Հա

Քաղաքական

21/05/2020 - 10:05

«Ադրբեջանի ակտիւութիւնը վտանգաւոր է առաջնագծում իրավիճակի փոփոխութեան համար». Տիգրան Աբրահամեան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանը ժամանակին եղել է նախագահ Բակօ Սահակեանի կառավարութիւնում, երկար ժամանակ՝ վարչապետի պաշտօնում, որոշ ժամանակ՝ պետնախարարի, խորհրդականի կարգավիճակում․ համակարգին ծանօթ է, նաեւ ծանօթ է առկայ ընդհանուր մարտահրաւէրներին, եւ ես յաջողութիւն եմ մաղթում նրան՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի գործող նախագահ Բակօ Սահակեանի խորհրդական Տիգրան Աբրահաեանը:

«alikonline.ir»- Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանը ժամանակին եղել է նախագահ Բակօ Սահակեանի կառավարութիւնում, երկար ժամանակ՝ վարչապետի պաշտօնում, որոշ ժամանակ՝ պետնախարարի, խորհրդականի կարգավիճակում․ համակարգին ծանօթ է, նաեւ ծանօթ է առկայ ընդհանուր մարտահրաւէրներին, եւ ես յաջողութիւն եմ մաղթում նրան՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի գործող նախագահ Բակօ Սահակեանի խորհրդական Տիգրան Աբրահաեանը՝ խօսելով մայիսի 21-ին, Արայիկ Յարութիւնեանի երդմնակալութեան արարողութեան եւ պաշտօնի ստանձնման մասին, որը տեղի կունենայ ԱՀ Ազգային ժողովի յատուկ նիստում՝ Շուշիի մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնի դահլիճում:

Տիգրան Աբրահամեանն արդէն ներկայացրել է հրաժարականը նախագահի խորհրդականի պաշտօնից։ Ասաց, որ դա ի՛ր որոշումն էր։

«Իմ ազատումը պայմանաւորւած չի եղել նրանով, որ կոնկերտ Արայիկ Յարութիւնեանի հետ չեմ ուզում աշխատել։ 6 տարի է՝ տարբեր ընդհատումներով, աշխատում եմ, նաեւ ես եմ դադարի կարիք զգում։ Երբ համարեմ, որ անհրաժեշտութիւն կայ լինել Արցախում եւ որեւէ կարգավիճակով շարունակել ծառայութիւնը, կը շարունակեմ»,- վստահեցրեց նա։

Բակօ Սահակեանի հետ աշխատանքը շարունակելու է արդէն այլ ձեւաչափով, ինչը ոչ պակաս կարեւոր է համարում, քան նախկինը։ Մասնագիտական աշխատանքները եւս կը պահի, որովհետեւ երկար տարիներ անվտանգութեան ոլորտի վրայ է կենտրոնացած։ Կը զբաղւի նաեւ փորձագիտական աշխատանքներով։

ՊԲ հրամանատար Ջալալ Յարութիւնեանի հետ Տիգրան Աբրահամեանը խօսել է եւ պատրաստակամութիւն յայտնել մշտապէս աջակցելու նաեւ առանց կարգավիճակի։

Գիտելիքի փոխանցման առանցքային ուղղութիւններից մէկն էլ մնալու է դասաւանդումը․ Արցախի Հանրապետութեան երկու բուհում նա շարունակելու է դասաւանդել արդէն առցանց, գուցէ նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում դասաժամեր վերցնի։

Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման համակարգում իր ներկայութիւնը Տիգրան Աբրահամեանը չի դիտարկում։  

Արցախի նախագահի նախկին խորհրդականը յոյս ունի, որ այն մարդիկ, ովքեր կը ձեւաւորեն Արցախի նոր իշխանութիւնը, ապագայում կը յաջողեն, որովհետեւ դա բոլորիս է անհրաժեշտ։

Ադրբեջանի վերջին օրերի ակտիւութիւնը եւ զօրավարժութիւնները երկու ուղղութեամբ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնում եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութիւնում, Տիգրան Աբրահամեանը վտանգաւոր է համարում առաջնագծում իրավիճակի փոփոխութեան առումով։

«Ադրբեջանցիների համար զօրավարժութիւնները առաջին հերթին դիտարկւում են որպէս ուժի ցուցադրում։ Այս անգամ զօրավարժութիւնը ուղեկցւում է շատ աւելի ընդգծւած քարոզչական մօտեցումներով։ Պէտք է նկատի ունենալ, որ այդ զօրավարժութիւնները եւ կոշտացւող հռետորաբանութիւնը ուղեկցւում են Ադրբեջանի ներքաղաքական ակտիւ պրոցեսներով։ Դրանց մի մասը պայմանաւորւած է խորհրդարանական ընտրութիւնների յետընտրական փուլով, մի մասը՝ Ադրբեջանում կորոնավիրուսով ստեղծւած սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Այս ամէնը այս ժամանակահատւածում Ադրբեջանի ակտիւութիւնը շատ աւելի վտանգաւոր են դարձնում»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Այն, որ Ադրբեջանը զօրավարժութիւններն սկսեց առանց այդ մասին յայտարարելու, ինչը պարտաւոր էր անել՝ հաշւի առնելով միջազգային պայմանագրերը, որոնց միացել է, Տիգրան Աբրահամեանը առաջնային չի համարում, քանի որ դա Ադրբեջանի դէպքում առաջին անգամը չէ։ Նա շատ աւելի կարեւոր է համարում այն հետեւանքները, որոնք կարող են լինել Ադրբեջանի վարքագծով պայմանաւորւած։

Պատերազմի ռէալ ռիսկի մասին խօսելու համար, ասաց, պէտք է մեծ թւով գործընթացներ վերլուծութեան ենթարկել, այդ թւում՝ բուն բանակցային գործընթացի բոլոր այն բաղադրիչները,  որոնք տեսանելի չեն՝ գաղտնի են, գումարած՝ տարածաշրջանային իրավիճակը, ներքին իրավիճակը։ Նրա համոզմամբ, այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ ռիսկերի առումով Ադրբեջանում ստեղծւած իրավիճակը շատ աւելի մտահոգիչ ուղերձներ է փոխանցում։

Հարեւան երկրի արկածախնդրութեանը հակազդելու՝ հայկական զինուժի լիակատար ծաւալով պատրաստ լինելու հարցը այն թեման է, որին Տիգրան Աբրահամեանը ամենավստահն է պատասխանում․ «Մեր զինւած ուժերը ունեն մարտունակութեան որոշակի մակարդակ ցանկացած պարագայում հակազդելու եւ անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար»։

Բանակը կենդանի օրգանիզմ է, ասաց նա, անընդհատ, բոլոր ուղղութիւններով, բոլոր փուլերում էլ համալրման աշխատանքներ տարւում են՝ սկսած սպառազինութեան համալրումից, մինչեւ դիրքային ապահովում, շինարարական կահաւորում․ սրանք աշխատանքներ են, որոնք անընդհատ շարունակւելու են։

«Յատկապեէս 2016 թ.-ի ապրիլեան մարտական գործողութիւններից յետոյ դրանք շատ աւելի ընդգծւած, շատ աւելի ակտիւ են եւ փոփոխութիւնները, նւազագոյնը՝ վերջին 4 տարում, գոնէ ինձ համար շատ աւելի ընդգծւած նկատելի են»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Պաշտպանութեան բանակը, նրա խօսքով, անընդհատ համալրւում է ժամանակակից տեխնիկայով, ինչը  հնարաւորութիւն է տալիս ցանկացած ժամանակահատւածում զսպելու հակառակորդի հնարաւոր արկածախնդրութիւնը։

2016 թ.-ի ապրիլեան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ յանձնաժողովի աշխատանքին անդրադառնալով՝ Տիգրան Աբրահամեանն ասաց, որ յանձնաժողովի աշխատանքի արդիւնաւէտութիւնը կախւած է առաջին հերթին նրանից, թէ այդտեղ ընդգրկւած մարդիկ որքանով են կոմպետենտ այդ աշխատանքը իրականացնելու։ Նրա խօսքով, իւրաքանչիւրը՝ զինւորական, թէ քաղաքացիական անձ, ինքն է որոշում՝ գնա՞լ, թէ՞ չգնալ այդ յանձնաժողով՝ հարցաքննութեան, այնպէս որ որոշ զինւորականների վիրաւորւելը, որ իրենց հրաւիրել են, անհասկանալի է։

Հետախուզութիւնը Ապրիլեանի ժամանակ արդիւնաւէ՞տ է եղել, թէ՞ ոչ՝ Արցախի նախագահի նախկին խորհրդականը չցանկացաւ մեկնաբանել՝ գաղտնի տեղեկութիւն է։

Այսուհանդերձ, վստահեցրեց, որ Քառօրեայ պատերազմից յետոյ ամփոփիչ վերլուծական է եղել, ԶՈՒ բացթողումներն առանձնացրել են, դրանց լուծման ուղիները՝ նշել։

«Զինւած ուժերի եւ քաղաքական ղեկավարութիւնը՝ Արցախի Հանրապետութիւնում եւ Հայաստանի Հանրապետութիւնում, Ապրիլեանից յետոյ հնարաւորութիւն  ունեցել է վերլուծելու, հասկանալու բոլոր մանրամասները։ Չեմ կարծում, որ ԱԺ քննիչ յանձնաժողովի աշխատանքով մի նոր էական հանգամանք ի յայտ կը գայ»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Զինւած ուժերում սննդի մատակարարման եւ այլ նորամուծութիւնների մասին նա նկատեց՝ առաջնահերթութիւնների հարց է։

«Առաջնահերթութիւնները միշտ էլ քննարկման օրակարգում են․ եթէ օրինակ, ինձ հարցնէք, թէ արդեօ՞ք փոփոխութիւն եղել է սննդի ապահովման մասով զօրամասերում կամ առաջնագծում, ես կարող եմ միանշանակ ասել՝ այո՛, եթէ ինձ հարցնէք՝ կա՞ն ուրիշ առաջնահերթութիւններ, որոնց ուղղութեամբ տրւող գումարները արժէ շատ աւելի մեծացնել, ես էլի կասեմ՝ այո՛»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Նրա համոզմամբ,  առաջնահերթ են սպաների սոցիալ-կենցաղային հարցերը, կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացները, ինժեներական նորագոյն կահաւորանքի ենթակառուցւածքների ստեղծման ուղղութեամբ հարցերը։

«Առաջնահերթութիւնների հարցը միշտ էլ քննարկելի է, կան ուղղութիւններ, որտեղ պէտք է շատ աւելի մեծացնել ներդրւող գումարները»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Յեղափոխութիւնը Արցախ արտահանելու հնարաւորութեան մասին հարցին ի պատասխան՝ նախագահի նախկին խորհրդականը արձանագրեց․ Արցախում տեղի են ունեցել համապետական ընտրութիւններ, արցախցին գնացել, ընտրել է խորհրդարան, նախագահ եւ սրանով ամէն ինչ ասւել է։

 

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։