Հա

Քաղաքական

26/04/2020 - 10:20

«Եթէ Փաշինեանը հասարակութեան 60-70%-ին ընդամենը երկու «լայւի» ընթացքում կոնսոլիդացնում է իր դէմ, ապա տրամաբանական է սպասել համարժէք պատասխան»․ Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի»-ի ղեկավար Վահէ Յովհաննիսեանն անբացատրելի է համարում այն, որ երկրի համար կարեւորագոյն փուլում իշխանութեան բարձրագոյն օղակներում շարունակվեց ջրբաժանների, թշնամանքի, սեւ-սպիտակի քաղաքականութիւնը:

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի»-ի ղեկավար Վահէ Յովհաննիսեանն անբացատրելի է համարում այն, որ երկրի համար կարեւորագոյն փուլում իշխանութեան բարձրագոյն օղակներում շարունակւեց ջրբաժանների, թշնամանքի, սեւ-սպիտակի քաղաքականութիւնը: Tert.am-ի հետ զրոյցում Վահէ Յովհաննիսեանը կարեւորեց հասարկութեան համախմբումը. «Մեր երկիրը, հասարակութիւնը ունեն ինքնապահպանման սուր զգացում, որը ոչ մի տեղ չի կորել։ Եթէ իշխանութիւնը չի զգում այդ համախմբման, տարաձայնութիւնները մոռանալու կարեւորութիւնը, չի զգում պահի լրջութիւնը, ուրեմն պէտք է գտնւեն աւելի լուրջ եւ պատասխանատու ուժեր, որոնք կը զգան ու կը համախմբւեն՝ առանց իշխանութեան մասնակցութեան։ Չեմ բացառում, որ իշխանութեան ներսից որոշ սթափ մարդիկ կը միանան կամ առնւազն չեն խանգարի այդ գործընթացին, քանի որ հասկանում են, որ ճգնաժամային իրավիճակում իրենք կոնկրետ պատասխանատւութիւն են կրում սխալ որոշումների ու հնարաւոր կորուստների համար»,- ասաց նա: Ըստ նրա՝ եթէ ընտրողը հասկանում է, որ տւեալ քաղաքական ուժը չի համապատասխանում իր վերցրած ծանրաձողին կամ սկսել է բոլորովին այլ ուղով ընթանալ, քան ինքը սպասում էր, ապա, բնականաբար, կարող է վերանայել իր ընտրութիւնն ու այլ ուժի վստահել իր քւէն։

 

- Պարոն Յովհաննիսեան 2018 թ. ապրիլ-մայիսեան քաղաքական իրադարձութիւնների 2-րդ տարին է լրանում, ձեր կարծիքով՝ այժմ ինչպիսի՞ իրավիճակում ենք եւ արդեօք արդարացե՞լ են այդ օրերին ձեւաւորւած ակնկալիքները:

- Նախ պէտք է կարողանալ ճիշտ հասկանալ՝ ինչ ակնկալիքներ կային ի սկզբանէ։ Սոցիալական տարբեր շերտեր էին, տարբեր էին նաեւ նրանց ակնկալիքները։ Մեծ հաշւով՝ մարդիկ փոփոխութիւններ էին պահանջում, եւ դա շատ բնական էր։ Հասարակութիւնները, պետութիւններն այդպէս են զարգանում։ Ես ինքս մինչ այդ իրադարձութիւնները պարբերաբար խօսում էի պետութեան, հասարակական կեանքի տարբեր մակարդակներում լճացման վտանգաւոր մակարդակի մասին՝ ընդգծելով, որ իշխանութիւնը պարտաւոր է գնալ լուրջ բարեփոխումների, «բացել» երկիրը, ապահովել առողջ սերնդափոխութիւն։ Դա չարւեց կամ արւեց մասնակիօրէն, եւ արդիւնքում տեղի ունեցան ապրիլեան իրադարձութիւնները։

Վերյիշենք երկու տարի առաջւայ մեկնարկային իրավիճակը. Հայաստանում տեղի ունեցաւ իշխանութեան խաղաղ յանձնում, եւ սա լրացուցիչ մեծ հնարաւորութիւն էր տալիս խաղաղ, ստեղծագործ աշխատանք իրականացնելու համար։ Յեղափոխութիւնը փոփոխութիւնների մեծ հնարաւորութիւններ բերեց, բայց ինչպէ՞ս մենք դրանք օգտագործեցինք։ Շատ բան փոխւել է դէպի լաւը, շատ բան՝ դէպի վատը։

Ցաւօք, այս երկու տարիների ընթացում թոյլ տրւեցին սխալներ, որոնք լրիւ ուրիշ տեղ տարան գործընթացն ու, մեծ հաշւով, խեղաթիւրեցին փոփոխութեան ողջ էութիւնը, հիասթափութեան հիմք դարձան այդ մեծ, բազմաշերտ շարժման շատուշատ հետեւորդների, համակիրների համար։ Այդ խոշոր սխալների ցանկում ես կը նշէի ներքին թշնամանքը, հասարակութեան բարիկադաւորումը, իշխանութիւնից անընդհատ եկող ագրեսիան։ Եւ, իհարկէ, այն, որ նոր իշխանութիւնը, երկրի զարգացման կոնսոլիդացիոն ռեսուրսներ ձեւաւորելու փոխարէն, յենւեց  բացառապէս դատաիրաւական համակարգի վրայ։ Դա ինքնին բաւականին մեծ խնդիրներ ունեցող համակարգ էր, որն ինքը կարիք ունէր լրջագոյն բարեփոխումների, իսկ իշխանութիւնը գնաց այդ համակարգը սեփական շահի համար անխնայ օգտագործելու ճանապարհով՝ առանց որեւէ փոփոխութեան նշոյլի։ Այս ամէնը, համեմւած մի շարք այլ գործօններով, յանգեցրեց այսօրւայ՝ բաւականին վտանգաւոր վիճակին։

 

- Հանրային լայն սպասումներն իրականութիւն դարձնելու եւ երկիրն առաջընթացի տանելու համար 2018 թ. իրադարձութիւնների արդիւնքում իշխանութեան եկածները կարողացա՞ն ձեւաւորել պետական ռացիոնալ օրակարգ, թէ՞ ոչ:

- Պետութիւնը կարիք ունէր եւ ունի լուրջ արդիականացման։ Բայց դա յստակ ենթադրում է խորքային ծրագրեր, դրանք իրականացնելու ունակ անձինք, թիմեր, ռեֆորմիստական մտածողութիւն, ներքին լայն կոնսոլիդացիա, նոր գաղափարներ, տարբեր սերունդների՝ իրար հետ աշխատելու ունակութիւն եւ այլն։ Իմ թւարկած բոլոր կէտերը տապալւած են։ Հետեւաբար՝ արդիւնքն էլ պէտք է լինէր սա։ Ենթադրւում էր, որ 2018 թ.-ից յետոյ պէտք է փոխւէր ողջ քաղաքական մթնոլորտը, բայց ստացւեց այնպէս, որ միակուսակցական ՀՀԿ-ական կառավարումից յետոյ, որից ճնշող մեծամասնութիւնը դժգոհ էր, փաստացի անցանք միանձնեայ բացարձակ կառավարման, որտեղ թիմն անձայն է, անկարծիք։ Ապշեցուցիչ է ակտիւ, ռեֆորմիստական հայեացքների տէր քաղաքացուց դէպի փողկապաւոր սովորական չինովնիկ փոխակերպումը, որով անցաւ «Իմ քայլ»-ի երիտասարդ թիմի անդամների մեծամասնութիւնը։

Հնարաւո՞ր է արդեօք կուռ մեծամասնութեան վրայ հիմնւած եւ ամէն կերպ դրանից կառչող թիմից պահանջել դինամիկ, ազատ մտածողութիւն, հետաքրքիր ու բազմակողմանի հայեացք՝ օրւայ մարտահրաւէրներին, որոշումների կայացման ճկունութիւն եւ այլն, երբ կայ ենթարկւելու ու «միահամուռութեան» պահանջը, որը նրանց առջեւ, ցաւօք, դրւում է։

Վերջին շրջանում մէկը միւսի յետեւից ընդունւող օրէնքները, յաճախ՝ ոչ թէ պարզապէս չմտածւած կամ վատ մշակւած, այլ՝ ուղղակիօրէն երկրի համար վտանգաւոր, ստիպում են կասկածել՝ արդեօ՞ք կայ այդ ներքին ռեսուրսը՝ անհատական մակարդակով որոշումներ կայացնելու, սեփական պատասխանատւութիւնն իրացնելու, յատկապէս՝ երկրի համար այս բարդագոյն փուլում, թէ՞ այդպէս մի կենտրոնից կայացւող որոշումներին յարմարւելով շարունակւելու է ընթացքը։

 

- Արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերը 2018 թ.-ին աջակցում էին Նիկոլ Փաշինեանին, հիմա նրանցից շատերը քննադատում են իշխանութեանը, քաղաքական կոնսոլիդացիան հիմա հնարաւո՞ր է, կա՞յ դրա կարիքը, արտահերթ զարգացումներ կարո՞ղ են լինել, օրինակ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը վերջերս ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել էր Նիկոլ Փաշինեանի գործողութիւններին եւ դրա հետեւանքով պետութեան կործանման հեռանկարին, ըստ նրա՝ եկել է կոնկրետ որոշումների եւ մեծ միաւորման ժամանակը: Այս առումով ի՞նչ կասէք:

- Ճիշտ հասկանալու համար պէտք է նախ ընդունենք իրականութիւնը. համաճարակով աշխարհը փոխւել է։ Մենք, մի շարք պատճառներով, գտնւում ենք միջինից աւելի վատ վիճակում, որովհետեւ ունենք նաեւ պատերազմի վտանգ, շրջափակում, սուղ ռեսուրսներ եւ այլն։ Ընդ որում՝ աշխարհում փոփոխութիւնները գնում են սրընթաց արագութեամբ, որոշումները կայացւում ու փոխւում են օրւայ կտրւածքով, եւ եթէ մենք մնանք 2018 թ.-ի պատկերացումների վրայ, ապա կունենանք անդառնալի կորուստներ։ Քաղաքական հարթութիւնը մի կողմ. զուտ մարդկայնօրէն՝ շոկ է, երբ երկրի քաղաքական իշխանութիւնը այսօր՝ համընդհանուր կոլապսի պայմաններում, շարունակում է կրողը լինել նոյն պարզունակ պատկերացումների՝ երկրի ներսի խնդիրների, արտաքին ռիսկերի եւ լուծման ուղիների մասին։

Համավարակի առաջին օրերի ընթացքում մթնոլորտը երկրում բաւականին փոխւել էր, զգացւում էր միմեանց օգնելու, դժւարութիւնները համախմբւած կերպով յաղթահարելու բնական ձգտումը։ Այդ միջավայրում շատ հեշտ էր սկսել իրական հանրային ու քաղաքական կոնսոլիդացիայի գործընթաց, բանակցութիւնների ու քննարկման հրաւիրել բոլորին՝ անկախ քաղաքական համակրանքից ու տարբեր սրութեան հակասութիւններից։ Երկրի խնդիրները պահանջում էին բոլոր ռեսուրսների համախմբում, եւ բնական էր թւում, որ իշխանութիւնն առաջին հերթին պէտք է գնայ այդ ուղով՝ որպէս երկրի համար պատասխանատու թիւ մէկ օղակ։

Պարզապէս անբացատրելի է, որ դա ոչ միայն տեղի չունեցաւ, այլեւ՝ իշխանութեան բարձրագոյն օղակներից շարունակւեց ջրբաժանների, թշնամանքի, սեւ-սպիտակի քաղաքականութիւնը, եթէ դա կարելի է քաղաքականութիւն անւանել։ Բայց երկիրը, հասարակութիւնն ունեն ինքնապահպանման սուր զգացում, որը ոչ մի տեղ, իհարկէ, չի կորել։ Եթէ իշխանութիւնը չի զգում այդ համախմբման, տարաձայնութիւնները մոռանալու կարեւորութիւնը, չի զգում պահի լրջութիւնը, ուրեմն պէտք է գտնւեն աւելի լուրջ եւ պատասխանատու ուժեր, որոնք կը զգան ու կը համախմբւեն՝ առանց իշխանութեան մասնակցութեան։ Չեմ բացառում, որ իշխանութեան ներսից որոշ սթափ մարդիկ կամ անգամ շրջանակներ կը միանան կամ առնւազն չեն խանգարի այդ գործընթացին, քանի որ հասկանում են, որ ճգնաժամային իրավիճակում իրենք կոնկրետ պատասխանատւութիւն են կրում սխալ որոշումների ու հնարաւոր կորուստների համար։

 

- Միքայէլ Մինասեանը նաեւ նշում է, որ չպէտք է կաշկանդւել երկու տարի առաջ կատարած ընտրութեամբ, եւ դա դատավճիռ չէ, կաշկանդւածութիւն դուք տեսնո՞ւմ էք։

- Իսկ ինչո՞ւ է պէտք կաշկանդւել որեւէ նախորդ ընտրութեամբ. ցանկացած ընտրութիւն վստահութեան մանդատ է, որ ընտրողը տալիս է որեւէ քաղաքական ուժի՝ բարեփոխումներ անելու, խոստացւած ծրագրերը կեանքի կոչելու նպատակով։ Եթէ ընտրողը հասկանում է, որ տւեալ քաղաքական ուժը չի համապատասխանում իր վերցրած ծանրաձողին կամ սկսել է բոլորովին այլ ուղով ընթանալ, քան ինքը սպասում էր, ապա, բնականաբար, կարող է վերանայել իր ընտրութիւնը եւ այլ ուժի վստահել իր քւէն։ Պէտք է յարգել մարդկանց, ժողովրդի՝ փոփոխութիւններ պահանջելու իրաւունքը։ 2018 թ.-ին մեր հասարակութիւնը գնաց այդ ճանապարհով՝ էմոցինալ ֆոնին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում ձայն տւեց նոր թիմին։ Մինչ այդ, դարձեալ էմոցիոնալ ֆոնին, Երեւանում մօտ 80 տոկոս ձայն տւեց Հայկ Մարութեանին։ Հասարակութիւնները առողջանում են, զարգանում են նաեւ այդ ճանապարհով։ Այսօր 80 տոկոս ստացած քաղաքապետն այս ծանրագոյն փուլում ցուցաբերում է դասալիքի կեցւածք։ Ուրեմն հասարակութիւնը կանի իր հետեւութիւնը։ Նոյնը վերաբերում է քաղաքական իշխանութեանը։ Եթէ նա հասարակութեան 60-70 տոկոսին ընդամենը երկու «լայւի» ընթացքում կոնսոլիդացնում իր դէմ, ապա տրամաբանական է սպասել համարժէք պատասխան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։