Հա

Քաղաքական

01/06/2020 - 12:00

«Ալիեւը ոչ միայն չի շահում, այլեւ կորցնում է հակամարտութեան խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնը»․ Կարէն Վերանեան

Ադրբեջանում օրերս աւարտւած զօրավարժութիւնների քաղաքական ազդակների եւ հետեւանքների մասին «Առաւօտ» օրաթերթը զրուցել է «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարէն Վերանեանի հետ:

«alikonline.ir» - Ադրբեջանում օրերս աւարտւած զօրավարժութիւնների քաղաքական ազդակների եւ հետեւանքների մասին «Առաւօտ» օրաթերթը զրուցել է «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարէն Վերանեանի հետ:

Սրորեւ ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ:

 

- Պարոն Վերանեան, ինչպէս յայտնի է, Ադրբեջանը միջազգային յանձնառութիւնների խախտմամբ մայիսի 18-22-ն իրականացրեց հերթական լայնածաւալ, յարձակողական բնոյթի զօրավարժութիւնները։ Եթէ ամփոփէք, ինչպէ՞ս դրանք ազդեցին Ադրբեջանի ներքին խնդիրների, արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի եւ տարածաշրջանային կայունութեան վրայ։

- Առհասարակ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, որպէս կանոն, մշտապէս օգտագործել է արցախեան հակամարտութիւնը՝ երկրում իր իշխանութեան դիրքերն ամրապնդելու, հանրութեան ուշադրութիւնը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու նպատակներով։ Հասկանալի է, որ համավարակի ազդեցութեամբ նաւթի գների կտրուկ անկումը, ստեղծւած իրավիճակում երկրի հանրային, տնտեսական գործունէութեան հարկադիր սահմանափակումները բաւական լուրջ հետեւանքներ են թողնում Ադրբեջանի տնտեսութեան վրայ։ Սա, անշուշտ, երկրում նոր հանրային դժգոհութիւնների նախադրեալներ է ստեղծում, ինչը կարող է համախմբել նաեւ Ալիեւի քաղաքական ընդդիմադիր դաշտը։ Թերեւս այս ամէնից խուսափելու նպատակ է հետապնդում Ալիեւի որոշումը՝ անցկացնելու լայնածաւալ զօրավարժութիւններ։ Ալիեւն իր իշխանութիւնը պահելու համար նոյնիսկ հաշւի չառաւ համավարակի տարածման հնարաւոր ռիսկերը զօրավարժութիւնների ընթացքում, որոնց մասնակցում էր շուրջ 10 հազար զինւորական։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ձեռագիրը, դժբախտաբար, տարիների ընթացքում դրական առումով փոփոխութիւն չկրեց: Ալիեւը շարունակում է սահմանային լարւածութեան պահպանման նախկին դիրքորոշումը՝ այդպէս էլ լուրջ քայլեր չձեռնարկելով ու ընդառաջ չգնալով հայկական կողմի՝ հակամարտութիւնը խաղաղ պայմաններում կարգաւորելու գործնական ջանքերին։ Սա խօսում է այն մասին, որ ներկայիս հանգամանքներում արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման թերեւս ամենաարդիւնաւէտ տարբերակը հակառակորդին խաղաղութիւն պարտադրելն է՝ պահպանելով ուժային հաւասարակշռութիւնը, հնարաւորութեան դէպքում՝ հասնել գերակայութեան։ Ի դէպ, հայկական կողմի ռազմաօդային վերջին ձեռքբերումները կարող են խօսել օդային գերակայութեան մասին։ Սա ոչ միայն մարտավարական, այլեւ ռազմավարական յաջողութիւն է։ Նման զօրավարժութիւնները, որոնք, որպէս կանոն, ունեն յարձակողական գործառոյթներ ու սցենարներ, չեն կարող դրական անդրադառնալ տարածաշրջանային անվտանգութեան ու կայունութեան պահպանման վրայ։ Անշուշտ, նման լայնածաւալ զօրավարժութիւնները մեծացնում են լարւածութիւնը ոչ միայն հակամարտութեան ուղղութեամբ, այլեւ ողջ տարածաշրջանում։ Նկատենք, որ այս զօրավարժութիւններին զուգահեռաբար զօրավարժանքներ անցկացւեցին նաեւ Նախիջեւանում, որը վերջին տասնամեակում գտնւում է ռազմականացման ակտիւ փուլում։

Յիշեցնեմ նաեւ, որ մինչեւ զօրավարժութիւնների անցկացումն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարտ-ապրիլ ամիսներին մի շարք միջադէպեր արձանագրւեցին։ Խոշոր հաշւով, այդ ամէնը եւս մէկ քայլով օտարում է կողմերին հակամարտութեան խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնից։

 

- Միջազգային կառոյցները, կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած` մի քանի պաշտօնական յայտարարութիւններում հակամարտող երկրներին կոչ արեցին զերծ մնալ իրավիճակը սրող գործողութիւններից։ Նման պայմաններում լայնածաւալ զօրավարժութիւնների անցկացմամբ եւ դրանց ընթացքում նաեւ ձախողւած դիւերսիոն ներթափանցման փորձով ի՞նչ «շահեց» Ալիեւը։

- Իրապէս, Ալիեւն անտեսում է միջազգային կառոյցների կոչերը՝ համավարակի պայմաններում պահպանելու հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալու կայունութեան խախտման հնարաւոր զարգացումներից։ Սակայն նշեմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, դժբախտաբար, անտեսում էր միջազգային տարբեր հեղինակաւոր կազմակերպութիւնների նման կոչերն ու յայտարարութիւնները նաեւ մինչեւ համավարակը։ Կարծում եմ, որ իրավիճակային առումով Ալիեւը զօրավարժութիւններով, սահմանային միջադէպերով ու դիւերսիոն գործողութեամբ՝ Ադրբեջանի տնտեսութեան վրայ համավարակի առաջացրած հետեւանքների հանգամանքներում, լուծում է երկրում իշխանութեան պահպանման խնդիր։ Միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ տեսլականով Ալիեւը ոչ միայն չի շահում, այլեւ կորցնում է արցախեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնը։ Հասկանալի է, որ Ալիեւների իշխանութիւնը յաւէրժ չէ. ցաւօք, դա դեռեւս չեն գիտակցում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնում։

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

«Առաւօտ» օրաթերթ

29.05.2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։