Հա

Քաղաքական

20/05/2020 - 10:00

«Իրանի ու Արցախի միջեւ՝ Արաքսի վրայ, կառուցւող կամուրջները խլել են ադրբեջանցիների քունը»․ Վարդան Ոսկանեանը՝ հեռանկարի մասին

Արցախի ու Իրանի միջեւ սահմանին՝ Արաքս գետի վրայ, կառուցւող «Խոդաաֆարին» եւ «Ղիզ Ղալեսի» էլեկտրակայաններն ու ամբարտակները դարձել են ադրբեջանցի ընդդիմադիրների «աչքի փուշը»։ Նրանք պնդում են, որ դրանք կամուրջներ են, որոնցով Իրանը կաջակցի Արցախին։

«alikonline.ir» - Արցախի ու Իրանի միջեւ սահմանին՝ Արաքս գետի վրայ, կառուցւող «Խոդաաֆարին» եւ «Ղիզ Ղալեսի» էլեկտրակայաններն ու ամբարտակները դարձել են ադրբեջանցի ընդդիմադիրների «աչքի փուշը»։ Նրանք պնդում են, որ դրանք կամուրջներ են, որոնցով Իրանը կաջակցի Արցախին։ Իշխանութեան ներկայացուցիչը՝ Ադրբեջանի նախագահի պալատի միջազգային յարաբերութիւնների վերլուծութեան կենտրոնի տնօրէն Ֆարիդ Շաֆիեւն օրերս փորձեց ցրել կասկածը՝ յայտարարելով, որ Բաքուն ու Թեհրանը 2016 թ.-ին են դրանք կառուցելու համաձայնագիրն ստորագրել եւ զարմանալի է, որ միայն տարիներ անց է այն գրաւել ընդդիմադիրների ուշադրութիւնը, որոնք, ըստ նրա, դիմում են սադրանքների:

«Իրանը ձեւական առումով պայմանագիր է կնքել Ադրբեջանի Հանրապետութեան հետ, բայց բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը, փառք Աստծոյ, այդ տարածքների վրայ որեւէ վերահսկողութիւն չունի՝ այդ տարածքները Արցախի Հանրապետութեան անքակտելի մասն են։ Դա հասկանում են Իրանում էլ, ուղղակի երբեք չեն բարձրաձայնի պաշտօնական մակարդակով։ Եւ թէեւ պայմանագիրը կնքւած է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, բայց իրականում աշխատանքները տարւում են Իրանի եւ Արցախի միջեւ եւ այդ աշխատանքները չափազանց կարեւոր են երկու կողմերի համար էլ արցախաիրանական սահմանի հատւածում։ Հայաստան-Իրան սահմանը շատ աւելի երկար է, քան Հայաստանի Հանրապետութիւն-Իրան հատւածը, կա նաեւ Արցախի Հանրապետութիւն-Իրան սահմանային հատւած»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Ադրբեջանական կողմը աւելի շատ դժգոհ է Արաքս գետի այդ հատւածում կառուցւող հենց կամուրջներից, քանի որ, ըստ իրանագէտի, պարզ է, որ անկախ հռետորաբանութիւնից ու դիւանագիտական փաթեթաւորումից, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, ըստ էութեան, հաղորդակցութեան ուղիներ է ստեղծում Արցախի Հանրապետութեան հետ։

«Այդ կամուրջները կարող են օգտագործւել ցանկացած նպատակով հաղորդակցութիւն ապահովելու համար Արցախի եւ Իրանի միջեւ։ Իրականութեան մէջ, այդ ամբողջ համալիրը օգտագործւելու է համատեղ։ Իրանցիներն են ամբողջ գործընթացը իրականացնում՝ սեփական ֆինանսաւորմամբ, բայց օգտագործումը լինելու է համատեղ»,- վստահեցրեց Վարդան Ոսկանեանը։

Ծրագիրը վաղուց կայ, բայց խօսակցութիւններն ակտիւացել են բոլորովին վերջերս, որովհետեւ իրանցիները Արաքս գէտի երկու ափերը միացնող լայնածաւալ աշխատանքներ են տանում այդտեղ՝ իսկ այդ ափերից մէկը Իրանն է, միւսը՝ Արցախը։ Ադրբեջանը, սա իմանալով, համալիրի կառուցման պայմանագիրն Իրանի հետ ստորագրել է, քանի որ, ըստ արեւելագետի, Ադրբեջանի համար դա ինչ-որ մխիթարութիւն էր, որ իրեն հաշւի են առնում գոնէ պայմանագիր կնքելիս․ «Բայց գիտենք, որ գործնականում, Ադրբեջանը զրոյական ազդեցութիւն ունի այդ տարածաշրջանում եւ դա կարծում եմ, յաւէրժ է»։

Իրանի հետ բարեկամութիւնն ամրապնդելու յայտարարութիւններով Ադրբեջանի ներկայիս բռնապետական համակարգը փորձում է իրեն թիկունքից ապահովագրել՝ Իրանի ներսում ամրագրելով ադրբեջանական դիրքերը՝ պարզաբանեց Վարդան Ոսկանեանը։

«Այդ գործընթացը տեղի է ունենում երկու ուղղութեամբ՝ մէկը Ատրպատականի ուղղութեամբ է, որտեղ Ադրբեջանի Հանրապետութիւնը ձգտում է ունենալ ազդեցութիւն՝ հաշւի առնելով, որ տարածքը թիւրքախօս է եւ երկրորդը՝ փորձերն են որոշակի կապեր հաստատել Իրանի ներսում տարբեր ազդեցութիւն ունեցող շիաական խմբերի կամ անհատների հետ։ Սա արւում է՝ հաշւի առնելով Ադրբեջանի շահերը տարածաշրջանում, իսկ այդ շահերը թելադրում են, որպէսզի Բաքւի բռնապետական համակարգը նախ՝ փորձի շրջափակել Հայաստանը հարաւից»,-մեկնաբանեց Վարդան Ոսկանեանը։

Բանն այն է, որ Իրանը այն միակ եւ բացառիկ պետութիւնն է, որը ցամաքային սահման ունի թէ՛ Հայաստանի Հանրապետութեան, թէ՛ Արցախի Հանրապետութեան, թէ՛ Ադրբեջանի Հանրապետութեան հետ, ընդ որում երկու մասով՝ նաեւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան հատւածում։ Այս իմաստով՝ առաջին մտայնութիւնը, բնականաբար, Հայաստանի շրջափակումը ամբողջացնելն է։ Եւ երկրորդը՝ հնարաւոր արկածախնդրութիւնների պարագայում ապահովել Իրանի առնւազն չեզոքութիւնը, որովհետեւ Արցախեան պատերազմի փորձը ցոյց տւեց, որ կարեւոր էր, որոշ դէպքերում նոյնիսկ վճռորոշ՝ իրանական օգնութիւնը հայկական կողմին։

«Հետեւաբար, կարծէք թէ, Ադրբեջանը փորձում է խուսափել Աբուլֆազ Էլչիբեյի սխալներից, երբ Ադրբեջանի այդ ղեկավարը Իրանի տարածքների հանդէպ հաւակնութիւներ էր դրսեւորում այսպէս կոչւած՝ «Հարաւային Ադրբեջանի» հարցում»,-նշեց Վարդան Ոսկանեանը։

Բացի այս, ըստ իրանագէտի, Ադրբեջանի ակտիւանալու համար որոշակի ֆոն ստեղծել է Հայաստանի կողմից Իսրայէլում դեսպանատուն բացելու հանգամանքը եւ ադրբեջանական կողմը որոշել է օգտւել այդ «պատեհ» իրավիճակից։

Ադրբեջանը, սակայն, չի կարող յաջողութեան հասնել, քանի որ, ըստ Վարդան Ոսկանեանի, Իրանի շահերը թելադրում են Հարաւային Կովկասի տարածաշրջանում ունենալ հնարաւորինս ուժեղ Հայաստան, որը կունենայ բարեկամական յարաբերութիւններ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ։

«Իրանի շահերից չի բխում նաեւ արցախաիրանական սահմանի կրճատումը յօգուտ Ադրբեջանի՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանական կողմը թէեւ այժմ անկյայտ թաքցնում է իր հաւակնութիւնները եւ սադրանքները Իրանի հիւսիս-արեւմուտքի նկատմամբ՝ հէնց նոյն Ատրպատականի, բայց, բնական է, իրանցիները հասկանում են, որ օրակարգ չի փոխւել»,-նշեց նա։

Ադրբեջանի Հանրապետութիւնը, թէեւ պաշտօնական մակարդակում այդ մասին չի բարձրաձայնում, բայց, ըստ իրանագէտի, տիրապետող է այն թէզը, որը հնչեցւել է դեռեւս Խորհրդային Միութեան փլուզումից անմիջապէս յետոյ՝ Արցախեան պատերազմի տարիներին․ այն ժամանակ յայտարարւեց, թէ Ղարաբաղի ճանապարհը անցնում է Թաւրիզով՝ այսինքն, իրենց եզրաբանութեամբ՝ «Հարաւային Ադրբեջանով»՝ Թաւրիզը Ատրպատականի սիրտն է եւ կենտրոնը։

«Այսինքն, որեւէ բան չի փոխւել, ցանկացած դէպքում երբ Ադրբեջանը ունակ լինի գնալ հակաիրանական գործողութիւնների, նա կը գնայ այդ գործողութիւններին եւ Արցախի անվտանգութեան խնդիրը որքանով կարեւոր է մեզ համար, նոյնքանով եւ կարեւոր է իրանցիների համար։ Իրանցիները պաշտօնական մակարդակում այս մասին կարող է եւ չյայտարարեն, բայց նրանք յստակօրէն հասկանում են առկայ իրականութիւնը»,-ասաց Վարդան Ոսկանեանը։

Այսուհանդերձ, կայ մի կարեւոր առանձնայատկութիւն՝ Իրանի ներսում տարբեր խմբեր կան, որոնք, նաեւ լրատւամիջոցներով, որոշակի ազդեցութիւն են թողնում Իրանի քաղաքականութեան վրայ։

«Հետեւաբար, դադարել աշխատել Իրանի հետ այն մտայնութիւնից ելնելով, թէ իրանցիները, սեփական շահերից ելնելով, կանեն ամէն ինչ Հայաստանի հետ յարաբերութիւնները ամրապնդելու համար, կոպտագոյն սխալ կը լինի։ Մենք պէտք է հնարաւորինս ուժեղացնենք Հայաստանի դիրքերը Իրանի ներսում տարբեր շրջանակների հետ աշխատելով՝ խօսքը թէ՛ Ատրպատականում մեր աշխատանքների մասին է, դրա լաւագոյն օրինակը կը լինէր Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Թաւրիզում, թէ՛ նաեւ զլմ-ների տիրոյթում, որովհետեւ զլմ-ներն են, որ ձեւաւորում են հասարակական պահանջ եւ հանրային կարծիք Իրանի ներսում»,- անհրաժեշտ համարեց Վարդան Ոսկանեանը։

Իրանը խոշոր պետութիւն է եւ միամտութիւն կը լինէր կարծել, որ բաւարարւելու է կողմերից որեւէ մէկի հետ յարաբերութիւններով եւ դադարելու է յարաբերութիւնները միւսի հետ՝ նշեց նա։ Կողմեր ասելով՝ նա նկատի ունի նաեւ Արցախի Հանրապետութիւնը, քանի որ Իրանը որոշակի կապեր եւ յարաբերութիւններ ունի նաեւ Արցախի հետ։ Ադրբեջանի հետ Իրանը ձգտում է գոնէ չփչացնել յարաբերութիւնները, քանի որ այն դիտարկւում է որպէս պոտենցիալ պլացդարմ՝ ԱՄՆ-ի հակաիրանական գործողութիւնների համար։

Կայ եւս մէկ հանգամանք՝ Ադրբեջանի ներսում շիաական համայնքի առկայութիւնը, որն ակնյայտ համակրանքով է վերաբերւում Իրանի Իսլամական Հանրապետութեանը․ «Եւ իրանցիների վերջնանպատակը Ադրբեջանի Հանրապետութեան ներսում հասնելն է այնպիսի իշխանութեան, որը կը լինի իրանամէտ կամ կառաջնորդւի շիաական իսլամի սկզբունքներով»։

Ադրբեջանի ներսում շիաական այս համայքնը, սակայն, ենթարկւում է հալածանքների Ադրբեջանի կենտրոնական իշխանութեան կողմից։

«Ցանկացած շիաական առաջնորդ, որը հանդէս է գալիս իրանամէտութեան դիրքերից, հալածւում է։ Իսկ բնական է, որ շիա հաւատացեալները պէտք է լինեն իրանամէտ, որովհետեւ Իրանը շիաական իսլամի համաշխարհային կենտրոնն է, շիաական իսլամի սիրտն է եւ այս իմաստով բնական է, որ Ադրբեջանի շիաները նոյնպէս կարող են ունենալ համակրալից վերաբերմունք Իրանի հանդէպ, յատկապէս եթէ հաշւի առնենք, որ Իրանը շիաական պետոթիւն է՝ ոչ միայն բնակչութիւնն է շիադավան, այլեւ պետութիւնն ինքը շիաական իսլամի առանցքի շուրջ է ձեւաւորւել դեռեւս Սեֆեանների շրջանից»,-ասաց Վարդան Ոսկանեանը։

Բայց կայ նաեւ այլ գործընթաց՝ ադրբեջանցիները յաճախ փորձում են շիաական խաղաթուղթը օգտագործել Իրանի ներսում համակիրներ ձեռք բերելու համար՝ Իրանի քաղաքական եւ յատկապէս հոգեւոր կեանքում որոշակի ազդեցութիւն ունեցող շիաական խմբաւորումներն օգտագործելով հակահայ նպատակներով։

«Որոշ դէպքերում դա յաջողւում է, որոշ դէպքերում՝ անյաջողութեան է մատնւում, բայց, կարծում եմ, դրա պատասխանը պէտք է լինի Հայաստանի գերակտիւ քաղաքականութիւնը Իրանում։ Իրանում մենք ունենք գրեթէ անսահմանափակ հնարաւորութիւններ գործելու, եթէ ցանկանանք գործել եւ գործենք խելամտօրէն, որովհետեւ Իրանի դէմ գործող ցանկացած պետութիւն եւ ցանկացած խմբաւորում, ըստ էութեան, խաթարում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնը։ Մի պահ պատկերացրէք՝ անկայունութեան մատնւած Իրան, մի պահ պատկերացրէք՝ Աստւած մի արասցէ, Իրանում անջատողական գործընթացներ եւ կը տեսնէք, որ Հայաստանը եւ Արցախը կարող են յայտնւել թյուրքական ծովում»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Ադրբեջանն այժմ զօրավարժութիւններ է անցկացնում, որոնք, ըստ էութեան, ուժի ցուցադրում են հայկական կողմին։ Վարդան Ոսկանեանը, սակայն, զգուշացնում է՝ բացառւած չէ, որ արկածախնդրութեան պարագայում, հէնց Ադրբեջանը ունենայ ներքին խոշոր խնդիրներ կապւած թէ՛ տեղաբնիկ ժողովուրդների, թէ՛ Ադրբեջանում շիաական շարժումների հետ։

«Որովհետեւ Ադրբեջանի ցանկացած պոտենցիալ անյաջողութիւն բերելու է այդ երկրում ներքաղաքական խոշորագոյն ճգնաժամի եւ ճգնաժամի արդիւնքում, չի բացառւում, որ այդ պետութիւնը ուղղակիօրէն դադարի գոյութիւն ունենալուց իր ներկայ կարգավիճակով եւ սահմաններով»,-ասաց Վարդան Ոսկանեանը։

Հայ-իրանական յարաբերութիւնների պատմութիւնը, ըստ նրա, ցոյց է տալիս, որ մեր երկու ժողովուրդներն ունեն խոշոր ներուժ՝ յաղթահարելու ի հայտ եկող ցանկացած խոչընդոտ։

Վարդան Ոսկանեանը բնական է համարում, որ իւրաքանչիւր պետութիւն պէտք է առաջնորդւի իր շահերով։ Բայց նաեւ նշում է, որ, փառք Աստծոյ, մեր երկու պետութիւնների շահերը հիմնական հարցերում համընկնում են․ մի կողմից մենք ենք ապահովում Իրանի անվտանգութիւնը հիւսիսային հատւածում՝ խլելով Ադրբեջանից որոշակի ռեսուրսներ, որոնք կարող էին օգտագործւել Իրանի դէմ, միւս կողմից էլ, բնականաբար, Իրանն է ապահովում մեր անվտանգութեան կարեւոր բաղադրիչը՝ հաշւի առնելով հէնց միայն այն հանգամանքը, որ այդ պետութիւնը հայ ժողովրդի համար ամենադժնդակ եւ ամենածանր պայմաններում հայ-իրանական սահմանը պահել է բաց եւ այդ սահմանով տրամադրել է նաեւ օժանդակութիւն։

 

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։