Հա

Քաղաքական

01/04/2020 - 11:30

«Իսկ այն ժամանակ մարդկանց առողջութիւնը եւ անվտանգութիւնը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ». Չալաբեանը՝ իշխանութիւններին

Մարտի 31-ի ուշ երեկոյեան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութեան ուժերով արտահերթ նիստ գումարեց, որում այն կարողացաւ ի վերջոյ ընդունել «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԵԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրէնքի խիստ վիճայարոյց նախագիծը։

«alikonline.ir» - Մարտի 31-ի ուշ երեկոյեան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութեան ուժերով արտահերթ նիստ գումարեց, որում այն կարողացաւ ի վերջոյ ընդունել «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԵԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրէնքի խիստ վիճայարոյց նախագիծը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Այս օրէնքին արդէն անդրադարձել եմ, ու շարունակում եմ կարծել, որ նրա ընդունումը հիմնաւորւած չէր, եւ որեւէ շօշափելի դրական արդիւնք չի տալու, փոխարէնը անհիմն սահմանափակելով մեր իրաւունքները։ Մինչ նախագծի ընդունումը սակայն, տեղի ունեցան մի շարք ուշագրաւ ելոյթներ։ Ուշադիր հետեւելով դրանց՝ ես իշխող մեծամասնութեան հարգարժան ներկայացուցիչներին կուզէի մի քանի հարց տալ.

Ա) Համարեա բոլոր ելոյթներում հնչում էր այն միտքը, որ իշխող մեծամասնութիւնը գործում է զուտ մարդկանց առողջութեան եւ կեանքի անվտանգութիւնից ելնելով, եւ պէտք չի նրա գործողութիւններում այլ ենթատեքստ փնտրել։ Սակայն իրականութիւնը այն է, որ վարակման առաջին դէպքը Հայաստանում յայտնի է դարձել դեռեւս մարտի 1-ին, տասնեակ մարդիկ են մեկուսացւել Ծաղկաձորում, այդ նոյն ընթացքում համավարակը արդէն մեծ քանակութեամբ զոհեր էր տանում Չինաստանում եւ Իտալիայում, սակայն իշխող ուժը յամառօրէն դեռ երկու շաբաթ շարունակւում էր հանրաքւէի քարոզարշաւը, ի հեճուկս բազմաթիւ կոչերի (ներառեալ իմ կողմից)՝ այն դադարեցնել եւ լրացուցիչ վտանգներ չստեղծել մարդկանց առողջութեան համար։

Հարց՝ իսկ այն ժամանակ մարդկանց առողջութիւնը եւ անվտանգութիւնը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ, ինչո՞ւ էիք շարունակում յամառել, թէեւ իրավիճակը աշխարհում արդէն սպառանալից էր դառնում։

Բ) Հայաստանում արտակարգ դրութիւն հաստատւեց մարտի 16-ին։ Այդ պահի դրութեամբ երկրում կար պաշտօնապէս 45 վարակւած։ Երէկւայ դրութեամբ, 15 օր անց, կար պաշտօնապէս 532 վարակւած, աճը՝ 12 անգամ։ Նոյն ընթացքում, հարեւան Վրաստանում վարակւածների թիւը հասել ընդամենը 110 մարդու, Հայաստանից 5 անգամ պակաս։ Դուք ունէիք այս ընթացքում արտակարգ դրութեամբ պայմանաւորւած, ընդարձակ գործիքակազմ՝ սահմանափակելու մարդկանց տեղաշարժը, մեկուսացնելու վարակակիրներին, սակայն վարակը այնուամենայնիւ սրընթաց տարածւեց։

Հարց՝ կարող էք բացատրել, թէ ի՞նչը խանգարեց ձեզ հաստատւած արտակարգ դրութեան պայմաններում սահմանափակելու վարակի սրընթաց տարածումը, եւ ո՞վ է դրա համար մինչ այժմ պատասխանատւութիւն կրել։

Գ) Այս պահի դրութեամբ, Հայաստանում իրականացւած է 3000-ից էլ պակաս թեստ, այն դէպքում, երբ հարեւան երկրները օրական հազարաւոր եւ տասնեակ հազարաւոր թեստեր են իրականացնում: Արագ թեստերը արժեն ընդամենը հատը 2000-3000 դրամ, դրանց վրայ ընդհանուր ծախսը անհամեմատելի է վարակի տւած վնասների հետ։ Հարց՝ ի՞նչն էր ձեզ խանգարում կարգով աւելի շատ թեստեր իրականացնել մինչեւ հիմա, եւ դրանով յայտանշել եւ սահմանափակել պոտենցիալ վարակակիրներ շրջանակը։ Համոզւա՞ծ էք, որ առանց թեստաւորման մարդկանց տեղաշարժը սահմանափակելն աւելի արդիւնաւէտ է, քան թեստաւորումը։

Դ) Եւ վերջապէս՝ տարբեր ելոյթներում բազմիցս հնչեց այն միտքը, որ վարակի արագ տարածման պատճառը մեր ժողովրդի ցածր ինքնագիտակցութիւնն է եւ անպատասխանատու վերաբերմունքը։ Yandex ընկերութեան կողմից կատարւած հետազօտութիւնը սակայն ցոյց է տալիս (յղումը ստորեւ), որ ԱՊՀ բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ գործում է այդ ընկերութիւնը, Երեւանն ունի ինքնամեկուսացման ամենաբարձր գործակիցը, որը ինքնին արդէն կասկածի տակ է դնում այդ պնդումը։

Տառացիօրէն մէկ ամիս առաջ, նոյն պատգամաւորները սակայն պնդում էին, որ մեր երկրում ժողովրդի կամքը բարձրագոյն արժէք է, եւ նրա խօսքը պէտք է օրէնք լինի բոլորի համար։ Հարց՝ ինչ է փոխւել այդ մէկ ամսւայ ընթացքում, ինչու է յանկարծ այն ժողովուրդը, որի խօսքը պէտք է օրէնք լինէր ձեր համար, դարձել անգիտակից եւ անպատասխանատու։ Իսկ գուցէ ժողովուրդը նոյն ժողովուրդն է, պարզապէս դուք արտակարգ իրավիճակի պայմաններում սկսել էք խուճապի մատնւել, եւ փորձում էք հիմա էլ պատասխանատւութիւնը արդէն ժողովրդի վրա՞յ բարդել։

Ես արտակարգ դրութեան առաջին օրւանից ողջունել եմ այն՝ այն յոյսով, որ դա թոյլ կը տայ կանխել վարակի արագ տարածումը, եւ մեղմել հանրային առողջութեան եւ տնտեսութեան վրայ բացասական ազդեցութիւնը, որն արդէն մի շարք այլ երկրներում սկսել է ազգային աղէտի վերացւել։

Ես անկեղծ յոյս ունեմ, որ մենք այդպիսի զարգացումներից կը կարողանաք մեր երկրում խուսափել, եւ առաջիկայում կայունացնել համաճարակային իրավիճակը Հայաստանում։ Սա սակայն իշխանութիւնից շատ աւելի պատասխանատու գործելաոճ է ակնկալում՝ ներառեալ սեփական սխալներն ընդունելու եւ վերլուծելու կարողութիւն, մշտական երկխօսութիւն բնակչութեան տարբեր շերտերի, եւ համագործակցութիւն երկրի բոլոր կարող ուժերի հետ՝ իրենից դուրս պարբերաբար մեղաւորներ փնտրելու փոխարէն։ Մինչ այդ, բոլորիս առողջութիւն, զգօնութիւն եւ համբերութիւն եմ ցանկանում, այս դժւար վիճակից դուրս գալու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։