Հա

Քաղաքական

02/02/2020 - 14:20

«ԵԽԽՎ մոնիթորինգի յանձնաժողովը դեղին քարտ ցոյց տւեց իշխանութիւններին. յուսով եմ՝ իշխանութիւնը չի տառապում քաղաքական դալտոնիզմով եւ կը հրաժարւի իր հակասահմանադրական գործելաոճից». Արմենուհի Կիւրեղեան

ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին արձագանքի վերաբերեալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ:

«alikonline.ir» - ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին արձագանքի վերաբերեալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ համազեկուցողների արձագանքից պէտք է եզրակացնել, որ օրէնսդիր եւ գործադիր մարմինները իրաւունք չունեն որեւէ կերպ ճնշում գործադրելու դատական մարմինների՝ Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատաւորների եւ ընդհանրապէս դատաւորների վրայ, որ նրանք պարտաւոր են գործել Սահմանադրութեամբ իրենց տրւած լիազօրութիւնների շրջանակում եւ դրանից դուրս իւրաքանչիւր քայլ դատապարտելի է: Նա յոյս յայտնեց, որ Հայաստանը ժողովրդավարութեան բաստիոն յայտարարող իշխանաւորները ճիշտ դասեր կը քաղեն ԵԽԽՎ յանձնաժողովի արձագանքից եւ կը հրաժարւեն իրենց որդեգրած հակաժողովրդավարական, հակապետական, հակասահմանադրական գործելաոճից:

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին: Մասնաւորապէս նրանք անհանգստութիւն են յայտնել Կառավարութեան եւ Սահմանադրական դատարանի միջեւ առկայ լարւածութեան կապակցութեամբ:

- Կառավարութեան եւ Սահմանադրական դատարանի միջեւ առկայ լարւածութեան համատեքստում Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների կապակցութեամբ ԵԽԽՎ մոնիթորինգի յանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների արձագանքը իրականութեան արտացոլումն է առ այն, որ օրէնսդիր եւ գործադիր մարմինները իրաւունք չունեն որեւէ կերպ ճնշում գործադրելու դատական մարմինների՝ Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատաւորների եւ ընդհանրապէս դատաւորների վրայ, որ նրանք պարտաւոր են գործել Սահմանադրութեամբ իրենց տրւած լիազօրութիւնների շրջանակում եւ դրանից դուրս իւրաքանչիւր քայլ դատապարտելի է ու հակասում է ժողովրդավարական երկրի գաղափարախօսութեանը: Մեծ հաշւով` ԵԽԽՎ մոնիթորինգի յանձնաժողովը դեղին քարտ է ցոյց տւել իշխանութիւններին եւ դիմել «լրջացէ՛ք» կոչով: Ես յոյս ունեմ, որ օրւայ իշխանութիւնը չի տառապում քաղաքական դալտոնիզմով եւ յաջորդիվ մեր երկրին չի արժանացնի միջազգային հեղինակաւոր կառոյցների կողմից տրւած կարմիր քարտին:

 

- «Իշխանութեան բոլոր ճիւղերը պէտք է գործեն իրաւունքի գերակայութեան սկզբունքին համապատասխան եւ յարգեն այն իրենց գործողութիւններում եւ խօսքերում, ներառեալ՝ անմեղութեան կանխավարկածի սկզբունքը»: Ըստ Ձեզ` համազեկուցողների այս դիտարկումը ո՞ր կողմին է վերաբերում:

- Այսօր երկրում ունենք մի իրավիճակ, երբ բազմակուսակցական ժողովրդավարութեան անւան տակ հաստատւած է միակուսակցական իշխանութիւն եւ մեր երկրի վարչապետին դա էլ է քիչ ու նա ձգտում է միանձնեայ իշխանութեան հաստատման: Եւ այդ ճանապարհին նա ոչ մի քայլի առաջ չի ընկրկում: Իր նպատակին հասնելու համար նա բազմիցս արդէն խախտել է սահմանադրական կարգն ու շարունակում է խախտել այն տարբեր գործողութիւններով ու յայտարարութիւններով: Նա իր տարբեր ելոյթներով տարբեր մարդկանց մեղաւոր է նշանակում, իսկ օրէնսդիրի ու գործադիրի իր կուսակից ընկերները՝ կամայ թէ ակամայ, հասկանալով թէ չհասկանալով, ընդունելով թէ չընդունելով, բայց իրար հերթ չտալով խօսում ու գործում են այնպէս, որ իրենց ղեկավարի ախորժակը բաւարարեն: Եւ այդ պարագայում էլ ինչպէ՞ս յարգեն անմեղութեան կանխավարկածի սկզբունքը: Համազեկուցողների՝ Ձեր մէջբերած դիտարկումն առաջին հերթին, իհարկէ, հէնց օրէնսդիրին եւ գործադիրին է վերաբերում: Սակայն այն հաւասարապէս վերաբերում է նաեւ դատական մարմիններին: Նրանով փաստւում է, որ իրաւունքի գերակայութան սկզբունքը պէտք է գործի բոլոր դատավարական գործընթացներում, եւ դատաւորներն ու դատարանները չպէտք է ընկրկեն իշխանութիւնների ցանկութիւնների առաջ:

 

- Տիկին Կիւրեղեան, միւս կողմից իշխանութեան ներկայացուցիչները՝ սկսած արդարադատութեան նախարարից, ողջունում են համազեկուցողների արձագանքը: Ստացւում է, որ ընդդիմութիւնն ընդգծում է, որ պէտք է զգուշանալ այս արձագանքից, իշխանութիւնը հակառակը՝ ողջունում է: Ի՞նչ պէտք է անել այս դէպքում:

- Այո, իշխանութեան ներկայացուցիչները, սկսած արդարադատութեան նախարարից, ողջունում են համազեկուցողների արձագանքը: Գիտէք, կա՛մ այդ մարդիկ իսկապէս չեն ընկալել, ի վիճակի չեն ընկալելու, կա՛մ չեն ուզում ընկալել ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի արձագանքի բուն էութիւնը: Ինձ թւում է, որ նրանք ամէն ինչ լաւ էլ ընկալել են, պարզապէս միակողմանի ներկայացնելով, թաքցնելով ԵԽԽՎ զեկուցողների մտահոգութիւնները, փորձում են հանրութեանը շեղել գործադիր իշխանութեանը՝ խելքի գալու ԵԽԽՎ կոչերից:

 

- Կարծիք կայ, որ իշխանութեան ներկայացուցիչները խմբագրել են եւ միայն արձագանքի դրական մասն են ներկայացնում, ինչո՞ւ:

- Այն, որ իշխանութիւնները խմբագրել են եւ ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի արձագանքի միայն դրական մասն են ներկայացնում հանրութեանը, դա փաստ է: Բայց ասեմ, որ իզուր էլ խմբագրել են: Ինչո՞ւ, որովհետեւ հասարակութեան այն մասը, ում իրենք կարող են մոլորեցնել, բոլորովին չի էլ կարդալու այդ տեքստը, լինի այն խմբագրւած, թէ չխմբագրւած: Իսկ հասարակութեան գիտակից զանգւածը, որը վաղուց արդէն հանրութեան մեծ մասն է, ի վիճակի է տարբերելու եւ գնահատելու խմբագրւած եւ իրական տեքստերը, իսկ խմբագրման փաստն ինքնին արդէն նպաստում է իշխանութիւնների գործունէութեան գնահատականի նւազմանը:

 

- «Մենք արդէն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից ձեռնպահ մնալու անհրաժեշտութիւնը, որոնք կարող են ընկալւել որպէս ճնշման գործադրում դատական համակարգի վրայ»: Ինչպէս կը մեկնաբանէք համազեկուցողների այս դիտողութիւնը:

- Նոյն փաստաթղթում համազեկուցողները դիմել են իշխանութեան բոլոր ճիւղերին եւ կոչ արել քաղաքական դերակատարներին՝ զերծ մնալ այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են ընկալւել որպէս ճնշման գործադրում դատական համակարգի վրայ: Ակնյայտ է, որ միայն շատ մեծ ցանկութեան դէպքում կարելի է չտեսնել, չհասկանալ, որ կոչն ուղղւած է իշխանութեան գործադիր եւ օրէնսդիր ճիւղերին: Եւ ես յոյս ունեմ, որ Հայաստանը ժողովրդավարութեան բաստիոն յայտարարող իշխանաւորները ճիշտ դասեր կը քաղեն ԵԽԽՎ յանձնաժողովի արձագանքից եւ կը հրաժարւեն իրենց որդեգրած հակաժողովրդավարական, հակապետական, հակասահմանադրական գործելաոճից եւ, վերջապէս, կը մտածեն հանրային կեանքի բոլոր ոլորտներում ազգային անվտանգութեան ռազմավարութիւնների մշակման եւ իրականացման ուղղութեամբ, եթէ իհարկէ, դեռ հնարաւոր է:

 

Հեղինակ՝ Ամալիա Առաքելեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։