Հա

Քաղաքական

13/02/2020 - 10:30

Ֆրանսիա-Արցախ Բարեկամութեան շրջանակը պատրաստ է աջակցելու Արցախին առնչւող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամութեան շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետութեան Նախագահի առաջարկը եւ մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարութիւնների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:

Ֆրանսիա-Արցախ Բարեկամութեան շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետութեան Նախագահի առաջարկը եւ մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարութիւնների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:

Համաձայն տրամադրւած տեղեկութեան՝ այս տարւայ յունւարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահը ելոյթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) ամենամեայ ընթրիքին, որին Էմանուէլ Մակրոնն արդէն մասնակցում է երկրորդ անգամ:

Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազեանի եւ Արա Թորանեանի առաջադրած հարցերին, նախագահը Մակրոնը յայտարարել է, որ «մարդկային արժանապատւութիւնն ու համերաշխութիւնը անբաժանելի են», այնուհետեւ անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշւած Հանրապետութեան շուրջ իրավիճակին: Յիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատւութիւնը՝ Էմանուէլ Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվութիւնը կը տայ ժողովուրդներին ի սպաս գործող իրաւունքին»:

«Նախեւառաջ, ցանկանում եմ երախտագիտութիւնս յայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետութիւնից, որը նրանք համարում են հեղինակաւոր երկիր՝ որպէս ժողովուրդների պաշտպան եւ մարդու իրաւունքների հիմնարար հարցերի դէպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամութեան շրջանակի նախագահ Գի Տեսիէն։

Ֆրանսիայի նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաեւ Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ ստորագրւած բարեկամութեան հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկւել է վարչական դատարանների կողմից՝ նախարարութիւնների հրահանգով գործող պրեֆկետների հայցով:

Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետութեան Նախագահը ընդունել է, որ «օրէնքի կիրառումը չի բացառում երկխօսութիւնը» եւ յայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժւել իրատեսական եւ արդիւնաւէտ ճանապարհով»:

Այս կապակցութեամբ Էմանուէլ Մակրոնը յոյս է յայտնել, որ «ուղղակի երկխօսութիւն կը հաստատւի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Ներքին գործերի նախարարութիւնների, միւս կողմից՝ նման մտադրութիւն ունեցող տեղական իշխանութիւնների միջեւ, որպէսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մէկս միւսին եւ կարողանանք աւելի արդիւնաւէտ միջոցներ գտնել»:

Մանրամասնելով իր գաղափարը՝ նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպէսզի այն տեղական իշխանութիւնները, որոնք ցանկանում են օժանդակութիւն ցուցաբերել (Արցախի) բնակչութեանը, կարողանան ընդունել արդիւնաւէտ եւ իրաւական առումով համապատասխան որոշումներ: Եթէ նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակութիւնն է, մենք կը գտնենք դրանք իրականանալի դարձնելու իրաւական շրջանակը»:

Բարեկամութեան շրջանակը գոհունակութեամբ է ընդունում նախագահի դիրքորոշման նման առաջընթացը եւ կը հետեւի, որպէսզի այն իրագործւի: «Իմ նպատակը հէնց Արցախի հետ կրթական եւ մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, որի կողմից ստորագրված Բարեկամութեան հռչակագիրը չեղարկւել է վարչական դատարանի կողմից: «Մօտակայ շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիւ անդամներ եւ ես ինքս կապ կը հաստատենք Ներքին գործերի նախարարութեան հետ՝ ուսումնասիրելու, թէ ինչպէս կարելի է գործնականում նման համագործակցութիւն իրականացնել՝ յարգելով օրէնքի գերակայութիւնը եւ Հանրապետութեան արժէքները»,- ընդգծել է Առնոււիլի քաղաքապետը:

Բարեկամութեան շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատւած համագործակցութիւնը՝ հետեւելով նախագահական վերջին այս նախաձեռնութեանը, եւ զարգացնել Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ կառուցողական յարաբերութիւնները:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։