Հա

Քաղաքական

07/05/2020 - 11:40

«Դիմելով բառախաղի ու տարբեր հնարքների՝ Փաշինեանը Արցախի հարցի վերաբերեալ որեւէ ուղիղ պատասխան չտւեց, բայց արեց պնդումներ, որոնք նոր հարցեր են ծնում». Աւետիք Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ ԱԺ-ում Արցախի հարցի վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ ԱԺ-ում Արցախի հարցի վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին:

Աւետիք Չալաբեանի գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մայիսի 6-ին Ազգային ժողովում կառավարութեան հարց ու պատասխանի ընթացքում, առնւազն երեք պատգամաւորներ՝ Արման Աբովեանը, Նաիրա Զոհրաբեանը, եւ Տիգրան Ուրիխանեանը, վարչապետ Նիկոլ Փաշինեանին հարցեր ուղղեցին Արցախեան հակամարտութեան կարգաւորման ներկայ փուլի վերաբերեալ։ Դիմելով բառախաղի եւ տարբեր հնարքների, վարչապետ Փաշինեանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մէկին չտւեց, այնուամենայնիւ արեց մի շարք ուշագրաւ պնդումներ, որոնք ծնում են նոր հարցեր։ Փորձեմ ստորեւ դրանցից մի քանիսը ձեւակերպել պարոն Փաշինեանի համար, ենթադրելով, որ վաղ թէ ուշ այդ հարցերին թէ ինքը, թէ հնարաւոր յաջորդողները, պէտք է առերեսւեն՝

ա) խօսելով բանակցութիւնների ընթացքի մասին, պարոն Փաշինեանը յայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն մանդատ է տւել բանակցելու Արցախի հարցում, եւ ինքը կը բանակցի ինչպէս յարմար կը համարի, իսկ երբ ընդունելի արդիւնք ստանայ, կը ներկայացնի այն Ազգային ժողովին եւ ժողովրդին։ Ես դեռ 2018 թ․ դեկտեմբերին գրել եմ դրա մասին, եւ ցանկանում եմ հարցս կրկնել հիմա՝ պարոն Փաշինեան, ո՞րն է այն ընդունելի եւ ցանկալի արդիւնքը, յանուն որի Դուք բանակցում էք հիմա, եւ որը ստանալու դէպքում Դուք պատրաստ էք բաց ճակատով վերադառնալ մեր ժողովրդին։ Ի տարբերութիւն Ձեզ, բանակցութիւնների հակառակ կողմը պարբերաբար կրկնում է իր ցանկալի արդիւնքը, եւ երբեք դա չի փորձում թաքցնել բառերի յետեւում՝ ժամանակն է, որ Դուք էլ բացէք խաղաքարտերը, եւ գծէք Ձեր կարմիր գծերը։

բ) Պարոն Փաշինեանը խուսափեց պատասխանելուց, թէ արդեօք բանակցային սեղանին փուլային թէ փաթեթային կարգաւորման փաստաթուղթ է դրւած։ Սակայն դրա մասին արդէն մի քանի անգամ յայտարարել են համանախագահները, եւ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին յայտարարութիւնը, եւ մեր արտգործնախարարի արձագանքը այդ իմաստով առանձնապէս այլեւս երկընտրանքի տեղիք չեն թողնում՝ խօսքը գնում է փուլային կարգաւորման մասին, հիմնւած երեք սկզբունքների եւ վեց հիմնական տարրերի վրայ, հարցը ընդամենը փուլերի բովանդակութեան եւ տարրերի համակցութեան մասին է։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինեան՝ փուլային կարգաւորման այս տրամաբանութեամբ, ի՞նչպիսի տարբերակ էք Դուք պատկերացնում, որը կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի, եւ մասնաւորապէս նրա Արցախեան հատւածի համար։ Եւ եթէ ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ էք Դուք պատրաստ անելու այդ դէպքում։

գ) Պարոն Փաշինեանը նորից կրկնեց իր այն միտքը, որ ցանկացած բանակցային լուծում պէտք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդների համար։ Քանի որ մինչ այժմ պատմութեան մէջ յայտնի էին հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները, ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինեանին՝ ինչ ինքը նկատի ունի «Արցախի ժողովուրդ» հասկացութեան տակ, եւ արդեօք այն իր պատկերացմամբ որեւէ կերպ տարբերւում է հայ ժողովրդից։

դ) Պարոն Փաշինեանը մէկ այլ ուշագրաւ յայտարարութիւն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը եւս հակւած է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպէս եւ թերեւս մեր համաքաղաքացիներից շատերը, հետեւելով նրա տարբեր յայտարարութիւններին վերջին մի քանի տարիների ընթացքում, եւ մասնաւորապէս Միւնխէնում տեղի ունեցած բանավէճի ընթացքում, այդպիսի տպաւորութիւն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինեանը, շփւելով նրա հետ փակ դռների ետեւում, գուցէ այլ կարծիք ունի։ Համապատասխանաբար, ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինեան՝ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը եւս ձգտում է բանակցային ճանապարհով խաղաղ եւ արդարացի լուծման, մասնաւորապէս, հաշւի առնելով նրա տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին յայտարարութիւնները միջազգային հանրութիւնից «պատերազմի իրաւունք» ստանալու մասին։

ե) Պարոն Փաշինեանը նաեւ յայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնները լաւ են եւ բարձր մակարդակի վրայ են գտնւում, այս պնդումը յատուկ կարեւորւում է նոյն Արցախեան բանակցութիւնների համատեքստում։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինեանին՝ անցեալ տարւայ հոկտեմբերին Երեւանում կայացած ԵԱՏՄ յիշարժան համաժողովից յետոյ, որն աւարտւեց Զւարթնոց օդանաւակայանում ՌԴ նախագահի հետ հապճեպ կազմակերպւած հանդիպմամբ, Ռուսաստանի Դաշնութեան հետ ի՞նչպիսի դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խօսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ յարաբերութիւնների լաւ մակարդակը։

Այսքանով հարցերս առայժմ սահմանափակեմ։ Թէեւ պարոն Փաշինեանը փորձում է մինչեւ վերջ պահպանել անորոշութիւնը բանակցային գործընթացի շուրջը, իրականութիւնը այն է, որ այս հարցերից եւ ոչ մէկից ոչ նա, ոչ էլ Հայաստանի ցանկացած այլ ղեկավար, չի կարող խուսափել, եւ որքան շուտ դրանց պատասխանները տրւեն, այնքան մեր բանակցային դիրքերը աւելի ամուր կը լինեն, այնքան ժողովուրդը՝ աւելի համախմբւած եւ վճռական, եւ այնքան վերջնական արդիւնքը՝ մեզ համար աւելի նպաստաւոր»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։