Հա

Քաղաքական

01/06/2020 - 12:30

«Նման դէպքերում երկրի ղեկավարութիւնը ներողութիւն է խնդրում եւ հրաժարական է տալիս». Քաղտեխնոլոգ

«Զարմանալի է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Հայաստանում գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ փուլի հետ, այս արտայայտութիւնը նոյնիսկ ռուսական հեռուստաալիքի եթերում դարձաւ քննարկման առարկայ: Հայաստանում որեւէ երկրորդ փուլ էլ չկայ. դա առաջին փուլն է, որն իշխանութիւնների բացթողումների արդիւնքում բաւական լայն մասշտաբների է հասել: Վարակի երկրորդ ալիքի մասին խօսւում է, որ այն կարող է լինել աշնանը»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը:

«alikonline.ir» - «Զարմանալի է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Հայաստանում գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ փուլի հետ, այս արտայայտութիւնը նոյնիսկ ռուսական հեռուստաալիքի եթերում դարձաւ քննարկման առարկայ: Հայաստանում որեւէ երկրորդ փուլ էլ չկայ. դա առաջին փուլն է, որն իշխանութիւնների բացթողումների արդիւնքում բաւական լայն մասշտաբների է հասել: Վարակի երկրորդ ալիքի մասին խօսւում է, որ այն կարող է լինել աշնանը»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ անդրադառնալով վարակի երկրորդ ալիքի վերաբերեալ վարչապետի յայտարարութեանը:

Յիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն առցանց ճեպազրոյցի ժամանակ յայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման հետ կապւած՝ Հայաստանում տիրում է բաւականին ծանր վիճակ:

«Ըստ էութեան, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է եւ քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետեւեալ հարցը, թէ ինչքանո՞վ են պարետատան կողմից սահմանւած կանոնները համապատասխանում իրավիճակին, եւ ինչքանո՞վ դրանք կարող են լինել ունիւերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացութիւնը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժէք են իրավիճակին, եւ իրենք բովանդակային առումով էֆեկտիւ են, եւ խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ասել էր վարչապետը:

Անդրադառնալով այս իրավիճակում կառավարութեան կողմից տարւող աշխատանքներին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ իշխանութիւնները, յատկապէս՝ վարչապետը, մտածելով իր անձնական վարկանիշի մասին, խիստ կարանտինը մինչեւ վերջ չտարաւ:

«Բանն այն է, որ կարանտինի հետ կապւած բողոքները խիստ թուլացրեցին վարչապետի վարկանիշը, ինչից յետոյ նա որոշեց թուլացնել խիստ ռեժիմը: Փաստօրէն, ստացւեց, որ երկու ամիս խիստ կարանտինից յետոյ՝ այն դադարեցւեց, որից յետոյ մեծ թւով վարակւածներ են գրանցւում, նաեւ մահերի թիւն է աւելանում: Առհասարակ նման դէպքերում երկրի ղեկավարութիւնը ներողութիւն է խնդրում իր երկրի բնակիչներից եւ հրաժարական է տալիս: Սակայն չեմ կարծում, որ մեր երկրում նման բան տեղի կունենայ, որովհետեւ վարչապետն իշխանութիւնը զիջող չէ, եթէ նրան չստիպեն, իսկ ստիպել կարող են միայն այն դէպքում, երբ նրա հիմնած խմբակցութիւնը փլուզւի: Վերջինը շատ աւելի հաւանական է»,- յաւելեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է արտակարգ դրութիւնը մէկ ամսով երկարաձգելու մասին խօսակցութիւններին՝ Արմէն Բադալեանն ասաց, որ, եթէ նոյնիսկ մէկ ամսով էլ երկարաձգեն արտակարգ դրութիւնը, ապա դա իրավիճակի առումով ոչինչ չի փոխելու, որովհետեւ այսօր կեանքն այնպէս է, ինչպէս արտակարգ դրութիւնից առաջ:

«Արտակարգ դրութիւնը նրա համար է, որ այս պահին Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէի հարցն է դրւած, եթէ արտակարգ դրութիւնը հանէին, պէտք է հանրաքւէի անցկացնելու օր նշանակէին: Հանրաքւէի արդիւնքում անհրաժեշտ քանակութեամբ ձայն չէին կարողանալու ապահովել, քանի որ հասարակութիւնը տեսաւ ապիկար իշխանութիւնների քայլերը՝ այդքան վարակւածներ ունեցանք զուտ իշխանութիւնների սխալ քաղաքականութեան արդիւնքում: Հիմա իշխանութիւնները պահն օգտագործում են, որպէսզի հասկանան, թէ ինչպէս կարող են չեղեալ յայտարարել հանրաքւէն:

Այդուհանդերձ, ամէն ինչ կախւած է նրանից, թէ մինչեւ յունիսի 13-ը Վենետիկի յանձնաժողովը կը հասցնի՞ պատասխանել իշխանութիւններին, թէ՞ ոչ: Եթէ չհասցնի ուղարկել, ԱԺ-ում պէտք է արագ որոշում կայացնեն: Համաճարակի հետ կապւած՝ իշխանութիւններին ոչինչ չի հետաքրքրում, նրանց միայն հետաքրքրում է, թէ ինչպէս անեն, որ մնան իշխանութեան, որովհետեւ հասկացել են, որ, եթէ գնան, այլեւս չեն վերադառնալու, մօտակայ 20 տարում՝ հաստատ: Նրանցից անհատներ կարող են դառնալ պատգամաւորներ, բայց նրանք չեն կարող վերադառնալ, եւ սա արդէն շատ լաւ հասկանում են»,- եզրափակեց Արմէն Բադալեանը:

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։