Հա

Քաղաքական

15/03/2020 - 12:40

ՀՀ կառավարութիւնը ձեւաւորելու է կորոնավիրուսի տնտեսական ազդեցութեանը հակազդելու օպերատիւ խումբ

Մարտի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գլխաւորութեամբ կառավարութիւնում տեղի է ունեցել խորհրդակցութիւն Հայաստանի տնտեսութեան վրայ կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած բացասական հետեւանքների հակազդման քաղաքականութեան փաթեթի մշակման վերաբերեալ։

«aikonline.ir» - Մարտի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գլխաւորութեամբ կառավարութիւնում տեղի է ունեցել խորհրդակցութիւն Հայաստանի տնտեսութեան վրայ կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած բացասական հետեւանքների հակազդման քաղաքականութեան փաթեթի մշակման վերաբերեալ։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենեակից:

ՀՀ փոխվարչապետը ասել է․

«Ինչպէս գիտէք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կեանքերին ու առողջութեանը վնաս հասցնելուց, նաեւ էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսութեանը, ինչպէս նաեւ ամէն առանձին երկրում որոշակի խնդիրներ եւ բացասական երեւոյթներ առաջանում են: Եւ, մասնաւորապէս, Հայաստանում դա շատ տեսանելի է զբօսաշրջութեան ոլորտում, որը բնական է:

Այսօր մենք կը քննարկենք այն առաջարկները, որոնք ձեւաւորւել են տարբեր գերատեսչութիւնների կողմից: Կարծում եմ շատ կարճ ժամկէտներում կամբողջականացնենք գործողութիւնների ծրագիր, որը մեզ հնարաւորութիւն կը տայ որոշ չափով կանխարգելելու եւ մեղմելու հետեւանքները, ինչպէս նաեւ հեռանկարում որոշակի հնարաւորութիւններ ստեղծելու:

Բայց սոցիալ-տնտեսական հարցերից զատ, կուզնայի նաեւ ներկաներին տեղեկացնել այն աշխատանքների վերաբերեալ, որոնք իրականացւում են, կարելի է ասել, 24-ժամեայ ռեժիմով։ Բոլորդ արդէն տեղեկացել էք նոր յայտնաբերւած դէպքերի վերաբերեալ եւ այդ դէպքերը հիմնականում կրկին այն շրջանակից են, որոնք գտնւել են կարանտինի մէջ եւ յայտնի նշանդրեքի մասնակիցներ են։

Ձեւաւորում է մէկ ընդհանուր շտաբ Առողջապահութեան նախարարութեան, ուժային կառոյցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցութեամբ, որը զբաղւում է որոնողական աշխատանքներով եւ այս պահի դրութեամբ բաւականին արդիւնաւէտ այդ աշխատանքները իրականցւում են։ Մեր գրասենեակը, Առողջապահութեան նախարարութիւնը ու Արտաքին գործերի նախարարութիւնը կրկին ամենօրեայ ռեժիմով աշխատանքի մէջ են լինելու»։

Խորհրդակցութեան ընթացքում քննարկւել են Հայաստանի տնտեսութեան վրայ պոտենցիալ ազդեցութիւնները հնարաւորինս ամբողջական ծաւալով բացայայտելուն եւ գնահատելուն ուղղւած աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարւել իրադարձութիւնների զարգացման տարբեր սցենարներից կախւած՝ կարճաժամկէտ ու միջնաժամկէտ կտրւածքով սոցիալ-տնտեսական խթաններին ու գործիքներին։ Մասնակիցները ներկայացրել են նախնական առաջարկութիւններ, եւ որոշւել է, որ փոխվարչապետի գրասենեակի ներքոյ կը ձեւաւորւի տնտեսական օպերատիւ խումբ՝ ամենօրեայ ռեժիմով աշխատանքները շարունակելու եւ գործողութիւնների միասնական փաթեթ ներկայացնելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։