Հա

Քաղաքական

16/05/2020 - 10:20

«Համավարակի դէմ պայքարի տապալումը, որն իրականում կատարում է Փաշինեանը, կը բարդւի Աւինեանի գլխին». քաղաքագէտ

Համացանցում փնտրելիս չգտնւեց մէկ այլ երկիր, որտեղ COVID-19-ի համաճարակի պայքարի համար ստեղծւած լինէր պարետատուն։ Իհարկէ, վարակի դէմ պայքարն ընթանում է աշխարհի բոլոր երկրներում, նրանց մեծ մասում սահմանափակումներ են գործում, շատ դէպքերում՝ արտակարգ դրութիւն, անգամ՝ ճգնաժամային կառավարում, սակայն «պարետ» ոչ մի տեղ չի նշանակւել։

«alikonline.ir» - Համացանցում փնտրելիս չգտնւեց մէկ այլ երկիր, որտեղ COVID-19-ի համաճարակի պայքարի համար ստեղծւած լինէր պարետատուն։ Իհարկէ, վարակի դէմ պայքարն ընթանում է աշխարհի բոլոր երկրներում, նրանց մեծ մասում սահմանափակումներ են գործում, շատ դէպքերում՝ արտակարգ դրութիւն, անգամ՝ ճգնաժամային կառավարում, սակայն «պարետ» ոչ մի տեղ չի նշանակւել։ Այս մասին ըստ News.am-ի` իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

Նա գրել է. ««Աննախադէպ» հերթական հայկական յայտնագործութեան՝ պարետի ինստիտուտի ներդրումը պայմանաւորւած է մի շարք հանգամանքներով։ Նիկոլ Փաշինեանն իր իշխանութեան ընթացքում առաջին անգամ բախւեց ճգնաժամային իրավիճակի հետ, երբ անգամ իր համար ակնյայտ էր, որ խօսքերով եւ մանիպուլեացիաներով խնդիրն անհնար է լուծել։ Այդ նպատակով որոշւեց առաջին պլան բերել Տիգրան Աւինեանին, ով, Նիկոլ Փաշինեանի կարծիքով, աւելի հմուտ կառավարիչ էր։

Պարետին չտրւեցին անհրաժեշտ գործիքներ, ինչպէս օրինակ՝ չսահմանւեց պարետատան բիւջէ, չներկայացւեց պարետատան աշխատակազմը, չյայտարարեցին առանձին բնակավայրերում պարետներ նշանակելու մասին։ Այս ամէնը նշանակում է, որ պարետը ֆորմալ գործիք էր, ֆորմալ պաշտօն, իսկ իրականում որոշումներն ընդունում է Նիկոլ Փաշինեանը։ Ի դէպ, դրա կողմնակի ապացոյցներ են որոշումների յախուռնութիւնը, տրամաբանական շղթայի բացակայութիւնը, նաեւ՝ Նիկոլ Փաշինեանի կողմից պարետատան խօսնակի դերի ստանձնումը, նոր հիւանդների ու մահերի գուժմամբ, եւ ձեռքերը լւանալու անհրաժեշտութեան մասին յիշեցումներով։

Պարետատանը վերագրւում են ամենահակաժողովրդական քայլերը, ինչը, մի կողմից վարչապետին ազատում է պատասխանատւութիւնից, միւս կողմից, վարկաբեկում է Տիգրան Աւինեանին։ Ամենայն հաւանականութեամբ, համավարակի դէմ պայքարի տապալումը, որն իրականում կատարւում է Նիկոլ Փաշինեանի ձեռամբ, վերջում կը բարդւի պարետի վրայ, մինչ վարչապետը կը վայելի արտակարգ իրավիճակի քաղցր պտուղները՝ ընդունւած ոչ պոպուլեար որոշումները։

Հիմա, de facto վերացնելով արտակարգ դրութիւնը, de jure այն պահպանւում է, եւ անհասկանալի պարետատունը մինչեւ հիմա պահպանում է բացառիկ լիազօրութիւններ։ Հարցերի հարցն այսօր մնում է սահմանադրական հանրաքւէն չեղարկելու ձեւերը, եւ չի բացառւում, որ երկրի տնտեսական կոլապսի, ծանրագոյն առողջապահական եւ սոցիական ճգնաժամերի մէջ մեղադրւելուն զուգահեռ, այս դէպքում եւս որպէս մեղաւոր յայտարարւի պարետը։

Արդար է։ Բնական է, որ բանակում ծառայութիւնից խուսափած Տիգրան Աւինեանը մեծ հաճոյքով ընդունեց այս կիսազինւորական պաշտօնը եւ յատուկ իր համար ստեղծւած համաշխարհային «աննախադէպ» նորամուծութիւնը։ Եւ ուրեմն, նա էլ պէտք է վճարի այդ հաճոյքների դիմաց»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։