Հա

Քաղաքական

27/01/2020 - 10:10

«Կառաջարկէի պարոն վարչապետին, լինել մինչեւ վերջ անկեղծ եւ սահմանադրական փոփոխութիւններով, ընդհանրապէս վերացնել դատական համակարգը»․ Աւետիք Իշխանեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր երէկւայ ասուլիսում շատ հարցերի ինքնավստահ պատասխաններ տւեց։ Կը փորձեմ անդրադառնալ առայժմ վարչապետի դատաիրաւական ոլորտին առնչւող պատկերացումներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր երէկւայ ասուլիսում շատ հարցերի ինքնավստահ պատասխաններ տւեց։ Կը փորձեմ անդրադառնալ առայժմ վարչապետի դատաիրաւական ոլորտին առնչւող պատկերացումներին։

Փաստօրէն, ըստ վարչապետի  պատկերացումների, որեւէ երկրի պետական կառուցւածքը նշանակութիւն չունի տւեալ երկրի ժողովրդավարական, իրաւական լինելու հետ, այլ ամէն ինչ կախւած է պետութեան ղեկավարի՝ ժողովրդի կողմից ընտրւած լինելուն եւ վե՛րջ։ Եւ եթէ, այսպէս կոչւած «սուպերվարչապետական» համակարգը (յիշեցման կարգով, երբ պետական կարեւոր իրաւապահ կառոյցները՝ Ոստիկանութիւն, ԱԱԾ, ՅՔԾ, ՔԿ, նաեւ ՊԵԿ, ԱՎՎ գտնւում են վարչապետի անմիջական հսկողութեան ներքոյ եւ կատարում են նրա հրահանգները) նախկին «ռեժիմի» ժամանակ ծառայում էին «յանցագործ, կոռումպացւած, կերակրատաշտից» օգտւողներին, ապա իշխանափոխութիւնից յետոյ, արդէն ժողովրդին, կամ «հպարտ» քաղաքացիներին։

«Խօսելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ Փաշինեանը յիշեցրեց նախկինում իր արտայայտած մտքերից մէկը, որ ժողովրդավարութեան պարագայում սուպերվարչապետական համակարգ գոյութիւն ունենալ չի կարող, քանի որ այդ պարագայում ժողովուրդն է որոշում, թէ ով է իշխանութիւնը»։

Ահա եւ 21-րդ դարի հայկական իրաւափիլիսոփայական մտքի թռիչքը, որը մերժում է ողջ, մինչ վերջերս, մեզ թւացող առաջադէմ մարդկութեան դարերով զարգացրած քաղաքական միտքը։ Ի՜նչ իշխանութիւնների տարանջատում, ի՜նչ անկախ դատարան, ի՜նչ անմեղութեան կանխավարկած, ի՜նչ Եւրոպայի Խորհուրդ եւ այլն։ Եւ մտածում ես, ինչպիսի պարզունակ մտածողութիւն են ունեցել Արիստոտէլը, Մոնտեսքիոն, Հոլմսը, Վեբերը եւ այլոք, ովքեր, ի դժբախտութիւն իրենց, չէին տեսել հայկական յեղափոխութիւնը եւ չէին լսել նրա առաջնորդի մտքի գոհարները։ Նրանք այսօր կամ հրապարակաւ կապաշխարէին, կամ եթէ «տեղը չբերէին», կը յայտնւէին Արմէն Աշոտեանի վիճակում։

Վարչապետն ընդունեց նաեւ, որ սահմանադրական փոփոխութիւնները միտւած են հիմնականում դատաիրաւական փոփոխութիւններին (նոյն տեղում)։

Պարզւում է, որ «ՀՀ դատական համակարգը ցոյց է տալիս, որ ինքը կարող է եւ անցնում է առողջացման ճանապարհը եւ ՀՀ դատական համակարգում, ներառեալ ՍԴ-ում, կան բազմաթիւ դատաւորներ, որոնք չեն ներքաշւել խարդաւանքների եւ սեփական ժողովրդի եւ երկրի դէմ պատերազմելու ոմանց օրակարգի մէջ (նոյն տեղում)»։ Սակայն պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ սա նշանակում է, որ դատաւորներն հիմնականում արդէն կատարում են «ժողովրդի», այն է՝ նրա ներկայացուցիչ վարչապետի կամքը, իսկ փոփոխութիւններով կազատւեն  անհնազանդ դատաւորներից։ Իսկ մինչ այդ, դատավճիռները կը կայացնի նոյնպէս ժողովուրդ-վարչապետը․

«Եւ հիմա պարզւեց, որ նա, ըստ պաշտօնապէս առաջադրւած մեղադրանքի, ընտրւել է պաշտօնական կեղծիքի արդիւնքում։ Մենք չենք կարող ասել՝ դէ լաւ, մի թեթեւ կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտօնական կեղծիք, որի արդիւնքում օկուպացւել է ՍԴ-ն՝ մի անձի եւ մի խմբի կողմից։ Եւ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացւած իշխանութիւնն է»։

Վարչապետի պատկերացմամբ, եթէ դատարանները, այդ թւում ՍԴ-ն  ընդունում  են ժողովրդի կողմից ընտրւած վարչապետին ոչ հաճոյ որոշումներ, ապա նրանք պայքարում են սեփական ժողովրդի դէմ ․ «Ասում ենք ՍԴ յարգելի անդամներ, խնդրում ենք ձեզ, մի պայքարէք սեփական ժողովրդի ու երկրի, սեփական երկրի ապագայի դէմ» (նոյն տեղում)։

Կառաջարկէի պարոն վարչապետին, լինել մինչեւ վերջ անկեղծ և սահմանադրական փոփոխութիւններով, ընդհանրապէս վերացնել դատական համակարգը։ Նախ «ժողովրդի» կողմից ընտրւած  չկոռումպացւած իշխանութեանը բոլորը կը վստահեն եւ ժողովրդի վարչապետի դատավճիռները վստահելի կը լինեն  ժողովրդի համար։ Երկրորդ, պատկերացնու՞մ էք, որքան ֆինանսական ռեսուրսներ կաւելանան բիւջէում պարգեւավճարների, գործուղումների, տօնակատարութիւնների համար։

Չէ՞ որ․

«Ինչ-որ պէտք է, էն էլ անելու ենք» (նոյն տեղում)։

Աւետիք Իշխանեան

 

Յ․ Գ․ Ինչ վերաբերում է «Կոշ» քրէակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինեանի նկատմամբ բռնութիւն իրականացնողներին պատժելու հարցով, «գիտակից քաղաքացու» կողմից յայտարարութեանը, ապա, իմ կարծիքով սա ընդամենը վենդետտա է, օգտագործելով իշխանութիւնն ու «պետական» լծակները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։