Հա

Քաղաքական

22/02/2020 - 10:40

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը մտել վտանգաւոր խաղի մէջ». «168 ժամ»

«Նախօրէին Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ի թիւս այլ հարցերի, անդրադարձաւ նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը՝ հանդէս գալով մտահոգիչ յայտարարութիւններով։

«alikonline.ir» - «Նախօրէին Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ի թիւս այլ հարցերի, անդրադարձաւ նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը՝ հանդէս գալով մտահոգիչ յայտարարութիւններով։ Մասնաւորապէս՝ զարգացնելով Միւնխէնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկման ժամանակ իր առաջ քաշած այն թեզը, թէ հայկական կողմի համար չկան տարածքներ, այլ կայ անվտանգութիւն, որը չի զիջւում, Նիկոլ Փաշինեանը Հանրայինի եթերում, ըստ էութեան, յայտարարեց, որ «համապատասխան» պայմանների առկայութեան դէպքում այն կարող է եւ զիջւել։ Փաշինեանն ասաց, որ, եթէ Ադրբեջանը հանդէս գայ այդ անվտանգութեանը համարժէք առաջարկներով՝ «մենք կը քննարկենք ժողովրդի հետ»։

Իրականում լեզւական ու հռետորաբանական տեսանկիւնից յաջողւած թւացող այս մանիպուլեատիւ թեզը շատ վտանգաւոր է։ Որովհետեւ Փաշինեանի առաջ քաշած տրամաբանութեամբ՝ ստացւում է, որ, եթէ վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրութեան աջակցութեամբ կամ միջնորդութեամբ ներկայացնի Արցախի անվտանգութեան ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաեւ մտածել՝ անվտանգութիւնը, իմա՝ տարածքները զիջելու մասին։

Իրականում Ադրբեջանը կարող է օգտագործել այս հնարաւորութիւնը, ստանձնել Արցախի անվտանգութեան ապահովման ինչ-որ պարտաւորութիւններ, ասենք՝ 2 կամ 5 շրջանի վերադարձի դիմաց։ Այդ անվտանգութիւնը կարող է նաեւ ապահովւել որոշակի ժամանակ, մինչեւ գործարքի աւարտը, որից յետոյ Ադրբեջանի ձեռքերը կարող են ազատւել, եւ այն որեւէ պատրւակով կարող է վերադառնալ Արցախի անվտանգութեանը սպառնացողի իր կարգավիճակին։ Ու ստացւում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարութիւնը փաստացի յայտարարում է տարածքների զիջման պարտականութեան մասին՝ ոչնչի դիմաց։

Նախկինում, ի դէպ, Հայաստանի ղեկավարութիւնը եւս խօսել է զիջումների, փոխզիջումների պատրաստակամութեան մասին, սակայն միշտ յայտարարւել է դրա պայմանը՝ Արցախի կարգավիճակի ճանաչում։ Աւելին, Սերժ Սարգսեանը մշտապէս կրկնում էր «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտայայտութիւնը, ինչն այս երկու տարիների ընթացքում ոչ մի ամբիոնից եւ ոչ մի ելոյթում Նիկոլ Փաշինեանը չի նշել:

Այսօր Արցախի կարգավիճակի հարցը, կարծես, մղւել է երկրորդական պլան, Նիկոլ Փաշինեանի ու Զոհրաբ Մնացականեանի բառամթերքից ընդհանրապէս անհետացել են «անկախութիւն», «ազգերի ինքնորոշում» եզրերը։ Հիմա առաջին պլան է մղւել անվտանգութիւնը, որի ապահովման ադրբեջանական երաշխիքները կարող են հեղհեղուկ լինել այնքան, որքան մինչեւ այսօր ստանձնած միջազգային պարտաւորութիւնների կատարումը։

Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը մտել այս վտանգաւոր ու անհեռանկար խաղի մէջ, եւ ո՞ւմ էին ուղղւած Հանրային հեռուստաընկերութեանը տւած նրա հարցազրոյցի այդ ուղերձները։ Հաստատ ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ, առաւել եւս, Արցախի հանրութեանը»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։