Հա

Քաղաքական

24/02/2020 - 14:20

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ կառավարութիւնում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութիւնում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող յանձնաժողովի նիստ

Նիստում քննարկւել են աշխարհում եւ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանաւորւած ընթացիկ իրավիճակը եւ Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղութեամբ անելիքները:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ կառավարութիւնում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութիւնում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող յանձնաժողովի նիստ:

Նիստում քննարկւել են աշխարհում եւ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանաւորւած ընթացիկ իրավիճակը եւ Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղութեամբ անելիքները: Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը ներկայացրել է այս պահի դրութեամբ առկայ վիճակագրական տւեալները՝ կորոնավիրուսի տարածւածութեան, հիւանդացութեան եւ մահացութեան վերաբերեալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղութեամբ ձեռնարկւող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացւող վերահսկողութեանը, ՀՀ բժշկական հաստատութիւնների տեխնիկական պատրաստւածութեանը եւ ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր յագեցւածութեանը: Մտքերի փոխանակութեան ընթացքում քննարկւել են հետագայ քայլերը, այդ թւում նաեւ՝ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում կորոնավիրուսի տարածմանն առնչւող իրավիճակով պայմանաւորւած անելիքները: Վարչապետը համապատասխան յանձնարարականներ է տւել շահագրգիռ գերատեսչութիւնների ղեկավարներին:

Ամփոփելով նիստի արդիւնքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նշել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող յանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապւած Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղւած գործողութիւնների հետ, եւ այս քննարկման հրատապութիւնը կապւած է նրա հետ, որ հարւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում արդէն կորոնավիրուսից մահւան դէպքեր ունեն. մահւան 8 դէպք ունեն, եւ մենք պէտք է միջոցներ ձեռնարկենք: Քննարկումների արդիւնքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարութեան որոշմամբ երկշաբաթեայ ժամկէտով կը փակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ: Իհարկէ, կը լինեն բացառութիւններ. բեռնափոխադրումները կիրականացւեն առանց սահմանափակումների, պարզապէս բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացւի յատուկ հսկողութիւն, եւ բեռների տեղափոխման յատուկ կարգ կը գործի: Որեւէ սահմանափակում չի կիրառւի քաղաքացիների վերադարձի վրայ. խօսքը վերաբերում է Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիներին եւ Իրանում գտնւող Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:

Օդային հաղորդակցութեան նկատմամբ կը կիրառւեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կը կայացնենք, եւ երկու շաբաթւայ ընթացքում աւելի սերտ հաղորդակցութեան մէջ կը լինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչների հետ, որպէսզի իրավիճակի աւելի ամբողջական գնահատական ունենանք եւ նաեւ համատեղ որոշենք մեր հետագայ անելիքներն այս ուղղութեամբ:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաեւ, որ որեւէ խուճապի անհրաժեշտութիւն չկայ: Այո, կայ խնդիր, բայց, փառք Աստծոյ, գոնէ մինչ այս պահը Հայաստանի Հանրապետութեանը, մեզ յաջողւել է խուսափել կորոնավիրուսով հիւանդ ունենալուց, եւ յոյս ունենք, որ մեր ձեռնարկւած միջոցների շնորհիւ նաեւ կը կարողանանք պահպանել այս վիճակը: Բայց, այնուամենայնիւ, կարծում եմ, որ մենք պէտք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք այս իրավիճակին, եւ խուճապային տրամադրութիւնների եւ լուրերի տարածումը, իհարկէ, որեւէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում:

Արձանագրենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութիւնը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ունեն այս պահին անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ ախտորոշելու հիւանդութիւնը: Եւ նաեւ արձանագրենք, որ յանձնաժողովը գործում է յունւարի 30-ից, եւ սահմանային հսկողութիւնը խստացւել է դեռեւս դրանից առաջ էլ՝ յունւարի 24-ից: Այնպէս որ, շատ կարեւոր է արձանագրել, որ մենք ոչ թէ Իրանում հիւանդութիւնների դէպքերի արձանագրման ենք արձագանքում, այլ մենք այս պրոցեսը շատ աւելի շուտ ենք սկսել եւ յոյս ունենք, որ մեր աշխատանքի այս մեթոդը հետագայում նոյնպէս կը լինի արդիւնաւէտ:

Այսօր կառավարութիւնը հեռակայ նիստով կը կայացնի որոշում, եւ որոշումն ուժի մէջ կը մտնի այսօրւանից: Իհարկէ, որոշակի ճկունութիւններ կան, ընթացիկ պրոցեսները կառավարելու հնարաւորութիւն պէտք է տրւի, այսինքն՝ 100 տոկոսով սահմանը չի փակւում, այլ, ինչպէս ասացի, արդէն թւարկւած բացառութիւններով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։