Հա

Քաղաքական

14/05/2020 - 15:00

«Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դէմ դատական հայց է ներկայացւել». 168.am

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դէմ դատական հայց է ներկայացւել. այս առնչութեամբ 168.am-ը զրուցել է թանգարան-ինստիտուտից հեռացւած գիտաշխատող Անի Ոսկանեանի հետ՝ պարզելու պատճառները։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դէմ դատական հայց է ներկայացւել. այս առնչութեամբ 168.am-ը զրուցել է թանգարան-ինստիտուտից հեռացւած գիտաշխատող Անի Ոսկանեանի հետ՝ պարզելու պատճառները։

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) շուրջ վերջին օրերին սկիզբ առած գիտական-տեղեկատւական բանավէճը սպառնում է ջրի երես հանել նոր իրողութիւններ: Թեմայի վերաբերեալ նախորդ հրապարակումները պատրաստելու ընթացքում թանգարան-ինստիտուտից կապ հաստատեցին մեզ հետ եւ տեղեկացրեցին, որ հիմնարկի տնօրէն Յարութիւն Մարութեանի հրամանով թանգարանի գիտաշխատող Անի Ոսկանեանն անցեալ տարեվերջին հեռացւել է աշխատանքից: Հեռացման պատճառը, ինչպէս նշւում էր, գիտաշխատողի տարակարծութիւնն է եղել տնօրէնի կողմից որդեգրած թանգարանային աշխատանքների ներքին ռազմավարութեանն ու քաղաքականութեանը, ինպէս նաեւ՝ նրա կողմից փաստացի կիրառութեան մէջ մտցւած գիտական տերմինոլոգիայի հետ նախկին գիտաշխատողի ընդգծւած անհամաձայնութիւնները:

Առաջին հայեացքից, թւում է՝ գործ ունենք հիմնարկի ներսում այլակարծութիւնը ոչ մի կերպ չհանդուրժող եւ ճնշող ղեկավարի հետ եւ, որպէսզի այս տեղեկատվութիւնն առաջին աղբիւրից մերժւի կամ հաստատւի, կապ հաստատեցինք թանգարան-ինստիտուտից հեռացւած գիտաշխատող Անի Ոսկանեանի հետ:

Վերջինս համաձայնեց պատասխանել մեր հարցերին, ինչի արդիւնքում պարզ դարձաւ հետեւեալ պատկերը՝ Անի Ոսկանեանը թանգարան-ինստիտուտում հիմնական աշխատանքի է անցել արդէն նոր տնօրէն Յարութիւն Մարութեանի օրօք եւ նրա հրամանով: Այնուհետեւ, կարճ ժամանակ անց, ինչպէս զրոյցի ընթացքում նշեց տիկին Ոսկանեանը, որպէս աշխատող, գործատու տնօրէն Մարութեանի կողմից նախ կոպտօրէն ոտնահարւել էին աշխատողի իր իրաւունքները, ապա, որպէս գիտաշխատող` այլ կարծիք չհանդուրժող տնօրէնը փորձել է սահմանափակել իր ակադեմիական ազատութիւնը, ինչպէս նաեւ ձախողել իր գիտական տեսակէտները քննարկման դնելու բոլոր տեսակի փորձերը:

Այս ամէնն աւարտւել է գիտաշխատողի նկատմամբ տնօրէն Յարութիւն Մարութեանի յայտնած անվստահութեամբ եւ նրա աշխատանքից ազատման հրամանով: Հեռացւած գիտաշխատող Անի Ոսկանեանն այս պահին փորձում է դատական կարգով վերականգնել խախտւած աշխատանքային իրաւունքները:

 

- Ե՞րբ էիք աշխատանքի անցել թանգարանում, ի՞նչ կարգավիճակով, եւ ինչպիսի՞ն էր ի սկզբանէ Ձեր յարաբերութիւնները թանգարանի տնօրէնի հետ։

- «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում անցել եմ աշխատանքի 2018 թ. դեկտեմբերի 1-ից որպէս գիտաշխատող` իմ խնդրանքի համաձայն: Միաժամանակ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում գրանցւել եմ որպէս հայցորդ` թեկնածուական ատենախօսութիւնս պաշտպանելու նպատակով: Ես 2007-2014 թթ. նոյնպէս աշխատել եմ թանգարան-ինստիտուտում, այնպէս որ, աշխատանքն ինձ համար նոր չէր: Ի սկզբանէ Յարութիւն Մարութեանի հետ ունեցել ենք լաւ յարաբերութիւններ:

 

- Ինչպէ՞ս են սկսւել տարաձայնութիւնները, ի՞նչ բնոյթի տարաձայնութիւններ են եղել դրանք։

- Անցնելով աշխատանքի՝ արդէն աշխատակցի պարտականութեամբ ու պատասխանատւութեամբ, առաւել ուշադիր դարձայ ՀՑԹԻ գործունէութեանը, մասնաւորապէս, կառոյցի ղեկավարի վարած քաղաքականութեան հանդէպ: Մէկը միւսին սկսեցին յաջորդել ՀՑԹԻ տնօրէն Յ. Մարութեանի՝ տարբեր լրատւամիջոցներին տրւած հարցազրոյցները, ելոյթները, որոնցում հնչեցւած տեսակէտներն ինձ համար, որպէս թուրքագետ-պատմաբանի, առնւազն տարակուսելի էին: Աշխատանքային ընթացակարգի համաձայն՝ թանգարան-ինստիտուտի գիտական հատւածը տարւայ ընթացքում սկսեց նախաձեռնել միջոցառումներ, մասնաւորապէս՝ ժամանակաւոր գիտական ցուցադրութիւններ, որոնց ներկայացման բովանդակութեան շուրջ էլ ծագեցին մեր առաջին տարաձայնութիւնները: Օրինակ, կազմակերպւող որոշ ժամանակաւոր ցուցադրութիւնների վերնագրերում իրաւաբանական ուժ ունեցող «Ցեղասպանութիւն» եզրոյթի փոխարէն՝ նախապատւութիւն էր տրւում «Մեծ Եղեռն» եզրոյթին, որը, ասենք, օգտագործում են ԱՄՆ նախագահները` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վաւերացումից խուսափելու համար: Իհարկէ, իւրաքանչիւր հայ գիտի, որ 20-րդ դարի սկզբին, երբ դեռեւս Ռ. Լեմկինը շրջանառութեան մէջ չէր դրել ցեղասպանութեան յանցագործութեան իրաւական տերմինը` Genocide բառը, վերապրող հայութիւնը «Մեծ Եղեռն» ասելիս՝ հասկանում էր հէնց ցեղասպանութիւնը: Այդ իսկ պատճառով տերմինը մեզանում դեռ ապրում է եւ կապրի:

Սակայն այսօր ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպւող ցուցադրութիւնների խորագրերում այն կիրառելը, առաւել եւս՝ օտար լեզուներով տառադարձումը, ես անընդունելի եմ համարում: Եւ այստեղ պէտք չէ բնաւ օրինակ բերել Հրէից ցեղասպանութեան համար յաճախ կիրառւող «Հոլոկոստ» եզրոյթը: Աւելորդ է նշել, որ Հրէից ցեղասպանութիւնը վաղուց ճանաչւած, դատապարտւած ցեղասպանութիւն է, հետեւանքների վերացումը Գերմանիայի կողմից կիրառւել ու կիրառւում է մինչ օրս, իսկ Հայոց Ցեղասպանութիւնն ամէն օր ժխտւել եւ ժխտւում է իրագործողի կողմից: Իմ կարծիքով՝ միջազգային ընդունելի տերմինաբանութեամբ այն չներկայացնելն առնւազն յետքայլ է մեզ համար, այն ոչ միայն վտանգում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման շարունակւող գործընթացը, այլեւ սպառնում է մեր ազգային անվտանգութեանը՝ այսօր ու այստեղ:

Տերմինաբանութեան շուրջ այս անհամաձայնութիւնն առաջ եկաւ 2019 թ. մայիսի վերջին ցեղասպանութեան զոհ ու վերապրած երեխաներին նւիրւած ցուցադրութեան ժամանակ, որի նախնական խորագրում շրջանառութեան մէջ էր դրւած «Մեծ Եղեռն» եզրոյթը, եւ այն տառադարձւած էր անգլերէն տարբերակում: Թանգարանում եղաւ շրջաբերական նամակ ու փաստարկւած քննարկում, եղան տարբեր կարծիքներ: Խորագիրը փոխւեց: Սական օրեր յետոյ, Ժանսէմի կտաւների ցուցադրութեան պաստառներում, այնուամենայնիւ, նախապատւութիւն տրւեց «Մեծ Եղեռն» եզրոյթին՝ տառադարձելով այն երեք լեզւով (Ժանսէմ. Մեծ Եղեռնի գեղանկարիչը):

2019 թ. նոյեմբերի 19-ին «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հրապարակեց «Պայքար հայկական Կիլիկիայի համար. Կիլիկիան եւ կիլիկիահայութիւնը Առաջին աշխարհամարտի աւարտից յետոյ (1918-1921 թթ.)» խորագրով գիտաժողովի յայտարարութիւնը: Յայտարարութեան թէ´ վերնագիրը, եւ թէ´ տեքստը խնդրայարոյց էին՝ ինչպէս պատմագիտութեան, այնպէս էլ՝ ցեղասպանագիտութեան տեսանկիւնից, ու տարընթերցումների եւ շահարկումների տեղիք կարող են դառնալ յատկապէս Հայոց Ցեղասպանութեան ժխտմանը լծւած վարձկանների համար:

Յայտարարութիւնը, որը նախապէս չէր քննարկւել թանգարան-ինստիտուտի գիտական շրջաններում (կամ արւել էր առանց իմ գիտութեան՝ այն դէպքում, որ ես այդ շրջանի նեղ մասնագէտն եմ), քննադատութեան արժանացաւ ոլորտի մասնագէտների կողմից, եւ ոմանք այն քննադատեցին հրապարակաւ` դիմատետրի տիրոյթում: Ես գիտական քննարկում խնդրեցի թանգարանի գիտական կազմից այս հարցի շուրջ, որին ընթացք չտրւեց: Տնօրէնն այդ օրերին գտնւում էր գործուղման մէջ, սակայն նրա վերադառնալուց յետոյ եւս այս հարցին ընթացք չտրւեց:

Աւելին, 2019 թ. նոյեմբերի 29-ին տնօրէն Յ. Մարութեանն ինձ ծանուցեց իմ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու եւ այն դեկտեմբերի մէկով դադարեցնելու մասին: Ի պատասխան իմ ազատումը պարզաբանելու յորդորներին՝ նա ասաց, որ անվստահութիւն է յայտնում ինձ, եւ ըստ աշխատանքային պայմանագրում առկայ համապատասխան դրոյթի՝ դրա իրաւունքն ունի եւ չի ցանկանում մեկնաբանել: Նա նաեւ յաւելեց, որ, քանի որ ես աշխատանքից ազատւելու մասին ծանուցւում եմ ընդամենը մէկ աշխատանքային օր առաջ, ապա ուշ ծանուցելու համար պատրաստ է վճարել համապատասխան տոյժերը, իսկ իմ ակնկալած գիտական քննարկումը ես պէտք է խնդրեմ գրաւոր, եւ այդ պահից սկսած դրա համար ունեմ ընդամենը մէկ աշխատանքային օր:

Օգտագործելով աշխատանքային վերջին օրը՝ ես գիտական քննարկում հրաւիրելու խնդրանքի եւ առաջացած խնդրի մասին նամակ ուղղեցի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներին, թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամներին, Ցեղասպանագիտական հանդէսի խմբագրակազմին եւ ոլորտի մասնագէտներին: (Կուզէի նշել նաեւ, որ ինձ աշխատանքից ազատելուց յետոյ, այնուամենայնիւ, գիտաժողովի յայտարարութեան տեքստի վերնագիրը ենթարկւեց փոփոխութեան):

Առաջին արձագանքողներից էր Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատեանը, ով էլ կազմակերպեց հանդիպումը: 2019 թ. դեկտեմբերի 17-ին Հոգաբարձուների խորհրդի անդամներ Աշոտ Մելքոնեանը եւ Հրանուշ Խառատեանը խորհրդի անունից հանդիպեցին ինձ հետ, որի ընթացքում ես ներկայացրեցի խնդիրը: Որպէս աշխատող՝ գործատու տնօրէն Մարութեանի կողմից նախ կոպտօրէն ոտնահարւել էին աշխատողի իմ իրաւունքները, ապա, որպէս գիտաշխատող` այլ կարծիք չհանդուրժող տնօրէնը փորձել էր սահմանափակել իմ ակադեմիական ազատութիւնը եւ ձախողել իմ գիտական տեսակէտները քննարկման դնելու փորձը:

Իմ համոզմամբ՝ ինձ աշխատանքից ազատելու պատճառը հանդիսացել է ակադեմիական այլակարծութիւնը գիտական հիմնարկում ճնշելուն միտւած ՀՑԹԻ տնօրէն Յ. Մարութեանի կամայական ու փաստացի որոշումը: Իսկ 2019 թ. դեկտեմբերի 3-ի (N 337)՝ իմ աշխատանքային պայմանագիրը դադարացնելու մասին հրամանում վկայակոչւել է այնպիսի իրաւական նորմ, որը հրամանի կայացման օրւայ դրութեամբ ուժը կորցրած է եղել: Իմ խաթարւած աշխատանքային իրաւունքները վերականգնելու համար հայցադիմում է ներկայացւել ՀՀ Երեւան քաղաքի առաջին իրաւասութեան դատարան, որն ընդունւած է վարոյթ (Քաղաքացիական գործ թիւ ԵԴ/43979/02/19):

Ճնշելով եւ չհանդուրժելով այլակարծութիւնը՝ ցանկացած ղեկավար, առաջին հերթին՝ վնասում է հէնց ինքն իրեն:

 

- Ինչպիսի՞ն է եղել գիտական խորհրդի վերաբերմունքը՝ թանգարանի գիտական գործունէութեան հետ կապւած, եւ ինչպիսի՞ն են յարաբերութիւններն աշխատակիցների հետ:

- Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ չեմ, քննարկումների մանրամասներին չեմ տիրապետում: Միայն իմ հայցորդութեան հարցը քննող նիստին եմ ներկայ եղել՝ որպէս հրաւիրեալ: Գիտխորհրդի նիստի քննարկումներին, արձանագրութիւններին, օրակարգին, ընդունւած ու մերժւած հարցերին, դէմ ու կողմ ձայներին ես՝ որպէս գիտաշխատող, տեղեակ չեմ եղել, աւելին՝ իմ խնդրանք-պահանջին՝ ինձ տրամադրել գիտական խորհրդի նիստերից առնւազն մէկի արձանագրութիւնը, ստացել եմ բացասական պատասխան: Աշխատակիցների եւ տնօրէնի փոխյարաբերութիւնների մասին որեւէ կարծիք արտայայտել չեմ կարող, ես կարող եմ խօսել միայն իմ անունից:

 

- Որպէս ոլորտի մասնագէտ՝ ինչպէ՞ս էք գնահատում տնօրէնի գիտական մօտեցումներն ու թանգարանում իրականացւող գիտամշակութային քաղաքականութիւնը, ի՞նչ հակասութիւններ ունեն դրանք պահանջատիրութեան եւ ցեղասպանութեան հայկական կողմի շահերի հետ։

- Ընդունելով իւրաքանչիւր մասնագէտի ակադեմիական ազատութիւնը՝ հարկաւոր է նշել, որ, ինչպէս բոլորը, այնպէս էլ ազգագրագէտ, պ.գ.դ. Յարութիւն Մարութեանը կարող է ունենալ ցանկացած դիրքորոշում ցանկացած հարցի վերաբերեալ: Սակայն Յ. Մարութեանը 2018-ի աշնանից նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնն է: Նա է ներկայացնում հիմնարկը ոչ միայն հայրենիքում, այլեւ դրանից դուրս, տարբեր միջազգային եւ գիտական հարթակներում: Նա նաեւ Ցեղասպանագիտական հանդէսի գլխաւոր խմբագիրն է, ուստի նրա ամէն մի խօսքը լսելի է: Այս տեսանկիւնից եթէ մօտենանք խնդրին, նա այլեւս գիտնական Մարութեանը չէ, այլ ներկայացուցիչը մի հիմնարկի, որն ունի կրթական, քարոզչական եւ քաղաքական նշանակութիւն:

Իմ կարծիքով, անկախ անձից՝ թանգարան-ինստիտուտի տնօրէնը իւրաքանչիւր նախադասութիւն արտաբերելիս պէտք է այն դնի ՀՀ արտաքին քաղաքականութեան, ազգային անվտանգութեան, պատմական անաչառութեան, նիւթի գիտական ամրութեան եւ դրա քաղաքական, իրաւական ու պատմական բոլոր հետեւանքների կշռաքարին զուգահեռ: Ինձ համար Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ռազմավարական կառոյց է, եւ նրա անունից հնչեցւած ցանկացած կոչ, յայտարարութիւն եւ այլն, ուղերձ է, մեսիջ՝ խնդրին հետամուտ եղող բոլոր կողմերի համար: Բացի այդ, թանգարան-ինստիտուտն իր հեղինակութեամբ ձեւաւորում, ազդում է նաեւ հասարակական կարծիքի վրայ, ուստի նրա թելադրած գիծը շատերի համար կողմնորոշիչ է եւ ընդունելի: Այն կարող է ընդունւել՝ որպէս ի գիտութիւն՝ առանց վերլուծութեան, ուստի իւրաքանչիւր թերացում կարող է աւելի լուրջ հետեւանք ունենալ, քան երեւում է:

Գալով արդէն ապրիլի 24-ին ընդառաջ թագավարակով պայմանաւորւած արտակարգ դրութեան պայմաններում Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման առիթով թանգարանի պաշտօնական էջերում արւած յայտարարութիւններին, պէտք է նշեմ, որ սրանք հարցին տնօրէն Յ. Մարութեանի մօտեցման արտացոլումներն են, ինչը պարզ դարձաւ արդէն իսկ իր անունից տարածւած կոչի մասին պարզաբանում ներկայացնող տեքստից: Սրանք նոր բանաձեւեր են եւ որքանով են ընկալելի ու կիրառելի, ցոյց տւեց քննադատութեան բուռն ալիքը, որը, ցաւօք, տարածւեց ողջ կառոյցի եւ նրա հեղինակութեան վրայ:

 

ՆՒԱՐԴ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

 

Յ.Գ. Տեղեկացնենք նաեւ, որ մեր ունեցած տեղեկութիւններով՝ ՀՑԹԻ-ի տնօրէն Յարութիւն Մարութեանի դէմ նոր դատական հայց է նախապատրաստւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։