Հա

Քաղաքական

01/06/2020 - 14:00

Հայաստանը նախկին 23 յետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ

Կորոնավիրուսի տարածման աշխարհագրութիւնը վերլուծելիս կարելի է հետեւեալ եզրայանգման գալ՝ նախկին յետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետեւանքները աւելի մեղմ ազդեցութիւն ունեցան բնակչութեան վրայ, քան ԽՍՀՄ-ի ազդեցութիւնից դուրս գտնւող արեւմտեան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լիւքսեմբուրգում մահացածութեան ցուցանիշները վերը նշւած երկրներից մեծ են աւելի քան 10 անգամ:

Կորոնավիրուսի տարածման աշխարհագրութիւնը վերլուծելիս կարելի է հետեւեալ եզրայանգման գալ՝ նախկին յետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետեւանքները աւելի մեղմ ազդեցութիւն ունեցան բնակչութեան վրայ, քան ԽՍՀՄ-ի ազդեցութիւնից դուրս գտնւող արեւմտեան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լիւքսեմբուրգում մահացածութեան ցուցանիշները վերը նշւած երկրներից մեծ են աւելի քան 10 անգամ:

Ինչո՞վ է դա պայմանաւորւած, հետագայ վերլուծութիւնների խնդիր է: Հնարաւոր է, որ նախկին կոմունիստական երկրներում, այսպէս կոչւած, ԲՑԺ-ի դւմ պատւաստումներն էին դեր խաղացել: Չի բացառւում, որ հէնց այդ պատճառով էլ տւեալ երկրների քաղաքացիների իմունային համակարգի ամրութիւնը զգալիօրէն տարբերւում է արեւմտեան երկրներում ապրող քաղաքացիներից: Այստեղ իր դերը կարող էին ունենալ նաեւ առողջապահական համակարգերի կառավարման տարբերութիւնները: Յետկոմունիստական երկրներում գործում էր աւելի կենտրոնացւած կառավարման համակարգ, որտեղ սպասարկման որակը զգալիօրէն ցածր էր արեւմտեանից, սակայն ընդգրկման իմաստով աւելի զանգւածային էր, քան արեւմտեան համակարգերը:

Ինչեւիցէ, երբ փորձում են համեմատականներ անցկացնել այս կամ այն երկրում վիրուսի դէմ պայքարի ցուցանիշների միջեւ, պէտք է այդ համեմատութիւնները համադրելի լինեն:

Օրինակ, որեւ է ձեւով չի կարելի համեմատել, ասենք, Ալբանիայի եւ Չինաստանի կամ Սլովակիայի եւ ԱՄՆ-ի ցուցանիշները:

Սակայն, յետկոմունիստական երկրների ցուցանիշներն իրար հետ համեմատելը համադրելի է:

Եւ այսպէս վերլուծենք, թէ ինչ ցուցանիշներ են արձանագրւած այդ երկրներում մայիսի 29-ի դրութեամբ:

Սկսենք Հայաստանից։ Մեզ մօտ այդ օրւայ դրութեամբ, վարակակիրների քանակը 1 մլն. բնակչութեան հաշւարկով կազմում էր 2928 մարդ: Մահացածութեան ցուցանիշով 1 մլն.-ի հաշւարկով մեզ մօտ թիւը կազմում էր 41 մարդ:

Իսկ հիմա ներկայացնենք այլ երկրների տւեալ ցուցանիշները եւ փորձենք համեմատել մեր թւերի հետ:

Ռուսաստանում այդ թւերն են՝ համապատասխանաբար 2656 եւ 30

Ուկրայինայում՝ 521 եւ 16

Լեհաստանում՝ 312 եւ 28

Ռումինիայում՝ 986 եւ 65

Սերբիայում՝ 1299 եւ 28

Չեխիայում՝ 859 եւ 30

Հունգարիայում՝ 398 եւ 54

Բուլղարիայում՝ 357 եւ 20

Խորւաթիայում՝ 547 եւ 25

Սլովակիայում՝ 278 եւ 5

Սլովենիայում՝ 705 եւ 52

Ալբանիայում՝ 382 եւ 11

Մոլդովայում՝ 1957 եւ 71

Էստոնիայում՝ 1401 եւ 51

Լիտւայում՝ 610 եւ 25

Լատւիայում՝ 564 եւ 13

Վրաստանում՝ 187 եւ 3

Ադրբեջանում՝ 492 եւ 6

Ղազախստանում՝ 530 եւ 2

Ղրղզստանում՝ 255 եւ 2

Տաջիկստանում՝ 387 եւ 5

Բելառուսում՝ 4314 եւ 24

Այսպիսով, կարելի է նկատել, որ վիրուսի տարածման իմաստով մենք ոչ պատւաւոր երկրորդ տեղում ենք գտնւում՝ Բելառուսից յետոյ:

Եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ Բելառուսը այն եզակի երկրներից էր, ով պաշտօնապէս հրաժարւեց վիրուսի դէմ պայքարի կոշտ մեթոդներից, ապա կարելի է ասել, որ այս շարքում Հայաստանը զբաղեցնում է խայտառակ առաջին տեղը: Մահացածութեան ցուցանիշով մենք 23 երկրների շարքում 6-րդն ենք:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս ցուցանիշներով մենք պարտւել ենք ոչ միայն մեր անմիջական հարեւաններին՝ Վրաստանին եւ Ադրբեջանին, այլեւ յետկոմունիստական անցեալի բոլոր երկրներին՝ բացառութեամբ Բելառուսի:

Այս ցուցանիշները արձանագրելուց յետոյ այլեւս հնարաւոր չի լինի նշել, թէ իբր Վրաստանում «երջանիկ պատահականութեամբ» վարակը լայն թափով չտարածւեց:

Ադրբեջանն, որ տարածաշրջանի մեր գլխաւոր թշնամին է վիրուսի տարածւածութեան իմաստով մեզնից աւելի բարւոք վիճակում է գտնւում մօտ վեց անգամ: Իսկ մահածւածութեան ցուցանիշով, մեզնից բարւոք վիճակում է մօտ 7 անգամ:

Այս խայտառակ ցուցանիշները սովորական թւեր չեն: Սա ներկայիս կառավարութեան գործնէութեան իրական եւ օբիեկտիւ գնահատականն է:

Աւելին, վերը նշւած երկրների ցանկում Հայաստանը իր զբօսաշրջիկների քանակով, օրինակ, անցեալ տարւայ տւեալներով՝ կարող է յայտնւել վերջին տեղերից մէկում: Սակայն, արի ու տես, որ վիրուսի տարածման հարցում մենք դարձել ենք այս երկրների շարքում վատ իմաստով «չեմպիոն»:

Թէ ինչո՞ւ այդպէս եղաւ հարցադրման մասին շատ է խօսւել:

Ունենալով բոլոր հնարաւոր բարենպաստ պայմանները՝ այս իշխանութիւնները գրեթէ ամէն ինչ արեցին, որ երկիրը յայտնւի նման ամօթալի վիճակի մէջ:

Սակայն, այստեղ աւելի վտանգաւորն այն է, որ ներկայիս իշխանութիւնները նոյնիսկ ցանկութեան դէպքում չեն կարողանալու շտկել իրավիճակը: Եւ այստեղ, բացի էֆեկտիւ մենեջմենթի բացակայութիւնից, առկայ է աւելի լուրջ խնդիր:

Նման պայմաններում հանրութեանը համախմբում են, մինչդեռ Փաշինեանը ճիշտ հակառակն է արել, անում եւ անելու է ապագայում:

Փաշինեանի պատկերացմամբ՝ բացի իրենից, այլ քաղաքական սուբիեկտներ չկան եւ չեն էլ կարող լինել: Այդպէս են ժամանակին մտածել Սադդամ Հուսէյնը, Մուամար Քադաֆին, Գամսախուրդիան, Ֆիդէլ Կաստրոն, Ուգօ Չաւէզը եւ այդպէս շարունակ: Սա մտածողութիւն է, որը բնորոշ է ամբողջատիրական պատկերացում եւ միաժամանակ առաքելութիւն ունեցող բոլոր տեսակի առաջնորդներին:

Այդպիսի մարդիկ քաղաքական սուբիեկտ են համարում միայն իրենց եւ ժողովրդին: Իսկ վերջինիս տակ հասկանում են բացառապէս ամբոխին:

Հէնց դրա պատճառով է, օրինակ, որ Փաշինեանը նպատակայարմար է գտնում անձամբ բացատրել քաղաքացիներին, թէ ինչպէս պիտի դիմակը կրել երեսին: Այդ պատկերացմամբ է երկիրը հռչակւում «օջախ», իսկ նրա բնակիչները՝ «սիրելի եւ հպարտ քաղաքացիներ»:

Փաշինեանի պատկերացմամբ՝ ինչպէ՞ս կարող է «ժողովրդի վարչապետը» ունենալ ընդդիմութիւն: Ըստ Փաշինեանի՝ դա կը նշանակի, որ այդ ընդդիմութիւնը փաստացի ընդդիմանում է ժողովրդին:

Նա անկեղծօրէն զարմանում է, թէ ինչպէ՞ս կարող են իրեն՝ «ժողովրդի վարչապետին» ընդդիմանան դատաւորները, ԶԼՄ-ները, ԱԺ պատգամաւորները: Եթէ նրանք ընդդիմանում են, նշանակում է՝ նրանք «ընդդիմանում են ժողովրդին»: Իսկ եթէ այդպէս է, ապա նրանք իրականում ներկայացնում են «ռոբասերժական յանցաւոր կլանի» շահերը:

Այդ եզրոյթից հետեւում է, որ երկրում, նոյնիսկ տեսականօրէն, չի կարող լինել իսկական ընդդիմութիւն, քանզի դա կը լինի «ընդդիմութիւն ժողովրդին»: Այդպէս են ծնւում բոլոր տեսակի տոտալիտար ռեժիմները:

Իսկ եթէ դա այդպէս է, նշանակում է՝ ԱԺ-ում ներկայացւած ընդդիմութիւնը միայն սահմանադրօրէն է կոչւում «ընդդիմութիւն»: Իրականում, ըստ Փաշինեանի, ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարեանի թաքնւած միաւորն է, իսկ ԼՀԿ-ն՝ Միքայէլ Մինասեանի: Իսկ դա նշանակում է, որ այդ ուժերն իրականում ժողովրդի հետ կապ չունեն եւ սպասարկում են վերը նշւած «մաֆիայի» շահերը:

ՀՅԴ-ն, ըստ Փաշինեանի, միջազգային հայկական մաֆիոզ կառոյց է, որը ծառայում է տարատեսակ այլ երկրների շահերին, իսկ Հայաստանի ներսում ծառայում է «ռոբասերժական» մաֆիային:

Հայ Առաքելական Եկեղեցին նոյնպէս հայապահպանման կառոյցի տակ, ըստ Փաշինեանի, իրենից ներկայացնում է «հոգեւոր մաֆիա», որն իրական հոգեւոր կեանքի հետ քիչ առնչութիւն ունի:

Բացի այդ, ցանկացած տոտալիտար գործչի համար եկեղեցին միշտ վտանգաւոր մրցակից է համարւում: Բոլշեւիկները քանդում էին եկեղեցիները, գերմանացի նացիստները նսեմացնում էին հոգեւորականներին՝ շատ յայտնի պատճառով: Ժողովուրդը պիտի ունենայ հաւատքի միայն մէկ պաշտամունքի առարկայ, եւ դա պիտի լինի «ազգի առաջնորդը», «սիրելի վարչապետը» եւ նմանատիպ այլ մակդիրներով օժտւած գործիչները:

Տէր-Պետրոսեանի թիմը, ըստ Փաշինեանի, նոյնպէս «չարիքի բեւեռ է», սակայն նրա մասին նա չի ուզում խօսել, ինչպէս մարդն ունենում է յանցագործ եղբայր եւ ամաչում է դրա մասին խօսելուց հիւրերի մօտ՝ փորձելով նրան հնարաւորինս հեռու պահել նրանց աչքից:

Փաշինեանը նոյնիսկ հանրութեան այն հատւածը, որն իրեն չի սիրում, համարում է «ռոբասերժական» ուժերի կողմից ծախւած։ Նրանք, ովքեր ծանր վիճակում յայտնւելով՝ ստիպւած են ծախւել նրանց: Եւ վերջապէս, ըստ Փաշինեանի, կայ նաեւ հանրութեան մէջ մի «մոլորւած» զանգւած, որն իրեն չի հաւատում բացառապէս «ռոբասերժական» մաֆիայի ԶԼՄ-ների ազդեցութեան արդիւնքում:

Բայց այդքանով չի սահմանափակւում Փաշինեանի դասակարգումը: Ըստ նրա՝ երկրի պետական կառավարման համակարգը նոյնպէս թաքնւած ձեւով հակադրւում է իրեն՝ Փաշինեանին: Քանզի նրանք սովոր են եղել նախկինում կոռուպցիայով գործել, իսկ այսօր, երբ նրանց դա արգելւում է, փաստացի դարձել են իրեն՝ իսկական «ժողովրդի ընտրեալին» ընդդիմութիւն:

Ուշադրութիւն դարձնենք նաեւ այն հանգամանքին, որ Փաշինեանն իրեն հաւասար գործընկեր չի համարում նոյնիսկ իր քաղաքական ուժին:

Այս պայմաններում ինչո՞ւ պիտի Փաշինեանը փորձէր համախմբել հանրութեանը վիրուսի դէմ պայքարի համար: Փաշինեանն ինչպէ՞ս կարող է համախմբման անկեղծ կոչով դիմել այն շրջանակներին, որոնց ոչ թէ գործընկեր է համարում, այլ պոտենցիալ յանցագործ:

Դրա պատճառով էլ նրա իրական քաղաքական օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թէ վիրուսի դէմ պայքարի խնդիրները, այլ իր պոտենցիալ հակառակորդների դէմ պայքարը:

Մի՞թէ պարզ չէ, որ երկրում հանրութիւնը բզկտւած է մնալու, քանի դեռ երկրի կառավարիչը Փաշինեանն է:

Եթէ նոյնիսկ Արսէն Թորոսեանին եւ Տիգրան Աւինեանին փոխարինենք աշխարհի յայտնի, Նոբէլեան մրցանակի դափնեկիր առողջապահական եւ կառավարչական մասնագէտներով, միեւնոյն է երկիրը հումանիտար աղէտից չի խուսափի:

Քանզի, քաղաքագիտական աքսիոմ է՝ երբ երկիրը պառակտւած է, արտաքին պատերազմների կամ բնական աղէտների առաջ նա անխուսափելիօրէն պարտւելու է:

 

ԵՐՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։