Հա

Քաղաքական

12/02/2020 - 13:24

«Դասական աւիաընկերութիւնները դուրս կը գան հայկական աւիաշուկայից». «168 ժամ»

«168 ժամ» թերթն իր փետրւարի 11-ի համարում գրել է. «Բիւջետային աւիաընկերութիւնների՝ հայկական շուկայ մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղաւ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիւ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդէն յայտնի է:

«alikonline.ir»- «168 ժամ» թերթն իր փետրւարի 11-ի համարում գրել է. «Բիւջետային աւիաընկերութիւնների՝ հայկական շուկայ մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղաւ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիւ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդէն յայտնի է:

«168 ժամ»-ի տեղեկութիւններով՝ ռումինական Tarom airlines աւիաընկերութիւնը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերեւս, պայմանաւորւած է ստեղծւած անհաւասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լաւ պայմաններով ծառայութիւններ, ինչը չի գործելու Ryanair եւ Wizz Air աւիաընկերութիւնների դէպքում:

Տոմսերի վաճառքի դադարեցման յաջորդ քայլը, իհարկէ շուկան լքելը կը լինի, եւ, ցաւօք, Tarom-ը, թերեւս, հայկական աւիացիոն շուկան լքող միակ աւիաընկերությունը չի լինի. խօսքը վերաբերվում է նաեւ Air France, Aegean, Austrian airlines աւիաընկերութիւններին… Թէ ո՞ր աւիաընկերութիւնը կը դառնայ յաջորդ հաւանական լքող աւիաընկերութիւնը, ժամանակը ցոյց կը տայ:

Իսկ մինչ հայկական շուկան կը դատարկւի դասական աւիաընկերութիւններից, որոնք ոչ միայն տարբերւում էին իրենց ծառայութիւններով, այլեւ գումարներ էին մուտք անում պետական բիւջէ, բիւջետային աւիաընկերութիւնները կը շարունակեն հայ ուղեւորներին թողնել Միլանի փողոցներում՝ առանց իրենց վրայ պատասխանատւութիւն վերցնելու:

Յիշեցնենք, որ այս տարւայ յունւարին Ryanair աւիաընկերութեան Միլան-Երեւան FR4456 չւերթի մի քանի տասնեակ ուղեւորների մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մօտ 50 ուղեւոր մնացել էին Միլանում, ընդ որում, նրանց մէջ մանկահասակ երեխաներ, յղի կանայք կային:

Դէ ինչ, սպասենք բիւջետային աւիաընկերութիւններով պայմանաւորւած՝ մի շարք խնդիրների, եւ յուսանք, որ նախքան մնացած աւիաընկերութիւնների հեռանալը պարզ կը դառնայ վերջապէս, թէ ինչ սուբսիդաւորման մասին է այսքան խօսւում եւ գործող իշխանութիւնների կողմից համառօրէն ծածուկ պահւում հասարակութիւնից:

Ռումինական Tarom airlines աւիաընկերութեան հայաստանեան գլխաւոր ներկայացուցիչ Արարատ Մուրադեանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրոյցում հաստատեց մեր այն տեղեկութիւնը, որ տոմսերի վաճառքն այս պահին դադարեցւած է:

«Այս պահին դեռ պարզ չէ՝ կը շարունակե՞նք թռչել, թէ՞ ոչ: Ե՛ւ ես եմ նամակ ստացել, ե՛ւ Ռումինիայի դեսպանն է նամակ ուղարկել իրենց երկրի Տրանսպորտի նախարարութիւն, եւ այնտեղից պատասխանել են, որ վաճառքը դադարեցւած է, որոշում են հետագայ հարցը»,- ասաց Արարատ Մուրադեանը՝ յաւելելով, որ Ռումինիայում մէկ տարւայ մէջ արդէն երրորդ կառավարութիւնն է հրաժարական ներկայացրել տառացիօրէն 4-5 օր առաջ, իսկ իրենց ընկերութիւնը ենթարկւում է Ռումինիայի տրանսպորտի նախարարութեանը, հետեւաբար՝ նրանք են իրենց հետագայ ճակատագիրը որոշողը:

Tarom-ի ներկայացուցիչը պնդում է, որ իրենց բոլոր խնդիրները կապւած են Ryanair-ի հետ:

«Բոլոր աւիաընկերութիւններին, այդ թւում՝ նաեւ մեզ, օդանաւակայանն ինչ-որ զեղչեր մէկ տարով տալիս էր, երբ նոր չւերթ էր գալիս, բայց եթէ մեզ տալիս են 10-15% զեղչ, Ryanair-ին տւել են 90% զեղչ»,- ասաց Արարատ Մուրադեանը:

Մեր ճշտող հարցին, թէ փաստօրէն, բացի օդի 10.000 դրամ տուրքից, որ լոուքոսթերները չէին վճարում, այլ արտօնութիւն է՞լ է տրւած նրանց, ռումինական աւիաընկերութեան ներկայացուցիչը պատասխանեց՝ այո:

«Օդանաւակայանը նոր կարգ է սահմանել, որ նոր ուղղութիւնների համար տրամադրում է մեծ զեղչեր: Բայց խնդիրն այն է, որ, բացի լոուքոսթերներից, նոր ուղղութիւն բացող չի լինելու: Air France-ի բազան «Շառլ դը Գոլ» օդանաւակայանն է, Aeroflot-ինը՝ «Շերեմետեւօ»-ն, Austrian airlines-ի բազան Վիեննայի օդանաւակայանն է, եւ միայն լոուքոսթերներն են, որ ամբողջ Եւրոպայով ցրւած բազաներ ունեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ նոր ուղղութիւն կարող են բացել միայն լոուքոսթ ընկերութիւնները»,- նշեց Արարատ Մուրադեանը:

Ըստ նրա՝ իրենց էլ կարող են նոյն զեղչը տրամադրել, եթէ նոր ուղղութիւն բացեն, բայց ո՞վ կը համարձակւի լոուքոսթի առկայութեան դէպքում նման ռիսկի գնալ:

Արարատ Մուրադյանի խօսքով՝ ողջ օդանաւակայանին ցուցում է տրւած Ryanair-ի վայրէջքի ժամին մոբիլիզացւել, բոլորը խառնւում են իրար:

«Մեր գործընկերներն են, բայց եթէ այդ ժամանակ ցանկացած աշխատողի մօտենանք, ինչ-որ բան հարցնենք, անմիջապէս հետեւում է հետեւեալ արձագանքը՝ Արարատ ջան, կը ներես, Ryanair-ն իջնում է, բոլորս վազում ենք էնտեղ: Եթէ մեր հաշւառման ժամանակ կարող են 3 աշխատող տրամադրել, Ryanair-ի համար 5-7 հոգի կարող են լինել: Յետոյ գալիս՝ տելետրապը զբաղեցնում են, իսկ դա 80 եւրօ է, բայց ուրիշի համար նման բան երբեք չեն անի: Մի խօսքով, շատ բաներ կան»,- մանրամասներ յայտնեց Արարատ Մուրադեանը:

Մեր դիտարկմանը, թէ այդ պարագայում բոլոր կլասիկ աւիաընկերութիւնների համար թռչելը պէտք է որ շահաւէտ չլինի, Արարատ Մուրադեանը պատասխանեց, որ իր տեղեկութիւններով՝ Austrian airlines-ն էլ են ուզում շուկայից դուրս գալ, որովհետեւ Wizz Air-ին թոյլ են տւել Վիեննայից թռչել Զւարթնոց, դեռ տեղյակ չեն, թէ Air France-ն ու LOT-ն ինչ քաղաքականութիւն կը վարեն: Արարատ Մուրադեանը նշում է նաեւ, որ, եթէ Austrian airlines-ը դուրս եկան շուկայից, ԱՄՆ մեկնող մեր հայրենակիցները խնդիր են ունենալու, քանի որ շատերը Վիեննայով են մեկնում, սակայն լոուքոսթ ընկերութիւնը տրանզիտ չւերթ չի իրականացնում: Վերջինիս խօսքով՝ ԱՄՆ մեկնող ուղեւորը, փաստօրէն, պէտք է լոուքոսթով մեկնի Վիեննա, այնտեղ Շենգէն վիզա պէտք է ունենայ, որ դուրս գայ, ուղեբեռը ստանայ, յետոյ առանձին տոմսով թռչի Վիեննայից Լոս Անջելէս, ինչը կրկնակի թանկ է լինելու, իսկ եթէ որեւէ խնդիր լինի, հիւրանոց էլ չի տրամադրւելու ուղեւորին, որովհետեւ լոուքոսթն առհասարակ չի զբաղւում ուղեւորով:

«Յայտարարւում էր, չէ՞, որ օդի տուրք չեն մուծում պետբիւջէ, մենք օդանաւակայանին ամբողջ գումարն էինք տալիս, դրանից էլ էր փող մտնում բիւջէ, լոուքոսթի համար դա էլ չեղարկւեց, միայն թէ Ryanair-ը թռչի, էժան գնով շատ իտալացի բերի, որ գան էստեղ, ռեստորաններ ու հիւրանոցներ շատ յաճախեն, փող ծախսեն, էդ հարկերը գնան պետբիւջէ: Հիմա տեսէք՝ ինչ է կատարւում: Այսքան չւերթերի միջից 10 իտալացի կամ եկած կը լինի, կամ՝ ոչ: Որովհետեւ լոուքոսթով եկող իտալացին ապրում է հոսթելում, նա փող չի ծախսում: Փող ծախսող իտալացին, նախ՝ երբեք լոուքոսթով չի թռչի, յետոյ էլ ինչի՞ է գալիս Երեւան՝ Կուրշաւելի կամ Լաս Վեգասի փոխարէն»,- նկատում է ռումինական աւիաընկերութեան ներկայացուցիչը: Ըստ Արարատ Մուրադեանի՝ եկողներն այն հայերն են, ովքեր 10-15 տարի չեն կարողացել գալ Հայաստան, հիմա 50 եւրոյով գալիս-գնում են, ապրում են որեւէ բարեկամի տանը, ռեստորան, բնականաբար, չեն յաճախում, որովհետեւ օրը մի բարեկամ հիւր է կանչում իրենց:

«Ի՞նչ ստացւեց. իտալացին չեկաւ, եկող հայերը գումար առանձնապէս չեն ծախսում, եւ դրան գումարած էլ՝ մեր այն հայերը, ովքեր առաւելագոյնը կարող էին իրենց թոյլ տալ Լաստիւեր կամ Աղւերան գնալ, հիմա 50 եւրոյով գնում են, Միլանում ու Հռոմում են նկարւում: Այսինքն՝ այստեղ ծախսւող փողն էլ դուրս է գնում»,- ասաց Արարատ Մուրադեանը:

Փաստօրէն, լոուքոսթերներին այդքան արտօնութիւններ են տալիս, դրա պատճառով անհաւասար մրցակցային պայմաններ են ստեղծւում, կլասիկները դուրս են գալիս, բայց խոստացւած տնտեսական էֆեկտը չկայ:

Վերջերս Ryanair ընկերութեան աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդիւնքում Միլան-Երեւան չւերթի ուղեւորները մնացել էին Միլանի օդանաւակայանում եւ չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Արարատ Մուրադեանին՝ որպէս աւիացիայում բազում տարիների փորձ ունեցող անձնաւորութեան, հարցրինք՝ իրատեսակա՞ն է համարում արդեօք, որ նման բան կատարւէր, օրինակ, Tarom կամ այլ դասական աւիաընկերութեան ուղեւորների հետ:

«Բացառւում է: Լոուքոսթը կայանում է 25 րոպէ, մենք կանգնում ենք 45 րոպէ, բայց մենք չւերթը սպասարկում ենք իմ 3 օգնականների հետ միասին: Այս տարբերակում իրենք ներկայացուցիչ չունեն: 25 րոպէի ընթացքում ով նստեց, լաւ, ով չնստեց, կորաւ: Ինքը փող յետ չի տալիս: Այն, ինչ կատարւեց Միլանում, չէր կարող պատահել կլասիկ աւիաընկերութեան հետ մի պարզ պատճառով: Կլասիկի ներկայացուցիչը 2-3 աշխատող կը պահանջէր, կարագացնէին, կը հետեւէին, իսկ քանի որ իրենք ոչ ոքի փող յետ չեն տալիս, դռները փակել ու թռել են: Միեւնոյն է, փողը մուծած է»,- ասաց Արարատ Մուրադեանը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։