Հա

Քաղաքական

01/06/2020 - 12:25

«Հայաստանում կորոնավիրուսից մահացութիւնն աշխարհում ամենաբարձրներից է, սա ցոյց է տալիս, որ համավարակի դէմ պայքարը տապալւել է մայիսի ընթացքում». Աւետիք Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած իրավիճակին, կառավարութեան կատարած սխալներին ու աղէտից խուսափելու տարբերակներ է առաջարկել:

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած իրավիճակին, կառավարութեան կատարած սխալներին ու աղէտից խուսափելու տարբերակներ է առաջարկել:

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Չորս շաբաթ առաջ, երբ Հայաստանի Կառավարութիւնը յայտարարեց կարանտինային միջոցառումների մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ դա վաղաժամկէտ է, եւ մեր պայմաններում բերելու է վարակի տարածման կտրուկ արագացմանը։ Այն պահին, պաշտօնապէս Հայաստանում կար դեռեւս 2500 վարակակիր, եւ առողջապահական համակարգը դեռ կարողանում էր սպասարկել նրանց։ Հիմա, երբ վարակակիրների թիւը գերազանցել է 9000-ը, հիւանդանոցներում արդէն մահճակալները չեն հերիքում, մահացութիւնը սարսափելի տեմպերով աճում է, ժամանակն է մի պահ կանգ առնել, փորձել հասկանալ, թէ ինչն է անցած ամսւայ ընթացքում սխալ արւել, եւ ինչ տարբերակներ ունենք՝ խուսափելու համատարած աղէտից։

Անցած շաբաթւայ վերջին վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջապէս ընդունեց, որ իրավիճակը վերահսկողութիւնից դուրս է եկել եւ մօտենում է «իտալական» սցենարին, թէեւ իրեն յատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում եւ սոցիալական հեռաւորութիւն չեն պահպանում։ Սակայն արդեօ՞ք դիմակ կրելը բաւարար էր, որպէսզի մենք կանխէինք վարակի սրընթաց տարածումը, եւ կամ առանձին վերցւած քաղաքացին միշտ հնարաւորութիւն ունէ՞ր սոցիալական հեռաւորութիւն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։

Կից գրաֆիկը ցոյց է տալիս, որ դեռեւս երեք շաբաթ առաջ, համաճարակային իրավիճակը Հայաստանում, թէեւ արդէն բարւօք չէր, սակայն դեռ վերահսկելի էր, եւ մահացութիւնը գտնւում էր մեր հարեւան երկրների միջինի մակարդակում։ Ամսւայ վերջին սակայն, համավարակի սրընթաց տարածման հետեւանքով, այն արդէն կտրուկ աճել է, եւ այս պահին մահացութիւնը Հայաստանում ցաւօք աշխարհում ամենաբարձրերից է։ Սա ցոյց է տալիս, որ Հայաստանում համավարակի դէմ պայքարը տապալւել է հէնց մայիս ամսւայ ընթացքում, եւ դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ, մասնաւորապէս՝

Ա) Հայաստանում բացարձակ անբաւարար է թեստաւորումը՝ օրինակ, մէկ միլիոն բնակչի հաշւարկով Հայաստանում մինչ այժմ կատարւած է 19 հազար թեստ, որից 16%-ը՝ դրական արդիւնքով, այն դէպքում երբ հարեւան Ադրբեջանում կատարւած է 29 հազար թեստ, եւ միայն 1.8%-ից ՝ դրական արդիւնքով: Սա հսկայական տարբերութիւն է, եւ ցոյց է տալիս, որ Կառավարութիւնը ձախողել է թեստաւորման կազմակերպումը։ Դա էլ յանգեցրել է նրան, որ վարակը մեզ մօտ վաղ շրջանում չի ախտորոշւում եւ շարունակում է անարգել տարածւել, մինչեւ ակնյայտ ախտանիշների ի յայտ գալը։ Նոյնիսկ այս դէպքում, առողջապահական հաստատութիւնները վերջերս յաճախ հրաժարւում են թեստաւորել մարդկանց, քանի որ այլեւս բաւարար կարողութիւն չունեն: Առողջապահութեան նախարարը պէտք է ի վերջոյ պատասխան տայ, թէ ինչո՞ւ, ունենալով երեք ամիս ժամանակ, մինչ այժմ ձախողել է թեստաւորման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցւածքի ծաւալումը, ինչո՞ւ բաւարար քանակութեամբ թեստեր չի գնել մեր գործընկեր երկրներից, եւ ինչո՞ւ է այս ամէնը վերջին օրերին արդէն մատնւել է բացարձակ ինքնահոսի։

Բ) Վարակի փոխանցման հիմնական տեղերից մէկը հանրային տրանսպորտն է։ Ոչ մի դիմակ չի օգնի այնտեղ, որտեղ մարդիկ իրար ֆիզիկապէս մօտ են գտնւում, եւ որտեղ օդի մէջ օրւայ ընթացքում կուտակւում է վիրուսների մեծ քանակութիւն։ Բացարձակ անհասկանալի է, թէ ինչի վրայ հիմւելով է պարետատունը թոյլ տւել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ներկայ պայմաններում, մարդիկ պէտք է տեղաշարժւէին միայն անձնական մեքենաներով եւ տաքսիներով, իսկ Կառավարութիւնը, մինչեւ համավարակի մարելը, պէտք է մեխանիզմ գտնէր գործատուների հետ միասին՝ փոխհատուցելու նրանց լրացուցիչ ծախսերը, առաւել եւս, որ դրանք աստղաբաշխական չեն, եւ բազմաթիւ տաքսիների լրացուցիչ աշխատանքով կապահովէին։ Ժլատը կրկնակի է վճարում, եւ Կառավարութեան ձգտումը՝ ամէն ինչում խնայել, բերել է նրան, որ մենք արդէն մարդկանց կեանքերի գնով են վճարում։ Ընդ որում, որպէս կանոն, այստեղ տուժում են հասարակութեան առաւել խոցելի խաւերը, որոնք բաւարար միջոցներ չունեն սեփական աւտոմեքենաներով կամ տաքսիներով տեղաշարժւելու համար, եւ որոնց Կառավարութիւնը պէտք է առաջին հերթին նեցուկ լինէր այս ծանր օրերին։

Գ) Վարակի տարածման միւս մեծ աղբիւրը մի շարք օլիգարխների սեփականութեան տակ գտնւող տարբեր խոշոր ֆաբրիկաներ են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են անխուսափելիօրէն առաջանում, եւ որտեղ ձեռք առնւած միջոցառումները բացայայտ անբաւարար են եղել։ Իմ համեստ կարծիքով, այս ֆաբրիկաներում, դիմակով թէ առանց դիմակ, հնարաւոր չի ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ, եթէ մարդկանց կուտակումը կտրուկ չնւազեցւի։ Դա նշանակում է, որ կամ նրանք պէտք է աշխատեն մի քանի հերթափոխով, որոնցից իւրաքանչիւրում երեք-չորս անգամ քիչ մարդ է ներգրաււած, կամ էլ մասնակի կրճատեն արտադրութեան ծաւալները։ Դրան գումարած, կան ամբողջ աշխարհում արդէն փորձարկւած բազմաթիւ միջոցառումներ, որոնք հնարաւորութիւն են տալիս նւազեցնել մարդկանց անմիջական շփումները արտադրութեան մէջ։ Պարետատունը պէտք է դրանց ստանդարտները պարտադրէր ձեռնարկութիւններին, եւ խստութեամբ հետեւեր դրանց կատարմանը, ոչ թէ անիմաստ զբաղւէր հեռախօսազանգերի միջոցով տեղորոշմամբ՝ մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում դա այլեւս որեւէ արդիւնք չէր կարող տալ։

Դ) Վերջապէս, ծառայութիւնների ոլորտում սպասարկման մի շարք տեսակներ անխուսափելիօրէն կապւած են մարդկային շփման հետ։ Մինչեւ համաճարակային վիճակի կայունացումը, դրանց աշխատանքը չէր կարելի վերսկսել, իսկ հիմա նորից պէտք է կասեցնել, իսկ այդ ոլորտների աշխատողներին էլ խելամիտ փոխհատուցում տրամադրել աշխատանքը դադարեցնելու դիմաց։ Նաեւ, բնակչութեան շրջանում պէտք է ընդլայնել բացատրական աշխատանքը, հերքելու այն անհեթեթ պնդումները, որ կորոնովիրուսը ֆիքցիա է, սովորական գրիպ է, եւ այլն՝ վերջին մէկ շաբաթւայ ընթացում վախճանւած մեր աւելի քան 50 քաղաքացիների կորուստը բաւական է, որպէսզի մենք լուրջ վերաբերւենք համավարակին։

Կարելի է մի շարք այլ քայլեր աւելացնել, սակայն այսօր սահմանափակւելով այսքանով, ցանկանում եմ յիշեցնել՝ մենք արդէն անցել ենք այն կրիտիկական շեմը, երբ վարակւածների թիւը գերազանցել է առողջապահական համակարգի կարողութիւնները, եւ եթէ չկասեցնենք վարակի տարածման տեմպերը, ապա իսկապէս կը բախւենք համատարած աղէտի՝ հարիւրաւոր նոր զոհերի, երկրի միջազգային մեկուսացման, խորը տնտեսական անկման, եւ գուցէ նաեւ, արտաքին ագրեսիայի։ Միջոցների մասին վերը ասել եմ, պարետատունը պէտք է սկսի դրանք (եւ ոչ միայն) կտրուկ եւ առանց յապաղման կիրառել։ Կարծում եմ, որ առնւազն պարետ Տիգրան Աւինեանը եւ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը պէտք է շտապ փոխարինւեն՝ նրանք այս ընթացքում ցոյց են տւել ճգնաժամային կառավարման գործում իրենց անկարողութիւնը, սակայն մեծ հաշւով, սա Կառավարութեան ընդհանուր ձախողումն է, եւ ի վերջոյ պէտք է հէնց այն հաւաքական պատասխանւութիւն ստանձնի մեր քաղաքացիների կորսւած կեանքերի համար։

Մինչեւ այդ, իւրաքանչիւրիդ կոչ եմ անում չթուլացնել ձեր զգոնութիւնը, եւ առաւելագոյնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջութիւնը։ Առողջ ե՛ղէք, անփորձանք»։

Յարակից լուրեր

  • «Թեհրանում արտակարգ իրավիճակի նախազգուշացման կարգավիճակ է յայտարարւում». Զալի
    «Թեհրանում արտակարգ իրավիճակի նախազգուշացման կարգավիճակ է յայտարարւում». Զալի

    Թեհրանում սահմանափակումների խստացման հարցի քննարկման, արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացման յայտարարման նպատակով՝ մայրաքաղաքի Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբը արտահերթ նիստ է գումարել:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Հարկ է խուսափել բազմամարդ եւ հաւաքական միջավայրերում ներկայանալուց իսկ անհրաժեշտութեան պարագային հարկ է անպայմանօրէն դիմակ կրել եւ յարգել սոցիալական հեռաւորութիւնը՝ համավարակի տարածման շղթան կոտրելու կապակցութեամբ։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • «Թեհրանում հակահամաճարակային սահմանափակումների վերականգնման հարցը օրակարգում է». Ալի Մահեր
    «Թեհրանում հակահամաճարակային սահմանափակումների վերականգնման հարցը օրակարգում է». Ալի Մահեր

    Համավարակի տարածման աճի տւեալներով պայմանաւորւած՝  շաբաթ օրւանից կարող են վերականգնւել հակահամաճարակային մի շարք խիստ սահմանափակումները: Այս մասին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավարի տեղակալ դոկտ. Ալի Մահերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։