Հա

Քաղաքական

01/04/2020 - 17:00

Արցախի խորհրդարանում ներկայացւած կը լինի 5 քաղաքական ուժ. ԿԸՅ-ն ներկայացրեց նախնական արդիւնքները

Արցախի Հանրապետութեան նորընտիր Ազգային ժողովում ներկայացւած կը լինի 5 քաղաքական ուժ։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրաւիրւած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նորընտիր Ազգային ժողովում ներկայացւած կը լինի 5 քաղաքական ուժ։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրաւիրւած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը։ 

«Կուսակցութիւնների դէպքում խորհրդարան է անցնում 5%-ի շեմը յաղթահարած քաղաքական ուժը, կուսակցութիւնների դաշինքի դէպքում` 7%-ի շեմը յաղթահարած ուժը։ Այսպիսով` Արցախի Հանրապետութեան ԱԺ-ում ներկայացւած կը լինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցութիւնների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցութիւնը, Արցախի «Արդարութիւն» կուսակցութիւնը, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւնը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնը։ Մանդատների բաշխման վերաբերեալ տւեալները հրապարակւելու են 7 օր յետոյ»,- ասաց Արզումանեանը։

ԿԸՅ նախագահը ներկայացրեց իւրաքանչիւր քաղաքական ուժի ստացած կողմ ձայները թւային եւ տոկոսային ցուցանիշներով։
  1.  «Ազգային վերածնունդ» կուսակցութիւն - 2360 կողմ ձայն կամ 3.2%
  2. «Միասնական հայրենիք» կուսակցութիւն - 17365 կողմ ձայն կամ 23.63%
  3. «Անկախութեան սերունդ» կուսակցութիւն - 656 կողմ ձայն 0.9%
  4. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն - 4717 կողմ ձայն կամ 6.4%
  5. Արցախի յեղափոխական կուսակցութիւն - 1660 կողմ ձայն կամ 2.26%
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցութիւնների դաշինք - 29688 կողմ ձայն կամ 40.4%
  7. Արցախի «Արդարութիւն» կուսակցութիւն - 5865 կողմ ձայն կամ 7.9%
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն - 4269 կողմ ձայն կամ 5.81%
  9. «Միացեալ Հայաստան» կուսակցութիւն - 958 կողմ ձայն կամ 1.3%
  10. Արցախի պահպանողական կուսակցութիւն - 2108 կողմ ձայն կամ 2.87%
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցութիւն - 480 կողմ ձայն կամ 0.65%
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցութիւնների դաշինք - 3305 կողմ ձայն կամ 4.5%

Անվաւեր է ճանաչւել 2418 քւէաթերթիկ կամ ընդհանուր թւի 2.3%-ը

Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական համապետական ընտրութիւններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների 72.7%-ը։

Արցախում նախագահի պաշտօնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք էին` Քրիստին Բալայեանը, Վիտալի Բալասանեանը, Սերգէյ Ամիրեանը, Դաւիթ Բաբայեանը, Բելլա Լալայեանը, Արայիկ Յարութիւնեանը, Հայկ Խանումեանը, Դաւիթ Իշխանեանը, Վահան Բադասեանը, Մասիս Մայիլեանը, Աշոտ Ղուլեանը, Ռուսլան Իսրայէլեանը, Աշոտ Դադայեանը եւ Մելսիկ Պօղոսեանը։

Նախագահական ընտրութիւնները տեղափոխւեցին երկրորդ փուլ։ Առաւելագոյն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը եւ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։