Հա

Քաղաքական

13/05/2020 - 10:15

«Սփիւռքի 105 տարւայ պահանջատիրական գործունէութիւնը Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ներսից պայթեցւում է»․ Նարեկ Մալեան

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նոր տնօրէնը՝ Յարութիւն Մարութեանը, որն այդ պաշտօնն ստանձնել է իշխանափոխութիւնից յետոյ, փորձում է թանգարանի ֆոնդը հնարաւորինս հասանելի ու բաց դարձնել թուրքերի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նոր տնօրէնը՝ Յարութիւն Մարութեանը, որն այդ պաշտօնն ստանձնել է իշխանափոխութիւնից յետոյ, փորձում է թանգարանի ֆոնդը հնարաւորինս հասանելի ու բաց դարձնել թուրքերի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը։

Այս նպատակով Յարութիւն Մարութեանը թանգարան-ինստիտուտի 96 հազար ցուցանմուշից 36 հազարի կարգավիճակը փոխում է․ գրանտային ծրագրով հանում է ցուցանմուշի կարգավիճակից եւ տեղափոխում գրադարան։

«Դրանք տարբեր տարիներին տարբեր մարդկանց կողմից նւիրաբերւած ցուցանմուշներ են, որոնք հէնց հանդիսանում են այդ թանգարանը․ թանգարանը շէնքը չէ, թանգարանը ցուցանմուշներն են»,- արձանագրեց Մալեանը՝ վտանգաւոր համարելով ֆոնդերի վերակազմաւորումը եւ թուրքերի համար հասանելի դարձնելը։

Իսկ հասանելի դառնում են այլ մեխանիզմով․ Թուրքիա պետութիւնը վճարելու է թուրք մասնագէտների, որպէսզի մշտական ներկայութիւն ունենան Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում... եւ սա հէնց թանգարանի ներկայիս տնօրէնի խնդրանքով։

Բանն այն է, որ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնը՝ Յարութիւն Մարութեանը, մեկնել է Թուրքիա եւ այնտեղ խայտառակ ելոյթ ունեցել՝ բողոքելով թանգարանի սուղ միջոցներից։

«Պատկերացնո՞ւմ էք, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը Թուրքիայում բողոքում է Ցեղասպանութեան թանգարանի սուղ միջոցներից։ Որից յետոյ թուրքական իշխանութիւնները առաջարկ են անում Յարութիւն Մարութեանին, որպէս օգնութիւն, պատկերացնո՞ւմ էք՝ թուրքերը օգնութիւն են առաջարկում Յարութիւն Մարութեանին, որպէսզի Ցեղասպանութեան թանգարանի աշխատանքում ներգրաււեն թուրք գիտաշխատողներ․ խօսքը մշտական ներկայութեան մասին է Հայաստանում, որոնց կը վճարի Թուրքիա պետութիւնը»,- մտահոգութիւն յայտնեց Նարեկ Մալեանը։

Այս գործընթացի վտանգները, նրա համոզմամբ, բազմաթիւ են․ «Ես ծանօթ եմ 2014 թ.-ի քրեական գործի, որ հայի ձեռքով Հայաստանի ազգային գրադարանից եւ ԵՊՀ փակ գրադարանային ֆոնդից, որտեղ 9-10-րդ դարերի գրքեր կան, տեղի էր ունեցել գրքերի գողութիւն, որի պատւիրատուն, պարզւեց, թուրք էր։ Այսինքն, այդ մարդը գողանում էր, տանում էր, Վրաստանում յանձնում թուրքի, այդ թուրքը վերցնում, տանում էր։ Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ թուրքի ինչի՞ն է պէտք մտնի հայկական արխիւներ եւ այնտեղից հնարաւորութիւն ունենայ այդ կեղտոտ արիւնոտ ճանկերը մտցնել հայկական արխիւներն ու հայկական գրադարանները։ Ինչի՞ն է պէտք դա»։

Նարեկ Մալեանը սա, որպէս քաղաքական հարց, անընդհատ բարձրացնելու է առաջին հերթին հայկական Սփիւռքի առջեւ, որը հէնց գոյացել է Ցեղասպանութեան հետեւանքով։ Նա յայտարարեց է, որ Սփիւռքի ամբողջ հայութիւնը պէտք է անուն առ անուն իմանայ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ծառայելու Թուրքիայի շահերին եւ պատրաստակամութիւն են յայտնում Թուրքիայի վզից հանելու այն օղակը, որը կոչւում է «հայկական պահանջատիրութիւն»։

Իսկ այդ մարդկանց անունները, նրա համոզմամբ, սկսւում են հենց Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեանից, որը կոնկրետ աշխատել է Ջորջ Սորոսի գրասենեակում եւ տարիներ շարունակ հսկայական գումարներ ստացել նրանից ապազգային տարբեր ծրագրեր իրականացնելու համար։

Այդ գումարներից ստացել է նաեւ Հրանուշ Խառատեանը, որը Յարութիւն Մարութեանի հետ համահիմնադրել է «Հազարաշէն» հկ-ն եւ դրա միջոցով էլ ստացել գրանտները։

Նոյն աղբիւրից է սնւում Հրանուշ Խառատեանի որդին՝ Արսէն Խառատեանը, որը Սորոսի փողերով Վրաստանում բացել է հայկական «Ալիք» լրատւամիջոցը։

Հրանուշ Խառատեանի դուստրը՝ Լուսինէ Խառատեանը, եւս շատ սերտ համագործակցութիւն ունի Սորոսի հիմնադրամի հետ։

Իսկ Յարութիւն Մարութեանի դուստրը՝ Արփենիկ Մարութեանը, որը Երեւանի աւագանու անդամ է եւ քաղաքաշինութեան յանձնաժողվի անդամ, աչքի ընկաւ ակտիւ լոբբինգով, որպէսզի Երեւանում տեղադրւի թուրք ժողովրդի մեծ բարեկամ Մահաթմա Գանդիի արձանը եւ Ցեղասպանութեան յիշատակի օրւանից 4 օր յետոյ՝ ապրիլի 28-ին, այդ որոշումն ընդունւեց։

Նարեկ Մալեանը բացայայտում է հայոց պահանջատիրութեան հարցը վաճառքի հանած գործակալական այս ցանցը եւ նշում նրանց կոնկերտ գործողութիւնները։

Օլիգարխ Ջորջ Սորոսը մարտին հրապարակավ յայտարարեց եւ հրահանգեց աջակցել Էրդողանին եւ Թուրքիային։ Նա այս այս կոչը ուղղեց նաեւ իր գործակալական ցանցին։

«Գործակալական ցանցը այս կոչին շատ վաղուց էր նախապատրաստւում․ դեռ 2 տարի առաջ, երբ Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնի պաշտօնում եւ ղեկավար կազմում եղան փոփոխութիւններ, տնօրէն Յարութիւն Մարութեանը առաջին անգամ մեկնեց Թուրքիա, ելոյթ ունեցաւ, որը հրապարակւած է, եւ ասաց, որ ինքը չի հանդիսանում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների մասնագէտ։ Այսինքն, ըստ էութեան, Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնը Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւնը անւանեց «100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւններ» եւ յայտարարեց, որ դրա մասնագէտը չէ»,- մտահոգութիւն յայտնեց Նարեկ Մալեանը։

Իսկ Յարութիւն Մարութեանն ու Հրանուշ Խառատեանը Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ղեկավար կազմում, Մալեանի գնահատմամբ, յայտւեցին հապշտապ կերպով։

«2018 թ.-ի մայիսին, երբ տեղի ունեցաւ իշխանութեան զաւթում օտարերկրեայ գործակալական ցանցի կողմից, միանգամից՝ մօտ 30 օր անց, յունիսի սկզբին, Նիկոլ Փաշինեանի գրաւոր որոշումով՝ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակւեց Հրանուշ Խառատեանը։ Խառատեանների ընտանիքի լոբբինգի հետեւանքով Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնի պաշտօնում յայտնւեց Յարութիւն Մարութեանը, ով տարիներ շարունակ հանդիսանում է Հրանուշ Խառատեանի գործընկերը «Հազարաշէն» հկ-ում, որը Սորոսից ստանում էր հսկայական գրանտներ»,- նշեց Նարեկ Մալեանը։

Գրանտների չափն ու նպատակը հրապարակային են։ Նարեկ Մալեանը թւարկեց մի քանիսը․ 2014 թ.-ի դեկտեմբերին, օրինակ, «Հազարաշէն» հկ-ն ստացել է 15 հազար դոլար գրանտ, 2015 թ.-ի դեկտեմբերին՝ 25 680 հազար դոլար։ Գրանտները շատ են։

Խառատեանների ընտանիքը ծախում է Ցեղասպանութեան թեման՝ նշեց Մալեանը։

Յարութիւն Մարութեանի մասին դիրքորոշումը յստակ է․ «Ես ցաւում, եմ, որ այդ մարդն է հիմա Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնը, կարծում եմ, շատ կարճ ժամանակում հանրային պահանջով այդ անարդարութիւնը կը լուծւի»։

Մալեանը նկատեց, որ եթէ մինչեւ վերջերս միայն թուրքերն էին, որ անհանգստացած էին հայկական պահանջատիրութիւնից ազատւելու հարցով, ապա այժմ պարզւեց մի ցաւալի իրականութիւն, որ հայկական նոր՝ յեղափոխական իշխանութիւնը, ուղղակի վաճառքի է հանել Հայոց Ցեղասպանութեան առնւազն պահանջատիրական բաղադրիչը՝ նպատակ ունենալով Թուրքիային ազատել այդ օղակից, որն աստիճանաբար աւելի ու աւելի է սեղմում նրա պարանոցը։

«Մեր իշխանութիւնը որդեգրել է Թուրքիային ներելու, պահանջատիրական գործօնը յարաբերութիւններից հանելու քաղաքականութիւն, որը արտասահմանեան գործակալական ցանցի օրակարգն է, պարտադրանք-քաղաքականութիւնը։ Այդ պարտադրանքով ապրիլի 24-ին բացայայտւեց, որ «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսից մեր իշխանութիւնները հեռացրել են «Պահանջում եմ» բառը եւ մեր Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնը իր էջում տեղադրեց կարգախօսը՝ «Պահանջում եմ»-ը հանած վիճակում»,- մտահոգութիւն յայտնեց Նարեկ Մալեանը։

Յաջորդը Արսէն Խառատեանի գրառումն էր, որով յայտարարեց՝ «Մենք պատրաստ ենք ներել»։ Թէեւ չէր մանրամասնում՝ ովքեր են «մենքը», բայց ակնյայտ էր, որ յայտարարութիւնը հայ ժողովրդի անունից էր։

«Կաշառակերութիւնը, Թուրքիայից 30 արծաթ վերցնելը, ազգադաւութիւնը դրւած է պետական՝ իշխանական մակարդակի վրայ արդէն, պատասխանատւութիւնը իշխանութեան վրայ է»,- արձանագրեց Նարեկ Մալեանը։

Նա նկատեց, որ հայկական Սփիւռքի 105 տարւայ պահանջատիրական ամբողջ գործունէութիւնը այսօր Հայաստանի սրտից՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ներսից, պայթեցւում է։

«Սա անձերի խնդիր չէ, սա գաղափարի ոչնչացման խնդիր է, սա 105 տարւայ շատ ծանր աշխատանքի ոչնչացման խնդիր է։ Ինքս պատրաստ եմ ծառայի կարգավիճակով ծառայել այս գաղափարին»,- ասաց Նարեկ Մալեանը։

Մալեանն իր ընտրութիւնն արել է՝ հրաժարւում է ապրել այն իրականութեան մէջ, որտեղ մեր պապերի արիւնը ուղղակի կարող են դնել ու վաճառել թուրքերին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։