Հա

Քաղաքական

02/05/2020 - 12:20

Ամենամեծ վտանգն այն է, որ երկիրը չսիրողների թիւն է աւելանում

«Հրապարակ»-ի հարցազրոյց արձակագիր, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանի հետ:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ի հարցազրոյց արձակագիր, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանի հետ:

 

- Պարոն Ղարաբաղցեան, արտակարգ դրութիւնով պայմանաւորւած՝ ինչպէ՞ս էք անցկացնում Ձեր առօրեան, ինչո՞վ էք ուրախանում կամ տխրում, երկու դէպքում էլ կարծես առիթներ կան։

- Այսօր ուրախացել եմ, որ գոնէ թոռս եկել է, որովհետեւ տասը օր չէի տեսել։ Տայ Աստւած՝ արագ այս մղձաւանջից դուրս գանք, Երեւանում ապրում ես ու Երեւանին կարօտում ես, մի տեսակ աբսուրդ է ստացւում։

 

- Ի հակառակ կարանտինին եւ արտակարգ իրավիճակին, վերջին օրերին քաղաքի փողոցներն ու խանութները մարդաշատ են։ Ստացւում է՝ մարդկանց մեծ մասն այնքան էլ լուրջ չի ընդունում արտակարգ դրութիւնը։

- Մի քիչ երկաթեայ է հնչում «արտակարգ դրութիւն» ասւածը..., արտակարգ դրութիւն տեսել է իմ սերունդը, տեսել է նաեւ տանկեր, չակերտաւոր մութ ու ցուրտ օրեր, ինչու չակերտաւոր, որովհետեւ այսօր աւելի ցուրտ օրեր են։ Մի խօսքով, այնքան բան է գլխի վրայ շուռ եկել, որ այս արտակարգ դրութիւնն էլ է գլխի վրայ շուռ եկած, բայց եթէ ներքին դաստիարակութիւն ունես, կարգապահ ես, ենթարկւում ես արտակարգ դրութեանը։ Սա է։

 

- Ընդհանրապէս, մեր համաքաղաքացիների շրջանում ի՞նչ տրամադրութիւններ էք նկատում, կա՞յ պահի լրջութեան գիտակցումը։

- Բարեբախտաբար, միշտ մի լուրջ շեղբ եղել է, եւ ամէն ինչ չէ, որ քամին տարել է։ Այդ «յեղափոխութիւնից» յետոյ այդ շեղբն էլ մի քիչ պակասեց, բայց կամաց-կամաց կարծես թէ տեղն է գալիս, ու շատ թէ քիչ տրամաբանող մարդը տեսնում է, թէ ինչ է կատարւում։

 

- Իսկ ի՞նչ է կատարւում, օրինակ՝ կառավարութիւնը, առողջապահութեան նախարարութիւնը որքանո՞վ են տիրապետում իրավիճակին, եւ այն քայլերը, որ արւում են, ինչքանո՞վ են արդիւնաւէտ։

- Ինձ թւում է, որ մշակոյթի, գիւղատնտեսութեան նախարարութիւնների հետ, առողջապահութեան նախարարութիւնն էլ է փակւել, բայց անունն է մնացել։ Այսօր տանը նստած՝ ամբողջ աշխարհի անցուդարձին հետեւում ես, տեսնում այդ վերաբերմունքը, յետոյ էլ տեսնում ես քո մօտ կատարւողը, ինչը վիրաւորական է զուտ մարդկային տեսանկիւնից։

 

- Յատկապէս ի՞նչն է վիրաւորական․ որ ամբողջ ներուժով չի՞ աշխատում համակարգը։

- Ոչ թէ ներուժով չի աշխատում, այլ ոնց որ մի գաղութ լինենք..., մինչդեռ մենք մասնագէտների համակարգ ենք ունեցել, ամբողջ աշխարհին մենք ենք բուժել, բայց այսօր մենք ենք կանգնել փաստի առաջ։ Յետոյ՝ բժիշկների նկատմամբ վերաբերմունքն ինձ դուր չի գալիս, որովհետեւ բժիշկը սահմանապահի գործ է անում այսօր, մինչդեռ ո՛չ այդ մարդկանց անուններն ես լսում, ո՛չ վերաբերմունք տեսնում... փոխարէնը տեսնում ես ԱԺ-ում տեղի ունեցած խղճուկ «ռազբորկան», իսկ դա նրանից է, որ փողոց չտեսած մարդիկ իրենց փողոցայինի տեղ են դնում (փողոցը լաւ բան է եւ կեանք է սովորեցնում), ու դրա համար մենք այս վիճակին ենք։ Փողոց տեսած մարդիկ լուրջ մարդիկ են, բայց սրանք փողոցային են եւ փողոց չեն տեսել։ 

Յետոյ, երբ թոշակառուն, նպաստառուն դռնեդուռ է ընկնում, որ իր էլեկտրաէներգիայի հարցը լուծի, դա արդէն չի տեղաւորւում հնարաւորութիւնների չափի մէջ, օրինակ՝ եթէ նստենք, պարզ թւաբանութեամբ հաշւենք մէկ ամսւայ պարգեւավճարը, քանի՞ անճարակ մարդու էլեկտրաէներգիայի վարձն է։ Երբ դու մեծահոգի իշխանաւոր ես ունենում, դու, անկախ քեզանից, երկիրն էլ ես սիրում, ամենամեծ վտանգն այն է, որ երկիրը չսիրողների թիւն է աւելանում։ Հիասթափութիւնը հո միայն մարդկանցից չէ՞, հիասթափութիւնը փոխանցւում է նաեւ երկրին, իսկ դա նշանակում է երկիրը չսիրել, ինչը շատ վտանգաւոր բան է։

 

- Գաւառի դէպքերն այս օրերին ալեկոծեցին բոլորին, դա ինչի՞ մասին է խօսում, որ երկրում չկա՞ն օրէնք, կարգուկանոն, ու դրա համար մարդիկ հաշւեյարդար են տեսնում իրար հետ։

- Ես ուղղակի սարսռեցի այդ դէպքից, օրէնքի, կարգուկանոնի հարցը չէ, մենք թուրքացանք ու յանկարծ տեսանք, որ մեր մէջ թուրք կայ ապրող։ Սա է ամենավտանգաւորը, սա երկիրը չսիրելու շարունակութիւնն է, ո՞նց կարող է մարդու մէջ թուրքը զարթնի, ու ինքը միաժամանակ Հայաստանը սիրի, երկիր սիրի, Արցախ սիրի․ հնարաւոր չէ... այսօր գրեթէ բոլոր ճակատներում պարտութիւններ ենք գրանցում։

 

- Շատերը Գաւառի դէպքերի հիմքը համարեցին տարիներ շարունակ հեռուստաեթերով պրոպագանդւող քրէական մշակոյթով լի սերիալները, որոշ մասն էլ՝ առաջին դէմքի՝ վարչապետի լեքսիկոնը...

- Այդ սերիալները, իհարկէ, իրենց բացասական ազդեցութիւնն ունեցան մեր հասարակութեան վրայ, բայց վարչապետի վերջին տղայական արտայայտութիւններն ուղղակի վտանգաւոր են, ինքը, չհասկանալով «սամասուդն» ինչ բան է, կայծ է նետում ու այն էլ՝ այս օրերին։ Մի հատ տեսէք՝ միւս երկրների վարչապետները, նախագահներն ինչի մասին են խօսում, իրենց օրւայ խնդիրն ինչ է, իսկ այստեղ մենք ինչի մասին ենք խօսում։ Ամէն ինչ կապւած է իրար հետ, ու սա դեռ ծաղիկներն են, ես աւելի վատ բաների եմ սպասում։ «Սամասուդի» առաջին դասն ինքը ցոյց տւեց, երբ գիշերով գնացին ու մտան մարդու տուն, պէտք էր-պէտք չէր՝ դա այլ հարց է, բայց երբ գիշերով մտնում ես մարդու տուն՝ «սամասուդ» անելու, վերջիվերջոյ, 2 ամիս յետոյ սա է գալու մեր առաջ, այսինքն՝ չգիտես դրա արձագանքները երբ ես ստանալու... Նոյնը նաեւ հիմա Ազգային ժողովում է, եւ ինքնասիրութիւն ունեցող մարդն այդ դահլիճում իմքայլականների հետ չպէտք է նստի, «Լուսաւորն» է, ԲՀԿ-ն է, մէկ է՝ ձեզ բանի տեղ չեն դնում, դրսում լիքը գործ կայ, ուզում էք այս երկիրը փրկել, դրէք ձեր մանդատները, դուրս եկէք, ժողովրդական լեզւով ասած՝ իրանք չալում են, իրանք էլ պարում են, բայց դէ՝ մկան վազը մինչեւ կատւի մարագն է։ 

 

- Այս օրերին կառավարութեան բոլոր ծրագրերն ուղղւած են քաղաքացիների սոցիալական աջակցութեանը, եւ մշակոյթն ու մշակոյթի գործիչը կարծես անտեսւած են, աւելին՝ օրեր առաջ 60-ից աւելի երգի, պարի համոյթների, նկարչական ստուդիաների ղեկավարներ բաց նամակով հանդէս եկան, որ այլեւս ի վիճակի չեն մի քանի ամիս չաշխատել, բայց պետութեանը վճարել հարկերն ու պետտուրքերը։ Սա ինչի՞ մասին է խօսում, որ պետութիւնը չի՞ կարեւորում մշակոյթն ու մշակոյթի գործչին, թէ՞ սոցիալական խնդիրներն առաջնահերթ են։

- Ոչ թէ չի կարեւորում, այլ երեւի տեղեակ էլ չէ նրանց խնդիրներին, մինչեւ չեն բարձրաձայնում, յետոյ՝ սա ինչ-որ տեղ այդ մշակոյթի գործիչների պասիւ պահւածքի հետեւանքն էլ է։ Ես այդ շրջանակների հետ շատ թէ քիչ շփէում եմ ու նրանց շատերի ոգեւորութիւնից մինչեւ անգամ զարմանում էի, որ չեն հասկանում, թէ ինչ է կատարւում այս երկրում, մինչեւ այդ ուղտը չոքեց նրանց դռանը։ Ու այսօր բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, նոյնիսկ մի քիչ ուշացած է։ Երբ 4-5 նախարարութիւններ միացնում էին, այդ թւում՝ մշակոյթի նախարարութիւնը, այդ ժամանակ մի քանի հոգուց բացի, ոչ մէկ ձայն չէր հանում, այսօր իրենք դրա պտուղներն են քաղում։ Այսինքն՝ նաեւ իրենց մեղքը կայ այստեղ, չնայած իմ երամն է, բայց թող մեղքն իրենց մէջ փնտրեն, թէ ինչի եկան հասան այս օրւան։

 

Սոնա Ադամեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։