ քրէական գործերի յարուցումը, որոնց մեծամասնութիւնը, ինչպէս հետագայում պարզւում է, անհիմն էին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւնը, որով ցանկացած պահի կարող է ոտնահարւել բանկային գաղտնիքը եւ այլ նախաձեռնութիւնները խոչընդոտում են ներդրումային միջավայրի ձեւաւորմանը՝ չհաշւած, որ գրեթէ ցանկացած բողոքի ակցիա ուղեկցւում է ճանապարհների փակմամբ։ 

Դրան զուգահեռ՝ իշխանութիւնները, փոխանակ զարգացման օրակարգ ձեւաւորեն, խրւած են ներքաղաքական ճղճիմ խնդիրների մէջ, զբաղւած են առկայ ձախողումների համար ընդդիմադիրներին մեղադրելով։ Եւ եթէ այս ամէնը հաշւի ենք առնում, ապա պարզ է դառնում, թէ ինչու վարչապետ Փաշինեանը այս տարի նպատակ չի ունեցել մասնակցել Դաւոսի համաժողովին։ 

Թերեւս այն սպասւած արդիւնքը չէր ունենալու, քանի որ վարչապետը չի ձեւաւորել համապատասխան օրակարգ, թէ ինչ հանդիպումներ եւ ռէալ պայմանաւորւածութիւններ պէտք է ունենայ համաժողովի ընթացքում, որպէսզի իր այցը չվերածւէր հերթական արտասահմանեան «վոյաժի»։ 

Իսկ «թաւշեայ յեղափոխութեան» այցեքարտն արդէն ժամկէտանց է, գործնական քայլեր են պէտք։ 

Այնինչ, համաժողովի հարթակը լայն հնարաւորութիւն էր ընձեռում բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավար շրջանակների հետ, որոնց Փաշինեանին իր պաշտօնավարման ընթացքում չէր յաջողւել հանդիպել։ 

Օրինակ՝ համաժողովը լաւ առիթ էր ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ հանդիպում ունենալու համար, որոնց հետ ՀՀ վարչապետին այդպէս էլ բախտ չվիճակւեց հանդիպել անգամ ԱՄՆ կատարած այցի ընթացքում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։