Հա

Քաղաքական

17/05/2020 - 10:30

Հայաստանում համատարած պառակտման իրավիճակից օգտւելով՝ թուրք-ազերիական վտանգաւոր դաւ՝ այս անգամ «Վտարանդի կառավարութիւն» Հայաստանի Հանրապետութիւնը «ազերիական պատմական տարածք» հռչակելով…

Մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի թշնամիները ուշի-ուշով են հետեւում քաղաքամայր Երեւանում թէ Ստեփանակերտում տեղի ունեցած ամէն մի խռովայոյզ երեւոյթին, իրար ատելութեան քարոզչութեան, Արցախեան ազատամարտի հերոսների խայտառակ դատավարութեանց, նոյնիսկ կորոնավիրուսի ստեղծած քաոսային վիճակին՝ տարածաշրջանում։

Մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի թշնամիները ուշի-ուշով են հետեւում քաղաքամայր Երեւանում թէ Ստեփանակերտում տեղի ունեցած ամէն մի խռովայոյզ երեւոյթին, իրար ատելութեան քարոզչութեան, Արցախեան ազատամարտի հերոսների խայտառակ դատավարութեանց, նոյնիսկ կորոնավիրուսի ստեղծած քաոսային վիճակին՝ տարածաշրջանում։ Ինչպէս երեւում է զանգւածային լրատւամիջոցներով փոխանցւած տեղեկատւութիւնից, Անկարան եւ Բաքուն արդէն իսկ այն համարում են պառակտման ազդանշաններ՝ անմիջապէս քաղաքական վտանգաւոր քայլերի դիմելով, մի կողմից խելագար նէօ-օսմանիստ, միւս կողմից ցեղապաշտ-ռազմատենչ Թուրքիայի եւ Ադրբեջանի բռնատէրեր Էրդողանի եւ Ալիեւի կողմից։ Դեռ մի քանի օր առաջ, ոտնահարելով միջազգային դիւանագիտութեան եւ իրաւունքի բոլոր չափանիշները, արդէն իսկ յայտարարւում է ադրբեջանական նոր կառավարութեան հիմնադրման մասին՝ իբր թէ վտարանդի, որն պահանջում է «զաւթւած տարածք»-ների (այսօրւայ Հայաստանի եւ Արցախի…) ազատագրումը…։

Որպէս շառաչուն ապտակներ հասցնելու այս լկտիների անամօթ դէմքերին՝ հեռախօսով կապւեցինք մինչեւ այսօր զէնքով թէ գրիչով Թուրքիայի նորաստեղծ ու մտացածին «Սուլթանի», թէ Ադրբեջանի աւազակապետութեան ղեկավարների դէմ պայքարող մեր քուրդ, ասորի, հայ, թուրք ղեկավարների թէ մտաւորականների հետ՝ Մերձաւոր Արեւելքի, Եւրոպայի զանազան ոստաններում, որոնք հետեւեալ շատ կարեւոր բացայայտումները կատարեցին այս եւ ցեղասպանութեանց նորանոր փորձերի «կնքահայրեր» Էրդողանի եւ Ալիեւի դէմ։

 

Քուրդ լեգենդար ղեկավար ՍԱԼԻՀ ՄՈՒՍԼԻՄ, հիմնադիր-նախագահ, այժմ միջազգային դիւանագիտական հարցերի ղեկավար «Դեմոկրատական միութիւն» (PLD) հզօր կուսակցութեան՝ Քամիշլի - Հիւսիսային Սիրիա

«Մենք, Սիրիայի քրդերս, որ արդէն 2011 թւից մահուկենաց պայքար ենք մղում Թուրքիայի եւ իր վարձկան շներ ԴԱԷՇ ցեղասպանների դէմ՝ ադրբեջանական ինքնութիւնները մինչեւ այսօր զինամթերք են տեղափոխում, ֆինանսական մեծ միջոցներով էլ օգնելով քրդեր, հայեր, ասորիներ, եզդիներ, արաբներ ջարդող, տեղահան անող, մեր գիւղերն ու աւանները ռմբակոծող, թալանող, թուրք եւ ԴԱԷՇ-ի արիւնախումներին։ Մենք արդէն մի քանի անգամ դիմել ենք հայ կուսակցութիւններին, ուժերին, Հայաստանին, Սփիւռքին, որ այսօր միլիոնաւոր քրդեր պատրաստ են կռւել Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին։ Այսօր, մեր գլխաւոր ղեկավարը, Օջալանը, միջազգային դաւերի պատճառով առեւանգւած է եւ պահւում է Թուրքիայի ահաւոր Իմրելի կղզու բանտում։ Թուրքերը ցանկանում են զաւթել Հայաստանը, ձեռք դնել Բաքւի նաֆթի ու գազի պաշարների վրայ, ապա եւ նոյնիսկ վերացնել ալիեւների տխրահռչակ դինաստիան եւս…։

Հայե՛ր, միաբան եղէք, մեր միջեւ անցեալում եղել են տխուր էջեր, բայց մենք սիրում ու յարգում ենք ձեզ։ Պատրաստ ենք Արեւմտեան Հայաստանում ձեզ յանձնել ձեր պատմական հայրենիքը, միասնաբար այն ազատագրելով թրքական բռնատիրութիւնից։ Պատրաստ ենք ձեր երիտասարդներին մարզել ու պատրաստել այդ գալիք ազատագրական պայքարի համար։ Ես ծնւել եմ Քոբանիում (Այն Արաբ), որ ցեղասպանութիւնից փրկւած հայերն են կառուցել եւ հայ ընկերներիս հետ դպրոց էի գնում եկեղեցիների ղօղանջների տակ…»։

 

ՇԱԲՕ ՀԱՏԻԿՕ ԱՔԿՅՈԼ - Ասորական եվրոպական Ֆեդերացիայի բազմակի նախագահ - Վիսբադէն, Գերմանիա

«Այսօր Էրդողանը եւ իր «նորաբոյս» դաշնակից Ալիեւը, երկուսն էլ կոտորածների եւ ցեղասպանութիւնների հեղինակներ Սիրիայում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում, կարծում են, թէ ժամանակը եկել է զաւթման, նէօ-սուլթանական նոր ծրագիրներ մշակելու։ Ես միշտ խոր ցաւով եմ նայում Հայաստանում տեղի ունեցող որեւէ անմիաբանութեան, Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդէպ քաղաքական զիջումների գնալու որեւէ փորձի վերաբերեալ։ Չէ՞ որ հայերը եւ ասորիները ենթարկւել եւ ենթարկւում են մինչեւ այսօր ցեղասպանութեանց, «Սէյֆօ»-ի կոտորածների եւ տեղահանութեանց նոյն դարաւոր թշնամիների կողմից՝ որ թուրքն ու նրա արիւնախում վարձկաններն են։ Հայաստանի հանրապետութեան տարածքը եւ Արցախը մի՛շտ պատկանել են հայերին»։

 

ՌԱԳԵՊ ԶԱՐԱՔՈԼՈՒ - Ստոկհոլմ, Շւեդիա

Թուրք հայասէր նշանաւոր լրագրող, խմբագիր, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման անխոնջ մարտիկ։ Արժանացել է բազմաթիւ մեդալների եւ մրցանակների Հայաստանում, Սփիւռքում։ Այժմ դարձեալ վտարանդի է Շւեդիայում։

«Հետաքրքրական է, ճիշդ այս օրերին, ինքնահռչակ Սուլթան Էրդողանը դատի է տւել ինձ, Թուրքիայում ապստամբութեան կոչ տարածելու ամբաստանութեամբ։ Հիմա արդէն ծայրայեղ իսլամիստական, ցեղապաշտական եւ ազգայնամոլական իր կոչերն ու քայլերը ինչպէս Թուրքիայի յետադիմական տարրերին, այնպէս էլ Ալիեւեան դինաստիայի հետ համագործակցաբար՝ նոր արհաւիրքներ են որոճում ինչպէս հայ ժողովրդի, այնպէս էլ տարածաշրջանի եւ նոյնինքն Թուրքիայի առաջադէմ մարդկանց դէմ։ Յոյսով ենք, որ այս սանձարձակ իշխանութիւնը իր վախճանը կը գտնի շուտով եւ բոլորս կապրենք խաղաղութեան մէջ»։

 

ԱԿԿԱԴ ՀԱՆՆԱ - Քամիշլի, հիւսիս արեւելեան Սիրիա։ Ասորական «Սոթորօ» ռազմական ոստիկանութեան խօսնակ, Թուրքիայի եւ իր վարձկանների դէմ ազատամարտերի մասնակից

«Ինչպէս 1915 թ.-ին, երբ Օսմանեան Թուրքիան կազմակերպեց հայոց եւ ասորիների ցեղասպանութիւնը, «Սէյֆօ»ն, այնպէս էլ մինչեւ վերջերս պատրաստւում էր նոյն ցեղասպանութիւնները կրկնել, հիւսիսային Սիրիայի նոյն տարածքներում, եթէ չլինէր «Դեմոկրատական Սիրիայի Ուժեր», «Ասորական ռազմական Ատեան», «Սոթորօ ասորական ռազմական ոստիկանութիւն» եւ այլ դաշնակիցների, մեր շարքերում կռւող հայ դիւցազունների անձնազոհ պայքարը։ Նաեւ, միջազգային հսկայական ճնշումներից վախեցած, Թուրքիան ժամանակաւորապէս յետաձգեց իր ոճրատիպ ծրագրերը։ Այժմ, արդէն իսկ նոր դաշնակիցներ է «ման գալիս» սուլթանական ցնորամիտ երազներով օրօրւող Էրդողանը, ԴԱԷՇ-ին զէնքեր եւ ահաբեկիչներ տրամադրող Ադրբեջանին ներքաշելով մեր սիրելի Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ նոր արկածախնդրութեան մէջ։ Իմ պապերը հիւսիսային Սիրիա են եկել Կիլիկիայի Տարսոն քաղաքից, փախչելով Ցեղասպանութիւնից եւ իմ երակներում հոսում է նաեւ հայկական արիւն, ասորականի հետ…»։

 

ԱԲԴՈՒԼՌԱԶԶԱԿ ԳՈՅՈՒՓԵՔՄԵԶ - Թուրքիայի կոմունիստական կուսակցութեան նւիրեալ ազատամարտիկ, բազմիցս քաղբանտարկեալ, մեծ հայասեր եւ մարդասէր - Պոլիս, Թուրքիա

«Սիրելի յեղափոխական հա՛յ ընկեր. թուրքերենով եւ հայերէնով մի խօսք կայ. «Շները հաչում են, կարաւանը քայլում է…»։ Բռնատէրերի ու նրանց վարձկանների դաւերն ու ոճիրները մենք, Թուրքիայի առաջադէմ մտաւորականութիւնը զգացել է իր մաշկի վրայ տասնամեակներ շարունակ։ Մեր շարքերում ունեցել ենք հաւատաւոր թուրքահայ կոմունիստ ընկեր-նահատակներ։ Մենք ցեղապաշտութեան, կրօնական ծայրայեղականութեան, յետադիմութեան դէմ պայքարի առաջամարտիկներ ենք եւ չենք վախենում ո՛չ Էրդողանների եւ ո՛չ էլ Ալիեւների սադրանքներից»։

 

ԻԲՐԱՀԻՄ ՄՐԱԴ - «Ասորական միութիւն» կուսակցութեան նախագահ - Բէյրութ

«Ինչպէս 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան եւ ասորական «Սէյֆօ»-ի ահաւոր իրադարձութիւններից մինչեւ այսօր, նոյն կոտորածները, ռմբակոծումները, տարագրութիւնները, կողոպուտները տեղի ունեցան մեր եղբայրների եւ քոյրերի դէմ հիւսիսային Սիրիայում եւ Իրաքում։ Հերթական անգամ Էրդողանի սուլթանական ծրագիրները պարտութեան մատնւած լինելով Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբիայում, այժմ դարձեալ հայեացքը ուղղել է Հայաստանի տարածքների վրայ…։ Մենք պէտք է միաբան եւ համերաշխ լինենք, թոյլ չտալով մեր ուժերը ջլատեն եւ պատրաստ լինենք ամէն արհաւիրքի այս մութ ժամանակաշրջանում»։

 

ԱԲԴՍԱԼԱՄ ԱՀՄԱԴ - Քուրդ նշանաւոր քաղաքական եւ դիւանագիտական գործիչ, հիւսիս-արեւելեան Սիրիայի Ինքնավար շրջանի ներկայացուցիչ Լիբանանում - Բէյրութ, Հասաքէ

«Էրդողանը սանձարձակ գործունէութիւն է վարում ամենուրէք։ Հիւսիսային Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում, Կատարում, Կիպրոսի եւ Յունաստանի ծովային տարածքներում։ Հիմա էլ արդէն հայեացքն ուղղել է դէպի Ադրբեջան՝ վերջինիս միջոցով նպատակ ունենալով գոյութիւնից վերացնել Հայաստանը եւ ձեռք դնել Բաքւի նաֆթահորերի վրայ…։ Եթէ Ռուսաստանը այս գազանի սանձերը չքաշի՝ Էրդողանի խառնակչութիւնները հասնելու են մինչեւ կենտրոնական Ասիայի ռուսական ինքնավար հանրապետութիւններին եւ դարձեալ մինչեւ Չինաստան…»։

 

ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ, Բէյրութ - Քամիշլի -Պոլիս - Ստոկհոլմ - Վիսբադէ

«ԱԶԳ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։