Հա

Քաղաքական

18/02/2020 - 11:50

«Միւնխէնեան հանդիպման վտանգաւոր հետեւանքները». «168 ժամ»

«168 ժամ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «Միւնխէնի անվտանգութեան գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերեալ գնահատականները հակասական են, թէեւ բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկիւնից բացասական երանգներ արձանագրւեցին ինչպէս ֆորմալ՝ արտայայտչամիջոցների, այնպէս էլ՝ բովանդակային առումով։

«alikonline.ir» - «168 ժամ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «Միւնխէնի անվտանգութեան գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերեալ գնահատականները հակասական են, թէեւ բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկիւնից բացասական երանգներ արձանագրւեցին ինչպէս ֆորմալ՝ արտայայտչամիջոցների, այնպէս էլ՝ բովանդակային առումով։

Ակնյայտ էր քննարկման լեզւին՝ անգլերէնին, Նիկոլ Փաշինեանի ոչ բաւարար մակարդակով տիրապետելու իրողութիւնը, ինչն աւելի էր ընդգծւում Ալիեւի խօսքի ֆոնին։ Տեսանելի էր նաեւ Նիկոլ Փաշինեանի լարւածութիւնը, որն արտայայտւում էր ժեստիկուլեացիայով, անկանոն շարժումներով։

Իսկ քննարկման բովանդակային հատւածում Հայաստանի վարչապետը թոյլ տւեց բազմաթիւ սխալներ ինչպէս պատմական յղումների, այնպէս էլ հակամարտութեան կարգաւորման ներկայիս գործընթացի ներկայացման առումով։ Այդպիսի վրիպումները բազմաթիւ էին, սակայն ամենաբովանդակային բացթողումը, թերեւս, այն էր, որ քննարկման ողջ ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից այդպէս էլ որեւէ բառ չարտասանւեց ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը հակամարտութեան կարգաւորման մեր՝ հայկական կողմերի հիմնական կռւանն է։ Եւ, ցաւալիօրէն, ազգերի ինքնորոշման մասին ձեւակերպում հնչեց միայն Իլհամ Ալիեւի կողմից՝ հանդիպման վերջում, հեգնական համատեքստում, որին, ցաւօք, Նիկոլ Փաշինեանը չկարողացաւ համարժէք արձագանքել։

Այդ քննարկման հետ կապւած միակ մխիթարական իրողութիւնն այն է, որ Ադրբեջանի նախագահն էլ առանձնապէս չփայլեց իր պատրաստւածութեամբ եւ մնաց իր երկրի կողմից արդէն շուրջ 30 տարի թմբկահարւող ու աշխարհին յոգնեցրած ձեւակերպումների տրամաբանութեան շրջանակներում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանին, ապա քննարկմանը նրա մասնակցութիւնից ընդհանուր առմամբ ակնյայտ էր, որ նա այդ միջոցառմանը գնացել էր անպատրաստ՝ բառի լայն եւ նեղ իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետութիւնների ղեկավարների մասնակցութիւնը պէտք է ունենայ, այսպէս կոչւած, ինստիտուցիոնալ յենք, այսինքն՝ պետական համապատասխան կառոյցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պէտք է նախապէս աշխատեն երկրի ղեկավարի խօսքի, շարժուձեւի, ընդդիմախոսի հետ հնարաւոր հարցուպատասխանի, բանավէճերի տարբեր սցենարների վրայ։ Ակնյայտ էր, որ Նիկոլ Փաշինեանի հետ նման որեւէ աշխատանք չէր տարւել։ Դժւար է ասել՝ ինչ պատճառով։

Հաւանական է թւում այն տարբերակը, որ Փաշինեանն իրեն համարում է ամենագիտակ նաեւ ղարաբաղեան հարցում եւ հրաժարւել է համապատասխան աջակցութիւնից, ինչի արդիւնքում նրա խօսքը մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող ղարաբաղեան հակամարտութեան հարցում թողնում էր խիստ մակերեսային, ուսանող պատմաբանի մակարդակի խօսքի տպաւորութիւն։ Գլոբալ առումով այդ երեւոյթի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինեանը հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային կերպար է, եւ դա արտայայտւում է նրա գործունէութեան գրեթէ բոլոր ասպեկտներում։ Սա չափազանց վտանգաւոր իրողութիւն է, քանի որ, եթէ ներքին հարցերում կարելի է հանդուրժել դիլետանտիզմն ու պոպուլիզմը, ապա արտաքին քաղաքականութեան ասպարէզում դա ուղղակի յղի է կործանարար հետեւանքներով։ Բայց կայ եւս մէկ կարեւոր նրբերանգ. ո՞վ կամ ովքե՞ր են, որ կարող են ի պաշտօնէ կամ ղեկավարին մօտ գտնւելու հանգամանքով պայմանաւորւած՝ այս իրողութիւնների մասին ասել Նիկոլ Փաշինեանին։ Նրա շրջապատը զբաղւած է արտասանւած ամէն մի տառի փառաբանմամբ, իսկ արտաքին քաղաքականութեան պատասխանատուներից չափազանց դժւար է ակնկալել թերութիւնների ու բացթողումների մասին Նիկոլ Փաշինեանին տեղեկացնելու համարձակութիւն։

Արդիւնքում՝ Նիկոլ Փաշինեանը կարդալու է իր թիմակիցների գովաբանութիւնն ու տեսնելու է արտաքին քաղաքականութեան պատասխանատուների հպատակ ժպիտները, քննադատութիւնները վերագրելու է «պետութեան դաւաճաններին» եւ համակւելու է զգացողութեամբ, որ ինքն ամէն ինչ ճիշտ է արել եւ բարոյական յաղթանակ է արձանագրել Ալիեւի նկատմամբ։

Այդ պատրանքը նրան խանգարելու է վերադառնալ իրականութիւն, ընդունել սեփական սխալները, եւ նա նոյն ոգով շարունակելու է իր գործունէութիւնը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում։

Իսկ դա վտանգաւոր է։ Չափազանց վտանգաւոր»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։