Հա

Քաղաքական

01/02/2020 - 09:00

Ո՞ւմ գնդակահարենք 2040 թւականին

Հանրութեան որոշ անհատների եւ ուժերի մօտ կար եւ կայ մի համոզում, որ Հայաստանը ղեկավարելը շատ հեշտ է, քանի որ այն փոքր պետութիւն է` աւելի փոքր, քան Մոսկւայի, Թեհրանի կամ Նիւ Եօրքի մի թաղամաս: Սոյն պարզունակ մօտեցումը թոյլ չի տալիս յանգել ճիշտ եզրակացութեան` Հայաստանի Հանրապետութիւնը փոքր պետութիւն է, սակայն որպէս պետութիւն ունի բազմաթիւ խնդիրներ եւ լուծման ենթակայ հարցեր, որոնք չունեն նոյնիսկ ԱՄՆ կամ ՌԴ ամենամեծ նահանգներն ու երկրամասերը:

Հանրութեան որոշ անհատների եւ ուժերի մօտ կար եւ կայ մի համոզում, որ Հայաստանը ղեկավարելը շատ հեշտ է, քանի որ այն փոքր պետութիւն է` աւելի փոքր, քան Մոսկւայի, Թեհրանի կամ Նիւ Եօրքի մի թաղամաս: Սոյն պարզունակ մօտեցումը թոյլ չի տալիս յանգել ճիշտ եզրակացութեան` Հայաստանի Հանրապետութիւնը փոքր պետութիւն է, սակայն որպէս պետութիւն ունի բազմաթիւ խնդիրներ եւ լուծման ենթակայ հարցեր, որոնք չունեն նոյնիսկ ԱՄՆ կամ ՌԴ ամենամեծ նահանգներն ու երկրամասերը: Ցանկացած պետութեան զարգացման ու առաջընթացի համար հարկաւոր է ունենալ պետական քաղաքականութիւն, որն իրականում մի շարք ոլորտային քաղաքականութիւնների միասնականութիւն է: Պետութիւնն ունի էներգետիկ, տրանսպորտային, գիւղատնտեսական, կրթական, սոցիալական, կենսաթոշակային, անվտանգութեան եւ բազմաթիւ այլ խնդիրներ, իսկ Հայաստանի պարագայում այդ ամէնին գումարւում է եռացող տարածաշրջանը, երկու հարեւանի հետ փաստացի պատերազմական վիճակը եւ նրանց կողմից Հայաստանը վերացնելու անթաքոյց ձգտումը: Մեր երկրի առջեւ փաստացի կանգնած եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներն աւելի բարդ են, քան Հայաստանից չափերով մի քանի անգամ մեծ եւրոպական միջին վիճակագրական պետութիւնում:

Հայ հանրութեան (ներառեալ` արտերկրում ապրող հայրենակիցների) շրջանում ընթացող ողջ բանավէճը կառուցւում է իրական բովանդակային քաղաքական դիսկուրսից դուրս` զգացմունքային դաշտում, իսկ հանրութեան բաժանումն անցնում է հիմնականում վիրտուալ տիրոյթում նախկինների ու ներկաների նկատմամբ վերաբերմունքի գծով: Հայաստանի` որպէս պետութեան, իրական խնդիրները, որոնց մի քանի օրինակ կը ներկայացնենք ստորեւ, կարծես ոչ մէկին չեն հետաքրքրում:

 

Էներգետիկ անվտանգութիւն:

Հայաստանի էներգետիկ ապահովւածութիւնը կախւած է ատոմակայանի գործունէութիւնից: Ենթադրենք մի քանի տարուց մի անգամ էլ երկարացնենք ատոմակայանի գործունէութեան ժամկէտը: Յետո՞յ: Ուզենք, թէ չուզենք, բայց նոյնիսկ լաւագոյն սցենարի դէպքում 15 տարի յետոյ պէտք է ունենանք նոր ատոմակայան կամ էներգիայի մի այնպիսի աղբիւր, որը կապահովի ներկայիս պահանջարկի 40-50 տոկոսը: Իսկ որպէսզի դա ունենանք 2030-ականներին, ապա առաջիկայ հինգ տարւայ ընթացքում պէտք է իրականացւի մեծածաւալ աշխատանք: Որեւէ մէկը Հայաստանում զբաղւո՞ւմ է կամ ինչ-որ մէկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը կամ ումի՞ց ենք ակնկալում այդ խնդիրների լուծումը:

 

Տրանսպորտային անվտանգութիւն:

Հանրութեան կարճ յիշողութիւնը թոյլ չի տալիս յիշել 1990-ականների առաջին կէսին` պատերազմի եւ շրջափակման տարիներին, հայկական աւիացիայի գործած անթիւ, անհամար սխրանքները (փախստականների տեղափոխում, վառելիքի, պարէնի, զէնքի մատակարարում, դեսպանատների բացակայութեան պայմաններում աւիաընկերութեան ներկայացուցչութիւնների միջոցով արտաքին աշխարհի հետ բոլոր տեսակի կապերի ապահովում եւ այլն): Տարածաշրջանային թեթեւ լարւածութիւնը, էլ չասենք` պատերազմը, յանգեցնելու է օտարերկրեայ աւիաընկերութիւնների թռիչքների էական մասի դադարեցմանը: Ո՞վ է ապահովելու երկրի տրանսպորտային անվտանգութիւնը: Վերջերս օրերով չէինք կարողանում մօտակայ երկրներից Հայաստան տեղափոխել ծանր կացութեան մէջ յայտնւած ընդամենը 100 հայրենակցի: Չմոռանանք, որ այն հզօր աւիացիան, որը մենք ունէինք անկախութեան սկզբում, մեծ հզօր պետութեան կազմում կատարւած հսկայածաւալ աշխատանքի արդիւնք էր: Երկրի իրական կարիքները բաւարարող մրցունակ ազգային աւիացիա ունենալու համար այսօրւանից պահանջւելու է տարիների աշխատանք: Իսկ տրանսպորտի մնացած ուղղութիւնները կարելի է բնութագրել որպէս համակարգի բացակայութիւն եւ տոտալ տրանսպորտային քաոս: Որեւէ մէկը Հայաստանում զբաղւո՞ւմ է կամ ինչ-որ մէկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը: Եթէ հաշւի առնենք, որ սոյն ոլորտին երկրում խորքային տիրապետում են 4-5 հոգի, որոնք ոչ միայն պատասխանատու պաշտօնի չեն, այլ ընդհանրապէս քաղաքական գործընթացներից դուրս են, ապա պատկերը պարզ է դառնում:

 

Ժողովրդագրական հիմնախնդիր:

Կողմ դնելով լաւատեսական ռոմանտիզմը, արձանագրենք, որ սոյն հարցով էական տեղաշարժի բացակայութեան դէպքում, իսկ ժողովրդագրութիւնը պահանջում է քաղաքաշինական, առողջապահական, կրթական, սոցիալական եւ, իհարկէ, զբաղւածութեան խնդիրների համալիր լուծում տասնամեակների կտրւածքով, ապա 2040 թւականին բնակչութեան թիւը լինելու է 2.5 միլիոնից պակաս: Դա ոչ միայն բացառելու է կայուն զարգացման հնարաւորութիւնը, այլ ինքնին օրակարգային է դարձնելու պետութեան ու ազգի ֆիզիկական գոյութիւնը:

 

Կենսաթոշակային:

Կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու է պետական բիւջէի եւ բնակչութեան օրինականացւած հարստահարումը, պետական բիւջէի միջոցների վատնումը եւ պետութիւնից դուրս ոչ միայն պետութեանը չծառայող, այլ փաստացի վնաս հասցնող ֆինանսական համակարգի սնուցումը: Արդէն հիմա միայն պետական մասհանումը կազմում է տարեկան մօտ 60 միլիարդ դրամ, որն ամէն տարի աճելու է` չհաշւած բնակչութեան մասհանումները: Քսան տարի յետոյ հանրութիւնը ոչ միայն կանգնելու է միլիարդաւոր դոլարներին տիրութիւն անելու, այլ նաեւ սեփական կենսամակարդակը փրկելու խնդրի առջեւ: Իսկ եթէ հաշւի առնենք կորցրած տարիները եւ տնտեսական զարգացման սխալ ուղղութիւնը, ապա կորուստները շատ աւելի ցաւալի են լինելու: Պետութեանը եւ բնակչութեանը ծառայող նոր կենսաթոշակային համակարգի ձեւաւորումը եւ ներկայիս խայտառակ համակարգից հրաժարւելը պահանջելու է տարիներ, մասնագիտական մեծածաւալ աշխատանք, ինչպէս նաեւ քաղաքական կամք եւ վճռականութիւն:

 

Աղքատութիւն եւ զբաղւածութիւն:

Յայտնի է, որ հեշտ է անցնել պրիմիտիւ համահարթ հարկահաւաքմանը եւ բազմակի անգամ բարդ` անցնել իրականում առաջադիմական եւ ճիշտ պրոգրեսիւ հարկմանը` եկամուտների գրագէտ վերաբաշխմամբ ու տնտեսութիւնում ֆինանսական հոսքերի արդիւնաւէտ կարգաւորմամբ: Հարկային վերջին համահարթեցումը միանշանակ առաջիկայ տարիների կտրւածքով խորացնելու է անդունդը բնակչութեան ապահով եւ անապահով խաւերի, հարուստների եւ աղքատների միջեւ` բոլոր իր հետեւանքներով: Իսկ զբաղւածութեան խնդրի լուծումը առանց պետական ներդրումային քաղաքականութեան, ապաւինելով բացառապէս ազատ շուկայական յարաբերութիւններին եւ մասնաւոր ներդրումներին, դա տիպիկ նաիւ նէոլիբերալիզմ է, որը բնորոշ է մեր քաղաքական դաշտի գրեթէ բոլոր մասնակիցներին անկախութեան առաջին օրերից մինչ օրս: Այս ամէնի մասին նոյնպէս կարծես թէ հանրային դիսկուրս չկայ:

 

Գիւղատնտեսութիւն եւ պարէնային անվտանգութիւն:

Որքան խոցելի ենք որպէս պետութիւն պարէնային անվտանգութեան մասով եւ որքան խնդիրներ են կուտակւած գիւղատնտեսութեան ոլորտում, որտեղ զբաղւած է (կամ աւելի ճիշտ` գոյատեւում է) բնակչութեան մէկ երրորդը, ի յայտ է գալիս ամէն օր: Իսկ ոռոգման համակարգի ծանրագոյն խնդիրը իր կորուստներով, արդիւնաւէտութեան բարձրացման եւ մեծածաւալ ներդրումների անհրաժեշտութեամբ եւ այլն, պահանջում է տարիների երկարաժամկէտ աշխատանք, մեծ գումարներ, համբերութիւն եւ խնդրի կատարեալ տիրապետում: Գիւղատնտեսութիւնը նոյնպէս այն ոլորտներից է, որտեղ մէկ կամ երկու տարում շօշափելի եւ որակական փոփոխութիւններ չեն լինելու: Իսկ տասը տարի յետոյ արդիւնք ունենալու համար հարկաւոր է աշխատել արդէն այսօր: Բնապահպանութիւնը աւելի լայն խնդիր է, քան բնութեան պարզ պահպանութիւն: Սա մարդու կենսագործունէութեան եւ երկարաժամկէտ կտրւածքով տւեալ տարածքում բնութեան հետ ներդաշնակ ապրելու ունակութիւնն է: Եւ տւեալ ոլորտի խնդիրները տարածւում են առողջապահութիւնից մինչեւ քաղաքաշինութիւն եւ հանքարդիւնաբերութիւն: Այստեղ արդիւնաւէտ քաղաքականութիւնների իրագործումը նոյնպէս պահանջում է պետական մտածելակերպի առկայութիւն եւ յաջորդ սերունդների մասին մտածելու ունակութիւն: Բնապահպանական ցածր գիտակցութիւնը, նիւթապաշտութիւնը եւ ապագայով ապրելու փոխարէն բացառապէս այսօրւայ մասին մտածելով մայրաքաղաքը շարունակելու ենք դարձնել բնակութեան համար անբարենպաստ քաղաք, իսկ մարզերը` աւելի ու աւելի ոչ գրաւիչ շարքային քաղաքացու համար:

Իրական մարտահրաւէրները շատ-շատ են: Յատուկ վերը նշւած ցանկում չեն աւելացւել տեղեկատւական անվտանգութեան խնդիրը՝ հանրութեան խոցելիութիւնը լաւագոյնս ապացուցւեց վերջին տարիներին, ինչպէս նաեւ ռազմական եւ անվտանգութեանն առնչւող այլ հարցեր, ենթադրելով, որ միայն իրականութիւնից կտրւածը կարող է մտածել, որ նման հարցեր չկան: Եթէ այս ամէնին գումարենք Թուրքիայի անթաքոյց ցանկութիւնը աւարտին հասցնել կիսատ գործը եւ հայ ժողովրդին վերացնել սեփական հայրենիքում, ապա ակնյայտ է, որ երկրի առջեւ կանգնած խնդիրները ոչ միայն պահանջում են հէնց այսօրւանից ամենօրեայ քրտնաջան ու հետեւողական աշխատանք, այլ նաեւ երկարաժամկէտ ռազմավարութիւնների իրականացում, որոնց արդիւնքը լինելու է 10, 15 կամ 20 տարի անց: Սակայն իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ նոյնիսկ արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն օրակարգերի վերաբերեալ իսպառ բացակայում են համակարգային լուծումները եւ դրանց շուրջ հանրային բանավէճը: Եւ խօսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ: Վերջինս այն հասարակութեան արտացոլումն է, որն իր հերթին ադեկւատ չի երկրի մարտահրաւէրներին եւ ժամանակակից ու արդիւնաւէտ պետութիւն ունենալու հրամայականին: Անշուշտ իրաւացիօրէն կասեն, որ այս հիմնախնդիրները մեծամասամբ ժառանգւել են նախկիններից կամ կուտակւել են նախկինում դրանք չլուծելու պատճառով: Դա իսկապէս այդպէս է: Բայց նաեւ փաստ է, որ այսօր նոյնպէս շարունակում ենք գտնւել նոյն` պետական իրական կառավարումից եւ պետութեան իրական հոգսերից կտրւած վիճակում: Եվ նախկինից կուտակւած կամ լուծւած չլինելու հանգամանքի արձանագրումից այս խնդիրները չեն դադարում գոյութիւն ունենալ:

Ապագայի դիսկուրսը եւ երկրի իշխանութեան ձեւաւորումը պէտք է կայանայ բացառապէս այս եւ բազմաթիւ այլ խնդիրների լուծման հարցի շուրջ։ Կարելի է քաղաքական պայքարի յայտ ներկայացնել քննադատելով: Նոյնիսկ քաղաքական պայքարի յայտ կարելի է ներկայացնել պարբերաբար խրոխտ ստատուսներ գրելով կամ ինստագրամեան ոճի լուսանկարներ հրապարակելով: Այս ամէնը գուցէ շատ հետաքրքիր է լրահոսը կամ շարքային քաղաքացու առօրեան լցնելու համար, սակայն ամենակարեւոր հարցն այն է, թէ ինչ են առաջարկում կամ պատրաստւում անել յաւակնութիւններ ներկայացնողները: Ինչի՞ համար են այդ յաւակնութիւնները: Ինչի՞ համար են մարդիկ ուզում գալ իշխանութեան:

Քաղաքացիները միշտ մտածել են «կարեւորը սրանց փոխենք»: Սակայն 2018-ը հերթական անգամ ապացուցեց այն, ինչը շատերը չեն գիտակցում` կարեւոր է ոչ միայն իշխանափոխութիւնը, այլ նաեւ այն, թէ ով է լինելու յաջորդ իշխանութիւնը եւ ինչ է այն անելու: Եթէ կարեւորագոյն հարցերի պատասխանները չկան, ապա «քաղաքական պայքար» կոչւող այս երեւոյթը պարզապէս կը նշանակի հերթական անթաքոյց մոլուցքը ամէն գնով հասնել պետութեան հաշւին առանձնատանը ապրելու եւ պետական բիւջէն վատնելու հնարաւորութեանը։ Իսկ նման շռայլութիւն մեզ թոյլ տալ այլեւս չենք կարող։

10-15 տարիները նոյնպէս արագ թռչելու են, իսկ մենք կանգնած ենք լինելու բոլորովին այլ` արդէն լինելիութեան եզրին։ Անշուշտ, 2040 թւականին սերունդները նոյնպէս կարող են ասել, որ բազմաթիւ պրոբլեմներ ծնունդ են առել առաջին նախագահի իշխանութեան տարիներին, մատնանշել երկրորդ կամ երրորդ նախագահների տարիների սխալներն ու կորցրած հնարաւորութիւնները, չորրորդ իշխանութեան մանկամտութեան ու ամբարտաւան դիլետանտիզմի պատճառով բարեփոխումներ իրականացնելու ռեսուրսի մսխումը եւ այլն: Եւ ճիշտ են լինելու: Ասեմ աւելին, քսան տարի յետոյ նոյնիսկ կարող են որոշել, թէ ով է արժանի գնդակահարութեան կուտակային կենսաթոշակային կոլափսի համար` Կենտրոնական բանկի այն թիմը, որը նախաձեռնեց, սակայն դիմադրութեան հանդիպելով չկարողացաւ ամբողջութեամբ ներդնել կուտակային համակարգը, թէ «յեղափոխական» թիմը, որն ամբողջութեամբ ներդրեց եւ իրագործեց իր կողմից «յանցաւոր» բնութագրւող ռեժիմի խիստ վիճայարոյց ծրագիրը:

Շատ մարդկանց վրայ կարելի է մեղքը բարդել 2040-ին, բայց դրանից ոչ երկրի վիճակն է լաւանալու, ոչ էլ այդ խնդիրներն են լուծւելու: Մարդիկ, լաւ, թէ վատ, ինչ-որ բան անում են եւ դուրս գալիս ասպարեզից: Սա է ժամանակի եւ պատմութեան օրէնքը: Բոլոր մեր նախկին ղեկավարների օրօք ունեցել ենք թէ նւաճումներ, թէ սխալներ, թէ յաղթանակներ, թէ կորուստներ:

Բայց այդ ամէնն այլեւս պատմութիւն է: Գուցէ արդէն ժամանա՞կն է մտածել ապագայի մասին, որը գալու է շատ աւելի արագ, քան կարծում ենք: Թէեւ չեմ բացառում, որ յաջորդ սերունդները, այնուամենայնիւ, կը դիմեն գնդակահարութեան մեթոդին` առանց անկախութեան հիսունամեակի կապակցութեամբ համաներում կիրառելու: Չէ՞ որ ի վերջոյ իսկական յեղափոխութիւնն այլ կերպ չի լինում:

 

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

«Առաւօտ» օրաթերթ

29.01.2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։