Հա

Քաղաքական

22/02/2020 - 10:00

Ի՞նչ կարելի էր անել հանրաքւէին յատկացւած 7 մլն. դոլարով

Անթոյլատրելի է պետական անարդիւնաւէտ ծախսեր կատարել, երբ բազմաթիւ չլուծւած սոցիալական խնդիրներ կան երկրում։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի անցկացման համար տրամադրած գումարով կարող էին սոցիալական մի շարք խնդիրներ լուծել։

«alikonline.ir» - Անթոյլատրելի է պետական անարդիւնաւէտ ծախսեր կատարել, երբ բազմաթիւ չլուծւած սոցիալական խնդիրներ կան երկրում։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի անցկացման համար տրամադրած գումարով կարող էին սոցիալական մի շարք խնդիրներ լուծել։ Տնտեսագէտ, ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող Թադէոս Աւետիսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց` անդրադառնալով կառավարութեան փետրւար 20-ի որոշմանը։

2020-ի ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէի նախապատրաստման եւ անցկացման համար ՀՀ կառավարութեան պահուստային ֆոնդից ԿԸՀ-ին ու ոստիկանութեանը կը յատկացւի 3 մլրդ. 447 մլն. դրամ (մօտ 7 մլն. դոլար)։

«Սոցիալական մի շարք խնդիրներ ունենք, որոնք շարունակւում ու խորանում են, եւ 7 մլն. դոլարը բաւականաչափ գումար է, որ նման խնդիրները լուծւէին, ու շօշափելի արդիւնք ունենայինք։ Եթէ հետեւենք կառավարութեան ծրագրային դրոյթներին ու յորդորներին, ապա կը տեսնենք, որ առաջնային ուղղութիւն է զբաղւածութեան ծրագիրը, ինչին յատկացւած միջոցները, սակայն, հանրաքւէին յատկացւածի կէսն է կազմում»,- ասաց Աւետիսեանը։

Նրա խօսքով` 7 մլն. դոլարը զբաղւածութեան ծրագրին ուղղելով` կունենայինք առարկայական արդիւնքներ, այսինքն` հազարաւոր մարդիկ կայուն զբաղւածութիւն կունենային։

Բացի այդ, ըստ տնտեսագէտի, արդէն երկրորդ տարին է անցնում Սահմանադրութեան վերջին փոփոխութիւններից, որով յստակ նախատեսւած է` պետութիւնը պէտք է բազմազաւակ ընտանիքների աջակցութեան ծրագիր իրականացնի։ Այս ընտանիքներում, ըստ Աւետիսեանի, աղքատութեան մակարդակը գրեթէ կրկնակի բարձր է միջին ցուցանիշներից։ 7 մլն. դոլարով այս ընտանիքների համար զբաղւածութեան եւ կրթական ծրագրեր կեանքի կը կոչւէին։

«Բացի այդ, 2018-20 թթ. չեն բարձրացւել աղքատութեան նպաստների չափը, որը մէկ ընտանիքի հաշւով 31-32 000 դրամ է, այսինքն` կրկնակի ցածր է մէկ անձի կենսապահովման նւազագոյն զամբիւղից։ Հանրաքւէին յատկացւող գումարով կարող էին առնւազն 10 տոկոսով այդ նպաստները բարձրացնել»,- ասաց Աւետիսեանը։

Նրա խօսքով` այդ միջոցները կարող էին ուղղւել նաւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, քանի որ, ճիշտ է, նախորդ տարի 10 տոկոսով բարձրացւեց նրանց աշխատավարձը, սակայն այնպէս չէ, որ նրանց աշխատավարձի խնդիրը լուծւեց։ Աւետիսեանը յայտնեց` հեռաւոր բնակավայրերում մէկ հաստիքը զբաղեցնում են մի քանի ուսուցիչներ եւ նրանք ընդամենը 10-30 հազար դրամով են աշխատում։

Տնտեսագէտը նշեց` 23 տոկոս աղքատութիւն ունեցող երկրում, որտեղ գործազրկութեան մակարդակը շուրջ 20 տոկոս է, շատ անհասկանալի են լինելու մի շարք մարդկանց համար պետութեան կողմից նման ծախսերը։

Աւետիսեանի խօսքով` որքան կարեւոր է եկամուտների հաւաքագրումը, ստւերի կրճատումը, այնքան կարեւոր է ծախսային քաղաքականութիւնը, այսինքն` հաւաքագրւած գումարներն ինչ առաջնահերթութիւններով ու ինչ ուղղութիւններով են ծախսւում։

Յիշեցնենք, որ հանրաքւէին յատկացւած գումարի 2 միլիարդ 553 միլիոն դրամը կը յատկացւի ԿԸՀ–ին` հանրաքւէն կազմակերպելու համար։ 660 միլիոն դրամը կը ծախսւի տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար, իսկ 234 միլիոն դրամ կը տան ոստիկանութեանը՝ ծանուցագրեր տպելու եւ քաղաքացիներին ծանուցելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։