Հա

Քաղաքական

06/02/2020 - 10:20

«Վանեցեանի մուտքը քաղաքականութիւն եւ ուշագրաւ բացայայտումներ․ ի՞նչ է խօսել ԱԱԾ նախկին տնօրէնը՝ խմբագիրների հետ հանդիպմանը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր յայտարարութեամբ հանդէս գալ։ Երէկ, ի վերջոյ, հանդիպեց հայաստանեան տպագիր մամուլի գլխաւոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

«alikonline.ir» - «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր յայտարարութեամբ հանդէս գալ։ Երէկ, ի վերջոյ, հանդիպեց հայաստանեան տպագիր մամուլի գլխաւոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

Եւ ուշագրաւ է, որ չնայած Վանեցեանն ի վերջոյ յայտարարեց քաղաքականութեամբ զբաղւելու, կուսակցութիւն ստեղծելու իր մտադրութեան մասին, սակայն այդպէս էլ փակագծեր չբացեց։

«Թէ ովքեր են լինելու կուսակցութեան կազմում, այս պահին ձեռնպահ կը մնամ անուններ հնչեցնելուց, քանի որ շատերի հետ եմ բանակցել։

Գաղափարախօսութեան մասին կը խօսենք կուսակցութեան հիմնադիր համագումարի ժամանակ։ Ուղղութիւնը կը լինի կենտրոնամէտ-աջ, իսկ աւելի լայն կը խօսենք հետագայում»,- նշեց Վանեցեանը։

Տպագիր մամուլի գլխաւոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հնչել են բազմաթիւ հարցեր՝ սկսած նախկին իշխանութիւնների հետ կապերի, հրաժարականի պատճառների, Նիկոլ Փաշինեանի հետ յարաբերութիւնների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Քնար Մանուկեանը հետաքրքրւել է Վանեցեանի հրաժարականից յետոյ նրա հրապարակային խօսքում առկայ այն ակնարկների մասին, թէ երկրին պատուհասել են վտանգներ։

Կարո՞ղ էք կոնկրետացնել՝ ինչ վտանգ է սպառնում, ում կողմից, եւ ի վերջոյ, ինչու էք լռում։ Այս հարցին, սակայն, կոնկրետ պատասխաններ չտրւեցին։

«Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի յայտ են գալիս կամաց-կամաց։ Որպէս օրինակ կարող ենք բերել եւրոպական կառոյցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն անվտանգութեան տեսանկիւնից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար։ Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթէ վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կը տեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծութիւններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի»,- նշեց նա։

Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրէնն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտւող այն խօսակցութիւններին, թէ փորձել է պետական կամ հիբրիդային յեղաշրջում իրականացնել։

«Իհարկէ ես նման ցանկութիւն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կը փորձի իրականացնել պետական յեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կը փորձի տիրանալ իշխանութեանը, պէտք է դատապարտւի եւ կրի իր պատիժը»,- նշել է նա։

ԱԱԾ նածխկին տնօրէնը չթաքցրեց, որ պաշտօնավարման ժամանակ, յատկապէս՝ վերջին շրջանում տարաձայնութիւններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ եւ ոչ մէկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թւում՝ ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանի հետ յայտնի հեռախօսազրոյցի գաղնալսման հրապարակումից յետոյ։

«Տարաձայնութիւնները եղել են քաղաքացու, հասարակութեան եւ պետական ընկալումների մէջ։ Ես Նիկոլ Փաշինեանին հրաժարականից առաջ, առաւել եւս հրաժարականից յետոյ ոչինչ պարտք չեմ։ Ես չեմ ափսոսել հրաժարական ներկայացնելու համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել մեր քաղաքացիների յոյսերը, սպասումները եւ եղել են շատ մեծ հիասթափութեան ալիքներ։

Բացի այս, Վանեցեանը նաեւ չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մէկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի նկատմամբ տարւող քաղաքականութեան հետ անհամաձայնութիւնը, եւ այդ պատճառով է իր խօսքում ասել. «Կա'նգ առ»»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։