Հա

Քաղաքական

17/02/2020 - 12:40

«Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ եւ խնդրին մօտենալ մեծ պատասխանատւութեամբ». Արթուր Վանեցեան

«Առաւօտ»-ի հարցազրոյցը Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցեանի հետ, որը վերջերս յայտարարեց քաղաքականութիւն մտնելու որոշման մասին:

«alikonline.ir» - «Առաւօտ»-ի հարցազրոյցը Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցեանի հետ, որը վերջերս յայտարարեց քաղաքականութիւն մտնելու որոշման մասին:

 

- Պարոն Վանեցեան, տարին սկսւեց ներբանակային մտահոգիչ սպանութիւն-ինքնասպանութիւնների շարքով, որոնց դեռեւս իշխանութիւնները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակութիւնը շատ լարւած է, պահանջում է գտնել եւ պատժել մեղաւորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղութեամբ։ Որպէս ուժային փակ համակարգում երկարամեայ աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաեւ մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ էք Ձեր տեսանկիւնը ներկայացնել՝ այսօրւայ իրավիճակի պատճառների ու լուծման հնարաւոր տարբերակների մասին։

- Նախ՝ թոյլ տւէք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խօսքի հնարավորութիւն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ եւ խնդրին մօտենալ մեծ պատասխանատւութեամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնութիւնը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խօսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առաւել եւս՝ կոչ եմ անում՝ որեւէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցաւօք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլեւ՝ ուղղակիօրէն առնչւում է մեր պետութեան անվտանգութեանը։

Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խօսքի ձեւաչափն ինձ թոյլ չի տալիս բաց խօսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարութիւնը տիրապետում է խնդրին եւ կանի ամէն ինչ։ Միաժամանակ կը ցանկանայի նշել այն գլխաւոր հանգամանքը, որը պայմանաւորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծւած մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակութեան հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտայայտութիւնն է հասարակութեան ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսւած, պառակտւած, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականօրէն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակութեան ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թւում՝ բանակում։

Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրութեան կտրուկ պահանջը՝ գտնել եւ պատժել մեղաւորներին։ Միեւնոյն ժամանակ՝ խիստ վտանգաւոր եւ անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դէպի բանակի հրամկազմ, սպաներ եւ ենթասպաներ՝ առանց պատշաճ եւ սթափ հետաքննութեան։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թւում մեծամասնութիւն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասէրները։ Խնդիրները պէտք է ուսումնասիրել՝ հնարաւորինս խուսափելով ընդհանրացումներից եւ ծայրայեղացումից։ Անզգոյշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։

 

- Ինչպէ՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ։

- Բացի մարդկային ու լրատւական պարզ խողովակները, կան նաեւ մթնոլորտից ծնւած գործողութիւններ, որոնք ուղղակիօրէն ազդում են ներբանակային կեանքի ու յարաբերութիւնների վրայ։ Բանակը ինստիտուցիոնալ յիշողութեամբ, մշտապէս կատարելագործւող համակարգ է, որտեղ փորձը եւ մոդեռնիզացիան միասնական եւ փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թւում է, թէ բանակից դուրս՝ հանրային կեանքում են ընթանում, սակայն ուղղակիօրէն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրայ։

Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրայ վատ է անդրադառնում ապրիլեան պատերազմի յանձնաժողովի գործունէութիւնը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրութեամբ, այսօր պարտադրւած են՝ հաշւետու լինել բանակից, զինւած ուժերից պատկերացում չունեցողների առջեւ։ Սա եւս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողութեան ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պէտք է արւեն՝ առաւելագոյնս խուսափելով սոցցանցային միջամտութիւններից։ Լուրջ, համակարգային հիւանդութիւնները բուժում են նեղ մասնագէտների միջոցով, եւ ոչ՝ ժողովրդական բժշկութեան։ Քաղհասարակութեան ներկայացուցիչների հետ, մարդու իրաւունքների ոլորտի մասնագէտների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղութեամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պէտք է տարւի, բայց՝ ամէն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրաւումից։ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգութեան ողնաշարն է։

Յաջորդը. չի կարելի դասալիքներին հնարաւորութիւն տալ՝ մտնել զօրամասեր, եթէ նոյնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամաւոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրայեղ դժւար է, երբ զօրքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները եւ հերոսութեան ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաեւ նախկինում, եւ իմ վերաբերմունքը դրա հանդէպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։

Յաջորդ կարեւորագոյն պահը. չի՛ կարելի արժեզրկել եւ ուղղորդւած արշաւ տանել Արցախի գեներալների դէմ, նրանց անւան շուրջ դաւադրութեան տեսութիւններ յօրինել: Պատերազմ յաղթած, խաղաղութիւն ապահոված, լուրջ կենսագրութիւն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակութիւն են վայելում՝ իրական զօրքում, իրական զորամասում։ Երբ կոտրում ես այդ հեղինակութեան ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիութեան վիճակ։ Սա շատ կարեւոր է հասկանալ։ Այդպէս է բոլոր բանակներում: (Իհարկէ բոլոր ոլորտներում, այդ թւում` բանակում, միշտ էլ եղել են եւ կը լինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնաւոր մէկ-երկու դէպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առաւել եւս, երբ խօսքը գնում է մեր բանակի նման կայացած կառոյցի մասին)։

Եւ վերջապէս՝ ամենացաւոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի եւ Արցախի մէջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։ Այսօր ուս ուսի Հայաստանի եւ Արցախի բոլոր ծայրերից զինւորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղութիւնը։ Դա մեր ընդհանուր անվտանգութեան գրաւականն է, եւ սա պարզապէս բառեր չեն։

Նորից եմ յորդորում՝ իսկապէս շատ զգույշ լինել ցանկացած հրապարակային ձեւակերպման մէջ։ Անձնական ողբերգութիւններ են ամէն դէպքի յետեւում, բայց նաեւ՝ ընդհանուր մի խնդիր, որը պէտք է հասկանալ՝ առանց խուսափելու ճշմարտութիւնից։

 

- Ինչպիսի՞ լուծումներ էք տեսնում, ունէ՞ք առաջարկներ։

- Ես արդէն ասացի, որ այստեղ մասնագիտական եւ լուրջ մօտեցում է անհրաժեշտ, ընդ որում՝ շատ կարեւոր է լրջութեամբ մօտենալ ամէն առանձին դէպքին ու չտարածել դէպքերն ամբողջ բանակի վրայ։ Առանձին վերցրած դէպքեր են, որոնք կարող են ե՛ւ սիմպտոմատիկ նշանակութիւն ունենալ՝ օգնելով պարզել նաեւ համակարգային սխալները, ե՛ւ թոյլ տալ, որ կոնկրետ զօրամասում, կոնկրետ միաւորման ներսում մթնոլորտը փոխւի, եւ դէպքերը դադարեն։ Ես կուզէի, որ մենք ոչ թէ պարզապէս գնանք մեղաւորներին գտնել-պատժելու ճանապարհով (դա, բնական է, պէտք է արւի, այդ մասին խօսք չկայ), եւ ոչ թէ սոցցանցերում կենցաղային մակարդակի դատավճիռներ կայացնենք, այլ՝ խնդրի էութիւնը հասկանալու, արմատական լուծումներ տալու եւ, հետեւաբար, հետագայ դժբախտութիւնները կանխելու ուղղութեամբ լուրջ գործողութիւններ սկսենք։ Այսօր Պաշտպանութեան նախարարութեան եւ Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչեւ հանրութեան հետ աշխատող օղակներ, համալրւած են պրոֆեսիոնալ եւ պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամէն նման պատահար նրանց համար անձնական ողբերգութիւն է, ինչպէս եւ բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպէսզի կարողանան նայել խնդիրների խորքը եւ լուծումներ գտնեն։ Բայց, որպէսզի դա ստացւի, երկրում մթնոլորտը պէտք է փոխւի։ Սա արդէն անվտանգութեան խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։