Հա

Քաղաքական

10/03/2020 - 10:40

Հայաստանին սպառնացող համաշխարհային կոլապսը. ո՞վ է կրելու պատասխանատւութիւնը

Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսը սպառնում է պատճառ դառնալ համաշխարհային տնտեսական ճգնաժամի: Մասնաւորապէս՝ նաւթի համաշխարհային գների՝ աւելի քան 30%-ով կտրուկ անկումը, որ իր սրընթացութեամբ, փաստօրէն, երկրորդն է 1991 թ. Պարսից ծոցի պատերազմից սկսեալ, մեծամասամբ հետեւանք է Չինաստանի տնտեսութիւնում նաւթի պահանջարկի նւազման. նաւթի շուկայում խոշարագոյն խաղացողներ Սաուդական Արաբիան ու Ռուսաստանն առայժմ չեն կարողանում համաձայնութեան հասնել նաւթի շուկայում հետագայ քայլերի շուրջ:

ԱՐՄԷՆ ԿԱՐԷՅԵԱՆ

 

Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսը սպառնում է պատճառ դառնալ համաշխարհային տնտեսական ճգնաժամի: Մասնաւորապէս՝ նաւթի համաշխարհային գների՝ աւելի քան 30%-ով կտրուկ անկումը, որ իր սրընթացութեամբ, փաստօրէն, երկրորդն է 1991 թ. Պարսից ծոցի պատերազմից սկսեալ (նաւթի Brent տեսակի մէկ բարելի միջազգային գինը հասել է 31 դոլարի եւ, ըստ որոշ կանխաեսումների, կարող է է՛լ աւելի իջնել՝ մօտենալով 20 դոլարի), մեծամասամբ հետեւանք է Չինաստանի տնտեսութիւնում նաւթի պահանջարկի նւազման. նաւթի շուկայում խոշարագոյն խաղացողներ Սաուդական Արաբիան ու Ռուսաստանն առայժմ չեն կարողանում համաձայնութեան հասնել նաւթի շուկայում հետագայ քայլերի շուրջ:

Ինչպէս յայտնի է, համաշխարհային տնտեսութիւնում արձանագրւող վայրիվերումների նկատմամբ յատկապէս գերզգայուն են փոքր եւ զարգացման աւելի ցածր մակարդակ ունեցող պետութիւնները: Ի դէպ՝ նկատենք, որ հանքարդիւնաբերութիւնից էականօրէն կախեալ տնտեսութիւն ունեցող Հայաստանի պարագայում յաւելեալ խնդիր է դառնում, մասնաւորապէս, պղնձի գնի անկումը (նախկին 6200 դոլարի փոխարէն այն այժմ տատանւում է 5600-5800 դոլարի սահմաններում)՝ նկատի ունենալով այն, որ մեր երկրի արտահանման կառուցւածքում պղնձի հանքաքարի ու խտանիւթի արտահանման կշիռը նախորդ տարի մեծացել էր՝ հասնելով մինչեւ 24%-ի: 

Փաշինեանի կողմից «օձի պորտից ջուր խմելու տարի» յայտարարւած 2020 թ. ակնյայտօրէն հեշտերից չի լինելու Հայաստանի համար: Չնայած իշխանութիւնները խօսում են 8-9%-անոց տնտեսական աճ ապահովելու մասին՝ համապատասխան թեզն աւելի համոզիչ դարձնելու համար պարբերաբար յղում անելով ինչ-որ վիճակագրական տւեալների, սակայն միանշանակ է, որ երկրի տնտեսութիւնը կարող է կոլապսի մէջ յայտնւել՝ հէնց միայն պայմանաւորւած Հայաստանի կարեւորագոյն առեւտրային գործընկեր երկրներում խմորւող բացասական պրոցեսներով: Նաւթի գների անկման արդիւնքում արժեզրկւել է, օրինակ, նոյն ռուբլին (1 դոլարի դիմաց 75 ռուբլի, եւ սա այն դէպքում, երբ մարտի 8-ին փոխարժէքը 68.5 ռուբլի էր կազմել): Այլ հաւասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժոյթների նկատմամբ անխուսափելիօրէն ազդելու է հայաստանեան արտադրողների մրցունակութեան վրայ, բացի այդ՝ տնտեսական դժւարութիւնների դէպքում էականօրէն կիջնի ռուսաստանցիների գնողունակութիւնը: Է՛լ չասած տրանսֆերտների ներհոսքի նւազման վտանգի մասին: Կարճ ասած՝ մարտահրաւէրները, որ կարող են ծագել նաւթի համաշխարհային շուկայում խմորւող կոլապսից, իսկապէս հսկայական են, ինչը նշանակում է, որ Հայաստանը պէտք է պատրաստ լինի իրադարձութիւնների զարգացման ցանկացած սցենարի: 

Քանի դեռ աշխարհը փորձում է պատրաստւել լրջագոյն տնտեսական մարտահրաւէրներին, կոնսոլիդացնել ուժերն ու ուղիներ որոնել՝ արդիւնաւէտօրէն հակազդելու կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետեւանքներին, Հայաստանի իշխանութիւնները, փաստօրէն, զբաղւած են «շատ աւելի կարեւոր» գործով՝ Հրայր Թովմասեանին աշխատանքից հեռացնելու նպատակով անցկացւելիք ապրիլեան հանրաքւէի շրջանակներում տարւող քարոզչութեամբ. ընկած դռնեդուռ՝ «հպարտ» բուկլետներ են բաժանում ու փորձում համոզել, որ «Այո»-ից է կախւած լինելու շարքային քաղաքացու ապագան:

Մինչդեռ իրականութիւնն այն է, որ բոլորիս վաղւայ օրն ուղղակիօրէն կախւած է այն հարցի պատասխանից, թէ ինչպիսի տնտեսական առաջընթաց կը կարողանայ գրանցել կառավարութիւնը, կը կարողանա՞յ, արդեօք, պատշաճօրէն դիմագրաւել փորձութեանը: Փաստն այն է, որ շրջափակման յստակ վտանգի առաջ կանգնած Հայաստանն այսօր ուղղակի պատրաստ չէ եւ որեւիցէ մարտահրաւէրի. Հայաստանի տնտեսութիւնը շարունակում է «աճել» ընդերքի ու արւող խաղադրույքների հաշւին՝ տարեցտարի է՛լ աւելի կորցնելով իր ներդրումային գրաւչութիւնը:

Իշխանութիւններն անգամ նորմալ ներդրումային միջավայր չեն կարողանում ստեղծել. մինչ օրս չկայ համապատասխան հայեցակարգային փաստաթուղթ, գրեթէ ոչ մի իրաւական բարեփոխում իրականացւած չէ, չեն կատարելագործւել ներդրողի պաշտպանւածութեան իրաւական հիմքերը: 

Այս ամէնը բաւական չէ, դեռ մի բան էլ իշխանութիւնները հանդէս են գալիս բաւական կասկածելի նախաձեռնութիւններով՝ սկսած, օրինակ, ֆիզիկական անձանց եկամուտների համատարած յայտարարագրման հարցը կրկին օրակարգային դարձնելուց, երբ, փաստօրէն, քաղաքացիները ստիպւած են լինելու յայտարարագրել իրենց եկամուտները եւ հարկ վճարել պետութեանը՝ անկախ ձեռք բերած եկամուտների ծագումնաբանութիւնից, մինչեւ ասենք «գողացւած միլիարդների վերադարձին միտւած» գոյքի բռնագանձում, որը, սակայն, աւելի շատ քաղաքական, քան տնտեսական նպատակայարմարութիւնից յղփացւած գաղափար է: Դէ, իսկ տնտեսութիւնը ՀԴՄ-ներով ոտքի կանգնեցնելու մասին խօսելն առհասարակ աւելորդ ենք համարում: 

Մինչդեռ խնդիրները շատ աւելի հեշտօրէն կը լուծւէին, եթէ երկրում ապահովւէր կայուն, կանխատեսելի միջավայր, երբ ոչ միայն երկրից կապիտալի արտահոսքը կարող էր կանգ առնել, այլեւ էապէս մեծանալ արտաքին ուղղակի ներդրումների թիւը եւ այլն: Հարկաւոր էր յստակ երկարաժամկէտ ռազմավարութիւն մշակել ինչը, սակայն չի արւել՝ նախապատւութիւնը տալով իրավիճակային լուծումներին: 

Վերջին երկու տարիների բացասական տնտեսական հետեւանքը կարող է է՛լ աւելի ցցուն դառնալ յատկապէս համաշխարհային տնտեսութիւնում հնարաւոր ճգնաժամի դէպքում: Միակ բանը, որով այս ընթացքում իշխանութիւնները զբաղւել են, բոլոր հնարաւոր միջոցներով սեփական քաղաքական մրցակիցներին վարկաբեկելն ու ասպարէզից հեռացնելն է, երկրում փաստացի ամբողջատիրական կարգերի հաստատումը, եւ սա այն դէպքում, երբ երկիրն այդ ամէնի համար օբիեկտիւօրէն որեւիցե ռեսուրս ուղղակի չունի: Բռնապետութիւնը գուցէ տանելի է հարուստ երկրների պարագայում, բայց Հայաստանի պէս երկրներում այն կարող է յանգեցնել տոտալ անկման: Նիկոլ Փաշինեանը քաղաքական պատասխանատւութիւն կրո՞ւմ է հետեւանքների համար...

 

Tert.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։