Հա

Քաղաքական

26/03/2020 - 09:30

«Ինչպէս վարչապետը «օրւայ կուրսով» մոռացաւ օրավարձով աշխատողներին ու լքեց իր «դուխով» ընտրազանգւածին». Անդրանիկ Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

««Օրավարձով աշխատանք» ձեւակերպումը գործնականում նշանակում է հետեւեալը՝ մարդը վարձատրւում է տւեալ օրւայ աշխատանքի համար։ Եթէ այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենայ, իսկ եթէ չի աշխատում, ապա չի ունենայ։

«Օրավարձով աշխատողի» «յօդւածի» տակ են ընկնում տաքսիստները, գեղեցկութեան սրահի աշխատակիցները, հաւաքարարները, սննդի օբիեկտների մատուցողները, ռեստորանների սրահի մենեջերները, փոքրիկ սննդի կետերում աշխատողները, հացթուխները, որոշ փոքր խանութների վաճառողները եւ այլն։

2018-ի ապրիլ-մայիսին յատկապէս այս շերտն էր դարձել յեղափոխութեան/իշխանափոխութեան հիմնական պահանջատէրը եւ պասիոնար հատւածը։ Փաշինեանը նաեւ այս շերտին (առանձնայատուկ՝ տաքսիստներին) սիրաշահելով էր վարկանիշ հաւաքում, իսկ իշխանութեան գալուց յետոյ «ջրեց» արագաչափերով ու տեսախցիկներով գրանցւած տուգանքները՝ դրսեւորելով ծայրայեղ պոպուլիզմ։

Հիմա վարչապետը յայտարարում է, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող գոյութիւն չունի՝ հարցը միտումնավոր տեղափոխելով գրանցւածների ու չգրանցւածների դաշտ (իրականութիւնն այն է, որ գրանցւածների ու չգրանցւածների համար հիմա հաւասարապէս վատ է)։ Նա այդպէս է անում, որպէսզի խուսափի այն ուղիղ հարցից, թէ ինչպէ՞ս պէտք է ապրեն եւ իրենց պարտաւորութիւնները կատարեն այն մադիկ, ովքեր յայտնի պատճառներով (նախեւառաջ՝ իշխանութեան կողմից կորոնավիրուսի տարածման վտանգն անտեսելու պատճառով) հիմա չեն կարող աշխատել եւ իրենց օրական գումարը ստանալ։

Եթէ վարսաւիրն աշխատանքի չգնաց, այդ օրւայ փողը չի ունենայ, տաքսիստը չքշեց, այդ օրւայ փողը չի ունենայ եւ այլն։ Փաշինեանն այս խնդրին լրիւ ուրիշ ռակուրսով է անդրադառնում, որպէսզի լղոզի թեման եւ ուրիշ հարթութիւն տանի։ Փաշինեանն այս մարդկանց փաստացի ասում է՝ «Ձեր պրոբլեմն է, սիրելի հպարտ քաղաքացիներ»։

Եթէ Փաշինեանը յայտարարում է, որ մեզ մօտ օրավարձով աշխատող չկայ, ապա նա կա՛մ չի տիրապետում այդ ոլորտին, կա՛մ ստում է։ Երկու դէպքում էլ վատ է։

Վարչապետը շատ լաւ գիտի, որ կորոնավիրուսի հետ կապւած ներկայ վիճակի թիւ մյկ պատասխանատուն ինքն է, քանզի «կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում իրեն հաւատացողների գլխների տակ փափուկ բարձ է դրել ու քարոզի տարել։ Մինչդեռ պէտք էին կանխարգելիչ միջոցառումներ հարեւան Իրանից ստացւող առաջին իսկ մտահոգիչ տեղեկութիւններից յետոյ։ 

Փաշինեանն ատելութեան քարոզը եւ սեփական իշխանութեան ընդլայնմանը միտւած հանրաքւէն գերադասեց կորոնավիրուսի տարածման դէմ համալիր ծրագիր անելուց։ Նա վարակի դէմ գործին կպաւ, երբ բանը բանից անցել էր։

Ճակատագրի հեգնանքով՝ այս կառավարութեան անգործութեան եւ սխալ քայլերի թիւ մէկ տուժողը դառնում է բիզնեսի եւ աշխատուժի այն շերտը, որը երկու տարի առաջ փռւել էր Փաշինեանի ոտքերի տակ՝ կեանքի բարելաւման յոյսով։ Այսօր Փաշինեանը նրանց թողնում է բախտի քմահաճոյքին։

Յեղափոխութիւնը նախ «քցում» է իր զաւակներին, ապա նոր միայն խժռում նրանցից ամենահաւասարներին՝ հասցնելով «գիլեոտինի» բարձունքին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։