Հա

Քաղաքական

14/04/2020 - 10:40

Արտակարգ իրավիճակի պայմաններում ընթանում է Արցախի 4-րդ նախագահի ընտրութեան 2-րդ փուլը

Այսօր Արցախի Հանրապետութիւնում 4-րդ նախագահի ընտրութեան 2-րդ փուլն է։ Յիշեցնենք, որ ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առաւելագոյն ձայներ էին հաւաքել Արայիկ Յարութիւնեանը, որը ստացել էր ընտրութեան մասնակիցների քւէների 49.26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլեանը (26.4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։ 

«alikonline.ir» - Այսօր Արցախի Հանրապետութիւնում 4-րդ նախագահի ընտրութեան 2-րդ փուլն է։ Յիշեցնենք, որ ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առաւելագոյն ձայներ էին հաւաքել Արայիկ Յարութիւնեանը, որը ստացել էր ընտրութեան մասնակիցների քւէների 49.26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլեանը (26.4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։ Հաղորդում է News.am-ը։

Առաջին փուլից յետոյ Մասիս Մայիլեանը կոչ արեց իր կողմնակիցներին բոյկոտել ընտրութիւնների 2-րդ փուլը։ Չնայած դրան, նա անուղղակիօրէն կը մասնակցի ընտրութիւններին, քանի որ նրա անունը քւէաթերթիկում կը մնայ. Արցախի ընտրական օրէնսգրքով, բոյկոտի դէպքում, թեկնածուի մասնակցութիւնը չի չեղարկւում։ Ի դէպ՝ ընտրութիւնների մասնակից միւս հիմնական ուժերը չյայտարարեցին 2-րդ փուլում թեկնածուներից որեւէ մէկին պաշտպանելու մասին։

Հայկական մի շարք քաղաքական ուժեր, թէ Արցախում եւ թէ ՀՀ-ում դեռ նախքան առաջին փուլը կոչ արեցին յետաձգել ԱԽ նախագահի ընտրութիւնները՝ պայմանւորւած նոր կորոնավիրուսով եւ վարակի տարածման վտանգով։ Կոչեր են հնչել նաեւ երկրորդ փուլի նախօրէին, մասնաւորապէս՝ նախագահի ընտրութիւններում ընտրողների ձայների թւով՝ գրեթէ 15 տոկոսով, 3-րդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանեանի գլխաւորած «Արդարութիւն» կուսակցութեան կողմից։

Յիշեցնենք նաեւ, որ Արցախի Հանրապետութիւնում, նախագահ Բակօ Սահակեանի հրամանագրով, ապրիլի 12-ին մէկ ամսով յայտարարւել է արտակարգ իրավիճակ։ Այն կը տեւի մինչեւ 2020 թւականի մայիսի 12-ը՝ ժամը 22-ը։ Ստեղծւել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի գլխաւորութեամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակւել է, դասերը յետաձգւել են, Բանակի զօրանոցներ ելումուտը եւ շփումը զինծառայողների հետ նոյնպէս խիստ սահմանափակւել է։

Բակօ Սահակեանը կիրակի՝ ապրիլի 12-ին, նաեւ ուղերձ է յղել, յայտարարելով, որ Արցախի նախագահի ընտրութիւնների երկրորդ փուլը չի յետաձգւի։ Ըստ նրա՝ հաստատւած ժամկէտներում ընտրութիւնների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիւ անկանխատեսելի բացասական հետեւանքներով:

«Ստեղծւած պայմաններում մենք պէտք է անէինք ամէն ինչ, որպէսզի ե՛ւ ընտրութիւններն անցնեն նախատեսւած ժամկէտում, ե՛ւ, ամենակարեւորը, ապահովւի բնակչութեան առողջութիւնը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարաւոր ռիսկերից:

Սահմանադրութեամբ նախատեսւած համապետական կարեւոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետութեան նախագահի եւ Ազգային ժողովի պատգամաւորների ընտրութիւնների անցկացումը որեւէ մէկի քմահաճոյքը չէ, այլ առկայ իրավիճակի յստակ գիտակցումն է, որ հաստատւած ժամկէտներում ընտրութիւնների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիւ անկանխատեսելի բացասական հետեւանքներով», յայտարարել է ԱՀ նախագահը:

Յիշեցնենք նաեւ, որ Արցախում կորոնավիրուսով վարակւածների թիւը, ապրիլի 13-ի դրութեամբ, հասել է 6-ի։ Արցախի առողջապահութեան նախարարութեան տւեալով՝ մեկուսացւած քաղաքացիների թիւը 12 է, այդ թւում՝ 4 վարակակիրները:

Ներկայացնելով 2-րդ փուլի ընտրութեան կարգը, Արցախի ԿԸՀ-ն նաեւ յորդորել է ԱՀ քաղաքացիներին ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել անվտանգութեան  կանոնները. մինչեւ տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մէկանգամեայ օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանւել ալկոհելով եւ վերցնել անհատական գրիչ, անպայման կրել տրամադրւած դիմակն ու ձեռնոցը, մէկ միւսից պահպանել սոցիալական հեռաւորութիւն (առնւազն 1 մետր), ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական յանձնաժողովի անդամին ցոյց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը` առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու, տեղամասում Ձեր օգտագործած պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց յետոյ լցնել դրա համար նախատեսւած աղբարկղի մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։