Հա

Քաղաքական

28/01/2020 - 12:40

«Հայկական բանակն ազգային միասնականութեան եւ համախմբման կենդանի մարմնացումն է». ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ուղերձ է յղել Բանակի օրւայ առթիւ.

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ուղերձ է յղել Բանակի օրւայ առթիւ.

«Սիրելի՛ զինւորներ, պարոնայք սպաներ եւ գեներալներ,

Յարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ Բանակի օրւայ առթիւ, մաղթում խաղաղութիւն եւ նոր յաղթանակներ։

Հայկական բանակը ծնունդ առաւ եւ ձեւաւորւեց մեր նորօրեայ ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը եւ համբաւը, որը հայ զինւորականներն ունէին հին կայսերական ժամանակներից մինչեւ Սարդարապատ, մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զաւակները՝ մարշալներից, գեներալներից մինչեւ զինւորներ, ոսկէ տառերով գրեցին իրենց անունները Մեծ Յաղթանակի կերտման պատմութեան էջերում:

Այս տարի այդ յաղթանակի 75-ամեայ յոբելեանն է, յաղթանակ, որում մեծագոյն ներդրում ունեն մեր նախնիները, յաղթանակ, որին իրենց կեանքը զոհաբերեցին մեր ժողովրդի 300 հազարից աւելի որդիներն ու դուստրերը։

Գլուխ եմ խոնարհում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհւած մեր նախնիների յիշատակի առաջ եւ երախտագիտութիւնս մաղթում վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում յաղթանակի յիշողութիւնը, այլեւ իրենց կենսափորձով ու անցած ուղիով պատմութեան կենդանի դաս են մեզ համար։

Այսօր մեր սահմաններին նրա՛նց սերունդներն են, նրանց յաղթական ուղին շարունակողները, մարտական աւանդոյթները յաջորդ սերնդին փոխանցողները։

Հայկական բանակն այսօր ազգային միասնականութեան եւ համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտութեան եւ ազգային արժանապատւութեան ամուր սյունն է, որի շուրջը ձեւաւորւում եւ դաստիարակւում է գիտակից եւ հայրենասէր քաղաքացին:

Բանակը իւրաքանչիւրիս հարազատն է, իսկ մեզնից իւրաքանչիւրը՝ բանակի հարազատը։

Բանակը մեր ընտանիքն է, քանի որ իւրաքանչիւր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապւած է բանակի հետ։

Բանակը մեր հպարտութիւնն է, մեր հզօր յաղթաթղթերից մէկը։

Բանակը մեր ճակատն է։ Եւ բանակի շնորհիւ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտութեամբ, արժանապատւութեամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու եւ մօտ հարեւանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանօթների ու անծանօթների աչքերին։

Բոլոր ժամանակներում մեր կամաւորի, զինւորի, սպայի նշանաբանը եղել են Հայրենիք, Պատիւ, Նւիրւածութիւն բառերը։ Այդ նշանաբանով են ձեռք բերւել մեր յաղթանակները, այդ նշանաբանով են պաշտպանւել մեր ընտանեկան օջախները, ազատագրւել մեր տարածքները, այդ նշանաբանով են այսօր պաշտպանւում Հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը:

Արդի ժամանակներում բանակը նաեւ տնտեսութեան, գիտությեան եւ մասնագիտական կարողութիւնների զարգացման խթան է: Ժամանակակից բանակը նշանակում է նոր մտածողութիւն, նոր հմտութիւններ, աւելի որակեալ կրթութիւն եւ գիտութիւն, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից արդիւնաբերութիւն, այդ թւում՝ ռազմարդիւնաբերությիւն, ժամանակակից գիւղատնտեսութիւն, սննդի անվտանգությիւն, մի խօսքով՝ նոր տնտեսութիւն։

Անշուշտ, պետութեան կողմից շարունակաբար ձեռք բերւող զինատեսակները ամրապնդում են մեր զինւած ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժէք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պէտք է ուղղւած լինեն այդ կապիտալը հոգեպէս, ֆիզիկապէս, տնտեսապէս համալրելուն եւ որակապէս այն նոր մակարդակի բարձրացնելուն։

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակը իւրաքանչիւր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղութեան եւ ապահովութեան զգացում։

Այս յունւարի 28-ին էլ տարւայ միւս բոլոր օրերի նման շարունակենք աղօթել մեր զինւորների համար՝

ձե՛զ համար, յարգելի՛ զինւորներ, ազատամարտիկներ, սպաներ եւ գեներալներ,

ձե՛զ համար, զինծառայողների յարգելի ծնողներ, ձե՛զ համար, մեր սիրելի հերոսների յարգելի ծնողներ ու հարազատներ։

Մտածենք եւ գործենք մեր երկրի, մեր պետութեան, մեր ժողովրդի, մեր այսօրւայ ու վաղւայ համար։

Փա՛ռք մեր զինւած ուժերին:

Կեցցե՛ն Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները:

Աստւած պահապան բոլորիս»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։