Այստեղ միանշանակ Եւրոպական խորհրդարանում Հայաստանի պատւիրակութեան մեղքը կայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵԽԽՎ Հայաստանի պատւիրակութեան նախկին անդամ (2008-2013 թթ.), Եւրանեսթի նախկին անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցութեան նախագահ Զարուհի Փոստանջեանը:
«alikonline.i» - Այստեղ միանշանակ Եւրոպական խորհրդարանում Հայաստանի պատւիրակութեան մեղքը կայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵԽԽՎ Հայաստանի պատւիրակութեան նախկին անդամ (2008-2013 թթ.), Եւրանեսթի նախկին անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցութեան նախագահ Զարուհի Փոստանջեանը՝ մեկնաբանելով Եւրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատւիրակութեան նախագահ Մարինա Կալիւրանդի, Եւրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայեան Բասեսկուի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելիանա Զովկոյի ադրբեջանամէտ յայտարարութիւնը Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան միջեւ նոր մայրուղու կառուցման առնչութեամբ։
Այս հարցում հայկական ներկայ պատւիրակութեան մեղքը Զարուհի Փաստանջեանը հիմնաւորում է նրանով, որ Արցախը տարբեր քաղաքների հետ կապող արդէն 2 մայրուղի ունենք՝ Հիւսիսային եւ Հարաւային ճանապարհները, սա արդէն 3-րդը պէտք է լինի, բայց մինչեւ այսօր նման կոշտ ձեւակերպումներով, «օկուպացիա» բառը օգտագործելով յայտարարութեան ականատեսը չենք եղել։
«Սա կոշտ, աննախադէպ յայտարարութիւն է, որը մեր խորհրդարանական դիւանագիտութեան մեղքով է տեղի ունեցել, բայց այստեղ կայ նաեւ աշխարհաքաղաքականութիւն՝ միանշանակ է, որ կայ նաեւ «խաւիարային դիւանագիտութեան» հոտն ու համը․ համալիր կոնտեքստում եկէք դիտարկենք այս ամէնը»,- ասաց նա։
Եւրոպական խորհրդարանական հարթակում Զարուհի Փոստանջեանի տարիների փորձը ցոյց է տւել, որ այնպէս չէ, որ նախկինում այս աշխատանքը լաւագոյնս էր կատարւում, բայց, ասաց, ՀՀԿ-ն լուծումը գտել էր։
«Երբ նախկինում իշխող՝ Հանրապետական կուսակցութեան ուժերը չէին բաւարարում դիւանագիտական այդ մակարդակում պատշաճ ներկայանալու համար, նրանք նաեւ այլ խմբակցութիւններից անձանց էին ընդգրկում։ Հէնց Եւրոպական պառլամենտում ես առնչութիւն եմ ունեցել այնպիսի դրւագների հետ, երբ Վահան Յովհաննիսեանն էր պատւիրակութեան անդամ եւ Հանրապետականները այնտեղ, իհարկէ, չէին փայլում գիտելիքներով եւ շնորհքով, բայց Վահան Յովհաննիսեանը պրոֆեսիոնալ մօտեցումներով բաւականին գործեր էր անում»,- վկայեց Զարուհի Փոստանջեանը։
Հիմա, երբ նայում է ներկայ խորհրդարանին, նրա համար ակնյայտ է, որ կայ փորձի պակաս ընդհանրապէս խորհրդարանական լինելու տեսանկիւնից, ուր մնաց՝ խորհրդարանական դիւանագիտութիւն բանեցնելու հարցը։
«Իհարկէ, այդ հարթակներում կարեւոր են կապերը, շփումները, գաղափարների տարածումը։ Այս խորհրդարանի մեծամասնութիւնը, որը նաեւ այդ պատւիրակութիւններում մեծամասնութիւն ունի, չունի գաղափարախօսութիւն։ Իսկ եթէ դու ուզում ես ձեռք բերել ընկերներ, ապա պէտք է ունենաս գաղափարախօսութիւն՝ ո՛ր ուղղութեամբ է քո պատկերացումները եւ այդ գաղափարախօսութեան ներքոյ դու կարող ես ձեռք բերել նաեւ ընկերներ, գործընկերներ եւ նաեւ վարել քաղաքականութիւն։ Հիմա այս մարդիկ եթէ չունեն գաղափարախօսութիւն, ինչպէս իմանան՝ որտեղ պէտք է ընդգրկւած լինեն»,- ընդգծեց Զարուհի Փոստանջեանը։
Նա յիշեցրեց, որ ՀՀ ներկայ պատւիրակութեան անդամները Եւրոպական խորհրդարանում ահագին երկար ժամանակ նոյնիսկ ընդգրկւած չեն եղել խմբակցութիւնների մէջ, իսկ խմբակցութիւնները յստակ գաղափարախօսութեան ուղղւածութիւն ունեն․ «Այսինքն, դու ո՞ր գաղափարախօսութեան կրող ես՝ դա սա շատ կարեւոր է»։
Փոստանջեանն արձանագրեց, որ այդ մարդիկ, քանի որ երկար ժամանակ նոյնիսկ ընդգրկւած չեն եղել խմբակցութիւններում, բաց են թողել այդ ժամանակը, որ գոնէ այդ ընթացքում ձեռք բերէին ընկերներ, ինչը շատ կարեւոր պայման է խորհրդարանական դիւանագիտութեան համար։
«Յետոյ, ովքեր արդէն ունէին ընկերներ, այդ մարդիկ եթէ այլեւս խորհրդարանում չեն, առնւազն կարող էին այդ մարդկանց կապերը օգտագործել, բայց դրանցից այս խորհրդարանի մեծամասնութիւնը նոյնպէս չի օգտւում։ Փորձի այդ փոխանցումը, խողովակների օգտագործումը, դրանք մեծ նշանակութիւն ունեն եւ նաեւ տւեալ երկրները ներկայացնող այդ պատգամաւորների վրայ մեր հայրենակիցների միջոցով ազդեցութիւնն օգտագործելը։ Այս ամէնը մի համալիր շղթայ է, որը պէտք է իրականացւի։ Մինչդեռ ովքեր ընդգրկւած են, ես չեմ իմանում՝ նրանք ինչպէ՞ս են աշխատում, բայց միանշանակ է, որ այս յայտարարութիւնը ապաշնորհ ներկայանալու հետեւանք է»,- արձանագրեց Զարուհի Փոստանջեանը։
Անդրադառնալով յայտարարութեան հեղինակ պատգամաւորներին, նա ասաց, որ Եւրոպական կառոյցներում, իհարկէ, կան պարկեշտ պատգամաւորներ, բայց նաեւ ականատեսն ենք եղել խաւիարային դիւանագիտութեան եւ հասկանում ենք, որ այստեղ պէտք է օգտագործւեն նաեւ այլ լծակներ, նաեւ պէտք է աղմուկ բարձրացնել։
«Հիմա ես չգիտեմ՝ մեր պատւիրակութիւնը աղմուկ բարձրացնելո՞ւ է, թէ՞ ոչ։ Այնուամենայնիւ, այսօր այս իշխող քաղաքական ուժը պէտք է հանդէս գայ նաեւ բողոքի յայտարարութեամբ, նաեւ ԵԽԽՎ պատւիրակութեան մեր անդամները՝ առաջին հերթին ասելով, որ այդ Եւրոխորհրդարանի պատգամաւորները չունեն նման յայտարարութեամբ հանդէս գալու մանդատ, այսինքն, նրանք իրենց լիազօրութիւնները չարաշահել են․ այս հակամարտութեան կարգաւորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքոյ է եւ իրենք իրաւունք չունեն այդպիսի գնահատական տալու՝ «օկուպացիայի աջակցութիւն»։ Եւ յետոյ, եթէ նրանք իրապէս ցանկանում են նպաստել, որ վէճերը ունենան արդար յանգուցալուծում, ապա քաղաքացիական նախաձեռնութիւնները չպէտք է այդպիսի գնահատականի արժանանան, այսինքն՝ շրջափակման մէջ գտնւող Արցախի Հանրապետութիւնը ճանապարհ է կառուցում դէպի արտաքին աշխարհ, որոնցից մէկն է Կապանով ճանապարհը․ հիմա դուք ի՞նչ էք ուզում ասել՝ այն քաղաքացիները, ովքեր ապրում են Արցախում, չպէ՞տք է ունենան ճանապարհ, ելք դէպի աշխարհ։ Եւ այստեղ որեւիցէ մէկը չփորձի օգտագործել «օկուպացիա» բառը, որովհետեւ այստեղ մենք արդէն հասկանում ենք, որ այդ մարդկանց նպատակներն ազնիւ չեն, նրանք հետապնդում են ոչ արդար նպատակ եւ այստեղից գալիս է խաւիարի հոտը՝ ինչպէս է խաւիարը փակում մարդկանց աչքերը եւ բացում մարդկանց շուրթերը»,- ասաց Զարուհի Փոստանջեանը։
Նա յիշեցրեց, որ մի քանի տարի առաջ՝ Ապրիլեան պատերազմի ժամանակ, Արցախում տարեց մարդիկ խոշտանգւեցին․ «Այդ նոյն պատգամաւորները ինչո՞ւ իրենց բողոքի ձայնը չբարձրացրին հէնց խոշտանգման փաստով այդ վայրագ գործողութիւններ առիթով։ Այդ ժամանակ նաեւ զոհւեց երեխայ, ինչո՞ւ այդ ժամանակ ձայն չբարձացրեցին»։
Փոստանջեանը համարում է, որ եւ՛ ՀՀ իշխանութիւնները, եւ՛ մեր պատւիրակութիւնը պարտաւոր են այս բովանդակութեամբ բողոքի յայտարարութեամբ հանդէս գալու՝ մասնաւորապէս սա դիտարկելով որպէս հարւած ՀՀ-ԵՄ յարաբերութիւններին․ «Եկէք սա դիտարկենք նաեւ այդ տեսանկիւնից՝ ԵՄ-ՀՀ յարաբերութիւնների միջեւ սեպ խրելու համատեքստում»։
Հայաստանի գործող իշխանութեան լռութիւնը, սակայն, Զարուհի Փոստանջեանի համար զարմանալի չէ։ Աւելին, նա վստահ է, որ այդ յայտարարութիւնը լրիւ տեղաւորւում է ՀՀ գործող իշխանութիւնների հնչեցրած յայտարարութիւնների համատեքստում։
«Եթէ հետեւողականօրէն նայենք, թէ ինչ է յայտարարել Նիկոլ Փաշինեանը, ապա կը հասկանանք, որ սա իր կողմից յայտարարւած քաղաքականութեան մի փոքրիկ մասնիկն է։ Այսինքն, սա այն մասնիկն է, որ, իբր, կան տարածքներ, որ մենք օկուպացրել ենք, սա այդ տիպի յայտարարութիւն է»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջեանը համոզւած է, որ Արցախը չի կարելի շարունակել թողնել վէճի առարկայ, վաղուց պէտք էր փաստաթղթով ամրագրել, որ «սա Հայաստան է եւ վերջ»։
«Այսինքն, այսօր Արցախը շարունակում են թողնել իբրեւ վիճելի իր ամբողջ տարածքով։ Այսօր էլ, ինչպէս նախորդ իշխանութիւնների ժամանակ, կարեւոր չէ՝ փուլային է, փաթեթային է, խօսւում է այն մասին, որ ունենք ինչ-որ տարածքներ, որոնք կարող ենք ինչ-որ մեկին տալ, զիջել կամ վերադարձնել։ Այդպիս բան չկայ, ընդհակառակը, մենք ենք այսօր ագրեսիայի զոհ եւ ՀՀ ամբողջականութիւնն է այսօր խախտւած, մենք դեռ խնդիր ունենք Ադրբեջանի հետ մեր տարածքների վերադարձի հետ կապւած»,- յայտարարեց Փոստանջեանը։
Անգամ Արցախ ուղարկւող կորոնավիրուսով հիւանդին տրւած ուղեգիրը, որում Շուշին Ադրբեջանում էր նշւում, Զարուհի Փոստանջեանը անփութութիւն չի համարում, նա համոզւած է, որ դրանք մտածւած քայլեր են։
«Երբ Աննա Յակոբեանը գնում է Արցախ ու ասում՝ ես այստեղ մեծ հաճոյքով կընդունեմ Մեհրիբան Ալիեւային եւ մուղամ կը լսենք, սա մտածւած քաղաքականութիւն է, սա պատահական չէ։ Դիւանագիտութեան եւ քաղաքականութեան մէջ կարող է թւալ, որ միամիտ բաներ են տեղի ունենում, բայց դրանք պատահական չեն, յատուկ նպատակային նշանակութիւն ունեցող գործողութիւններ եւ յայտարարութիւններ են։ Նոյն այս յայտարարութիւնը եւս պատահական չէ»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջեանը համընկնումներ է տեսնում 2016 թ.-ի ապրիլեան պատերազմին նախորդող իրադարձութիւնների ու ներկայ զարգացումների միջեւ։
«Եկէք զուգահեռ անցկացնենք․ 2016 թ.-ի յունւարին ԵԽԽՎ-ն բանաձեւ ընդունեց՝ դա փաստաթղթային դասակարգման տեսանկիւնից աւելի բարձր կարգավիճակ ունի, Սարսանգի ջրամբարի վերաբերեալ, թէ իբր մենք բռնագրաւել ենք, ջրի հետ կապւած Ադրբեջանը խնդիր ունի եւ այլն։ Այդ ժամանակ նաեւ ոչ պրոֆեսիոնալ եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան հետ կապ չունեցող մի անձի նորից արհեստական ընթացակարգերով դարձրին գնդապետ եւ նշանակեցին ԱԱԾ ղեկավար՝ պրն Գէորգի Կուտոյեանին, ցաւում եմ, որ նա հետագայում զրկւեց նաեւ իր կեանքից։
Այսօր գրեթէ նոյն սցենարով, տեսէք, փաստաթուղթ է, որտեղ խօսւում է օկուպացիայի մասին, այն էլ ինչի՝ ճանապարհի առնչութեամբ, որ մարդու իրաւունքն է կառուցել ճանապարհ, որ այդ ճանապարհով կարողանայ կապւել արտաքին աշխարհի հետ, սա դիտարկում են որպէս «օկուպացիա»։ Միւսը՝ այս ԱԱԾ պետի նշանակումը․ նորից մի անփորձ եւ ԱԱԾ հետ կապ չունեցող անձի են նշանակում եւ ինչի՞ համար։ Ես չեմ ցանկանայ, որ մենք նորից այդպիսի պատերազմական գործողութիւնների մասնակիցը դառնանք, բայց սրանք յստակ խօսում են, որ եթէ քո արտաքին դիւանագիտութիւնը չի աշխատում եւ այսպիսի բացթողումներ է թոյլ տալիս, դա ազդում է նաեւ զինւած գործողութիւնների վրայ։ Ես կուզենամ սխալւած լինել, բայց այս փաստաթղթերը սկիզբն են՝ եթէ դու այստեղ թոյլ ես տալիս նահանջ, ապա դա վերածւում է ռազմական գործողութիւնների»,- կանխատեսեց Զարուհի Փոստանջեանը։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը քննարկումներ է անցկացնում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ կորոնավիրուսի դէմ պայքարն արդիւնաւէտ դարձնելու եւ ներկայ իշխանութիւնների ձախողումն արձանագրելու օրակարգով համախմբման շուրջ։ «Երկիր Ծիրանի» կուսակցութեան ղեկավար Զարուհի Փոստանջեանը ճիշտ եւ պահանջւած է համարում, որ անցկացւեն քննարկումներ, որ տեղի ունենան փոխութիւններ եւ գնահատական տրւի բոլոր բացթողումներին։ Նա համարում է, որ խորհրդակցութիւնները շարժման վերածելու եւ ինստիտուցիոնալ տեսք տալու համար, պէտք է լինի յստակ պայմանաւորւածութիւն, փաստաթուղթ եւ գործողութիւնների ծրագիր։