Հա

Քաղաքական

12/05/2020 - 13:05

«ՀՀ նախագահը յստակ տեսնում է օրէնքում առկայ ականները, բայց վարանում է գործադրել սահմանադրական լիազօրութիւնները». Չալաբեան

ՀՀ նախագահը յստակ տեսնում է օրէնքում առկայ ականները, բացայայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազօրութիւնները՝ պայթիւնները կանխելու համար: Այս մասին Facebook-իիր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

«alikonline.ir» - ՀՀ նախագահը յստակ տեսնում է օրէնքում առկայ ականները, բացայայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազօրութիւնները՝ պայթիւնները կանխելու համար: Այս մասին Facebook-իիր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

Ստորեւ ներկայացնում ենք գրառումն ամբողջութեամբ.

«Երէկ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ստորագրեց «Ապօրինի գոյքի բռնագանձման մասին» օրէնքը։ Մեր կուսակցութիւնը եւ ես անձամբ, այդ օրէնքի նախագծի ի յայտ գալու պահից, հետեւողականօրէն պայքարել ենք ներկայացւած տեսքով նրա ընդունման դէմ, համարելով, որ կոռուպցիայի եւ յանցագործութեան դէմ պայքարի քողի տակ, այն կարող է հարւածել բազմաթիւ անմեղ մարդկանց, որոնք որեւէ յանցագործութիւն երբեւիցե չեն գործել, եւ ակամայ մեղաւոր են դարձել հիմա, քանի որ որպէս բարեխիղճ գնորդ, գոյք են ձեռք բերել այն տարիներին, երբ դրա միջոցների հաւաստագրումը ոչ ոքից չէր պահանջւում։

Նախագահը, ստորագրելով այս չարաբաստիկ օրէնքը, զուգահեռ հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ոչ միայն ընդունել է մեր բերած փաստարկները, այլեւ դրանց աւելացրել է նորերը՝ մասնաւորապէս նշել է, որ այս օրէնքը իրաւապահ մարմինների ձեռքում կարող է դառնալ կոռուպցիայի եւ կամայականութեան գործիք։

Նա նաեւ նշել է, որ բազմաթիւ հասարակական կազմակերպութիւններ, օտարերկրեայ ներդրողներ, իրաւաբանական եւ մասնագիտական հանրութեան եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրաւապաշտպաններ եւ անհատ քաղաքացիներ իրենց մտահոգութիւնն են ներկայացրել՝ օրէնքի սահմանադրականութեան, դրա կիրառման արդիւնքում հնարաւոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպէս նաեւ տնտեսութեան զարգացման, ներդրումային միջավայրի եւ ֆինանսական կայունութեան վրայ օրէնքի հնարաւոր բացասական ազդեցութեան եւ հետեւանքների վերաբերեալ:

Դրանով հանդերձ, նախագահը տարօրինակ որոշում է կայացրել այդ օրէնքը ստորագրել, թէեւ շատ աւելի տրամաբանական կը լինէր՝ ներկայացւած հիմնաւորումների ծանրութեան ներքոյ, հրաժարւել այն ստորագրելուց, եւ ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու օրէնքի համապատասխանութիւնը Սահմանադրութեանը եւ նրանով երաշխաւորւած մարդու հիմանարար իրաւունքներին։

Ես ծայրայեղ հիասթափւած եմ Նախագահի այդպիսի որոշմամբ՝ մի բան է, երբ այսպիսի օրէնք ընդունում է իր քաղաքական կարճատեսութեամբ եւ նեոբոլշեւիկեան հակումներով յայտնի գործող քաղաքական մեծամասնութիւնը, լրիւ այլ բան է, երբ այն ստորագրում է տարեց, փորձառու, եւ «աշխարհ տեսած» երկրի նախագահը, որը յստակ տեսնում է այս օրէնքի մէջ դրւած ականները, բացայայտ նշում է դրա մասին իր յայտարարութեան մէջ, սակայն վարանում է գործադրել իր սահմանադրական լիազօրութիւնը՝ կանխելու այդ ականների հնարաւոր պայթիւնները։

Մենք շարունակելու ենք պայքարել նրա համար, որպէսզի այս օրէնքը փոփոխւի, եւ նրա գործողութիւնը սահմանափակւի միայն իրական յանցագործների դէմ պայքարով։ Դրա հնարաւորութիւնները, նոյնիսկ Նախագահի ստորագրելուց յետոյ, կան, եւ մենք դրանք լիարժէք օգտագործելու ենք։ Համոզւած եմ, որ մեր քաղաքացիների օգնութեամբ, մենք տեսանելի ապագայում կը հասնենք դրան, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր իմ գործընկերներին, որոնք այս ընթացքում սկզբունքային պայքար մղեցին այս օրէնքի ընդունման եւ ստորագրման դէմ՝ այն առնւազն հնարաւորութիւն տւեց հասարակութեան համար բացայայտել այս օրէնքի վտագները, եւ հիմքեր նախապատրաստեց դրանք հետագայում չէզոքացնելու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։