Հա

Քաղաքական

17/02/2020 - 13:10

«Տէր-Պետրոսեանի «ինքնավարութեան ամենաբարձր հնարաւոր աստիճանը». գաղտնազերծւած փաստաթղթեր». 168.am

Վերջերս ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրել է նաեւ 168.am-ին: 

«alikonline.ir» - Վերջերս ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրել է նաեւ 168.am-ին: 

Եւ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարութեան (Արտաքին գործերի նախարարութիւն) գաղտնազերծւած փաստաթղթի՝ 1993 թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Ժիրայր Լիպարիտեանը ցանկացել է շեշտել՝ եթէ Քելբաջարը պահելը ներկայ Հայաստանի բնակչութեան համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրա կառավարութիւնը հրաժարական կը տան:

«Լիպարիտեանը շեշտեց, որ Տէր-Պետրոսեանի կառավարութիւնը մեծապէս մտահոգւած չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք աւելի շատ նւիրւած են մի շարք արժէքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքները, եւ կեանքի որոշակի որակի ապահովումը։ Եթէ Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչութեան գերագոյն նպատակ դառնայ (ինչպէս որ այն արդէն դառնում է այդպիսին շատ հայերի համար, յատկապէս՝ Սփիւռքի դաշնակցականների համար), ապա Տէր-Պետրոսեանը եւ իր կառավարութիւնը հրաժարական կը տան, որովհետեւ նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշւած է փաստաթղթում:

Նշւում է՝ լրատւամիջոցի ձեռքում է յայտնւել մէկ այլ փաստաթուղթ՝ թւագրւած՝ 1996 թւական, որտեղ անդրադարձ է կատարւում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի եւ ԱՄՆ Ազգային Անվտանգութեան տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին:

«Տէր-Պետրոսեանն ասաց, որ հայերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում չորս մրցակից գործընթացներ են տեսնում. առաջինը` Մինսկի խմբի գործընթացն է (որը բնութագրւում է՝ որպէս «թատրոն»), երկրորդը՝ ԱՄՆ գործունէութիւնն է, երրորդը՝ Ռուսաստանի գործունէութիւնն է, ինչպէս ցոյց է տւել այդ օրը մինչ դա տեղի ունեցած` Պաստուխովի եւ Կազիմիրովի այցը։ «Մենք դեռ պէտք է քննարկենք, թէ մեզ դո՞ւր է գալիս (իրենց առաջարկը), թէ՞ ոչ»։ Չորրորդը` Լիպարիտեան-Գուլուզադէ ուղիղ երկխօսութիւնն է։

«Ես մտահոգւած եմ,- շարունակեց Տէր-Պետրոսեանը,- որ մինչեւ մենք չհամախմբենք այս չորս ուղղութիւնները, մենք կը վերադառնանք նախկին` լճացած վիճակին։ Մնացած երեք գործընթացները չպէտք է հակասեն Մինսկի խմբի գործընթացին,- ասաց նա,- այլ ընդհակառակը, Մինսկի խումբն անհրաժեշտ համաժողով է մեր բոլոր ջանքերին ֆորմալ բնոյթ հաղորդելու համար։ Այս բոլոր գործընթացներից»,- Տէր-Պետրոսեանն ասաց,- «ամենակարեւորն ուղիղ երկխօսութիւնն է։ Լուրջ առաջընթաց է արձանագրւել։ Երբ մենք սկսեցինք ուղիղ երկխօսութիւնը, մենք գիտէինք, որ դրանց միջոցով մենք չենք կարողանալու լուծել մեր բոլոր տարաձայնութիւնները։ Սակայն մենք փորձում ենք կողմերի դիրքորոշումները հնարաւորինս մօտեցնել։ Մենք կարող ենք 90 տոկոս յաջողութիւն արձանագրել, սակայն մնացած 10 տոկոսի համար մեզ արբիտր է պէտք»։

«Տէր-Պետրոսեանը շարունակեց՝ ասելով, որ Արբիտրը պէտք է նաեւ լուծի Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան երաշխիքների հարցը։ Պէտք է մեխանիզմներ մշակւեն, որոնք ամբողջութեամբ կարող են երաշխաւորել Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը։ Սա մեզ համար խաղ չէ։ Սա մեզ համար գոյութեան հարց է: Սարաեւոյի իրադարձութիւնները լուրջ մտածելու տեղիք են տալիս. 100.000 սերբեր լքել են Սարաեւոն։ Ղարաբաղի բնակչութիւնն ուշադրութեամբ հետեւել է այդ իրադարձութիւններին, եւ նրանք նոյն բախտին չեն ուզում արժանանալ։ Ղարաբաղում կայ ընդամենը 150.000 բնակիչ, եւ նոյնիսկ փոքրիկ շոկը կարող է նրանց տարհանման յանգեցնել։ Սա մեզ համար կարող է ազգային ողբերգութիւն լինել։ Մենք պէտք է համոզւած լինենք, որ դա տեղի չի ունենալու ոչ վաղը, ոչ էլ այս պահից 20 տարի անց։

Ի լրումն, Տէր-Պետրոսեանը շարունակեց եւ ասաց, որ Ղարաբաղը պէտք է կապ ունենայ Հայաստանի հետ։ Դա կարող է լինել միջանցք, բայց դա պէտք է լինի ռազմական տեսանկիւնից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպէս Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգութեան երաշխիք։

Տէր-Պետրոսեանը կրկնեց, որ առկայ է անհաւասարակշռութիւն այն բանի վերաբերեալ, թէ ինչ է մինչեւ հիմա քննարկւել կարգավիճակի վերաբերեալ։ Մի կողմից՝ խօսում ենք տարածքային ամբողջականութեան եւ օկուպացւած տարածքներից դուրս գալու մասին։ Սա հասկանալի է, եւ ճշգրիտ։ Միւս կողմից՝ ունենք ինքնավարութիւն՝ «լիարժէք, ընդլայնւած, ինչպէս էլ այն կոչենք», եւ այն պէտք է սահմանւի հաւասարապէս եւ յստակօրէն»,- ասւում է փաստաթղթում եւ շարունակւում, որ «նրանք համաձայնւեցին, որ ուղիղ երկխօսութեան միջոցով քննարկւելիք փաստաթուղթը պէտք է աւելի հաւասարակշռւած եւ բազմակողմանի լինի, քան ներկայիս հայկական փաստաթուղթը, եթէ ուզում ենք, որ այն աւելի հաստատուն լինի»,- ասւում է փաստաթղթում:

Այնուհետեւ տեղեկացւում է. «Թելբոթն ու Բերգերը (ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթ եւ ԱՄՆ Ազգային Անվտանգութեան տեղակալի խորհրդատու Բերգեր.- Մ.Պ.) օգտագործել են իրենց հետագայ փոքրիկ խմբային հանդիպումը, որպէսզի ճնշում գործադրեն Լիպարիտեանի վրայ։ Դժւար է բանակցութիւնների յայտարարութիւններում աւելի հաւասարակշռութիւն ապահովել, կամ «համեմատաբար հաւասարութիւն»։ Նրանք բացատրեցին, որ ադրբեջանցիներն իրաւացիօրէն հաւատում են, որ 14 կէտանոց փաստաթուղթն իրենց համար կարեւոր՝ ընդամենը երկու կէտ էր պարունակում, մնացած տասներկու կէտերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերից էին բխում։ Օրինակ, յայտարարութիւնն իր մէջ չի ներառում (բայց պէտք է ներառէր) կէտեր զօրքերի տարհանման եւ փախստականների վերադարձման մասին, որոնք երկուսն էլ Ադրբեջանի համար կարեւոր են։ Նրանք շեշտեցին նաեւ տարածքային ամբողջականութեան սկզբունքի կէտերի եւ Լաչինի վերաբերեալ բանակցելու կարեւորութիւնը։ Տէր-Պետրոսեանն ու Լիպարիտեանը խօսակցութեան մեծ մասում պաշտպանւողական դիրք էին ընդունել, եւ տարբեր ձեւերով պնդում էին՝ Մինսկի խմբի փաստաթուղթն արդէն իսկ պարունակում էր զօրքերի տարհանման եւ փախստականների վերադարձի վերաբերեալ Ադրբեջանի ցանկացած կէտերը»:

Փաստաթղթում ասւում է, որ ըստ Բերգերի՝ «լիարժէք ինքնավարութեան» եւ «ամուր ինքնակառավարման» հասկացութիւնները պէտք է մանրամասնւեն այնպէս, որ դրանք համապատասխանեն երկու կողմերի պահանջներին։

«Որպէսզի սկզբունքների յայտարարութիւնն իրականութիւն դառնայ, այն պէտք է բազմակողմանի լինի։ Պարտադիր չէ, որ ամէն մանրամասնութիւն տրամադրւի, սակայն բոլոր հիմնական մտքերը պէտք է բաւարար մանրամասնութեամբ ներկայացւեն, որ կողմերից իւրաքանչիւրին վստահութիւն ներշնչեն, որ իրենց շահերը պաշտպանւած են,- նշւում է փաստաթղթի շարունակութեան մէջ եւ յաւելւում,- ի դէպ, նշւած է, որ Տէր-Պետրոսեանն ասել է, թէ խնդիր չի լինի տարածքային ամբողջականութիւնը եւ Լաչինի հարցը հետագայ հանդիպումներում քննարկելու հարցում, եթէ ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալութիւնը երաշխաւորել:

Աւելին, երբ ԱՄՆ փոխքարտուղարն ասել է, թէ իրենք ցանկանում են Ադրբեջանից յստակ բացատրութիւն ստանալ, թէ ինչ ասել է ինքնավարութեան մաքսիմում աստիճան, Տէր-Պետրոսեանն արձագանքել է. «Ինքնավարութեան ամենաբարձր հնարաւոր աստիճանը»»:

Այս երկու փաստաթղթերի բովանդակութեան հետ կապւած՝ 168.am-ն օրեր շարունակ փորձեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի գրասենեակից, Տէր-Պետրոսեանի մամուլի խօսնակ Արման Մուսինեանի միջոցով, ստանալ պարզաբանումներ կամ մեկնաբանութիւն, սակայն դրանք այդպէս էլ չտրւեցին:

168.am-ի հետ զրոյցում միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը հրապարակւած առաջին՝ Քելբաջարին վերաբերող փաստաթղթին անդրադառնալով՝ ասաց, որ այստեղ մի քանի կարեւոր առանձնայատկութիւն կայ, որոնց մասին պէտք է նշել, երբ խօսում ենք 1990-ականներին Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ ԼՂ հիմնախնդրի մասին:

«Այն ժամանակւայ իշխանութիւնները յստակ ընդունւած ռազմավարութիւն եւ մարտավարութիւն ունէին։ Այդ մարտավարութիւնը կայանում էր նրանում, որ Հայաստանը ԼՂ հակամարտութեան կողմ չէ եւ չի էլ կարող լինել: Հայաստանի իշխանութիւնները բոլոր միջազգային ատեաններում, երկկողմ շփումներում եւ թէ բազմակողմ հարթակներում, փորձում էին արցախեան խնդիրը ներկայացնել՝ որպէս խնդիր, որի ուղղակի կողմերն են Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ձգտում էր ինքնիշխանութեան՝ միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ խորհրդային օրէնսդրութեան սկզբունքների ոգուն հաւատարիմ։ Մեծ հաշւով, այստեղ խնդիրն այն էր, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է անջատւել Ադրբեջանից եւ ինքնիշխան պետութիւն կառուցել, իսկ Ադրբեջանի կենտրոնական իշխանութիւնները բռնութիւն են կիրառում էթնիկ հայերի նկատմամբ՝ Ստեփանակերտից մինչեւ Բաքու եւ Սումգայիթ։ Հետեւապէս՝ Արցախի ժողովուրդը կազմակերպում է իր ինքնապաշտպանութիւնը, իսկ աշխարհասփիւռ հայութիւնն ու Հայաստանը դառնում են արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորները: Միաժամանակ, այս մարտավարութիւնից բխում էր, որ Հայաստանը պէտք է փորձէր միջազգային հանրութեանը ապացուցել՝ Հայաստանի իշխանութիւնները որեւէ ազդեցութիւն չունեն եւ չեն կարող Լեռնային Ղարաբաղին պարտադրել որեւէ որոշում, քայլ կամ գործողութիւն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի եւ ԱՄՆ Ազգային Անվտանգութեան տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին վերաբերող փաստաթղթին, որտեղ Տէր-Պետրոսեանը կարեւորում է ուղիղ երկխօսութիւնը, խօսում Արբիտրի մասին, միջազգայնագէտը նշեց, որ այն ժամանակւայ իշխանութիւնների համար կարեւոր էր, որպէսզի Ադրբեջանը ուղիղ բանակցութիւններ վարի Արցախի հետ, քանի որ գտնում էին, որ ՀՀ-ն չի կարող լինել կոնֆլիկտի կողմ:

«Ըստ այդմ՝ Արցախի իշխանութիւնների հետ Ադրբեջանը պէտք է հաշւի նստէր եւ ուղիղ շփումներ ունենար։ Յայտնի է, որ Ադրբեջանի իշխանութիւններն ուղիղ շփումներ ունեցել են ԼՂ իշխանութիւնների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան բանակի հրամանատարութեան հետ։ Արծարծւող խնդիրն այս տրամաբանութեան մէջ է դիտարկւել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն՝ որպէս գերտէրութիւն, ունէր իր ակտիւ մասնակցութիւնն այս գործընթացում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 90-ականների սկզբին դեռեւս չկար։ Միաժամանակ, որդեգրւած ռազմավարութիւնը տալիս էր իր արդիւնքները, եթէ հաշւի առնենք, որ 1993 թ․ ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւերը կոչ էին անում Հայաստանին օգտագործել ազդեցութիւնը ԼՂ-ի վրայ, որպէսզի խաղաղութիւն եւ զինադադար հաստատւի:

Այսինքն՝ այստեղ Հայաստանը կոնֆլիկտի ուղղակի կողմ չի դիտարկւել, մանաւանդ, եթէ հաշւի առնենք բանաձեւերում տեղ գտած «Local Armenian forces» եզրոյթը։ Ի սկզբանէ, հաշւի առնելով միջազգային իրաւունքի սկզբունքները, ինչպէս նաեւ Խորհրդային Միութեան Սահմանադրութիւնն ու իրաւական ակտերը, որոշումը կայացւել էր հետեւեալ կերպ. ԼՂ-ն, օգտւելով ԽՍՀՄ Սահմանադրութեան համապատասխան դրոյթներից, դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակւում անկախ պետութիւն եւ հանրաքւէի միջոցով միանում է Հայաստանին»,- եզրափակեց Սուրէն Սարգսեանը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Yerkir.am-ն եւս անդրադարձել էր թեմային՝ հրապարակելով ԱՄՆ Պետական քարտուղարութեան (Արտաքին գործերի նախարարութիւն) գաղտնազերծւած փաստաթուղթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։