Հա

Քաղաքական

16/03/2020 - 16:00

ՀՀ կառավարութեան որոշումը ՀՀ-ում արտակարգ դրութիւն յայտարարելու մասին

Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում 2020 թւականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչեւ 2020 թւականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառեալ՝ ժամկէտով յայտարարել արտակարգ դրութիւն:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշումը Հայաստանի Հանրապետութիւնում արտակարգ դրութիւն յայտարարելու մասին

 

Հաշւի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետութիւնում նոր կորոնավիրուսային հիւանդութեան (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դէպքերը եւ այդ վարակը Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավարի` 2020 թւականի մարտի 13-ի յայտարարութեամբ որպէս պանդեմիա որակելու հանգամանքը,

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետութիւնում, առաւելապէս` Հայաստանի Հանրապետութեան Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետեւանքով համաճարակային իրադրութիւնը` որպէս համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչութեան կեանքին եւ առողջութեանը եւ կարող է յանգեցնել անձանց կենսագործունէութեան բնականոն պայմանների խախտման,

ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կեանքի եւ առողջութեան ապահովման գերակայութեան սկզբունքից, ինչպէս նաեւ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրութեան պայմաններում բնակչութեան պաշտպանութեան, բնակչութեան առողջութեան պահպանման եւ առողջական վիճակի բարելաւման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային յատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու եւ վերացնելու յատուկ պայմաններ եւ ռեժիմ սահմանելու, ինչպէս նաեւ բնակչութեան պաշտպանութեան կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիւ, արդիւնաւէտ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտութիւնից,

հաշւի առնելով, որ վարակի տարածմանը էականօրէն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թւում` վարակւած բնակչութեան բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետութեան տարածքում անձանց ազատ տեղաշարժւելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու եւ համապատասխան ախտանիշների առկայութեան դէպքում բժշկական զննութիւն չանցնելու հանգամանքները,

հիմք ընդունելով այն, որ Սահմանադրութեան 120-րդ յօդւածը Կառավարութեանը լիազօրում է թոյլ է տալիս երկրում արտակարգ դրութիւն յայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դէպքում եւ այն, որ վարակի տարածումը զանգւածաբար սպառնում է մարդկանց կեանքին ու առողջութեանը, եւ նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրութեան յօդւած 1-ով սահմանւած սոցիալական պետութեան բաղադրիչը եւ, հաշւի առնելով Սահմանադրութեան յօդւած 3-ով սահմանւած` մարդու` որպէս բարձրագոյն արժէք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետութեանը պարտաւորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կեանքի ու առողջութեան պաշտպանութեան համար,

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների եւ դրանով վարակւած անձանց թւի աւելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների եւ միջոցառումների իրականացումը եւ դրանց արդիւնքում անձանց կեանքի եւ առողջութեան պաշտպանութիւնը հնարաւոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ երաշխաւորւած` մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների սահմանափակման, մասնաւորապէս՝ անձնական ազատութեան (յօդւած 27), ազատ տեղաշարժւելու իրաւունքի (յօդւած 40), հաւաքների ազատութեան (յօդւած 44), սեփականութեան իրաւունքի (յօդւած 60) եւ արտակարգ դրութեան ժամանակ Սահմանադրութեամբ սահմանափակման ենթակայ այլ իրաւունքները եւ ազատութիւնները` իրավիճակի պահանջով եւ օրէնքով սահմանւած կարգով ժամանակաւորապէս կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

եւ ղեկավարւելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 76-րդ յօդւածով, 120-րդ յօդւածի 1-ին մասով եւ «Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի մասին» օրէնքի 1-ին, 3-րդ եւ 4-րդ յօդւածներով` 8-րդ յօդւածը լրացնել

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը

որոշում է.

Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում 2020 թւականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչեւ 2020 թւականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառեալ՝ ժամկէտով յայտարարել արտակարգ դրութիւն:

Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Աւինեանին (այսուհետ` Պարետ):

Պարետատան կազմում ընդգրկւում են Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետութեան արտակարգ իրավիճակների, առողջապահութեան, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարները, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան պետը, Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենեակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետութեան Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Սննդամթերքի անվտանգութեան տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:

Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը եւ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գրասենեակը:

Պարետի հրաւէրով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական եւ ինքնավար մարմինների, կազմակերպութիւնների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարութեանը ենթակայ մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետութեան մարզպետները, համայնքների ղեկավարները:

Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների, ինչպէս նաեւ արտակարգ դրութեան իրաւական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործւող ոստիկանութեան, ազգային անվտանգութեան ղեկավարների եւ ներկայացուցիչների համար։

Սահմանել արտակարգ դրութեան ժամանակ կիրառւող միջոցառումները եւ իրաւունքների ու ազատութիւնների ժամանակաւոր սահմանափակումները, արտակարգ դրութեան իրաւական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի գործադրման շրջանակները` համաձայն յաւելւած N1-ի:

Սահմանել, որ արտակարգ դրութեան շրջանակներում կիրառւող միջոցառումները եւ իրաւունքների ու ազատութիւնների ժամանակաւոր սահմանափակումները, հաշւի առնելով համաչափութեան սկզբունքը, կիրառւում են Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշւած տարածքների սահմաններում: Արտակարգ դրութեան շրջանակներում կիրառւող միջոցառումների իրականացման եւ իրաւունքների ու ազատութիւնների ժամանակաւոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրաււել արտակարգ դրութեան իրաւական ռեժիմն ապահովող` ոստիկանութեան, ազգային անվտանգութեան պետական լիազօր մարմինների ուժերն ու միջոցները։

Սոյն որոշումն ուժի մէջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆԵԱՆ

 

 

Յաւելւած

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան

2020 թ. մարտի 16-ի որոշման

2020 թւականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետութիւնում արտակարգ դրութեան ժամանակ կիրառւող միջոցառումները, իրաւունքների ու ազատութիւնների ժամանակաւոր սահմանափակումները, արտակարգ դրութեան իրաւական ռեժիմն ապահովող միջոցները

 

I ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՒԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԵՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ (ՏԵՂԱՇԱՐժՄԱՆ ՅԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ), ԶՆՆՈՒՄՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանի բոլոր անցակէտերում (այսուհետ` անցակէտ) սահմանւում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գոյքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնւելու եւ տեղաշարժւելու յատուկ կարգ` սոյն յաւելւածի համաձայն:

2. Անցակէտով թոյլատրւում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետութեան տարածք: Անցակէտով արգելւում է այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետութեան տարածք, որոնք Հայաստանի Հանրապետութեան տարածք են մուտք գործում Առողջապահութեան նախարարի հրահանգով սահմանւած համաճարակաբանական լարւած իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառւած երկրներից (տարածքներից), բացառութեամբ` 1) դիւանագիտական ներկայացուցչութիւնների, հիւպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների. 2) այն դէպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշւի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրութեան իրավիճակը, թոյլատրւում է սոյն կէտով նախատեսւած երկրների (տարածքների) ցանկում ներառւած երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը. 3) պարետի որոշմամբ` այլ առանձնայատուկ դէպքերի:

3. Ցամաքային սահմանի անցակէտով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների ելքը արգելւում է, եթէ այլ բան նախատեսւած չէ սոյն յաւելւածով:

4. Սոյն գլխի 2-րդ եւ 3-րդ կէտերով նախատեսւած սահմանափակումները չեն տարածւում այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրութիւն յայտարարելու պահին վերադառնում են Հայաստանի Հանրապետութիւն, նրանց Հայաստանի Հանրապետութեան տարածք մինչեւ 17.03.2020 թ․ մուտք գործելու պայմանով:

5. Անցակէտով անձանց՝ Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործելուց յետոյ անյապաղ կատարւում է յատուկ զննութիւն վարակի ախտանիշների բացայայտման նպատակով, ախտանիշների առկայութեան դէպքում իրականացւում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակէտով անձանց՝ Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործելուց յետոյ բժշկական զննութիւն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) եւ (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարւելու դէպքում անձինք կարող են ժամանակաւորապէս մեկուսացւել պարետի կողմից սահմանւած համապատասխան վայրերում` հետազօտման, բուժման եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

6. Առողջապահութեան նախարարի հրահանգով սահմանւած` համաճարակաբանական լարւած իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պէտք է եղափոխւեն յատուկ նախատեսւած կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգւել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիւանդի կամ հիւանդի հետ շփւած անձանց (կոնտակտաւորների) առանձնացումն է իր մշտական բնակութեան կամ իր նախընտրութեամբ մէկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

7. Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետութեան համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառւել հետեւեալ սահմանափակումները` 1) համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու յատուկ ռեժիմ` բացառութեամբ առաջին անհրաժեշտութեան ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դէպքերի, ինչպէս նաեւ պարետի ցուցումով` արտակարգ դրութիւն յայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտութիւնից ելնելով կատարւող մուտքերի եւ ելքերի. 2) անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակութեան կամ գտնւելու վայրում կամ իրենց նախընտրութեամբ` մէկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմաւորում, եւ նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողութեան իրականացում. 3) սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակութեան կամ գտնւելու վայրում. 4) անձանց մօտ վարակի առկայութեան կասկածի կամ դրա յայտնաբերման դէպքում անձանց տեղափոխում յատուկ նախատեսւած կարանտինային վայրեր կամ բժշկական օգնութիւն եւ սպասարկում իրականացնող կազմակերպութիւններ. 5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի եւ ելքի արգելք:

8. Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու յատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` Ոստիկանութիւն), Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան, արտակարգ իրավիճակների նախարարութիւնների, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգութեան տեսչական մարմնի, մարզպետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:

9. Յատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրւել յատուկ անցակէտեր եւ զննման կէտեր: Անցակէտերում եւ զննման կէտերում բժշկական հսկողութիւնն ու զննութիւնը կարող են իրականացւել բժշկական օգնութիւն եւ սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգութեան տեսչական մարմնի եւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակէտերում եւ զննման կէտերում անվտանգութեան եւ ռեժիմի պահպանութիւնն ապահովում է Ոստիկանութիւնը:

II. ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

10. Ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց գոյքը, ներառեալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանւած դէպքերում եւ կարգով կարող են օգտագործւել արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրաւունք ունեն ստանալու համարժէք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան սահմանած կարգով:

III. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԶՕՐԱՄԱՍԵՐՈՒՄ

11. Քրէակատարողական հիմնարկներում եւ ձերբակալւածներին պահելու վայրերում արգելւում են` 1) յանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը. 2) տեսակցութիւններ ունենալը (բացառութեամբ տեսազանգից օգտւելու դէպքերի). 3) կրօնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը:

12. Քրէակատարողական հիմնարկներում եւ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան զօրամասերում քրէակատարողական հիմնարկի առաջարկութեամբ եւ պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակւել կամ արգելւել` 1) զբօսանքները. 2) քրէակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում եւ դրանից դուրս գտնւելը (այդ թւում՝ կարճաժամկէտ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժւելը. 3) կալանաւորւած անձանց եւ դատապարտեալների կրթութիւն ստանալու իրաւունքը. 4) կալանաւորւած անձանց եւ դատապարտեալների աշխատանքով զբաղւելը. 5) շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը. 6) պարետի ցուցումով` այլ գործունէութիւն:

13. Տարեցներին սոցիալական ծառայութիւններ տրամադրող, երեխաների խնամք եւ պաշտպանութիւն իրականացնող հաստատութիւններում եւ հոգեբուժական կազմակերպութիւններում արգելւում է` 1) յանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը. 2) տեսակցութիւններ ունենալը (բացառութեամբ տեսազանգից օգտւելու դէպքերի).

14. Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան զօրամասերում արգելւում են` 1) յանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը. 2) տեսակցութիւններ ունենալը (բացառութեամբ տեսազանգից օգտւելու դէպքերի). 3) շարքային եւ կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը. 4) պարետի ցուցումով` այլ գործունէութիւն:

15. Սոյն գլխի 11-13-րդ կէտերով սահմանւած սահմանափակումները չեն տարածւում օրէնսդրութեամբ սահմանւած իրենց լիազօրութիւնների եւ գործառոյթների իրականացման կապակցութեամբ իրաւասու անձանց եւ մարմինների, ներառեալ, բայց չսահմանափակւելով` Մարդու իրաւունքների պաշտպանի եւ նրա իրաւասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետութեան ազգային ժողովի պատգամաւորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարւող այցելութիւնների նկատմամբ:

IV. ՀԱՒԱՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՒ ԱՐԳԵԼՔՆԵՐ

16. Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում արգելւում է հաւաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը:

17. Հայաստանի Հանրապետութեան տարածքում արգելւում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցութիւնը: Սոյն կէտի իմաստով հանրային միջոցառումներ են 20 եւ աւելի անձանց մասնակցութեամբ անցկացւող հետեւեալ միջոցառումները. 1) կրօնական, ծիսական միջոցառումները. 2) համերգները, ցուցահանդէսները, ցուցադրութիւնները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները. 3) ժամանցային միջոցառումները. 4) տօնական եւ յիշատակի միջոցառումները, ներառեալ, բայց չսահմանափակւելով` ծննդեան (տարեդարձի), հարսանեաց (նշանադրութեան), թաղման միջոցառումները. 5) պարետի ցուցումով որպէս հանրային միջոցառում որակւած այլ միջոցառումներ:

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

18. Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան եւ Էկոնոմիկայի նախարարների կողմից որոշւած ապրանքների ցանկում ներառւած ապրանքների, ներառեալ՝ դեղերի փոխադրումը Հայաստանի Հանրապետութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւնից դուրս, այդ թւում` ԵԱՏՄ երկրներ, թոյլատրւում է Պետական եկամուտների կոմիտէի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան եւ Էկոնոմիկայի նախարարների նախարարութեան գրաւոր համաձայնութիւնը փոխադրման ենթակայ ապրանքատեսակների եւ դրանց չափաքանակների վերաբերեալ։

19. Հայաստանի Հանրապետութեան սահմանով ցամաքային եւ օդային հաղորդակցութեան այլ սահմանափակումները կարող են կիրառւել պարետի որոշմամբ:

VI. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՒ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

20. Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելւում է հանրային սննդի օբիեկտների, առեւտրի եւ զւարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունէութիւնը:

21. Արտակարգ դրութեան ողջ ընթացքում դադարեցւում է պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թւում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններումներում, արտադպրոցական դաստիարակութիւն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արւեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակութիւն իրականացնող այլ կազմակերպութիւններ) կազմակերպութիւններում, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում գործող միջազգային ուսումնական հաստատութիւններում ուսումնական գործընթացը, բացառութեամբ այն ուսումնական հաստատութիւնների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարաւորութեան:

22. Բժշկական օգնութեան եւ սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերութիւնները (անկախ սեփականութեան ձեւից) բժշկական օգնութիւնը եւ սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան ցուցումները:

VII. ԶԱՆԳՒԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՒՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐ

23. Հայաստանի Հանրապետութիւնում, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքներից դուրս վարակման առկայ եւ նոր դէպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբիւրների, առկայ կամ հնարաւոր վարակակիր անձանց հետ շփւած այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստաւորում) անցնող անձանց եւ մեկուսացւածների քանակի, ինչպէս նաեւ խուճապի յանգեցնող կամ խուճապային իրադրութիւն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկութիւնների վերաբերեալ հրապարակումների, տեղեկատւական նիւթերի, հարցազրոյցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառեալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց, այդ թւում` զանգւածային լրատւութեան միջոցների կողմից կատարւում է միայն պարետատան կողմից տրամադրւած տեղեկատւութեանը (այսուհետ` պաշտօնական տեղեկատւութիւն) յղում կատարելով:

24. Սոյն կարգի 23-րդ կէտերով սահմանւած հաղորդումները չպէտք է հակասեն պաշտօնական տեղեկատւութեանը եւ պէտք են հնարաւորինս վերարտադրեն այն:

25. Սոյն գլխով սահմանւած սահմանափակումները չեն կիրառւում պետական պաշտօնատար անձանց կողմից կատարւած հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարւած յղումների նկատմամբ:

26. Սոյն գլխով սահմանւած դրոյթների խախտմամբ կատարւած հաղորդումները ենթակայ են անյապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։