Հա

Քաղաքական

15/02/2020 - 09:30

Կարեւորում եմ երիտասարդութեան քաղաքական ակտիւութիւնը, բայց դա չպէտք է արհեստական լինի

ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանն «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է երիտասարդական ոլորտի առաջնահերթութիւնների, առկայ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:

«alikonline.ir» - ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանն «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է երիտասարդական ոլորտի առաջնահերթութիւնների, առկայ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:

 

- Որպէս մշակոյթի եւ երիտասարդութեան ոլորտի պատասխանատու՝ որո՞նք էք համարում տւեալ ոլորտների հիմնական խնդիրները, եւ Ձեր պաշտօնավարման ընթացքում որո՞նք են լուծում ստացել:

- Վերջին 10 տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկւել մշակոյթի վերաբերեալ օրէնսդրական եւ կառավարման դաշտը կարգաւորելու, Արցախի մշակութային կեանքը համապետական եւ, առանձին դէպքերում, նաեւ համայնքային մակարդակով աշխուժացնելու, մշակութային ժառանգութիւնը հանրահռչակելու, այն միջազգային հարթակներում ներկայացնելու եւ մշակութային զբօսաշրջութիւնը զարգացնելու ուղղութեամբ: Մեծ ուշադրութիւն է դարձւել պատմական ժառանգութեան պահպանութեանը, նաեւ այդ ժառանգութեան հանրայնացմանը եւ միջազգայնացմանը:

Տարբեր ոլորտներում կադրերի պատրաստման խնդիր ունենք, որի լուծման համար աշխատում ենք ԵՊՀ մշակութաբանութեան, հնագիտութեան եւ ազգագրութեան ամբիոնների հետ:

Մեր հիմնական խնդիրներից է մշակութային քաղաքականութեան ապակենտրոնացումը, գիւղական բնակավայրերի ընդգրկումը: Միւս կարեւոր հարցը համայնքներում զբօսաշրջային կեանքն աշխուժացնելն է: Օրինակ Բերդաշէն համայնքում, Կուսաբերդի շրջակայքում կատարւում են պեղման աշխատանքներ, թանգարանն է վերանորոգւում, որից յետոյ այն կարող է դառնալ մեր կարեւոր զբօսաշրջային ուղղութիւններից մէկը:

ՀՀ ազգային արխիւի հետ ձեռնարկել ենք Արցախի բնակավայրերի պատմութեանը վերաբերող փաստաթղթերի, արխիւների պատրաստումը, որոնք հետագայում տրամադրւելու են գիւղական բնակավայրերին:

Ազգային երաժշտարւեստի բնագաւառում կարեւորում եմ Արցախի ազգային նւագարանների նւագախմբի պետականացումը, որի հիմնական նպատակը ազգային նւագարանների ժառանգութեան հանրահռչակումն է:

2020 թ. նախարարութեան գործունէութեան ծրագրում մտցւած է ԱՀ մշակութային եւ երիտասարդական քաղաքականութեան հայեցակարգերի հաստատումը:

Մեծ աշխատանք է կատարւել երիտասարդութեան ոլորտում: Աջակցութիւն ենք ցուցաբերել տարբեր երիտասարդական ծրագրերի, որոնք ուղղւած են սահմանափակ կարողութիւններով երիտասարդների հասարակութեանն ինտեգրմանը, ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, երիտասարդութեան հասարակական եւ քաղաքացիական ակտիւութեան խթանմանը եւ այլն:

 

- Նախընտրական շրջանում բոլորն են խօսում առկայ խնդիրների մասին: Դուք որո՞նք կառանձնացնէիք առաջնահերթ լուծում պահանջողներից՝ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան ոլորտներում:

- ԱՀ մշակութային քաղաքականութեան գերակայ ուղղութիւններն են նիւթական եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման հիմքերի ապահովումը, ժամանակակից արւեստի տարածումը, հանրահռչակումը, մշակութային կրթութեան եւ ոլորտի կադրային քաղաքականութեան իրականացումը: Վերականգնող ճարտարապետների, հնագէտների, ազգագրագէտների պակաս ունենք: Այս մասնագէտներն անհրաժեշտ են պատմամշակութային ժառանգութեան ուսումնասիրման, պահպանման համար:

Այսօր մշակութային քաղաքականութեան առաջնային խնդիր է մնում առանձին քաղաքացու, խմբի եւ համայնքի մշակութային իրաւունքի իրացումը եւ մշակութային ներուժի ինքնաարտայայտման իրաւական եւ գործնական հնարաւորութիւնների էական բարելաւումը:

Հասարակութեան մէջ այն համոզմունքն է, որ մշակութային գործունէութիւնը նախեւառաջ պէտք է միտւած լինի ազգային աւանդական արժեհամակարգի պահպանմանը, երիտասարդ սերնդին փոխանցմանը:

Պէտք է մշակութային ժառանգութեան պահպանութիւնը որպէս քաղաքացիական պարտաւորւածութիւն դարձնելու ուղղութեամբ աշխատենք, քանի որ այսօր տեսնում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ յաճախ չիմացութիւնից որոշակի խնդիրներ են առաջանում:

Երիտասարդական պետական քաղաքականութիւնն առաջադրում է հետեւեալ խնդիրները՝ երիտասարդի կարգավիճակի յստակեցում, կենսագործունէութեան պայմանների ձեւաւորում եւ երաշխիքների տրամադրում: Պէտք է երիտասարդութեան շրջանում սոցիալական, տնտեսական ինքնուրոյնութիւն ապահովել: Կարեւոր է նաեւ երիտասարդութեան խոցելիութեան առաջնային խմբերի իրաւունքների ճանաչումը եւ պաշտպանութիւնը, միջազգային համագործակցութիւնը:

 

- Դուք դասախօսում էք Արցախի պետական համալսարանում, երկար տարիներ առնչութիւն եք ունեցել երիտասարդ սերնդի հետ: Ձեր կարծիքով՝ արդեօ՞ք կարելի է երկրի ապագան վստահել երիտասարդութեանը:

- Ցանկացած երկրի ապագան կերտում են սերունդները, յատկապէս երիտասարդ սերունդը: Պէտք է կարողանանք երիտասարդութեանը ճիշտ ուղղութիւն տալ: Սերունդների պայքարը միշտ արդիական է, բայց ցանկացած սերունդ ունի իր առաւելութիւնները եւ որոշակի թերութիւնները: Յամենայն դէպս, մենք պէտք է հնարաւորութիւն տանք երիտասարդներին թրծւել: Դա չպէտք է լինի յախուռն, այլ նորմալ վերափոխման, էւոլիւցիոն ճանապարհով: Երիտասարդութեան պոտենցիալի իրացումը միայն ու միայն օգուտ կը բերի մեր երկրին:

 

- Վերջերս քաղաքական դաշտում մեծ թւով կուսակցութիւններ են հիմնադրւել, որոնց հիմնադիրները երիտասարդներ են: Ինչո՞վ էք դա պայմանաւորում, արդեօ՞ք դա խօսում է գաղափարական բազմազանութեան մասին:

- Ուրախ եմ, որ երիտասարդութիւնն ակտիւութիւն է ցուցաբերում, բայց, ցաւօք սրտի, գաղափարական հենք չեմ տեսնում: Ցանկացած ժողովրդավար երկրում կարեւորւում է գաղափարական բազմազանութիւնը, բայց այդ բազմազանութիւնն Արցախում գրեթէ չեմ տեսնում: Քաղաքական դաշտում երիտասարդութեան ակտիւութիւնն անհրաժեշտութիւն է, բայց դա չպէտք է արհեստական լինի եւ միայն ապագայ ընտրութիւններին ուղղւած:

 

Տաթեւիկ Աղաջանեան

Յարակից լուրեր

  • «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան
    «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան

    «Իրաւական հարթութիւնը եւ օրէնքներն ու Սահմանադրութիւնը այդպիսի հնարաւորութիւն տալիս են՝ ընտրութիւնները յետաձգելու, եթէ յայտարարւի արտակարգ դրութիւն կամ ռազմական դրութիւն: Արտակարգ իրավիճակ յայտարարելու պարագայում ընտրութիւնները կայանում են: Պէտք է բաւարար պայմաններ լինեն, այս պարագայում Արցախում չկայ որեւէ դէպք եւ կարծես չկան այդ պայմանները»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը:

  • «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ
    «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ

    Ամբողջ աշխարհը ճգնաժամի մէջ է։ Իսկ Արցախը, բնութեան գիրկին մէջ բազմած այդ դրախտը, շարունակ ճգնաժամի մէջ եղած է։ Չկայ բնութեան կողմէ պարտադրուած համաճարակը, սակայն շարունակ ներկայ է թշնամին՝ արցախցիին պսակաձեւ ժահրը՝ Ատրպէյճանը։ Դեռ քանի մը օր առաջ, ճիշդ թուականը նշելու համար, Մարտ 23-ին, նշուեցաւ աննման «պարիսպներու քաղաք» Շուշիի կոտորածին հարիւրերորդ տարելիցը։

  • «Իրաւական կարգաւորումները դէպի արտակարգ դրութիւն տանող նախադրեալներ չկան». Դաւիթ Իշխանեան
    «Իրաւական կարգաւորումները դէպի արտակարգ դրութիւն տանող նախադրեալներ չկան». Դաւիթ Իշխանեան

    Մենք ամենօրեայ կապի մէջ ենք ԱՀ առողջապահութեան նախարարի հետ՝ նոր կորոնավիրուսի տարածման վերաբերեալ ինֆորմացիա ստանալու առումով:

  • Կոչ` հայ ժողովուրդին
    Կոչ` հայ ժողովուրդին

    Համայն մարդկութիւնը այս օրերուն կը տառապի «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) յառաջացուցած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ կը շարունակէ անսանձ տարածուիլ եւ կը վարակէ ու կը խլէ նկատառելի քանակով զոհեր:

  • ՀՅԴ-ն դադարեցրել է Արցախի ընտրողների հետ փակ տարածքներում հանդիպումները
    ՀՅԴ-ն դադարեցրել է Արցախի ընտրողների հետ փակ տարածքներում հանդիպումները

    Հաշւի առնելով ԱՀ տարածքում կորոնավիրուսի տարածման հնարաւոր վտանգը, մտահոգւած լինելով մեր քաղաքացիների առողջութեամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակաւորապէս դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։