Հա

Քաղաքական

01/06/2020 - 10:25

«Փաշինեանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանաւորւելը բարդ է»․ քաղաքագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ ՀՀ իշխանութիւնների` դեռեւս չյաջողւած բանակցութիւնների մասին

Գազի սակագնի հարցն ունի ե՛ւ օբիեկտիւ, ե՛ւ սուբիեկտիւ պատճառներ, օբիեկտիւ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլեւս չեն գտնւում Խորհրդային Միութեան մէջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարեայ անվճար էր տրւում:

«alikonline.ir» - Գազի սակագնի հարցն ունի ե՛ւ օբիեկտիւ, ե՛ւ սուբիեկտիւ պատճառներ, օբիեկտիւ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլեւս չեն գտնւում Խորհրդային Միութեան մէջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարեայ անվճար էր տրւում: Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց միջազգայնագէտ, անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտների ռուսաստանցի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նրան, թէ ինչու Հայաստանին այդպէս էլ չի յաջողւում Ռուսաստանի հետ գազի սակագնի նւազման շուրջ բանակցութիւններում յաջողել, իսկ օրինակ, Վրաստանի դէպքում Ռուսաստանը նախատեսում է իջեցնել գինը 15 տոկոսով:

«ԵԱՏՄ-ը, ինչպէս յայտնի է, քաղաքական բլոկ չէ, առանձին սուվերեն պետութիւնների միութիւն: Այդ իսկ պատճառով սակագնի համար, որը ժամանակին համարեայ ոչինչ չարժէր, հիմա պէտք է բանակցել առանձին»,- ասաց նա:

Ըստ քաղաքագէտի՝ ռուսական գազի սակագնի շուրջ համաձայնութիւն ձեռք չի բերւում նաեւ այլ օբիեկտիւ պատճառով.  ժողովրդավարական երկրների տնտեսութիւններում չի կարող լինել ֆիքսւած մէկ սակագին ապրանքի համար, եւ արտադրողը կամ վաճառողը կարող են սահմանել իրենց ցանկացած գինը:

«Այդ իսկ պատճառով այնպիսի դեմոկրատն ու լիբերալը, ինչպիսին Նիկոլ Փաշինեանն է, պէտք է ողջունի առեւտրում նման մօտեցումն ու սկզբունքները»,- ասաց նա:

Ըստ Տրոֆիմչուկի՝ մէկ այլ օբիեկտիւ պատճառ է աշխարհագրութիւնը: «Այս առումով Հայաստան հումքի մատակարարումն աւելի դժւար է, քան Բելառուսի կամ Վրաստանի դէպքում, քանի որ չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման»,- ասաց նա:

Այնուհետ ռուսաստանցի վերլուծաբանն անցաւ Հայաստանի՝ գազի սակագնի շուրջ դեռեւս չյաջողւած բանակցութիւնների սուբիեկտիւ գործօններին: Դրանցից մէկը, ըստ նրա՝ Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի անձն է:

«Նիկոլ Փաշինեանը, մեղմ ասած, անկանխատեսելի գործիչ է, դրա համար նրա հետ պայմանաւորւելը բարդ է: Այսօր նա քեզ վրայ կը գլորի մէկ խնդիր, իսկ վաղը` լրիւ այլ: Դրանում համոզւել ենք այս երկու տարիների ընթացքում: Նման քաղաքական գործիչների վրայ երկարատեւ հեռանկարում դժւար է յոյս դնել: Սերժ Սարգսեանի հետ նման հարցեր լուծելն աւելի հեշտ էր»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ այնուամենայնիւ, Փաշինեանին ընտրել է ժողովուրդը, դրա համար հէնց ժողովուրդն էլ պէտք է հասկանայ, թէ ինչ «փառատօն» կարող է նա սարքել: «Մի փոքր տագնապ է առաջացնում նաեւ ԵԱՏՄ-ում Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարների բլոկ ստեղծելը գազի սակագնի հարցում, եւ այս կառավարութիւնը չի կարող չհասկանալ, թէ ինչպէս է դիտւում նման ֆրակցիան պրակտիկայում բոլորի համար այս դժւար պահին»,- ասաց նա՝ ամէն դէպքում յոյս յայտնելով, որ հայ-ռուսական պայմանաւորւածութիւնները կեանքի կը կոչւեն երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։