Print this page
03/03/2020 - 14:20

Արսէն Թորոսեանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակը

ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակը եւ ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղութեամբ:

«alikonline.ir» - ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակը եւ ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղութեամբ. Yerkir.am-ին յայտնում են նախարարութիւնից:

Նշւում է՝ նորանշանակ դեսպանը ներկայացրել է 2 շաբաթւայ ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դէմ պայքարի ընթացքում: Ըստ դեսպանի` Իրանում բժշկական մեծ թիմ է ձեւաւորւել, որի հիմնական գործառոյթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպէս նաեւ «թէժ գիծն» աշխատում է 24 ժամեայ ռեժիմով:

Աբբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տւեալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց յետոյ 7280 քաղաքացի դիմել է հիւանդանոց, որոնցից 4312-ը թեստաւորւել են: Մինչեւ մարտի 2-ի կէսօրը Իրանում ախտորոշւել է կորոնավիրուսի 1501 դէպք, 291-ը ապաքինւել է: Արձանագրւել է մահւան 66 դէպք:

Քննարկւել է նաեւ նոր կորոնիվիրուսի մասին կեղծ տեղեկատւութեան տարածումը եւ ճշգրիտ տեղեկութեան մատակարարման կարեւորութիւնը: Նախարարն ընդգծել է, ստուգւած տեղեկութիւնները կարեւոր են խուճապային տրամադրութիւնների դէմ պայքարի գործում:

Յաւելւում է նաեւ, որ Արսէն Թորոսեանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին պայմանաւորւել են ուղիղ կապ հաստատել Իրանի առողջապահութեան նախարարի հետ:

Yerkir.am-ն աւելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկւած ու ողջ աշխարհում տարածում գտնող անյայտ տիպի կորոնավիրուսով վարակւածների թիւն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանութիւնները ԱՀԿ-ին տեղեակ էին պահել դեռեւս դեկտեմբերին:

Այս պահի դրութեամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1 հաստատւած դէպք կայ, իսկ հարեւան Իրանում՝ 1.501:

Յարակից լուրեր