Հա

Քաղաքական

14/05/2020 - 12:10

«Թել Աւիւում Երեւանի դեսպանութիւն բացելը շատ նուրբ հարց է, պէտք է հասկանանք` երբ վտանգում ենք հայ-իրանական յարաբերութիւնները, ինչ ենք շահում դրա դիմաց». Ահարոն Վարդանեան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանի խօսքով՝ իհարկէ, Հայաստանն ինքնիշխան պետութիւն է, ունի իր արտաքին օրակարգը, որը պէտք է առաջ տանի, բայց դրա հետ մէկտեղ պէտք է հաշւի առնի տարածաշջանային իրողութիւնները եւ մեր բնական բարեկամ Իրանի շահերը:

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանի խօսքով՝ իհարկէ, Հայաստանն ինքնիշխան պետութիւն է, ունի իր արտաքին օրակարգը, որը պէտք է առաջ տանի, բայց դրա հետ մէկտեղ պէտք է հաշւի առնի տարածաշջանային իրողութիւնները եւ մեր բնական բարեկամ Իրանի շահերը: Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակի՝ Թել Աւիւում Երեւանի դեսպանութիւն բացելու որոշման վերաբերեալ արձագանքին, որով նա յոյս էր յայտնել, որ Հայաստանը կը վերանայի այդ որոշումը:

«Յատկապէս Թել Աւիւում Երեւանի դեսպանութիւն բացելը շատ նուրբ հարց է եւ պէտք է հասկանանք, որ երբ վտանգում ենք հայ-իրանական յարաբերութիւնները, ինչ օգուտներ ենք դրա դիմաց ձեռք բերում, ինչ ենք շահում»,- ասաց նա:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարութիւնն արձագանքել էր Թել Աւիւում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշմանը:

Մտահոգութիւն յայտնելով Թել Աւիւում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցութեամբ՝ Իրանի ԱԳ նախարարութեան խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին յոյս էր յայտնել, որ Երեւանը կը վերանայի իր որոշումը:

«Այլ երկրներին մենք շարունակ զգուշացրել ենք Սիոնիստական ռեժիմի օկուպանտ էութեան ու ռեժիմի անօրինականութեան մասին եւ մտահոգութիւն ենք յայտնել սիոնիստների համար ամենաչնչին օրինականութիւնը ստեղծող քայլերի կապակցութեամբ»,- ասել էր նա՝ յաւելելով, որ իրենց մտահոգութիւնը յայտնել են ՀՀ կառավարութեանը:

Ահարոն Վարդանեանի նկատառմամբ՝ այստեղ առաջնահերթութիւն պէտք է լինեն քաղաքական շահերը, այլ ոչ թէ ինչ-որ կողմին դուր գալու հանգամանքը:

«Պէտք է միշտ յստակ հաշւարկ անենք, թէ որն է մեզ համար առաջնահերթ: Իհարկէ, ոչ ոք չի ասում, որ մենք ինքնիշխան չենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ պէտք է ոչ թէ մէկ երկրի հետ յարաբերութիւնները զարգացնել միւսի հաշւին, այլ պէտք է զուգահեռ զարգացւեն բոլոր կողմերի հետ յարաբերութիւնները:

«Երեւանեան աշխարհաբառով ասած՝ կարող ենք «թանկով ծախել» այդ յարաբերութիւնները միւս կողմի վրայ: Կան բազմաթիւ հարթութիւններ, որտեղ կարող ենք գործել: Մասնաւորապէս, կարող ենք Թաւրիզում հիւպատոսարան բացել, ինչը շատ կարեւոր է մեզ համար՝ այնտեղ ադրբեջանական ազդեցութեանը հակազդելու համար: Դա շատ լաւ քայլ կը լինէր Թել Աւիւում Երեւանի դեսպանութիւն բացելու գործընթացի ֆոնին: Պէտք է մի քանի ճակատով գործել, մի ուղղութեան վրայ չկենտրոնանալ: Պէտք է մի երկրի հետ յարաբերութիւններ զարգացնելու հաշւին չվատթարանան Իրանի հետ մեր յարաբերութիւնները: Իսրայէլն Իրանի, ինչպէս նաեւ՝ իսլամական եւ արաբական աշխարհի  համար շատ զգայուն կէտ է, եւ այստեղ պէտք է շատ նուրբ վարւել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի՝ ՀՀ-ի դէմ հնարաւոր քայլերին, եթէ Թել Աւիւում դեսպանութիւն ի վերջոյ բացւի, ապա Ահարոն Վարդանեանի խօսքով՝ դժւար թէ դրան անմիջապէս յաջորդեն Թեհրանի՝ Երեւանի դէմ որոշումները: «Դա երկարատեւ գործընթաց է: Իրանցիները շատ պարզ յայտնել են իրենց դիրքորոշումն այս հարցով, մնում է, քայլեր արւեն մեր կողմից»,- ասաց նա:

Գնահատելով այս ընթացքում՝ կորոնավիրուսի տարածման շրջանում երկու երկրների յարաբերութիւնները՝ իրանագէտը նկատեց. «Ինչպէս բոլոր երկրների, այնպէս էլ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների զարգացումը սառած փուլում է գտնւում: Բայց եղել են հեռախօսազանգեր ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի, արտգործնախարարների մակարդակով, առողջապահութեան նախարարների միջեւ գործընկերային մթնոլորտ է եղել: Կարեւոր է այս փուլում Իրանի փորձը կիրառել. տարբեր լրատւական հոսքեր տարածում են, որ Իրանում յայտնաբերւել են տարատեսակ թեստեր, որոնք արագ բացայայտում են վարակը, Իրանը թեստեր է այլ երկրներ արտահանում: Կարծում եմ, որ կարելի է այս հարցում համագործակցել հարեւան երկրի հետ»,- ասաց նա:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։