Հա

Քաղաքական

30/05/2020 - 14:05

Հայաստան. պետութիւն՝ առանց խորհրդարանական դիւանագիտութեան

Արցախի Հանրապետութիւնում համապետական ընտրութիւնների եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ապրիլեան միջոցառումների շրջանում այդպէս էլ չերեւաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացւած աշխատանքը։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր

 

ՀՀ Ազգային ժողովը գրեթէ ոչինչ չի արել Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի եւ Արցախի համապետական ընտրութիւնների կարեւոր փուլերում

 

Արցախի Հանրապետութիւնում համապետական ընտրութիւնների եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ապրիլեան միջոցառումների շրջանում այդպէս էլ չերեւաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացւած աշխատանքը։ Նկատի ունենալով այդ՝ որոշեցինք նամակով դիմել ԱԺ նախագահին եւ պաշտօնապէս տեղեկանալ, թէ, պարգեւավճարներ ստանալուց, սեփական օգնականների միջոցով կառավարութեանը քննադատողներին հրապարակայնօրէն հայհոյելուց եւ ոչ կոռեկտ բառապաշարով համեմւած ամբոխավար ելոյթներով հանրութեան ուշադրութիւնը գրաւելու փորձերից բացի, ինչպիսի՞ աշխատանքներ է տարել ՀՀ Ազգային ժողովը՝ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրութիւնները եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում եւ կառոյցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՒՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միութիւն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղութեամբ։ 

Ուղիղ մէկ ամիս անց վերջապէս ստացւեց պատասխանը (կցւում է): Նամակի շուրջ կէսը, այսպէս ասած, նախաբան է եւ չի առնչւում մեր հարցերին: Յիշեցնենք՝ մենք շատ պարզ երկու հարց էինք տւել՝ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին եւ Արցախի համապետական ընտրութիւններին վերաբերող: Այստեղ ակնյայտ է միտումը՝ կոնկրետ պատասխանի բացակայութիւնը թաքցնել անցած շրջանի գործունէութեան՝ հիմնականում անորոշ ձեւակերպումների տակ: 

Նամակում փաստւում է, որ 2020 թ. մարտ ամսից սկսած մի շարք միջազգային կառոյցների կոմիտէների, յանձնաժողովների, վեհաժողովների եւ այլնի՝ ՀՀ-ում եւ արտերկրում տեղի ունենալիք նիստերը յետաձգւել են համավարակով պայմանաւորւած: Այս պատճառաբանութեան առիթով՝ փաստենք, որ չնայած, ըստ ԱԺ տեղեկանքի, բոլոր խորհրդարանական կազմակերպութիւնների նստավայրերը փակւած են, աշխատանքները դադարեցւած կամ նիստերը՝ կասեցւած, այդուհանդերձ, կայ աշխատանքի այլ ձեւաչափ. այդ կառոյցները հեռավար աշխատում են, առաւել եւս, որ գործընկեր ֆիզիկական անձանց պէտք էր համապատասխան գրութիւններով արծարծել ե՛ւ Հայոց Ցեղասպանութեանը, ե՛ւ արցախեան ընտրութիւններին առնչւող թեմաները: 

Խորհրդարանական կազմակերպութիւնների նիստեր չեն կայացել: Հասկանալի է: Այդ դէպքում, ինչո՞ւ յայտարարութիւն չենք ստացել, օրինակ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերութեան կոմիտէի համանախագահից, Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովից, Եւրանեսթի ԽՎ-ի ղեկավարից՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: Աւելին՝ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչութեան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը վերջին մէկ ամսում երկու անգամ հետեւողականօրէն եւ անթաքոյց խուսափել է արտասանել «ցեղասպանութիւն» բառը, այն դէպքում, երբ Եւրոպական Խորհրդարանը երկու անգամ՝ 1987 եւ 2015 թթ., ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը որպէս այդպիսին։ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ քաղաքական աճպարարութիւններից խուսափել են ԵՄ գործադիր իշխանութեան բոլոր մարմինները, իսկ նախկին դեսպան Սւիտալսկին, քանիցս արտասանել է «ցեղասպանութիւն» բառը։ Այսինքն՝ այս ուղղութեամբ ոչինչ չի արւել: 

Արցախի համապետական ընտրութիւնների առնչութեամբ՝ նամակում նշւում է, որ խորհրդարանականներն աշխատանքներ են տարել եւրոպական երկրների խորհրդարանների անդամներին ընտրութիւնների դիտորդական առաքելութիւններում ընդգրկելու ուղղութեամբ: Հասկանալի է, որ համավարակով պայմանաւորւած, այդ առաքելութիւնները չէին կարող ժամանել: Բայց նաեւ հարկ է փաստել, որ Արցախի վերջին համապետական ընտրութիւնները Ադրբեջանի ջանքերով առաւել քան բացասական գնահատականի արժանացան, քան նախորդ բոլոր ընտրութիւնները: Յիշեցնենք, օրինակ, Թուրքիայում Կանադայի դեսպանատան յայտարարութիւնը, ԵՄ արտաքին գործունէութեան եւրոպական ծառայութեան (European External Action Service - EEAS) մամուլի խօսնակի յայտարարութիւնը, Վրաստանի, Ուկրայինայի արձագանքները եւ այլն: Գոնէ այս հարցերով կարելի՞ էր զբաղւել եւ, կրկին առցանց եղանակով, բացել միջազգային գործընկերների աչքերը՝ ազդելով նման դիրքորոշումների վրայ: Աւելացնենք, որ այս բացասական յայտարարութիւններին փաստարկւած եւ կոշտ կերպով հակադարձել են միայն ՀՅԴ Հայ Դատի պատկան գրասենեակներն ու յանձնախմբերը: Այսինքն՝ այս ուղղութեամբ եւս ոչինչ չի արւել: 

Նամակում նշւում է նաեւ, որ ԼՂ հիմնահարցի առնչութեամբ մշտապէս աշխատանքներ են տարւում նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ: Այստեղ եւս յիշեցնենք համազեկուցողների բազմաթիւ բացասական յայտարարութիւնները հէնց ՀՀ ներքաղաքական գործընթացների (սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէ, ՍԴ-ի եւ դատարանների վրայ յարձակումներ եւ այլն) վերաբերեալ, եւ այս իրավիճակում համազեկուցողներից Արցախի մասով դրական սպասումները պարզապէս միամտութիւն են: 

ԱԺ ղեկավարութիւնը հարկ է համարել յիշեցնել նաեւ, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրութիւնների անցկացման վերաբերեալ որեւէ միջազգային խորհրդարանական կազմակերպութիւն բացասական անդրադարձ չի կատարել: Յիշեցնենք՝ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչութեան բացասական արձագանքը, որն առաւել բացասական էր, քան ԵՄ-ի պաշտօնական տեսակէտը:

ԱԺ ղեկավարութիւնն անգամ իրեն յատուկ խուսափողական ոճով որեւէ նախադասութիւն չի նշել ԱԺ-ում գործող բարեկամական խմբերի մասին: Այնինչ՝ շատ հետաքրքրական կը լինէր իմանալ, օրինակ, թէ ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարեանը կամ նոյն խմբի շուրջ երկու տասնեակ պատգամաւորներն ի՞նչ քայլեր են արել Վրաստանի՝ Արցախի հարցում ունեցած բացասական դիրքորոշումը մեղմելու ուղղութեամբ, քանի՞ գրութիւն են ուղարկել Վրաստանի իրենց գործընկերներին, քանի՞ տեսակապ կամ զանգ եւ այլն: Նոյնը՝ Ուկրայինայի եւ այլնի մասով:

Ի դէպ, մենք խնդրել էինք տրամադրել նաեւ վերոնշեալ առիթների եւ իրադարձութիւնների առնչութեամբ ԱԺ մարմինների կողմից միջազգային գործընկերներին ուղղած գրութիւնների, յայտարարութիւնների եւ նամակների պատճէնները։ Զրօ տեղեկանք: Եւ կոնկրետ քայլերի բացակայութիւնը փաստող այսպիսի բովանդակութեամբ շարադրանքի համար ԱԺ ղեկավարութիւնը խնդրել էր լրացուցիչ մէկամսեայ ժամկէտ:

Եզրակացնելով՝ փաստենք, որ ՀՀ խորհրդարանականները, թաքնւելով համավարակի ստւերի տակ, զրոյական աշխատանք են տարել Արցախի Հանրապետութիւնում համապետական ընտրութիւնների եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ապրիլեան միջոցառումների շրջանում՝ Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան խնդիրները այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում եւ կառոյցներում ( ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՒՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միութիւն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղութեամբ։ 

Համազգային նշանակութեան այդ երկու կարեւոր խնդիրների շուրջ միջազգային որոշակի դրական զարգացումները սփիւռքի լոբբիստական կառոյցների (ի մասնաւորի՝ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի) ջանքերի արդիւնք են: Այդուհանդերձ, ակնյայտ են նաեւ վերեւում թւարկւած մի շարք բացասական եւ մտահոգիչ զարգացումները, որոնք ՀՀ խորհրդարանական դիւանագիտութեան շրջանում տիրապետող դիլետանտիզմի եւ, որպէս դրա հետեւանք, աշխատանքների բացակայութեան հետեւանք են:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • Ո՞ր իրաւունքով է նախագահը հրաժարւում ստորագրել
    Ո՞ր իրաւունքով է նախագահը հրաժարւում ստորագրել

    2020 թ. յունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ յետոյ նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքում եւ մի շարք այլ օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքների նախագծերը:

  • Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»
    Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»

    Ս․ թ․ յունիսի 27-ին կարդացի, որ ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան, ներեցէք, «անկախ» պատգամաւոր Արման Բաբաջանեանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ։ Հանդիպման բուն թեման եղել է՝ Արցախը յանձնել Ադրբեջանին։ Այլ կերպ չես կարող մեկնաբանել Արման Բաբաջանեանի առաջարկութիւնը, թէ Արցախի հարցը պէտք է լուծւի Լեւոն Տէր-Պետրոսեանի «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն», իսկ իրականում՝ «Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»» յօդւածի հայեցակարգին համապատասխան։

  • «Ուզում ենք հաւատալ, որ Հայաստանի Հանրապետութիւնը իրաւական երկիր է». Լ. Գալստեան
    «Ուզում ենք հաւատալ, որ Հայաստանի Հանրապետութիւնը իրաւական երկիր է». Լ. Գալստեան

    Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ, պարզելու համար, թէ կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացւել դատախազութիւն, իշխանութիւններրին մեղադրելով յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար:

  • «Heritage Foundation. Օրհնանք թէ՞ նզովք». Ա. Խաչատրեան
    «Heritage Foundation. Օրհնանք թէ՞ նզովք». Ա. Խաչատրեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը գրում է.

  • ԼՂ հակամարտութիւնը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ
    ԼՂ հակամարտութիւնը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրիւ Շոֆեր՝ ԱՄՆ) յունիսի 29-30-ը անցկացրել են առանձին եւ համատեղ տեսակոնֆերանսներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ` տարածաշրջանում հանրային առողջութեան ոլորտում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացիկ դինամիկան եւ խաղաղ գործընթացում հետագայ քայլերը քննարկելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։