Հա

Քաղաքական

30/05/2020 - 12:15

«Դիմակը դարձել է Փաշինեանի իշխանութեան 4-րդ սիմւոլը, ինչպէս ժամանակին ուռճացւում էր ՀԴՄ-ների դերը, այդպէս էլ հիմա գերագնահատւում է դիմակի դերը». Աղասի Ենոքեան

Քաղաքագէտ Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դիմակ կրելու պարտադրանքին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ դիմակով կարող ենք զրոյացնել կորոնավիրուսով վարակւողների թիւը:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դիմակ կրելու պարտադրանքին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ դիմակով կարող ենք զրոյացնել կորոնավիրուսով վարակւողների թիւը:

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինեանի իշխանութեան 4-րդ սիմւոլը՝ ձերբակալւած Քոչարեանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկէ, այս չորս սիմւոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպէս ժամանակին ուռճացւում էր ՀԴՄ-ների դերը, այնպէս էլ այժմ գերագնահատւում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի յայտարարութիւն, թէ դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիւը։

ՀԴՄ-ները եւ դիմակներն ունեն կարեւոր զուգահեռներ։ Երկու դէպքում էլ առանց խորանալու բնագաւառի խնդիրների մէջ՝ մի դէպքում տնտեսութեան, միւս դէպքում՝ առողջապահութեան, իշխանութիւնները յայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք յայտարարւում են, թէ ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դէպքում էլ այս խախտումների դէմ պայքարում են պատժիչ մարմինների եւ պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դէպքում իշխանութիւնների մտահոգութիւնն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանութեան մէջ լուծելը: Օրինակ` կարելի է համադրել Արշակ Զաքարեանի հացատանը կերած քեաբաբի համար Նիկոլ Փաշինեանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայութեան համար ամուսիններին նոյն մեքենայի մէջ դիմակ պարտադրելու հետ։
Ամենակարեւորը՝ երկու դէպքում իրադրութեան վատ արդիւնքների համար պատասխանատւութիւնը դրւում է «ժողջանի» վրայ:

Այսինքն`մեր վարչապետն ամէն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չէք պահանջում (դիմակ չէք կրում), ապա վատ էք ապրելու (ապա հիւանադանալու էք ու մեռնէք)։ Եւ իհարկէ, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինեանի սիրելի գործի՝ մեղաւորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանութեան սրտի գործիքներն են, իսկ ամէն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։

Աւելի վատն այն է, որ Նիւտոնի երրորդ օրէնքը գործում է նաեւ հասարակական յարաբերութիւններում։ Քանի որ Նիկոլ Փաշինեանը հասարակութիւնը բաժանել է սեւերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկւում են իր սպիտակները, իսկ սեւերն, ասենք, յայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եւ դա միայն Նիկոլ Փաշինեանին հակադրւելու զուտ ցանկութիւնը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ յանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածւում իրենց հանդէպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսեւորումներով, բայց նաեւ՝ որ դրանից ոչինչ չէր փոխւում տնտեսութեան մէջ։

Նոյն զաւեշտալի, բայց տխուր դրութիւնը դիմակների դէպքում է, երբ «սեւ» քաղաքացիների մի մեծ խումբ չի հաւատում դիմակի զօրութեանը, քանի որ այդ մասին է խօսում Նիկոլ Փաշինեանը։ Պատճառը միայն նրան հակադրւելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա յաճախ սուտ է խօսում, որ արժեզրկել է իր խօսքը։ Պատճառներից է նրա եւ նրա կառավարութեան ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ յիմար յայտարարութիւնները, քաղաքացիներին ծաղրելը։

Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականութիւնը եւ անտրամաբանականութիւնը։ Պատճառներից է, որ ինչպէս ՀԴՄ-ների դէպքում էր, շատ իրաւապահներ դիմակ դնելուն հետեւելու փոխարէն, պարզապէս որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրութեան, վաճառքի եւ գների հետ կապւած լուրջ կոռուպցիոն կասկածները։

Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպէս մսխւեց 104 մլն. դոլար օգնութիւնը եւ հաւաքւած շուրջ 1 մլրդ. դրամը, իսկ իրավիճակն աւելի վատացաւ։ Եւ, ի վերջոյ, պատճառներից է այն, կառավարութիւնը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում եւ տուն ուղարկում, որոշում է սորտաւորել հիւանդներին, որոշել, թէ ով է արժանի բուժման, եւ ով՝ մահւան։

Պօղոսների դէպքում իրավիճակն այլ է։ Պօղոսները չեն կարող մեղաւոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կէտերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խօսում է, որ սաղ Սերժն ա մեղաւոր։ Այլ դէպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպէս թեթեւ, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պօղոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գէյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթէ «մէկ ա, սաղս էլ վարակւելու ենք»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։