Հա

Քաղաքական

04/02/2020 - 14:10

Հայաստանեան ժամանակ

Ինչ-որ տեղ լաւ էր, որ գրչի պատմութիւնը եղաւ։ Սա երկար ժամանակով քաղաքական խօսքից հանեց նախաբանի անհրաժեշտութիւնը։ Հիմա արդէն պէտք չէ նկարագրել իրավիճակի լրջութիւնը, տեղ-տեղ՝ ողբերգայնութիւնը։ Հիմա ամէն ինչ պարզ է։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Ինչ-որ տեղ լաւ էր, որ գրչի պատմութիւնը եղաւ։ Սա երկար ժամանակով քաղաքական խօսքից հանեց նախաբանի անհրաժեշտութիւնը։ Հիմա արդէն պէտք չէ նկարագրել իրավիճակի լրջութիւնը, տեղ-տեղ՝ ողբերգայնութիւնը։ Հիմա ամէն ինչ պարզ է։

Ինչքան էլ անհաւանական թւայ, բայց գրիչը դարձաւ սեւ ու սպիտակի հրեշաւոր բաժանման էֆեկտիւ հակաթոյնը։ Գրչի պատմութիւնից յետոյ հասարակութեան այդ բաժանումն այլեւս անցեալ է։ Սա է այդ պատմութեան ամենակարեւոր ձեռքբերումը։ Հիմա արդէն լրիւ ուրիշ բաժանում եւ լրիւ ուրիշ հաշւարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապէս անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականութիւնը, եւ նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրոյն մտածել, եւ նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ եւ նա, ով չունի։ Այս բաժանումը նոր՝ վերքաղաքական, վերկուսակցական, վերխմբային ճամբարների է բաժանել մեզ։ Եթէ դու հասկանում ես, որ սա աբսուրդ վիճակ է՝ ահռելի ռիսկերով, ուրեմն քո համախոհները, դաշնակիցները նրանք են, ովքեր նոյնպէս դա հասկանում են՝ անկախ նրանից՝ իշխանութեան մէջ են, թէ դուրս, եւ ո՛ր միաւորում են։ Սա տալիս է լաւ կիրառական հնարաւորութիւն՝ երկրի քաղաքական եւ հասարակական դաշտի առողջ եւ արագ վերադասաւորման համար։ Հիմքում լինելու է երկու գերխնդիր՝ պետութեան լինել-չլինելու ռիսկերը, եւ հասարակութեան՝ իրավիճակի ճիշտ ընկալումը։

 

Տարբեր արագութիւններով աշխատող ժամացույցներ. մենք այսօր վտանգում ենք մեր վաղը

Ժամանակն ամենակարեւոր գործօնն է, որը թոյլ է տալիս ճիշտ հասկանալ ռիսկերի վտանգաւորութեան չափն ու քայլերի հետեւանքները։

Մենք այսօր տանուլ ենք տալիս մեր վաղը։ Մենք դառնում ենք անպատրաստ՝ վաղւայ հեռանկարին, վաղւայ զարգացումներին։ Սա՛ է այսօրւայ ամենասուր ռիսկը։

Նոյն տրամաբանութեամբ՝ մեր այսօրը երէկւայ մի շարք կարեւոր հարցերում պարտութիւնների ու տապալումների արդիւնքն է։ Ես ուզում եմ, որ նախորդ ու աւելի՛ նախորդ իշխանութեան՝ դէպի ապագան նայող ներկայացուցիչները սա ընդունեն։ Սա կարեւոր է։ Մենք այսօրը ունենք, որովհետեւ սխալւել ենք երէկ։ Միայն ու միայն այդ դէպքում էր հնարաւոր ունենալ պատահական իշխանութեան իրողութիւն՝ մի բան, որն ունենք այսօր։ Իսկ այսօրւայ տապալումը, ձախողումների որակը եւ ծաւալները ուրւագծում են մեր վաղը։ Մենք բաց ենք թողնում շատ կարեւոր ժամանակ։

Մենք մեր պետականութեան ռիսկերը կառավարելու համար միշտ պէտք է ուշադիր հետեւենք այլոց ժամանակների տրամաբանութեանը։ Դրանք ուղիղ առնչւում են մեզ. Ադրբեջանի ժամանակը, Թուրքայի, Ռուսաստանի, Իրանի, Արեւմուտքի ժամանակը։ Կայ տպաւորութիւն, որ մեր ժամացոյցները սկսել են աշխատել տարբեր տրամաբանութեամբ։

 

Ադրբեջանական ժամանակ

Այս երկրում տեղի են ունենում խորքային փոփոխութիւններ։ Ադրբեջանը, հաշւի առնելով միտումները, այդ թւում՝ Հայաստանում կատարւածը, այդ թւում՝ մեր սխալները, գնում է բաւական հետաքրքիր ռեֆորմների։ Այդ միայն հայաստանեան պարզունակ պատկերացումներով է այնտեղի գործընթացը որպէս բացառապէս Ալիեւների-Փաշաեւների կլանների թեմա ներկայացւում։ Ամենեւին ոչ։ Այդ երկրում իսկապէս գնում է նոր էլիտայի ձեւաւորման փուլ՝ երկրի մոդեռնիզացիայի ուղղութեամբ։ Մինչ մենք անդադար խօսում ենք, այնտեղ սկսում են իրական ռեֆորմներ։ Ո՞րն է վտանգը մեզ համար։ Մի պահի Ադրբեջանին յաջողւեց մեր հանդէպ ստանալ ռազմական ոլորտում տեխնոլոգիական առաւելութիւն։ Բայց ժամանակակից աշխարհում դա բաւարար չէ պատերազմ սկսելու եւ առաւել եւս՝ յաջողելու համար։ Եթէ Ադրբեջանին յաջողւի ստանալ պետութեան կայացման առումով առաւելութիւն, նրա շանսերը կտրուկ մեծանում են։ Ադրբեջանը գնում է այդ ուղղութեամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթանում է սուր պատերազմ՝ ո՛վ աւելի արագ եւ աւելի խորքային ձեւով կը գնայ պետութեան մոդեռնիզացիային։ Ողբերգութիւնն այն է, որ Ադրբեջանում սա գիտակցում են, Հայաստանում՝ ոչ։ Զաւեշտ է, բայց Ադրբեջանը սա գրեթէ բացայայտ է յայտարարում։ Ադրբեջանը գիտի՝ ինչ է ուզում, գիտի՝ ինչու, եւ նրան դրա համար ժամանակ է պէտք։ Հէնց սրա մասին է Մամեդեարովը ասում՝ ստրատեգիական համբերութիւն։

Նոյն ժամանակահատւածում մենք, լայւը դարձրած աշխարհայեացք, քրէական գործերը՝ համակեցութեան միակ ձեւ, գնում ենք միանձնեայ կառավարման՝ չունենալով հեռանկարային զարգացման որեւէ գրագէտ ծրագիր, երկրի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտէզ։ Թէ ուր է տանելու սա՝ դժւար չէ հասկանալ։

 

Ռուսական ժամանակ

Ռուսաստանում սկսւել է նոր էլիտայի ձեւաւորումը։ Ռուսաստանում սկսւել են խոշոր վերադասաւորումներ։ Օբիեկտիւօրէն՝ խոշոր փոփոխութիւններն անխուսափելի են։ Պուտինեան 20-ամեայ կառավարման փուլը, գոնէ այս տեսքով, առաջիկայ տարիներին մօտենալու է աւարտին։ Մեզ վրայ դա ազդելո՞ւ է. միանշանակ՝ այո, այնպէս՝ ինչպէս մնացեալ աշխարհի։ Իսկ եթէ ռուսական նոր էլիտան վերանայի՞ իր առաջնահերթութիւնները տարածաշրջանում։ Դրա հնարաւորութիւնն իրական է։ Դա կը լինի այն, ինչի ուղղութեամբ 10 տարուց աւելի աշխատում է ադրբեջանական պետութիւնը՝ բոլոր հնարաւոր միջոցներով, եւ ինչի հիմքն արդէն ստեղծւել է։

Մենք այսօր վաղւայ հեռանկարի առումով թոյլ ենք տալիս բացառիկ վտանգաւորութեան սխալներ՝ պուտինեան դարաշրջանի այս կարեւորագոյն փուլում Ռուսաստանի հետ յարաբերութիւններում։ Մենք այսօր մեզ պէտք է ապահովագրէինք ռուսաստանեան վաղւայ զարգացումների ռիսկերից։ Մենք այսօր պէտք է ոչ է այսօրւայ առաւելագոյն լաւ յարաբերութիւնները համարէինք նպատակ, այլեւ՝ վաղւայ առաւելագոյն երաշխիքներ ձեռք բերէինք։ Իսկ մենք անում ենք լրիւ հակառակը։

Մենք ռուսական ալիքները փակելու, հակառուսական ՀԿ-ները Արցախ ուղարկելու, հակապուտինեան պիկետներին մասնակցածներին պաշտօններ տալու փոխարէն լրիւ ուրիշ գործով պէտք է զբաղւած լինէինք։ Պուտինի ընկերոջը դատաւորներին սպառնալով բանտում պահելու փոխարէն, նաեւ նրա՛ միջոցով պիտի հարցեր լուծէինք, ռուսաստանեան նոր էլիտայի բոլոր պոտենցիալ թեկնածուների հետ հատ-հատ աշխատէինք։ Անէինք այն, ինչն անում է այսօր Ադրբեջանը՝ պետական խողովակով, Աղալարովների, Ալեքպերովների եւ այլոց միջոցով։

 

Արեւմուտքի ժամանակը

Նկատելի է, որ 2018-ին մի պահ արձանագրւած փոխադարձ այցերի, հետաքրքրութեան նշաններից բան չի մնացել։ Որեւէ կոնկրետ արդիւնք, որեւէ կոնկրետ նպատակ, որեւէ խոշոր ծրագիր. ոչինչ չկայ։ Մենք չկարողացանք դառնալ եւ մնալ հետաքրքիր Արեւմուտքի համար։ Դրա համար աշխատել էր պէտք, գործել էր պէտք։ Այստեղ խօսքը գրեթէ ոչինչ է, իսկ հակասական եւ անդադար խօսքը՝ մտածելու առիթ։

Իհարկէ, արեւմտեան կառոյցները շատ բաների վրայ աչք են փակել եւ կարող են միառժամանակ այդպէս վարւել։ Դատարաններ շրջափակելը, պատւէրով դատավարութիւնները, դատաւորներին սպառնալը, պարտադրւող դատավճիռները 2019-ի ընթացքում հիմնականում չտեսնելու էին տրւում. արեւմուտքը դադար էր վերցրել, ակնկալիք ունէր, ինչ-որ բանի էր սպասում։ Բայց դա նոյնպէս ունի ժամէտային սահմանափակում։ ԵԽԽՎ մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցողների յայտարարութիւնը ՍԴ-ի թեմայով դրա ազդանշանն էր, իսկ Բուքիքիոյի տեքստն արդէն կարմիր քարտի է նման։

Բայց նոյնիսկ դա՛ չէ կարեւորը, այլ այն, որ մենք Արեւմուտքին, իսկ Արեւմուտքը՝ մեզ, փոխադարձ ասելու բան չունենք, չկայ աշխատանքի աւելի խորը ծրագիր, ռեալ օրակարգ։ Բրիւսէլ ու Վաշինգտոն առանց օրակարգի գնալը, առանց յստակ նախաձեռնութիւների գնալը մեծ սխալ է։

 

Բարեփոխումերի ժամանակը

Կարելի է ներկայացնել 100 փաստ, որ Հայաստանում բարեփոխումներ չեն արւում։ Բայց միայն մէկը արդէն բաւարար է՝ 99-ը չընթերցելու համար՝ մթնոլորտը։ Այս մթնոլորտում ոչ մի հեռանկարային, խորքային բարեփոխում անել հնարաւոր չէ։ Մթնոլորտը բարեփոխման ամենակարեւոր, ամենապարտադիր պայմանն է։ Մէկ օրինակ բերեմ. որոշ ծննդատների, բուժհիմնարկների փակման թեման իրականում ոլորտային բարեփոխման տարբերակ է, ոլորտային բարեփոխման շղթայի քայլերից մէկը, որով յաջողութեամբ անցել են շատ երկրներ։ Այո, նաեւ այդ ճանապարհով է ապահովւում բուժօգնութեան որակը, նորածնային մահացութեան ցուցանիշի նւազումը, մօր առողջութեան անվտանգութիւնը, նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ այլն։

Այո, մօտեցումը կարող է բերել որոշակի, այդ թւում՝ էական դժւարութիւնների, որոնք պէտք է քննարկւեն ու անպայման գտնւեն լուծումներ։ Բայց այդ լուծումները հիմնականում տեխնիկական են՝ հաստիքներ, մեքենաներ, փոխհատուցումներ եւ այլն, բայց ոչ՝ բարեփոխումային խոչընդոտներ։

Ի՞նչ կատարւեց մեզ մօտ. իքս քանակ իջաւ փողոց, իգրեկ քանակ գործիչներ սկսեցին խօսել արտագաղթից, ազգային շահից ու նոր ցեղասպանութիւնից, եւ յաղթեց այն հանրային կարծիքը, որ սա ազգադաւ գործ է։ Ռեֆորմի հեղինակը՝ կառավարութիւնը, չկարողացաւ պաշտպանել իր իսկ ռեֆորմը, որովհետեւ վախեցաւ ի՛ր իսկ ստեղծած մթնոլորտից, իր ժամանակի բարքերից, ու էլի ամէն ինչ մնաց կիսաքայլ, կիսաորոշում, կիսալայւ։

Այդպէս լինելու է ցանկացած հարցում։ Մեր ժամանակն աննապատակ է գնում։ Մենք, մսխելով այսօրւայ ժամանակի պաշարը, վտանգում ենք մեր վաղը։ Հայաստանեան (կամ հայկական) ժամանակը մենք անջատել ենք միւսների, թշնամիների եւ բարեկամների, աշխարհի ժամանակային կոնտեքստից։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը թոյլ տալիս սա, իսկ յաճախ ողջունում՝ չհասկանալով վտանգները։ Սա միւս կարեւորագոյն գործօնի՝ հասարակութեան որակի, այս փուլում հանրային տրամադրութիւնների հնարաւորինս սթափ գնահատականի թեման է։ Այն ունի խիստ կիրառական նշանակութիւն։ Այդ մասին՝ յաջորդիւ։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։