Հա

Քաղաքական

18/02/2020 - 08:20

Պօղոսեան. «Պէտք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանն իր շինծու պատմութիւնները մեզ վրայ չջարդի»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Փաշինեան-Ալիեւ բանավէճին եւ դրանով պայմանաւորւած հայ-ադրբեջանական տեղեկատւական պատերազմին։

«alikonline.ir» - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Փաշինեան-Ալիեւ բանավէճին եւ դրանով պայմանաւորւած հայ-ադրբեջանական տեղեկատւական պատերազմին։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պօղոսեանի համոզմամբ` հնարաւոր չէր 40 րոպէում հանգամանօրէն անդրադառնալ ղարաբաղեան հիմնախնդրին ու որեւէ լուծում առաջարկել, իսկ այն, ինչը տեղի ունեցաւ Միւնխէնում տնային աշխատանքի նման մի բան էր, որը յանձնարարւել էր կողմերին։

«Գալու է օրը, եւ մենք պէտք է պատրաստւենք` ինչպէս նշենք Արցախի անկախութեան հերթական տարեդարձը եւ աշխարհին բացատրենք, թէ իրականում ինչ է տեղի ունեցել ռազմական եւ այլ առումներով։ Գալու է սումգայիթեան ոճրագործութեան օրը, պէտք է պատրաստ լինենք այդ ամէնը ճիշտ ձեւով ներկայացնել, խօսել դրա մասին եւ առաջ տանել մեր պահանջատիրութիունը»,- ասաց նա։

Ըստ Պօղոսեանի` պէտք է դասեր քաղել բացթողումներից, որպէսզի ապագայում այդ բացը լրացւի, ընդ որում, պատմութեան դասագրքերը պէտք է թարմացնենք, որպէսզի Ադրբեջանը չկարողանայ իր շինծու պատմութիւնները մեզ վրայ ջարդել։

Պօղոսեանի խօսքով` տեղեկատւական պատերազմը չի աւարտւել։ Անմիջական պատերազմը սահմանին է, եւ Միւնխէնում էլ ակնարկ եղաւ այդ մասին, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ։ Նոյն կերպ լինում է նաեւ տեղեկատւական պատերազմում, հետեւաբար շատ կարեւոր է պատրաստ լինել հերթական հարւածին։

«Նստել եւ գնահատել Փաշինեան-Ալիեւ հանդիպումն այն տեսակէտից, որ ես այսպէս չէի ասի, եթէ այդպէս չլինէր, ամենասխալ մօտեցումն է, որովհետեւ հանդիպումն արդէն կայացել է, եւ ասւած խօսքերից ոչինչ չի փոխւի։ Խօսել կարելի է բացերի մասին»,- նշեց Պօղոսեանը։

Նրա կարծիքով` ամենամեծ բացթողումն այն էր, որ միջազգային մակարդակում բոլորին չհրաւիրեցինք գալ եւ որպէս դիտորդ մարտի 31-ին հետեւել Արցախի համապետական ընտրութիւններին։ Բացի այդ, ոչ ոք չխօսեց այն մասին, թէ ովքեր են Արցախի ներկայացուցիչները, ինչու պէտք է Արցախը դառնայ բանակցային կողմ եւ, որ Արցախի Հանրապետութիւնն արդէն կայացած քաղաքական միաւոր է։

Յիշեցնենք` փետրւարի 15-ին Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Քննարկման ժամանակ Ալիեւը հաւաքւածներին ներկայացրեց, թէ իբր Ղարաբաղն ու Երեւանը ադրբեջանական տարածքներ են եղել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ հեգնեց նրան. «Երբ հայոց արքայ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմէացի զօրավար Պոմպէոսի հետ, Ադրբեջանը չկար քարտէզի վրայ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։