Հա

Քաղաքական

17/02/2020 - 10:00

Քաղաքացիների մեծ մասի համար հասկանալի չէ հանրաքւէի նշանակութիւնը, եւ որքանով է այն հիմա արդիական. քաղատեխնոլոգը՝ հանրաքւէի ուղղւածութեան եւ նպատակայարմարութեան մասին

Այս հանրաքւէն Նիկոլ Փաշինեանի վարկանիշի դրսեւորումն է լինելու, առաւել եւս, որ Նիկոլ Փաշինեանն անձամբ է զբաղւում քարոզչութեամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգէն Յակոբեանը` անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքւէին:

«alikonline.ir» - Այս հանրաքւէն Նիկոլ Փաշինեանի վարկանիշի դրսեւորումն է լինելու, առաւել եւս, որ Նիկոլ Փաշինեանն անձամբ է զբաղւում քարոզչութեամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգէն Յակոբեանը` անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքւէին:

Վիգէն Յակոբեանի խօսքով` ինչպէս 2 տարի առաջ, այնպէս էլ այսօր, իշխանութիւնը մէկ հիմնական քարոզչական դէմք ունի՝ Նիկոլ Փաշինեանը:

«Այսինքն` «Այո»- ի շտաբն այդպէս էլ լուրջ համոզիչ քարոզ չի իրականացնելու, եւ, կամա թէ ակամայ, այդ քարոզչութեան բեռը լինելու է Նիկոլ Փաշինեանի վրայ: Հանրաքւէն լինելու է նաեւ վստահութեան քւէ Նիկոլ Փաշինեանի խօսքին, որովհետեւ, ըստ էութեան, նա լինելու է այդ քարոզչութեան գաղափարախօսը: Սա նշանակում է, որ հանրութիւնն իր վերաբերմունքն այս հանրաքւէում դիրքաւորելու է, ասոցացնելու է դէպի կոնկրետ իշխանութիւն, իսկ եթէ հիմա ասում ենք իշխանութիւն, պարզ է, որ հասարակութեան մեծ մասի համար իշխանութիւն հասկացութիւնը հէնց Նիկոլ Փաշինեանն է: Այս առումով կարծում եմ, որ հանրաքւէի արդիւնքները, իհարկէ, ոչ 100 տոկոսով, բայց արտացոլելու է Նիկոլ Փաշինեանի վարկանիշը»,- ասաց վերլուծաբանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով այս պահի դրութեամբ, քաղաքացիների մեծ մասի համար հասկանալի չէ հանրաքւէի նշանակութիւնը, թէ որքանով է սա հիմա արդիական:

«Իշխանութիւնը, երեւի թէ ունի մէկին, որ պէտք է նշանակի ՍԴ նախագահ: Դրա համար կարող եմ ասել, որ իշխանութիւնը բաւականին լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, այսինքն՝ առաջին քայլով պէտք է փորձի ոչ միայն համոզել բնակչութեանը, որ սա շատ կարեւոր միջոցառում է, այլեւ երկրորդ քայլով փորձի բերել ընտրատեղամասեր եւ 3-րդ քայլով էլ, ըստ էութեան, փորձի 650 հազար կողմ ձայն ապահովել»,- ասաց Վիգէն Յակոբեանը:

Բանախօսի կարծիքով՝ այս առումով իշխանութեան գլխաւոր խնդիրը դա նախ եւ առաջ ինչ-որ քայլով կամ մոտիւացիայով բնակչութեանը բերելն է ընտրատեղամասեր:

«Կարծում եմ՝ իշխանութիւնը շատ լաւ հասկանում է, որ խնդիրը բաւականին պրոբլեմատիկ է, քանի որ բուն թեման հանրաքւէի իրաւամբ քիչ հետաքրքիր լինելն է, եւ դրա համար էլ խորհրդարանի իր ելոյթում Նիկոլ Փաշինեանը, ըստ էութեան, ձեւակերպեց, թէինչ մոտիւացիայով, ինչ թեմայով պէտք է փորձեն կոնսոլիդացնել ընտրազանգւածին: Փորձելու են նորից ամէն ինչ տեղափոխել յեղափոխական պաթոսի մէջ, սեւ-սպիտակի փաթեթաւորմամբ, որպէսզի կրկին կարողանան վերակենդանացնել յեղափոխական տրամադրութիւնները, ինչ-որ վտանգի զգացողութիւն առաջացնեն քաղաքացիների մօտ, որ յեղափոխութիւնը վտանգի տակ է, ա՜յ, եթէ դո՛ւք չգաք, չքւէարկէք, ապա յեղափոխութիւնը կը կործանւի»,- ասաց քաղտեխնոլոգը:

Վիգէն Յակոբեանի կարծիքով՝ իշխանութեան մօտ դոմինանտը ՍԴ-ի թեման չէ, քանի որ այդ մասին ամիսներ շարունակ խօսում են, եւ միեւնոյն է թեման արդիական չի դառնում:

«Հաշւի առնելով իշխանութեան ընտրած մարտավարութիւնը՝ ընդդիմադիր ճամբարը, ըստ էութեան, փորձում է այդ խաղի մէջ չմտնել, այդ զէնքը չտրամադրել իշխանութեանը: Ուղղակիօրէն յայտարարում են, որ այս թեման իրենց չի հետաքրքրում, աւելին՝ սա նոյնիսկ թեմա չի, որ իրենք զբաղւեն, փոխարէնն աւելի լուրջ գործեր կան: Այս պարագայում, եթէ դու չես տեղաւորւում այդ սեւի ու սպիտակի պայքարի մէջ, ապա իշխանութիւնը չի ունենում իր համար անհրաժեշտ թիրախը՝ սեւերին»,- նշեց Յակոբեանը:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այս հանրաքւէն ռիսկային միջոցառում է իշխանութեան համար, քանի որ հետաքրքրիր թեստ է լինելու հէնց իշխանութեան համար:

«Սովորաբար յեղափոխութիւնից յետոյ, երբ իրականում յեղափոխութիւն անող ուժի ռէյտինգը բաւականին բարձր է, առաջին ընտրութիւններն անցնում են բաւականին բարձր թափանցիկութեան պայմաններում, եւ լեգիտիմութիւնը երբեք կասկածի տակ չի դրւում նաեւ այն պատճառով, որ այդ ուժը կեղծիքների վարչական ռեսուրսների չարաշահման արատաւոր տեխնոլոգիաների կիրառման կարիք չի ունենում: Ինքն առանց այդ էլ ձիու վրայ նստած է գալիս, եւ կարիք չկայ կեղծելու: Հիմա՝ փաստացի առաջին ընտրութիւններից 2 տարի անց, դրւել է հանրաքւէ, որն արդէն 2-րդ պրոցեսն է եւ բոլորը սպասում են»,- ասաց բանախօսը:

Յակոբեանն ընդգծեց, որ իշխանութեան համար կայ խնդիր՝ ապահովել մասնակցութիւն եւ կողմ ձայներ՝ առնւազն 650 հազար: Նրա դիտարկմամբ, դա բաւականին բարդ խնդիր է: Քաղտեխնոլոգի խօսքով՝ հիմա կարող ենք տեսնել, թէ արդեօ՞ք իշխանութիւնը, որն արդէն խնդիր ունի, չեն դիմելու որոշակի այլ տեխնոլոգիաների, օրինակ՝ վարչական ռեսուրսի օգտագործում եւ այլն:

«Այս տեսակէտից սա թեստ է: Գուցէ՞, սա այն վերջնական թեստը չի լինի, որը պէտք է հերթական ընտրութեան ժամանակ, բայց սա արդէն կարող է որոշ չափով ցոյց տալ, թէ արդեօ՞ք իշխանութիւնները հաւատարիմ են իրենց խոստմանը, որ այսուհետեւ Հայաստանում բոլոր ընտրական գործընթացները՝ ընդհուպ հանրաքւէները, լինելու են մաքուր առանց կեղծիքների, առանց վարչական ռեսուրսի օգտագործման, առաւել եւս՝ ընտրակաշառքների»,- ընդգծեց Յակոբեանը:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերի մասնակցութեանը, քաղտեխնոլոգն ասաց, որ դոմինանտ է բոյկոտի գաղափարը: Նրա խօսքով դրա մասին փաստացի չի ասւում կամ եթէ ասւում է, այնուամենայնիւ ֆորմալիզացւած չէ:

«Ըստ էութեան «Ոչ»-ի շտաբն արդէն ձեւաւորւել է. դա ձեւաւորող ՀԿ-ները, իրաւապաշտպան կազմակերպութիւնները, իրաւաբանները, իրաւագէտները, սահմանադրագէտները վարելու են «Ոչ»-ի քարոզչութիւնը: Ամենայն հաւանականութեամբ, քարոզչութիւնն իրաւական դաշտում, իրաւական տեսանկիւնից են տանելու: Ամէն դէպքում, որքան էլ այդ քաղաքական ուժերը, թէ՛ խորհրդարանական, թէ՛ արտախորհրդարանական յայտարարում են, որ չեն մասնակցում այդ պրոցեսին, կարծում եմ, որ իրենք պաշտօնապէս «Ոչ»-ի քարոզչութեանը չեն մասնակցելու, բայց ձեւաւորելու են սեփական օրակարգերը: Քարոզչութիւնը սեփական օրակարգով է լինելու, օրինակ` ասելու են մենք ոչ ենք ասում այն իշխանութեանը, որը ենթադրենք Արցախի հարցում ճիշտ չի վարւում: Այսինքն՝ «Ոչ»-ի քարոզչութիւնը լինելու է, բայց ոչ թէ Սահմանադրական դատարանի օրակարգով, այլ, ընդհանուր առմամբ իշխանութեան վարած քաղաքականութեան դէմ»,- եզրափակեց Յակոբեանը:

 

Հեղինակ՝ Նանէ Հայրապետեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։