Հա

Քաղաքական

25/01/2020 - 10:50

Պետութիւն մերժողները. գողական ենթամշակոյթի ու Իմ քայլի ընդհանրութիւնները

Լրագրող, հրածարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գողական ենթամշակոյթի դէմ քրէական օրէնք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտաւորականութիւնն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղաւորներ են փնտրում ու որպէս մեղաւոր կարգում գողական աշխարհը։ Ինչպէ՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հաւատում են ինչպէս քրիստոնեան Աստծոյ երկրորդ գալստեանն է հաւատում։

«alikonline.ir» - Լրագրող, հրածարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գողական ենթամշակոյթի դէմ քրէական օրէնք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտաւորականութիւնն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղաւորներ են փնտրում ու որպէս մեղաւոր կարգում գողական աշխարհը։ Ինչպէ՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հաւատում են ինչպէս քրիստոնեան Աստծոյ երկրորդ գալստեանն է հաւատում։

Տասնամեակներ աղքատութիւնը, եկամուտների անարդար բաշխումը նրանք անւանում են «քրէօլիգարխիկ» համակարգի հետեւանք, օլիգարխ հասկացանք, բայց ի՞նչ կապ ունի քրէականը, քանի որ այս անարդար համակարգը գործել է ու գործում է բոլոր կապիտալիստական երկրներում մինչեւ այն պահը երբ ձախ դիմադրութիւնները չեն ստիպել նահանջել, պետութեանը ստիպել պարտաւորութիւն վերցնել քաղաքացիների ապահով կեանքի համար, առաւել տանելի կեանքի պայմաններ ստեղծել ու ընդլայնել հանրային տարածքները։

Օրէնքով գողերը քրէականացւեցին նաեւ Ռուաստանում ու Վրաստանում նոյն պատճառով, իբր նրանք են մեղաւոր որ կեանքը անարդար է, սակայն դիցուք Վրաստանում կեանքը դրանից չլաւացաւ, իսկ Ռուաստանում էլ տնտեսական տեղաշարժեր եղան բոլորովին այլ պատճառներով, առաջին հերթին ռեսուրսների եկամուտները առաւել արդար վերաբշխման շնորհիւ։

Ընդհանրապէս լիբերալիզմն ու Սովետական յանցագործ աշխարհի ենթամշակոյթը շատ ընդհանրութիւններ ունեն, երկուսն էլ ընդդիմութիւն էին Սովետական համակարգին։ Սովետը պետութեան դերը հասցրել էր այնպիսի ծայրայեղութեան, որ քաղաքացիներին չնչին մասնաւոր տարածք էր թողել։ Այդ պայմաններում մի կողմից առաջացաւ լիբերալ դիսիդենտ մտաւորականութիւնը, որը հայեացքը արեւմուտքին հառած, կրօնական հաւատով էին լցւած ազատականութեան, կապիտալիզմի նկատմամբ, այնպէս, որ յանուն կապիտալիստական կարգերի վերադարձի եռանդով գնում էն բանտեր, զրկանքների ենթարկւում։ Նրանք կրօնական մոլեռանդի պէս հաւատում էին որ դրախտը կը գայ եթէ պետութեան դերը նւազագոյնի հասցւի, որ միակ ճշմարիտ հասարակարգը հիմնւած է մասնաւոր սեփականութեան վրայ, որ պէտք է մասնաւորեցնել հնարաւորինս ամէն ինչ, առաւել արմատականները վստահ էին որ մասնաւոերցումը պէտք է հասնի այնտեղ ուր պետութիւնը վերանում է ընդհանրապէս։

Միւս կողմից Սովետում ստեղծւեց յանցագործ ենթամշակոյթը, որ չէր ճանաչում պետական հաստատութիւնները, նա ով յաւակնում էր օրէնքով գող դառնալ, պէտք է իր կեանքում երբեւէ պետութեան ծառայող եղած չլինէր, նոյնիսկ պետական հաստատութիւնում գործարք կնքած չլինէր։ Այսպիսով, ինչպէս լիբերալ դիսիդենտները այնպէս էլ օրէնքով գողերի մշակոյթը չէին ճանաչում պետութիւն։

Սովետի փլուզումից յետոյ յետսովետական հանրապետութիւններում իշխանութեան եկան այդ արմատական լիբերալները, որոնց աչքին մասնաւորեցումից այն կողմ տնտեսութեան այլձեւ չէր երեւում։ Արդիւնքում անձնական շահի ջատագովութիւնը մարդկանց մէջ սրեց ագահութիւնը, եսասիրութիւնը՝ էգոիզմը, որ բերեց իսկ հանրային շահի զգացողութիւնը նւազագոյնի հասցրեց ու երկրները պառկատեց փոքրաթիւ մեծահարուստ բուրժուաների ու աղքատների ստւար զանգւածների միջեւ։

Առաջին սերնդի լիբերալները երկրները քայքայելով ու բնակչութեանը աղքատութեան մատնելով տապալւեցին։ Որոշ երկրներում իշխանութեան եկան չափաւոր լիբերլներ՝ Պուտինը Ռուաստանում, կամ Կուչման Ուկրայինայում, որոշ տեղեր նորացւած ձախեր, ինչպէս Լիտւայում նախկին կոմունիստ Բրազաուսկասը, իսկ Բելառուսում արդէն սոցիալիստ Լուկաշենկոն եւ այլն։

Հայաստանում էլ 1998-ին ռադիկալ լիբերալներին իշխանութիւնից հեռացրին, սակայն լիբերլիզմը մնաց երկրի պետական գաղափարախօսութիւնը եւ լիբերլիզմի ճգնաժամը հասցրեց 2018-ի զանգւածային ցոյցերին։

Բայց ի դժբախտութիւն հայ ժողովրդի, իշխանութեան եկաւ նախկինից առաւել լիբերալ, արմատական լիբրել Իմ քայլը դաշինքը յանձին Նիկոլ Փաշինեանի եւ սկսեցին մասնաւորեցնել ու առեւտրականացնել նոյնիսկ կարիքաւորների խնամքը՝ ծերանոցների ու մանկատների ծառայութիւնները, ամենապետական, ամենահանրային հանդիսացող հաստատութեան՝ բանակի սնունդը, հիմա էլ գիւղացիներին ստիպում են իրենց չնչին եկամտի մի մասը տալ մասնաւոր սպանդանոցներին։ Իսկ Իմ քայլը վերացնելով պրոգրեսիւ եկամտհարկը, հասարակութեան մէջ առաւել սրեց էգոիզմը։

Կարծես Լիբերալիզմը մի դաւադրութիւն էր արել, որ իր իսկ նկատմամբ դժգոհութիւնը օգտագործելով, իշխանութեան բերի նոր սերնդի լիբերալներին որ արդէն որպէս լեգիտիմներ հանրային երերուն համերաշխութիւնը վերացնեն ու պետութեան քայքայումը աւարտին հասցնեն։

Պետական ծառայողների կրճատումներն, ծննդատների փակումը ամբողջ այդ լիբերալիզմի քաղաքականութիւնն է, որ յանգեցնելու է շատ աւելի խորը ճգնաժամի։

Սակայն լիբերալ մտաւորականութիւնը կրկին չի հասկանալու որ սպասւող նոր ճգնաժամի պատճառը իր գաղափարախօսութեան մէջ է, կրկին արհեստական մեղաւորներ է փնտրելու՝ քրէակն ենթամշակոյթ ու նման բաներ։

Գողական ենթամշակոյթն ու Իմ քայլը դաշինքը այլ ընդահնարութիւններ էլ ունեն՝ գողերի համակարգը իրենցից դուրս անձնանց որակում է որպէս հարիֆ, այսինքն միամիտ, որոնց կարելի է խաբել, գցել, նրանցից գողանալ։ Իմ քայլն էլ, յանձին Նիկոլ Փաշինեանի, իրենցից դուրս անձանց, այսպէս կոչւած ժողովրդին հարիֆի տեղ է դնում, որին պարբերաբար ֆռցնում ու խաբում է։ Գողական համակարգի անդամները իրար նկատմամբ պատասխանատւութիւն ունեն, իրենց խօսքի տէրը պէտք է լինեն «բռատւայի»՝ ախպերութեան նկատմամբ պատասխանատւութիւն ունենան։ Արդեօ՞ք Իմ քայլն էլ ունի իր ներքին էթիկական կոդեքսը, դեռեւս դժւար է ասել։

Մի բան յստակ է, որ իմքայլականներից շատերը միմեանց հետ կապւած են նաեւ համատեղ յանցանքով՝ ինչպէս դատարանների դռները փակելն էր եւ ՍԴ դատաւորներին կաշառելու օրէնքը։ Սակայն սա չի նշանակում որ բոլոր իմքայլականները յանցանք են գործել։

Բարգաւաճ Հայաստան խմբակցութեան պատգամաւոր Գէորգ Պետրոսեանը քննադատելով գողական ենթամշակոյթը քրէականացնող օրէնքը ասաց՝ «Մի սկզբունք ենք միշտ պահում որ մարդուն պէտք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրական սկզբունքից», ապա հեգնեց անորոշ, չձեւակերպւած «գողական»-ի դէմ պայքարը «էլի երեք տառով բաղկացած հասկացութիւն կայ լաւ կը լինի դրա դէմ էլ պայքարէք» եւ յարձակման արժանացաւ օրէնքի ջատագովների կողմից։

Բայց Պետրոսեանը տիպիկ իրաւապաշտպան սկզբունք է կիրառում, եթէ անձը յանցագործ արարք չի կատարել, ապա միայն նրա համար, որ պատկանում է մի խմբի կամ որ իրեն գող են անւանում, այդ անւանելը քրէական յանցանք չի կարող լինել։ Եթէ առանց արարք անելու ենթամշակոյթին պատկանելը յանցագործութիւն է, ապա վաղը կարող է մի իշխանութիւն Իմ քայլին կամ Քաղաքացիական պայմանգրին անդամակցելը քրէական յանցանք համարի, քանի որ այդ կուսակցութեան շատ անդամներ վերին որոշմամբ դատական իշխանութեան անկախութեան դէմ են պայքարել, փակել է դատարանների դռներ եւ ՍԴ դատաւորներին կաշառելու օրէնք ընդունել եւ այլն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։