Հա

Քաղաքական

02/04/2020 - 11:00

Արցախեան ընտրութիւններ` կորոնավիրուսի ֆոնին. ո՞ւմից է կախւած երկրորդ փուլի արդիւնքը

Արցախում ընտրութիւնները բարդ ժամանակաշրջանում են անցնում՝ հաշւի առնելով կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանում յայտարարւած արտակարգ դրութեան ռեժիմը։ Փորձագէտ Սերգէյ Մարկեդոնովը վերլուծում է Արցախի քաղաքական օրակարգը։ 

«alikonline.ir» - Արցախում ընտրութիւնները բարդ ժամանակաշրջանում են անցնում՝ հաշւի առնելով կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանում յայտարարւած արտակարգ դրութեան ռեժիմը։ Փորձագէտ Սերգէյ Մարկեդոնովը վերլուծում է Արցախի քաղաքական օրակարգը։ Գրում է Sputnik Արմենիան:

 

Համավարակի ֆոնին անցկացւած ընտրութիւններ

Կորոնավիրուսի համավարակի ու դրա դէմ պայքարի թեման այսօր գրեթէ մոնոպոլիզացրել է տեղեկատւական դաշտը։ Կորոնավիրուսը սանիտարահամաճարակային մարտահրաւէրից հետզհետէ վերածւել է հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական գործօնի։

Հիւանդութեան տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրութեան ռեժիմ է յայտարարւել։ Ապրիլի 5-ին նախանշւած սահմանադրական հանրաքւէն յետաձգւել է։

Այս ֆոնին Ղարաբաղում ընտրութիւններ են անցկացւում, ընդ որում` խորհրդարանական ու նախագահական։ Աւելին՝ մարտի 31-ի քւէարկութեամբ այդպէս էլ չորոշւեց` ով է լինելու յաջորդ նախագահը։ Դեռ երկրորդ փուլ պիտի լինի։

Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացեալ դաշինքի թեկնածու Արայիկ Յարութիւնեանին 0.8% չհերիքեց յաղթելու համար։ Նրա օգտին քւէեարկեցին ընտրողների 49.2%-ը։

Թէեւ նա զգալիօրէն առաջ անցաւ մրցակցից` ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլեանից, որը ստացաւ քւէների 26.4 %-ը, բայց չի նշանակում, որ երկրորդ փուլը նրա համար հեշտ է լինելու։

Երկրորդ փուլը պէտք է կայանայ ապրիլի 14-ին, երբ դեռ դժւար կը լինի խօսել կորոնավիրուսի համավարակը յաղթահարելու մասին։

 

Ղարաբաղ․ սեփական օրակարգ

Կորոնավիրուսը չխանգարեց, որ մեծ թւով մարդիկ մասնակցեն քւէեարկութեանը։ 2020 թւականի մարտի 31-ի ընտրութիւններին գնաց գրանցւած ընտրողների գրեթէ 73%-ը։ 2015 թւականի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ այդ ցուցանիշը 70.6% էր, իսկ 2012 թւականի նախագահական ընտրութիւններին՝ 73%։

Յիշեցնենք՝ 2017 թւականին նախագահն ընտրւեց պատգամաւորների քւէներով, ոչ թէ անմիջական ընտրութիւնների արդիւնքում։ Դա պայմանաւորւած էր սահմանադրական անցումային դրոյթներով։

Անխուսափելի հարց է առաջանում․ ինչո՞վ էր պայմանաւորւած այսքան մեծ թւով մարդկանց մասնակցութիւնը։ Միթէ՞ 2012 թւականի կամ 2015 թւականի համեմատ ԼՂՀ-ն աւելի մօտ է դարձել միջազգային ճանաչմանը։ Ոչ, դրա նշոյլներն էլ չեն երեւում։

«Լեռնային Ղարաբաղի նախագահի ու պատգամաւորների ընտրութիւնները լեգիտիմ չեն»,- յայտարարեց Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան ծառայութիւնը (EAAS)։

Յայտարարութիւն տարածեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա)։ ՄԽ-ն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջնորդն է։

Մի կողմից՝ նրանք կարեւորեցին Լեռնային Ղարաբաղի բնակչութեան դերը երկրի ապագայի որոշման հարցում։ Միւս կողմից` նշեցին, որ արդիւնքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան տեւական եւ խաղաղ կարգաւորմանն ուղղւած ընթացիկ բանակցութիւնների ելքը։

Մինչդեռ ԼՂՀ-ն սեփական ներքաղաքական միջավայրն ունի։ Պաշտպանութեան, անվտանգութեան ու սոցիալ-տնտեսական զարգացման տեսակէտից Ղարաբաղը սերտօրէն կապւած է Հայաստանի հետ ու շատ հարցերում կախում ունի Երեւանից։ Սակայն ամէն ինչ այդքան էլ պարզ ու միանշանակ չէ։

Ստեփանակերտն իր պատկերացումներն ունի ոչ միայն բուն ղարաբաղեան, այլեւ հայաստանեան քաղաքական օրակարգի մի շարք հարցերի վերաբերեալ։ Միթէ՞ պատահական էր, որ անցած տարի ԼՂՀ նախկին ու գործող նախագահները անձնական երաշխաւորութիւն ներկայացրին Ռոբերտ Քոչարեանին ազատ արձակելու համար։ Ղարաբաղեան քաղաքական գործիչները բազմաթիւ անգամ են քննադատական գնահատականներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հասցէին։ Թէեւ այդպէս է եղել նաեւ Հայաստանի այլ առաջնորդների պարագայում։ Սակայն ամենակարեւորն այն է, որ չճանաչւած ԼՂՀ-ն սեփական վերնախաւն ունի։ Մարդիկ հէնց այնտեղ են կարիերայով զբաղւում, ոչ թէ Հայաստանում։

Յարութիւնեանը կարիերան սկսել է 2005 թւականին (եթէ որպէս սկիզբ ընդունենք նրա պատգամաւոր դառնալը), իսկ նրա հակառակորդ Մասիս Մայիլեանը նախագահական ընտրութիւններին է մասնակցել դեռ 2007 թւականին։ Էլ չենք խօսում, որ առաջինը վարչապետի պաշտօն է զբաղեցրել, իսկ երկրորդը՝ արտգործնախարարի։

Ներկայիս նախագահական մրցավազքի «բրոնզէ մրցանակակիր» Վիտալի Բալասանեանը (14.7%) դեռ 1991 թւականին է ընտրւել ԼՂՀ առաջին գումարման Գերագոյն խորհրդի անդամ։ Ղարաբաղեան մեծ «ստաժ» ունի նաեւ խորհրդարանի խօսնակ Աշոտ Ղուլեանը։ Նա արդէն մի քանի անգամ անընդմէջ ղեկավարում է օրէնսդիր մարմինը։

Նոյնը կարելի է ասել պատգամաւորներից, իրաւապաշտպաններից, ընդդիմադիրներից, քաղաքական ակտիւիստներից ու լրագրողներից շատերի մասին։ Դէպքեր կան, երբ մարդիկ Երեւան են տեղափոխւում տարբեր պատճառներից դրդւած, սակայն ղարաբաղեան վերնախաւը պահպանւում ու վերարտադրւում է։

 

Արդիւնքները` էլեկտրոնային թւաբանութիւնից դուրս

ԼՂՀ-ում սեփական քաղաքական օրակարգի գոյութեան թեզի ընդունումը թոյլ է տալիս հասկանալ՝ ինչու են մարդիկ Ստեփանակերտում եւ այլ շրջաններում ընտրութիւնների գնում, ակտիւութիւն դրսեւորում՝ չնայած հակամարտութեան սրացման մշտական սպառնալիքներին ու համավարակի տարածմանը։

Նրանց համար ընտրութիւնը ծանր բեռ չէ, որ դրել է պետութիւնը, այլ արտաքին աշխարհին ազդակներ ուղարկելու ձգտում։ Այն մասին, որ իր կանոններն ու պատկերացումներ ունեցող միջավայր կայ, թէեւ ճանաչւած չէ միջազգային հանրութեան ու նոյնիսկ պաշտօնական Երեւանի կողմից։

Այսօր ոմանք փորձում են նկարագրել ղարաբաղեան քաղաքականութեան կառուցւածքը։ Բայց դա հեշտ գործ չէ։ Ո՞ւմ են ընդդիմադիր թեկնածու համարում, ո՞ւմ՝ իշխանամէտ։ Առաջին հայեացքից Յարութիւնեանը շատ հարցերում ասես ԼՂՀ ներկայիս նախագահ Բակօ Սահակեանի (որն ամէն դէպքում հեռանում է) գործերի շարունակողը լինի։ Նրա հետ են կապում իշխանութեան «փափուկ տարանցումը»։

Յարութիւնեանը դեռ 2018 թւականին հեռացել է պետնախարարի պաշտօնից։ Կարելի՞ է արդեօք Մայիլեանին համարել ընդդիմադիր կամ, ինչպէս անում են որոշ բլոգերներ ու սոցցանցերի օգտատէրեր, «սորոսական»։ Պատասխանը բացասական է։

Նախեւառաջ այն պատճառով, որ նա նախագահական ընտրութիւնների գնաց արտգործնախարարի պաշտօնից, որը ստացել էր Սահակեանից, որն էլ, մեղմ ասած, չի երկրպագում յայտնի միլիարդատիրոջը։

Նշենք, որ անգլերէնի լաւ իմացութիւնը դեռ ոչ ոքի մեխանիկօրէն չի դարձրել սորոսեան «բաց հասարակութեան» գաղափարների կողմնակից։ Միաժամանակ ե՛ւ Յարութիւնեանը, ե՛ւ Մայիլեանը, ե՛ւ Բալասանեանը ԼՂՀ անկախութեան ճանաչման կողմնակիցներ են։ Ու անվտանգութեան հարցում նրանք դժւար թէ էական տարաձայնութիւններ ունենան։

Երկրորդ փուլից առաջ շատ բան կախւած է Բալասանեանի դիրքորոշումից, թէեւ նա չի կարող իր քւէները նւիրել թեկնածուներից ոչ մէկին։ Սակայն ամէն դէպքում կարեւոր անձ է, հեղինակաւոր քաղաքական գործիչ, ցանկացած ղեկավար (անկախ ազգանունից) Ստեփանակերտում հաշւի է առնելու նրա կարծիքը։

Բալասանեանը քննադատում էր Փաշինեանին։ Բայց նոյնիսկ եթէ պատկերացնենք, որ նա անվտանգութեան խորհրդի քարտուղար կամ նախարար կը լինի, միեւնոյնն է` պէտք է աշխատի Երեւանի հետ։ Դէ, իսկ ՀՀ գործող վարչապետն էլ իշխանութեան ղեկին երկու տարի անցկացնելուց յետոյ հասկացաւ Ղարաբաղի կարեւորութիւնը հայկական օրակարգի համար։

Այլ հարց է, որ ներկայիս վարչապետն այդքան էլ հակւած չէ ընդդիմադիրների հետ խաղաղ գոյատեւմանը, նրա համար աւելի հոգեհարազատ է մենակենտրոն մոդելը, երբ վերջին խօսքն իրենն է։ Ու դիտորդներից շատերը բացայայտ ու ոչ բացայայտ ասում են, որ ընտրութիւնների չարձանագրւող արդիւնքներից մէկը կարող է լինել Ստեփանակերտի նկատմամբ Երեւանի հսկողութեան ուժեղացումը։ Թէեւ սկսած Լեւոն Տէր-Պետրոսեանից` շատերն են փորձել լուծել այդ հարցը։ Եւ դեռ ոչ ոքին չի յաջողւել դա 100%-ով անել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։