Հա

Քաղաքական

23/01/2020 - 09:40

Կառավարութեան քաղաքականութեան մէջ յստակ չեն ուրւագծւում ներառական զարգացման առաջնահերթութիւնները

Շատ դժւար է գործնականում հիմնաւորել, որ Ամանորին ծախսւած 271 մլն. դրամի ծախսն է հիմնական այն գործօնը, որ այդ օրերի ընթացքում մօտ 9 մլրդ. դրամով շրջանառութիւնն աճել է մեր երկրում, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ երէկւայ ուղիղ եթերին հնչեցրած յայտարարութեանը:

«alikonline.ir» - Շատ դժւար է գործնականում հիմնաւորել, որ Ամանորին ծախսւած 271 մլն. դրամի ծախսն է հիմնական այն գործօնը, որ այդ օրերի ընթացքում մօտ 9 մլրդ. դրամով շրջանառութիւնն աճել է մեր երկրում, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ երէկւայ ուղիղ եթերին հնչեցրած յայտարարութեանը:

«Որքան հնարաւոր է կապել այս երկուսն իրար հետ, նոյնչափ հնարաւոր է հիմնաւորել, որ դրանք իրար հետ կապ չունեն ուղղակի»,- նշեց տնտեսագէտը:

Թադէոս Աւետիսեանի խօսքով՝ ոչ միայն 2019 թ., այլեւ 2018 եւ 2017 թթ. նոյնպէս զբօսաշրջութիւնն աճել է՝ աւելացնելով շրջանառութիւնը. «Բայց այդ 9 մլրդ. դրամի մէջ միայն զբօսաշրջութեան էֆեկտով առաջացող շրջանառութեան աճը չէ: Ի վերջոյ, մենք ունեցել ենք նաեւ այլ ոլորտներում շրջանառութեան ծաւալների մեծացում եւ նաեւ դրանք կարող էին բերել այդ աճին»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան ուղիղ եթերի ընթացքում՝ անդրադառնալով Երեւանում Ամանորի տոնակատարութիւնների համար տրամադրւած 271 միլիոն դրամին, յայտարարել էր, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020 թ. յունւարի 6-ն ընկած ժամանակահատւածում նախորդ տարւայ համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի յաւելեալ շրջանառութիւն է կատարւել Հայաստանում. «Ես ուզում եմ խօսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդեօք արժէ՞ր Ամանորին այդքան ծախս անել: Այս տւեալները տեսնելով՝ մենք միւս տարի աւելի մասշտաբային պետական ծախսեր պէտք է անենք Ամանորին»,- ասել էր նա:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգողը կարեւորում է պետութեան մասնակցութեան զարգացումը տնտեսութեան զարգացման՝ յատկապէս ներառականութեան ապահովման տեսանկիւնից, բայց, ըստ նրա, դա չպէտք է լինի ընդհատուն, ժամանակային ինչ-որ քայլերով:

«Պետութիւնը պէտք է կայուն ծրագրեր իրականացնի՝ իր մասնակցութիւնը բերելով, եւ ոչ միայն զբօսաշրջութեան ոլորտում: Ներառական զարգացման տեսանկիւնից աւելի կարեւոր էին աշխատատար այլ ճիւղեր եւս՝ սկսած տեքստիլ արդիւնաբերութիւնից, սննդի արդիւնաբերութիւնից եւ այլն: Պետութիւնն այստեղ էլ իր ծրագրային մասնակցութիւնը պէտք է ունենայ, բայց սրա մասին միայն լսում ենք եւ կոնկրետ ծրագրեր չկան»,- նկատեց նա:

Տնտեսագէտը նաեւ լրացուցիչ ստեղծւող արդիւնքի բաշխման խնդիր է տեսնում: Նրա կարծիքով՝ այստեղ պետութիւնը պէտք է ունենայ յստակ դերակատարում, որպէսզի արդիւնքը հնարաւորինս շատ ուղղւի առաջնահերթ շահառուներին:

«Երբ ներառականութիւնից ենք խօսում եւ ընդամենը մէջբերում ենք մէկ թիւ, որ շրջանառութեան աճը 9 մլրդ. դրամով աւելացել է, սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բաւարար, որովհետեւ հարց է առաջանում՝ այդ 9 մլրդ. դրամը ո՞ր ոլորտներում է ծախսւել: Եթէ այդ 9 մլրդ. դրամը մի քանի ոլորտի տնտեսւարողների մօտ է աւելացել, օրինակ՝ հիւրանոցներ ու ռեստորանային ծառայութիւններ մատուցողներ, սա չի նշանակում, որ մենք ապահովել ենք ներառականութիւն: Ես չլսեցի թիւ, թէ այդ 9 մլրդ. դրամից որ մասն է բաժին ընկել փոքր բիզնեսին, որ մասը՝ խոշոր բիզնեսին եւ քանի հիմնական ճիւղերում են գրանցւել եւ այլն»,- ասաց Թադէոս Աւետիսեանը:

Նրա կարծիքով՝ ընդհանրապէս, Կառավարութեան քաղաքականութեան մէջ յստակ չեն ուրւագծւում ներառական զարգացման առաջնահերթութիւնները եւ չեն լուծւում սոցիալական խնդիրները։

«Այպիսի կոսմետիկ, դրւագային, ականջահաճոյ արդիւնքներով չեն կարող լուծւել աղքատութեան, գործազրկութեան եւ արտագաղթի հարցերը: Արդէն օր-օրի աւելի պարզ է դառնում, որ ոչ թէ հիմնարար բարեփոխումների որդեգրում կայ, այլ աւելի շատ ցոյց տալու, արդարանալու, ինչ-որ տեղ նաեւ մանիպուլեացիաներով պատկերներ եւ սպասումներ առաջացնելու: Սա եթէ նոյնիսկ կարճաժամկէտ հատւածում իշխող քաղաքական ուժի համար ինչ-որ խնդիր լուծի, ապա երկարաժամկէտում ակնյայտ է, որ եղած պրոբլեմները չեն լուծւելու: 25 տոկոս աղքատութեան մակարդակ ունեցող երկրում, աշխատողների 20-25 տոկոսը աղքատներ են։ Մենք պարտադրւած են բարեփոխումներն իրականացնել բոլոր ուղղութիւններով»,- նշեց տնտեսագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։