Հա

Քաղաքական

06/02/2020 - 11:40

«Նիկոլ Փաշինեանի համազգային կոնսենսուսը եւ իրականութիւնը»․ Ա․ Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքում գրում է․

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքում գրում է․

«Վարչապետ Նիկոլը Փաշինեանը, թերեւս զգալով վերջին օրերին թանկարժէք գրիչների եւ ՀԴՄ կտրոնների նկատմամբ իր դրսեւորած անառողջ ուշադրութեանը ոչ միարժէք արձագանքը հասարակութեան  կողմից, որոշեց անդրադառնալ բարձր մատերիաներին, եւ յիշեցնել մեզ ոչ աւել, ոչ պակաս՝ համազգային կոնսենսուսի վեց կէտերի մասին (թերեւս հընթացս հող նախապատրաստելով Սահմանադրական դատարանը ցրելու համար)։ Վերացարկւելով նրանից, թէ ինչու հէնց այդ վեց կէտերը, փորձենք հասկանալ, թէ որքանով է պարոն Փաշինեանը իր իսկ կողմից հռչակած «համազգային կոնսենսուսը» փորձել մինչ այժմ կեանքի կոչել՝

Կոնսենսուս 1. Բռնութիւնը պէտք է բացառւի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։

Իրականութիւնը այստեղ առնւազն հակասական է։ Մի կողմից, անցած ժամանակաշրջանում իշխանութիւնը իր քաղաքական հակառակորդների նկատմամբ բացայայտ, եւ անկառավարելի բռնութեան չի դիմել։ Միւս կողմից, կալանքի անհամաչափ օգտագործումը որպէս խափանման միջոց, ցուցադրական նպատակներով մարդկանց բերման ենթարկումները, ատելութեան քարոզը եւ հոգեբանական ճնշումները, ֆէյքերի պատերազմը սոցիալական ցանցերում, իրականում բերել են հասարակութեան մէջ լարւածութեան եւ փաստացի բռնութեան աճի, որը, մասնաւորապէս, արտայայտւել է 2019 թ․ ընթացքում սպանութիւնների եւ անձի դէմ ուղղւած յանցագործութիւնների աճով, նախկին պետական պաշտօնեաների ինքնասպանութեան ռեզոնանսային դէպքերով, եւ նաեւ վերջերս արդէն ահաբեկչական գործողութիւններով։

Կոնսենսուս 2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտայայտութիւնն իշխանութեան ձեւաւորման միակ աղբիւրն է։

Իրականութիւնը այստեղ եւս միարժէք չի։ Մի կողմից, գործող իշխանութիւնը ընտրւած է ընտրողների ազատ կամաարտայայտման հիման վրայ։ Միւս կողմից, ընտրութիւններին յաջորդած մէկ տարւայ ընթացքում, իշխանութիւնը շրջանառութեան մէջ է դրել բազմաթիւ նախաձեռնութիւններ, որոնց վերաբերեալ այն ոչ միայն որևէ ընտրական մանդատ չի ստացել (Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացում, հայոց լեզւի ուսուցման սահմանափակում բուհերում, սպանդանոցների պարտադիր օգտագործում, ծննդատների լուծարում, ճանապարհային խախտումների բալային համակարգ), այլեւ փորձել է դրանք գործարկել՝ առանց հաշւի առնելու նոյն այդ ընտրողների կարծիքը։ Դրան աւելանում է ժողովրդի անունից խօսելու եւ իշխանութիւնը ժողովրդի հետ նոյնականացնելու պարբերական մոլուցքը, ինչը ակնյայտ մանիպուլիատիվ հնարք է, եւ նպատակ ունի իշխանութեանն ուղղւած ցանկացած քննադատութիւն ուղղորդել ժողովրդի վրայ, եւ խուսափել սեփական սխալների համար պատասխանատւութիւնից։

Կոնսենսուս 3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանութիւնը բարձրագոյն արժէք է։

Արտաքուստ, իշխանութիւնը այստեղ տպաւորութիւն է ստեղծել, որ այն աւելի ինքնուրոյն է, մասնաւորապէս, Ռուսաստանի Դաշնութիւնից։ Իրականութիւնը այն է, որ արտաքին ուժի կենտրոնները ինչպէս ակտիւ ներքաշւած էին ներհայկական անցուդարձի մէջ, այնպէս էլ շարունակում են մնալ, դրանց էլ աւելացել են նորերը։ Արդիւնքում, Հայաստանի ներքաղաքական կեանքը դարձել է տարբեր արտաքին ուժերի համար մարտադաշտ, իսկ օտարերկրեայ հիմնադրամների կողմից բացայայտ ֆինանսաւորւած տարբեր անձիք սկսել են Հայաստանում բարձր պաշտօններ զբաղացնել, եւ ներսից սղոցել պետութեան կառոյցը։ Յանուն արդարութեան, պէտք է նշել, որ Հայաստանը նախկինում էլ սահմանափակ ինքնիշխանութիւն ունէր, սակայն ներկայումս տեղի ունեցողը գերազանցել է բոլոր խելամիտ սահմանները։

Կոնսենսուս 4. Հայաստանը եւ Արցախը պէք է զերծ լինեն կոռուպցիայից։

Վերջին տարւայ ընթացքում, իշխանութիւնը վիթխարի ջանքեր է գործադրել, որպէսզի համոզի հասարակութեանը, որ ինքը կոռուպցիայի նկատմամբ զրօ հանդուրժողականութիւն ունի։ Իրականութիւնը այն է սակայն, որ կոռուպցիան թէեւ որոշակիօրէն նւազել է, բայց ոչ միայն չի վերացել, այլեւ նոր ձևեր է ընդունել՝ պետական միջոցների վատնման, պարգեւավճարների համատարած բաժանման, օլիգարխների եւ նաեւ սեփական մերձաւորների հետ "անթափանց" գործարքների, ակնյայտ լոբբիստական օրինագծերի շրջանառութեան տեսքով։ Պատահական չի, որ մի շարք նոր պաշտօնեաների արդէն կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացւել, շատերն ազատւել են աշխատանքից, ոմանք ինքնակամ են լքել պետական ծառայութիւնը՝ այս ամբողջը ցոյց է տալիս, որ կոռուպցիան խորը ներթափանցած է գործող համակարգի մէջ, եւ միայն բարձրագոչ լոզունգները բաւարար չեն այն արմատախիլ անելու համար։

Կոնսենսուս 5. Իրաւունքի եւ օրէնքի գերակայութիւնը, օրէնքի առաջ բոլորի հաւասարութիւնը պէտք է դառնայ ներազգային յարաբերութիւնների առանցք։

Եթէ մնացած կէտերում իրավիճակը ոչ միարժէք է, ապա այս կէտում մենք ընդհանրապէս յայտնւել ենք յայտարարւած «կոնսենսուսի» հակառակ բեւեռում։ Իրաւունքի գերակայութեան փոխարէն մենք ունենք դատարանների եւ դատաւորների նկատմամբ անընդհատ ճնշումներ, ընդհուպ մինչեւ նրանց նկատմամբ ցուցադրական քրեական գործերի հարուցումը, դատարանների շրջափակում, ատելութեան քարոզ դատաւորների (եւ մասնաւորապէս ՍԴ անդաների) նկատմամբ, դատարաններում վարւող գործերի քաղաքականացում, սահմանադրութիւնը շրջանցելու անթաքոյց փորձեր, եւ որպէս հետեւանք՝ միջազգային կառոյցների աճող տարակուսանք՝ այս իշխանութիւնների որդեգրած գործելաոճի վերաբերեալ։ Սրան գումարւեց 37 պատգամաւորների վերջին խայտառակ նախագիծը՝ ի ցոյց դնելով իշխանութեան ողջ իրաւական նիհիլիզմը, եւ պետութեան առանցքային կառոյցները քանդելու գնով սեփական իշխանութիւնը ամրապնդելու մոլուցքը։

Կոնսենսուս 6. Ամենագլխաւոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգաւորման բանակցային գործընթացի նպատակը պէտք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգութեան համար մղւած Արցախեան ազատամարտի արդիւնքների պաշտպանութիւնը։

Սա իսկապէս գլխաւոր եւ շատերիս համար անվիճելի կոնսենսուսն է, սակայն այս պահին տառացիօրէն կէս տարի առաջ տրւած ձեւակերպումը արդէն հնչում է որպէս դառը հեգնանք։ Փոխարէնը, իշխանութիւնը միջազգային տարբեր հարթակներից շրջանառութեան մէջ է դրել "հակամարտութեան կարգաւորումը պէտք է համապատասխանի երեք ժողովուրդների շահերին" տարօրինակ թեզը, նոյնիսկ չբացատրելով, թէ որտեղից է առաջացել այդ երրորդ ժողովուրդը, եւ ինչպէս կարելի է համատեղել ազատամարտի արդիւնքների պաշտպանութիւնը միւս կողմի շահերի պաշտպանութեան հետ։

Ամփոփելով, ցանկանում եմ խորհուրդ տալ պարոն Փաշինեանին եւ իր կողմից գլխաւորած քաղաքական թիմին՝ առնւազն հետեւողական եղէք ձեր խօսքերում եւ գործերում։ Եթէ ձեր խօսքը գործի վերածելը դժւար է, մի զլացէք ընդունել դժւարութիւններն ու սխալները, ի վերջոյ ոչ ոք ձեզնից հրաշքներ չի սպասում։ Մի փորձէք սակայն անընդհատ ցանկալին ներկայացնել իրականութեան տեղ՝ անկախ ձեր ցանկութիւնից, իրականութիւնը վաղ թէ ուշ բացայայտւում է բոլորի համար, եւ մարդիկ տեսնելու ու համապատասխանաբար գնահատելու են ձեր արածն ու չարածը, ճշմարտութիւնը եւ կեղծիքը, ժողովրդի հոգսով ապրելը եւ նրա անունից ճամարտակելը՝ եւ դիմակների յետեւից ի վերջոյ տեսնելու են ձեր իրական դէմքը։

Եւ որպէս վերջաբան՝ գուցէ նաեւ Կոնսենսուսի ձեր 6 կէտերին աւելացնենք 7-րդը․ Պետութիւնը հայ ժողովրդի ստեղծած մեծագոյն արժէքն է, եւ մենք այն երբեւիցէ չենք քանդելու»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։